Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղթամար (այլ կիրառումներ)

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճի Աղթամար կղզում գտնվող եկեղեցի, հայ ճարտարապետության կոթողներից մեկը, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։

Սուրբ Խաչ եկեղեցի
Աղթամար կղզին, որտեղ գտնվում է Սուրբ Խաչ եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և տաճար
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՎան, Աղթամար կղզի
ՏարածաշրջանԱղթամար
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը915
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
ԱնվանվածԿենարար Խաչ
ՃարտարապետՄանուել Ճարտարապետ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ10-րդ դար
Հիմնադրված915
Քարտեզ
Քարտեզ
 Akdamar Church Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին ճարտարապետ Մանուելի կողմից։ 1113 թվականին դարձել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղթամարի կաթողիկոսարանի կենտրոն[1]։ Դա իրականացվել է 5 եպիսկոպոսների և երիտասարդ պատրիարք Գրիգոր III Պահլավունու ընդհանուր համաձայնությամբ[2]։

1114 թվականին Կիլիկյան Շուղրա եկեղեցուց Աղթամարի եկեղեցի ուղարկվեց Դավիթ եպիսկոպոսը։ Բայց վերջինս չենթարկվեց բարձրադիրների որոշմանը և ստեղծեց Աղթամարյան կաթողիկոսարան[2]։ Կաթողիկոսարանի իշխանությունը տարածվում էր Վասպուրականի միայն մի հատվածում[1][2]։

Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Աղթամարի կաթողիկոսներն ընտրվում էին Արծրունիների տոհմից։ Այդ ժամանակվանից էլ այդ տիտղոսը դարձավ ժառանգական։ Կարա Կոյունլու Ջահան շահի հովանավորությունից օգտվելով Զաքարիա III կաթողիկոսը կարողացավ որոշ ժամանակով միավորել Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները։ XVIII դարում երկու կաթողիկոսարանների իրավազորության սահմանափակումների երկարատև վեճերի արդյունքում գլխավոր ճանաչվեց Էջմիածնի կաթողիկոսարանը։ Արդեն XIX դարում Աղթամարյան կաթողիկոսարանն ուներ 2 թեմ՝ 302 եկեղեցիներով և 58 վանքերով։ 1895 թվականին թեմերն անցան Հայկական եկեղեցու պատրիարքության իրավասության տակ։ Վանական համալիրն ամայացավ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[2]։

Ս. Խաչ եկեղեցին, ամբողջությամբ վերցրած, եզակի երևույթ մնաց միջնադարյան հայ արվեստում։ Աղթամարի պատկերաքանդակները ազդեցին ինչպես հայկական քանդակագործության հետագա զարգացման (Բղենո, Նորավանք, Սանահին և այլն), այնպես էլ XIII–XIV դարերի Վասպուրականի մանրանկարչության դպրոցի կազմավորման վրա։

Ճարտարապետություն խմբագրել

 
Եկեղեցու հատակագիծը

Սուրբ Խաչ եկեղեցին (915–921) համարվում է հայկական ճարտարապետության գոհարներից մեկը։ Խաչաձև հատակագծով, քառաբսիդ ոչ մեծ շինություն է (երկարությունը՝ 17 մ, լայնությունը՝14 մ, բարձր, գմբեթով՝ 24 մ)՝ արևելակողմի զույգ ավանդատներով[2]։ Հատակագծային հորինվածքը մոտենում է Ավանի և Հռիփսիմեի տաճարների տիպին, թեև էական փոփոխությունների են ենթարկվել անկյունային հատվածները, իսկ ծավալային ձևերը մշակվել են խաչաձև տաճարների տարածական սկզբունքներին համապատասխան։ Արտաքին ճակատները խիստ մասնատված են, որն ավելի է շեշտվում անկյունային մասերի բազմանիստ, աշտարակաձև ելուստների առկայությամբ։ Եկեղեցին պսակվում է լայնանիստ, ներսից շրջանաձև, դրսից 16 նիստանի թմբուկի վրա բարձրացող գմբեթով։ Նախկինում թմբուկի ծածկը հավանաբար եղել է ութանիստ, որը բնորոշ էր VI-VII դարերի հուշարձաններին։ Տաճարի հարավային աբսիդում մուտքից վերև, գմբեթարդից ցած տեղադրված է եղել թագավորական օթյակը, ուր բարձրացել են արտաքին քարե սանդուղքներով։ Օթյակն առանձնացված էր քարե կամարակապ բազրիքով և արտաքուստ հարդարված ճոխ քանդակներով։

1316 թ.-ին եկեղեցու հյուսիս-արևելք կառուցվել է ժամատունը, իսկ 1763 թվականին զանգակատունը։ XVIII դարում եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է չորս սյունանոց գավիթը։ Եկեղեցուց հարավ-արևելք գտնվում է XIII-XVII դարերի խաչքարերով գերազմանոց։

