Սուրբ Հարություն եկեղեցի (Մոսկվա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հարություն եկեղեցի (ռուս.՝ Армянская церковь Святого Воскресения в Москве), Հայ Առաքելական եկեղեցու տաճար Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Պատկանում է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին։

Սուրբ Հարություն եկեղեցի
Армянская церковь Святого Воскресения в Москве
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ, եկեղեցի և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՄոսկվա Մոսկվա
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերըհունիսի 1, 1815
Ներկա վիճակլավը
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ԱնվանվածՀիսուս Քրիստոսի հարություն
ՀիմնադիրՄինա և Յակիմ Լազարևներ
Հիմնադրված1815 հունիսի 1
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church of the Holy Resurrection (Moscow) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1815 թվականին հայ բարերարներ Մինաս և Հովակիմ Լազարյան եղբայրների նախաձեռնությամբ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սուրբ Հարությունը դարձավ միակ հայկական եկեղեցին Մոսկվայում։ Խորհրդային տարիներին եկեղեցին չէր գործում։ Սուրբ Հարություն եկեղեցուն կից ոչ մեծ սգո տունը կառուցվել է 1903 թվականի ամռանը, նվիրված է հեղափոխական ահաբեկիչների կողմից սպանված բանկիր և բարերար Իսահակ Ջամգարովի հիշատակին[2]։

Շենքի կառուցվածք խմբագրել

Արտաքին մաս խմբագրել

Եկեղեցու հարակից մասում տեղ է հատկացված հավատացյալների մոմավառության համար, որը բաժանված է երեք մասի։ Այդտեղ տեղակայված են Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի, Գրիգոր Լուսավորչի, Նիկոլայ Հրաշագործի, Սուրբ Գևորգ Զորավարի սրբապատկերները։ Եկեղեցու մոտ կա նաև խաչքար, որտեղ ծաղկեպսակներ են դրվում սգո օրերին (մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը)։ Եկեղեցու մուտքը զարդարված է հրեշտակների և սրբերի քանդակներով։

Ներքին մաս խմբագրել

Ներկայումս եկեղեցում կա մոտ 10 սրբապատկեր, այդ թվում՝ Քրիստոսի, Աստվածամոր սրբապատկերները, Սուրբ Հռիփսիմեի, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնք դեռևս Գրիգոր Լուսավորչից առաջ քրիստոնեություն են քարոզել Մեծ Հայքում։ Եկեղեցու գմբեթի ներսի մասում պատկերված են սուրբ ավետարանիչները՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես առաքյալները։ Խորանի հատվածը զարդարված է Աստվածածնի սրբապատկերով, իսկ ներքևում պատկերված է Զվարթնոցի մանրակերտը։ Եկեղեցու ներսում մոմավառության տեղ չկա։

Հիշատակի տուն խմբագրել

Հիշատակի տունը կառուցվել է 1903 թվականի ամռանը՝ ի հիշատակ ծնունդով շուշեցի, բարերար Իսահակ Իսահակովիչի Ջամգարովի, ով 1902 թվականի դեկտեմբերի 15-ին դաշնակցականների կողմից սպանվել է քանդված Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գավթում։ Շինարարությունն իրականացվել է նրա եղբայրների՝ «Ջամգարով եղբայրներ» բանկային տան սեփականատերերի՝ Իվանի, Նիկոլայի, Աթենասի և Ալեքսանդրի միջոցներով։

1997 թվականին տունը վերականգնվել է Լևոն, Վլադիմիր և Մակար Հայրապետյան եղբայրների կողմից՝ ի հիշատակ գերեզմանատանը հանգչող ծնողների և բոլոր հայրենակիցների։

Միջոցառումներ խմբագրել

2011 թվականի փետրվարի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, Ռուսաստանի հայերի միության անդամները, ինչպես նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ հավաքվել են եկեղեցու բակում և ծաղիկներ դրել եկեղեցու գերեզմանատան տարածքում՝ հարգելով ժամանակակից Ադրբեջանի տարածքում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ քաղաքներում հայերի զանգվածային ջարդերի զոհերի հիշատակը[3]։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Սուրբ Հարություն եկեղեցի, Մոսկվա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. В Москве отдадут дань памяти жертвам армянских погромов в Азербайджане

Արտաքին հղումներ խմբագրել