«Սուրբ Իոհաննա» (անգլ.՝ Saint Joan. A Chronicle Play in 6 Scenes and an Epilogue, թարգմանվել է նաև «Սուրբ Ժաննա»), Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկը։ Գրվել է 1923 թվականին, բեմադրվել նույն թվականի դեկտեմբերին։ Պիեսի գլխավոր հերուսուհին Ժաննա դ'Արկն է։ Պիեսի գործողությունները կատարվում են 15-րդ դարում՝ Հարյուրամյա պատերազմի ընթացքում, երբ Ժաննա դ'Արկի հայտնվելը և նրա համարձակ գործողությունները պատերազմի ընթացքը փոխեցին հօգուտ Ֆրանսիայի։ Պիեսի գլխավոր թեման հեղինակի խորհրդածություններն են՝ պատմության և մարդկության առաջընթացի մեջ վառ անհատականությունների ունեցած դերի մասին։ Քննադատները Ժաննա դ'Արկին համարում են Շոուի դրամատուրգիայի լավագույն և ամենավառ կերպարը, որը միավորում է «վեհությունն ու պարզությունը, կատակերգականն ու ողբերգականը, հոգեկան ինքնուրույնությունն ու անձնավորության տարերային ուժը»[1]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (փետրվարի 21, 2018) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Սուրբ Իոհաննա
անգլ.՝ Saint Joan
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրպատմական-փիլիսոփայական դրամա
Ձևպիես
ՀեղինակՋորջ Բեռնարդ Շոու
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1923
Առաջին ներկայացումդեկտեմբերի 28, 1923
Առաջին
ներկայացման վայր
Նյու Յորք
Հրատարակվել է1924
ՆախորդԵտ դեպի Մաֆուսաիլը
ՀաջորդԽնձորով լի սայլակը
Թվային տարբերակgutenberg.net.au/ebooks02/0200811h.html
 Saint Joan (play)

Պիեսն աղմկալի հաջողություն է ունեցել. Լոնդոնում միայն առաջին տարվա ընթացքում եղել է 244 բեմադրություն։ Դրա տարբեր բեմադրություններում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Սիբիլ Տորնդայքը, Ժենևև Բյուժոլդը, Էնն-Մարի Դաֆը, Քեթրին Կոռնելը, Սառա Մայլզը, Ջոան Փլաուրայթը, Լին Ռեդգրեյվը, Իմոջեն Սթաբսը, Իմելդա Սթոնթոնը, Ֆրենսիս դը լա Տուրը, Ուտա Հագենը, Ուենդի Հիլլերը[2]։

1957 թվականին պիեսն էկրանավորվել է, գլխավոր դերում նկարահանվել է 19-ամյա Ջին Սիբերգը։

2008 թվականին պիեսին շնորհվել է Լոուրենս Օլիվիեի մրցանակ՝ «Լավագույն վերաբեմադրված ներկայացում» անվանակարգում[3]։

Ստեղծման պատմություն և բեմադրություններ խմբագրել

 
Բեռնարդ Շոուն 1925 թվականին

Դատելով նամակներից՝ Շոուի մոտ Ժաննա դ'Արկի կյանքի և պայքարի մասին պիես գրելու գաղափարը ծագել է 1913 թվականին, երբ ճանապարհորդում էր Ֆրանսիայում։ Շարժառիթներից մեկը «կրոնն առանց եկեղեցու» նշանաբանն էր։ Առաջին համաշխարհային պատերազմը ստիպեց հրաժարվել այդ մտադրության իրագործումից։ Որոշ ժամանակ Շոուն խորհրդածում էր Մուհամմադ մարգարեի կյանքի մասին պիես գրելու շուրջ, որում միևնույն շարժառիթն էր դրված, սակայն անմիջապես գիտակցեց, որ պառլամետական գրաքննության կոմիտեն նման բեմադրություն թույլ չի տա[4]։

1920 թվականի մայիսին Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը որոշում ստորագրեց Ժաննա դ'Արկին կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին դասելու մասին, ինչն էլ Շոուին դրդեց վերսկսելու Ժաննայի մասին պիեսի աշխատանքները[5]։

Տեքստի վրա հիմնական աշխատանքը կատարվել է 1923 թվականին։ Կեսլուրջ-կեսկատակ Շոուն վստահեցնում էր, որ պիեսը գրվել է հենց Ժաննայի կողմից, ինքը միայն մշակել է այն բեմադրության համար[6][7]։ Շոուն բացատրում է. «Մյուսները Ժաննայից արկածային վեպ են ստեղծել։ Ես պատմել եմ առանց չափազանցությունների, այնպես ինչպես ամեն ինչ եղել է... Դատավարության տեսարանն արված է իրական դատավարության փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ ամեն ինչ պատկանում է իրական Ժաննային՝ և՛ խոսքը, և՛ արարքները»[4]։