Քանդակներ խմբագրել

 
Աղթամար եկեղեցու արտաքին պատի պատկերաքանդակների 6 հորիզոնական գոտիներ

Տաճարի պատերը դրսից շրջառում են պատկերաքանդակների վեց հորիզոնական գոտիներ, այլաբանորեն փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջագործությունները, ինչպես և ներկայացնում հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, դարերի խորքից եկող հավատալիքներն ու պատկերացումները։ Ստորին գոտին (որմնախարսխից հաշված 6-րդ շարքի վրա) ներկայացնում է ոճավորված տերևներով բուսական ալիքաձև զարդի նեղ ժապավեն։ Երկրորդ գոտին (7–9-րդ շարքերի քարերի վրա) Հին և Նոր կտակարանների, մասամբ էլ աշխարհիկ սյուժեներով կատարված մեծադիր հարթաքանդակների շարք է, որն ընդգրկում է տաճարի հարավային, արևելյան և հյուսիսային ճակատները։ Նույն բարձրության վրա, արևմտյան ճակատում, Գագիկ Արծրունի թագավորի դիմաքանդակն է։ Նրա կողքին, ամբողջ հասակով, պատկերված է Քրիստոսը, որին Գագիկ արքան պարզել է եկեղեցու մոդելը։

Գոտու սյուժեները բազմազան են. Հին կտակարանի թեմաներից քանդակված են՝ Հովնանի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, մենամարտի պատրաստ Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան, Դանիելը՝ առյուծների գբի մեջ, երեք մանկունքը՝ հնոցում։ Նոր կտակարանից վերցված են գահույքների վրա նստած Քրիստոսն ու Աստվածամայրը, չար ուժերի դեմ մաքառող սուրբ զինվորները և այլն։ Այստեղ պատկերված են նաև VIII դարի արաբների դեմ մղած կռիվներում զոհված և սրբերի շարքը դասված Համազասպ ու Սահակ Արծրունի իշխանները, Գագիկ արքայի ավագ եղբայրը՝ Աշոտ Արծրունին, ինչպես և թշնամի ուժերի դեմ պայքարի թեմաներով աշխարհիկ այլ քանդակներ։ Հարավային ճակատի կենտրոնական հատվածում ամբողջ հասակով ներկայացված են Արծրունյաց տոհմի չորս հերոս նախնիները՝ իրենց տոհմանշաններով, զինանշաններով և պահպանիչ խորհրդանշաններով շրջապատված։ Նույն թեման երկու առանձին հատվածներով կրկնված է հյուսիսային ճակատում, որտեղ ավանդական հերոսների հետ պատկերված են նաև Արծրունյաց թագավորական տան անդամները։ Արևելյան ճակատում քանդակված են Հայաստանում քրիստոնեություն քարոզող առաքյալները, Գրիգոր Լուսավորիչը և, հավանաբար, Արծրունյաց տան եպիսկոպոսները։

Սուրբ Խաչ եկեղեցին հարուստ է կենդանական քանդակներով։ Դրանց մի մասը կազմում է երրորդ գոտին (11-րդ շարք)։ Առյուծի, հովազի, արջի, քարայծի, եղջերուի և այլ կենդանիների միմյանցից հեռու բարձրաքանդակները գրեթե եռաչափ են։ Ավելի վեր (14-րդ շարք) խաղողի չընդհատվող որթագալարն է, որի շիվերի օղակներում պատկերված են աշխարհիկ կյանքի տեսարաններ՝ այգու մշակում, բերքահավաք, գինու պատրաստում, պայքար բերքը հափշտակող վայրի կենդանիների դեմ, թատերախաղի առանձին դրվագներ են։ Գոտու արևելյան ճակատամասում ներկայացված է խնջույքի տեսարան, կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են երիտասարդ իշխաններ։ Խաչաթևերի և ճակտոնապատերի քիվերի տակ ձգվում է տոհմանշաններ, զինանշաններ և կենդանիների վազքի տեսարաններ պատկերող զարդագոտին։ Արևմտյան թևի քիվի տակ տեղադրված են մարդկային դիմաքանդակներ, որոնք, հավանաբար, ներկայացնում են տաճարի շինարարությանն օժանդակած իշխաններին և նրանց կանանց։ Թմբուկի քիվի վրա ձգվում է վեցերորդ գոտին։ Ի հակադրություն ստատիկ քանդակների, այս վերջին երկու գոտիներում արտակարգ դինամիկայով է կերպավորված սարսափահար եղնիկների, քարայծերի ու եղջերուների փախուստը առյուծների ու հովազների կատաղի հետապնդումից։

Որմնանկարներ խմբագրել

Ենթադրվում է, որ եկեղեցու որմնանկարները արվել են ճարտարապետ և քանդակագործ Մանուելի անմիջական ղեկավարության տակ[3]։ Աղթամարն այն եզակի կառույցներից է, որտեղ որմնանկարները համեմատաբար ամբողջական են պահպանվել և հնարավորություն են ընձեռում ընդհանուր կարծիք կազմել այդ դարաշրջանի գեղարվեստի և ոճական հատկությունների մասին[3]։ Պահպանվել է որմնանկարների 2 շերտ[2]։

