Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Ղազվին)

հայկական եկեղեցի Ղազվինում

Սուրբ Հռիփսիմե, հայ առաքելական եկեղեցի Իրանի Ղազվին քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Թալեղանի պողոտայում՝ Խայամ եռուղի, Ռաֆի փակուղի։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Եկեղեցու խորան
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՂազվին
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1936
Գմբեթ2 հատ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Ղազվինում առաջին հայերի մասին վկայություններ կան դեռ 16-րդ դարից, երբ այն Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքն էր (1555-1598)[1]։ Մի քանի ընտանիքներ այստեղ են հաստատվել շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Հայերի հիմնական քանակությունը Ղազվինում հաստատվել են 1880-ական թվականներին՝ տեղափոխվելով Սպահանից, Համադանից, նաև՝ Թավրիզից։ Հայերի առաջին եկեղեցին կոչվել է սուրբ Սարգիս (1897), որը քանդվել է։

20-րդ դարի սկզբում վաճառական Միքայել խան Բարխուդարյանը քաղաքի կենտրոնում 5900 մետր2 հողամաս է տրամադրում, որտեղ կառուցում են դպրոց, թատերասրահ, մարզադաշտ, գրադարան և 12 խանութներ։ Սուրբ Հռիփսիմեն կառուցվել է 1936 թվականի դեկտեմբերին՝ ռուսական (1905) և ասորական (1915) եկեղեցիներից հետո[2]։ Եկեղեցին Օծվել է 1937 թվականի հունիսի 27-ին[3]։ Սուրբ Հռիփսիմեն կառուցվել էր Ղազվինի այն Ժամանակվա հայոց հոգևոր հովիվ տեր Հարություն քահանայի առաջարկով՝ ի հիշատակ Հովհաննես Բարսեղյանի վաղամեռիկ դստեր՝ Հռիփսիմեի, որը վախճանվել էր 1934 թվականին։ 1947 թվականին փոքրիկ Հռիփսիմեի աճյունը փոխադրվեց և ամփոփվեց եկեղեցու գավթում, իսկ եկեղեցու բարերարը ընտանիքով Ղազվինից տեղափոխվեց Խորհրդային Հայաստան[4]։

Հայ բնակչությունը զգալիորեն ավելացել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1970-ական թվականներին հասնելով 450-500 ընտանիքի (մինչև 2000 բնակիչ)։ Իսլամական հեղափոխությունից և Իրան-իրաքյան պատերազմից հետո Ղազվինի հայերի գերակշիռ մեծամասնությունը տեղափոխվել է Թեհրան կամ արտասահման։ 1990 թվականի հունիսի 20-ին Գիլանում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժը զգալի վնաս էր հասցրել զանգակատանը, որը վերանորգվել է։ Տարեկան մեկ անգամ՝ սուրբ Հռիփսիմե կույսի տոնին (մայիսի 31), Թեհրանի հայոց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի տնօրինութեամբ այդտեղ ուխտագնացություն է կատարվում։ Եկեղեցու ութսունամյակի առիթով սուրբ Հռիփսիմե է այցելել ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը[5]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Հռիփսիմեն ուղղանկյունաձև կառույց է՝ 18.2x11.8 մետր չափերով։ Բարձրությունն ավելի քան 5 մետր է։ Շինությունը կառուցված է աղյուսից, ներսից պատերը գաջված են։ Արևմուտքում կառուցված է ցածր զանգակատուն։ Հիմնական գմբեթի թմբուկն ունի ութ պատուհան։

Խորանի նկարում պատկերված է սուրբ Երրորդությունը։ Աջ ու ձախ կողմերում դրված են սուրբ Թադևոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մեծ պատկերներ։ Աղոթասրահում՝ չորս սյուներից ներս, դրված են փայտե նստարաններ։ Սյուների վրա նույնպես պատկերներ են դրված, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի։

Եկեղեցու տարածքում է «Րաֆֆի» դպրոցը, որի շենքն օգտագործվում է որպես հանրակացարան՝ հայ ուսանողների համար։ Դդպրոցն ուներ գրադարան, որտեղ այժմ պահվում են մեծաթիվ գրքեր, արխիվներ[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իրանի Ղազվին քաղաքը(չաշխատող հղում)
  2. «کلیساهای قزوین». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  3. Ուխտագնացութիւն դէպի Ղազւին
  4. Ղազվինի (Իրան) սուրբ Հռիփսիմե եկեղեցու հիմնադրման 50-ամյա տոնակատարությունը(չաշխատող հղում)
  5. Իրանում ՀՀ դեսպանը գործնական հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ
  6. Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու պատմականը(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։