Պիեսի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1923 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Բրոդվեյի ամերիկյան Գարրիկ թատրոնում[8]։ Ամերիկացիները հեղինակին խնդրել էին կրճատել պիեսը, որպեսզի այն մինչև կեսգիշեր ավարտվի։ Շոուն ի պատասխան հեռագրել էր. «Ավելի շուտ սկսեք»[4]։

Լոնդոնյան հանրության համար պիեսի պրեմիերան տեղի է ունեցել 1924 թվականի մարտի 26-ին՝ Նոր թատրոնում, Ժաննայի դերում խաղում էր Սիբիլ Տորնդայքը, ում համար և Շոուն գրել էր այդ դերը։ Տորնդայքը համարվում է Շոուի հերոսուհու լավագույն դերակատարը։ Թագավորական հրամանով նա Ժաննայի դերի համար արժանացել է Բրիտանական կայսրության «Dame Commander» շքանշանի[2]։

Մեկ տարվա ընթացքում պիեսի բեմադրությունները տարածվեցին գրեթե բոլոր եվրոպական երկրներում։ Պիեսի գերմաներեն թարգմանիչ Տրայբիչն իր «Կյանքի ժամանակագրության» մեջ գրում է, որ «Սուրբ Իոհաննա» պիեսի պրեմիերան բեռլինյան թատրոնում մեծագույն հաջողություն ունեցավ, որպիսին այն երբեք չէր տեսել[9]։ Պիեսի հաջողությունը համատարած էր. ոչ մի ուրիշ պիես Շոուին ավելի մեծ հասույթ չի բերել, որքան «Սուրբ Իոհաննան»[4]։

1925 թվականին Շոուին Նոբելյան մրցանակ շնորհվեց՝ հետևյալ հիմնավորմամբ․ «Ստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում է բանաստեղծական բացառիկ գեղեցկությամբ»[10]։ Շոուն ի պատասխան կատակել է, որ կարծում է` դա իրեն տրվել է այն թեթևության զգացման համար, որ ճաշակել է ամբողջ աշխարհն այս տարի, որովհետև ինքը ոչինչ չի տպագրել։ Գումարային պարգևից Շոուն հրաժարվել է, և այն օգտագործվել է շվեդ հեղինակների մի շարք ստեղծագործություններ անգլերեն թարգմանելու համար[9]։

Պիեսը բազմիցս բեմադրվել է ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում.

Պիեսը բեմադրվել է նաև Եկատերինբուրգի, Խարկովի և այլ քաղաքների թատրոններում[2]։

Գործող անձինք խմբագրել

Պիեսի կերպարների մեծ մասը պատմական դեմքեր են.

  • Ժաննա դ'Արկ՝ Կույս մականունով
  • Ռոբեր դը Բոդրիկուր՝ Վոկուլյոր ամրոցի բերդակալ
  • Բերտրան դը Պուլանժի՝ Վոկուլյոր ամրոցի պահակապետ
  • Շառլ VII՝ դոֆին (թագաժառանգ), հետագայում՝ Ֆրանսիայի թագավոր
  • Ռեյմսի արքեպիսկոպոս
  • Սենյոր լա Տրեմույ՝ արքայի խորհրդական
  • Ժիլ դը Ռե՝ «Կապույտ մորուք» մականունով
  • Լա Գիր՝ կապիտան
  • Ժան դը Դյունա՝ ֆրանսիական զորահրամանատար՝ Ժաննայի զինակիցը
  • Պիեռ Կոշոն՝ Բովե քաղաքի եպիսկոպոս
  • Կոմս Ուորիք՝ անգլիական զորապետ
  • Ջոն դը Սթոգեմբեր՝ անգլիական կապելլան (կաթոլիկ քահանա)
  • Եղբայր Ջոն Լեմետր՝ հավատաքննիչ
  • Կանոնիկոս Ջոն դ'Էստիվե
  • Կանոնիկոս Դը Կուրսել
  • Եղբայր Մարտին Լադվենյու՝ վանական։

Սյուժե խմբագրել

Առաջին պատկեր խմբագրել

 
Սիբիլ Տորնդայք. համարվում է Ժաննայի լավագույն դերակատարը

Գործողությունները կատարվում են 1429 թվականի մարտին Ֆրանսիայում։ Երկրում տիրապետում են անգլիացիները, տարածքի ոչ մեծ մասը պաշտպանում են Ֆրանսիայի թագաժառանգ Շառլ VII-ի կողմնակիցները։ Վոկուլյոր ամրոց է գալիս մի գյուղացի աղջնակ՝ Ժաննա անունով, և հանդիպում է պահանջում բերդակալ Ռոբեր դը Բոդրիկուրի հետ։ Բերդակալը մերժում է նրան և հրամայում վերադառնալ հոր մոտ։ Համառ Ժաննան մնում է Վոկուլյորում և համոզելու իր անդիմադրելի կարողության շնորհիվ կարողանում ամրոցի կայազորին իր կողմը գրավել։