Ենթադրվում է, որ գմբեթում պատկերված է եղել Խաչ կամ «Խաչի փառաբանումը»։ Թմբուկի պատերին Ադամի և Եվայի ամբողջ պատմությունն է։ Պատերի ցածրադիր մասերը շրջառում են որմնանկարների երեք գոտի՝ հաջորդաբար պատկերելով Քրիստոսի վարքաբանական տեսարանները։ Հատկանշանական է այն, որ որմնանկարենրի հաջորդականությունը տարբերվում է բյուզանդականից[2]։

Որմնանկարները ոճով մի կողմից առնչվում են վաղ միջնադարյան հայկական որմնանկարչությանը (Արուճ, Լմբատավանք ևն), մյուս կողմից՝ IXXI դարերի արվեստի բոլոր ճյուղերն ընդգրկած գեղարվեստական նոր ուղղությանը։ Որմնանկարները մասամբ եղ։

Վերանորոգում խմբագրել

2007 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ եկեղեցին վերանորոգվել է[4][5]։ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել պատարագ[6], իսկ սեպտեմբերի 30-ի գիշերը մինչև հոկտեմբերի 1-ը եկեղեցու վրա դրվել է խաչ[7]։ Մինչ այդ Թուրքական կառավարությունը հրաժարվել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, որի պատճառով ողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել[7]։ Եկեղեցին սկսել է գործել որպես թանգարան։

2013 թվականի սեպտեմբերի 8-ին եկեղեցում կնքվել են 6 անձինք, այդ թվում և մի նորածին։ Կնքելու արարողությունն իրականացրել է Արամ Աթեսյան եպիսկոպոսը[8]։

Աշխագրական դիրքի շնորհիվ եկեղեցին համամատաբար լավ է պահպանվել։ Հայկական ճարտարապետության առաջատար մասնագետներից մեկը՝ Սամվել Կարապետյանը, նշում է, որ եկեղեցու վերանորոգումն իրականացել է բարձր մակարդակով[9], չնայած որ ուրիշ մասնագետներ աննշան թերություններ են նշում[10]։

Կարգավիճակը Թուրքիայում՝ ըստ միջազգային իրավունքի խմբագրել

 
Սուրբ Խաչ եկեղեցին 2018 թվականի օգոստոս ամսին։

Աղթամարի սբ. Խաչ եկեղեցու շենքի նորոգման վերաբերյալ տարակարծություններ շատ են եղել։ Ոմանք նույնիսկ փորձել են այդ փաստը ներկայացնել որպես «Թուրքիայի բարի կամքի դրսևորում»։ Թուրքիայի Հանրապետության տիրույթում, ինչպես նաև Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում, գտնվող հայկական հազարավոր հուշարձանների, այդ թվում՝ Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու կարգավիճակը և դրանց նկատմամբ Թուրքիայի պարտավորությունները հստակեցված են միջազգային օրենքով և ամրագրված են միջպետական փաստաթղթերում։ Թուրքիայի Հանրապետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ճանաչումը, բխում է Լոզանի պայմանագրի 1-ին մասի հոդված 1-ից։ Նույն պայմանագրի 37-44 հոդվածներն ամբողջովին նվիրված են Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը, նրանց ինքնության ու ժառանգության պահպանմանը։ Պայմանագրի 40-րդ հոդվածով Թուրքիայի կամ նրա կողմից վերահսկվող տարածքների փոքրամասնություննեին տրվել է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք։ Իսկ Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվել է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»։ Բնականաբար «լիակատար պահպանությունն» ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը[11]։

 
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մուտքի հայերեն արձանագրություն
 
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ներսում հայերեն ցուցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Austen Henry Layard, Layard Austen Henry «Discoveries in the Ruins of Nineveh and Babylon: With Travels in Armenia, Kurdistan and the Desert: Being the Result of a Second Expedition Undertaken for the Trustees of the British Museum», 2010 թ. հատոր 1, 114-115
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ахтамар, 2002, том =4, страницы = 216-217».
  3. 3,0 3,1 Л. Р. Азарян «Фресковая живопись», 1976 թ. том 3, страницы 406-409
  4. «Ankara restores Armenian church». Վերցված է 2007 թ․ մարտի 29-ին.
  5. The official opening of the «Van Akdamar Church Memorial Museum» on the 29th March 2007
  6. ИА REGNUM: Литургия в церкви Сурб Хач на острове Ахтамар прошла по сценарию турецких властей: Артак Шакарян
  7. 7,0 7,1 Турция: на церкви Сурб Хач ночью установили крест
  8. Таинство крещения впервые после 100-летнего перерыва совершено в армянской церкви на о. Ахтамар (восточная Турция)
  9. Э. Мандалян. Турецко-армянские чудеса, Русский Базар № 37(752) 16 - 22 сентября, 2010
  10. The restoration of the Holy Cross church on Aghtamar (Akdamar) island: photographs and observations
  11. Արա Պապյան - Հայրենատրություն, Հայոց պահանջատիրության իրավական հիմունքներ և հարակից հարցեր, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25):341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։