Հաջորդ օրը ամրոցի հավերը դադարում են ձու ածել, իսկ կովերը՝ կաթ տալ։ Զայրացած Դը Բոդրիկուրը հրամայում է իր մոտ բերել Ժաննային, սակայն շուտով, ի զորու չլինելով դիմակայելու նրա համառությանն ու կայազորի հորդորներին, հանձնարարում է նրան տալ այն ամենը, ինչ նա պահանջում է՝ ձի, զենք ու զրահ և մի քանի զինվոր թագաժառանգ Շառլի մոտ գնալու համար։ Դրանից հետո սենյակ է մտնում տնտեսվարը՝ բղավելով. «Հավերը խելագարի պես ածում են։ Հինգ դյուժին ձու»։ Դը Բոդրիկուրը ցնցվում է, խաչակնքվում և սպիտակած շրթունքներով շշնջում. «Մեղա՜ տեր։ Իրոք, նա ուղարկված է Աստծո կողմից»[14]։

Երկրորդ պատկեր խմբագրել

11 օր անց Ժաննան հասնում է Շինոն, որտեղ գտնվում էր թագաժառանգ Շառլը։ Այդ ընթացքում Աստծո կողմից ուղարկված Կույսի մասին շշուկները, ով եկել էր փրկելու Ֆրանսիան, լայնորեն տարածվում են։

Ընդունելության ժամանակ Ժաննայի համար փորձություն են պատրաստում՝ Շառլին փոխարինում է Ժիլ դը Ռեն, բայց Ժաննան ամբոխի մեջ անմիջապես ճանաչում է իրական թագաժառանգին։ Դրանից հետո նա և Շառլը երկար զրուցում են առանձին, որի արդյունքում Ժաննային հաջողվում է հույս և վճռականություն ներշնչել թուլակամ արքայազնին։ Շառլը ֆրանսիական բանակի հրամանատարությունը հանձնում է Ժաննային[15]։

Երրորդ պատկեր խմբագրել

Գործողությունները կատարվում են 1429 թվականի մարտի 29-ին՝ անգլիական զորքի կողմից շրջափակված Օռլեանի մերձակայքում։ Քաղաքին մոտենալու և պաշարումը դադարեցնելու համար ֆրանսիական զորքին անհրաժեշտ էր արևմուտքից փչող քամի, որը թույլ կտար նավերին գնալու Լուարի հոսքին հակառակ։ Հրամանատար Ժան դը Դյունուան հանդիպում է Ժաննային և բացատրում իրավիճակը։ Քամին անսպասելիորեն փոխում է ուղղությունը դեպի արևմուտք։ Կատարվածից ապշած՝ Դյունուան ծնկի է գալիս, Ժաննային տալիս է իր գավազանը և ասում. «Ես քո զինվորն եմ»։ Բանակը սրընթաց շարժվում է՝ ազատագրելու Օռլեանը[16]։

Չորրորդ պատկեր խմբագրել

 
Աննա Լիզա Ռիդինգը Ժաննայի դերում, Հելսինկբորգ, 1926

Անցնում է մի քանի ամիս։ Օռլեանն ազատագրված է, ֆրանսիացիները մեկը մյուսի հետևից հաղթանակներ են տանում, դուրս մղելով անգլիացիներին, ում զորահրամանատար Ջոն Տալբոտը գերի էր վերցվել Պատեի ճակատամարտում։

Անգլիական ճամբարում խորհրդակցում են կոմս Ուորիքը և Բովե քաղաքի եպիսկոպոս Պիեռ Կոշոնը։ Առաջինը Ժաննային համարում է Անգլիայի վտանգավոր թշնամին, երկրորդը՝ հերետիկոս և եկեղեցու թշնամի։ Կոշոնը բացատրում է. «Ինչի՞ կվերածվի մեր աշխարհը, եթե յուրաքանչյուր անգրագետ գյուղացի կամ ցանկացած հովվուհի աղբակույտը նետի եկեղեցու կողմից կուտակված ամբողջ իմաստությունը, ամբողջ փորձը և բոլոր գիտելիքները, եթե մերժի գիտնականների, պատվարժան և բարեպաշտ մարդկանց ղեկավարությունը՝ սատանայից ներշնչված իր սարսափելի մեծամտությամբ երևակայելով թե ներշնչվում է Աստծուց։ Դա կլինի արյամբ հեղեղված աշխարհ, աշխարհ, ուր մոլեգնում են ավերածությունները, ուր ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է, դա աղետ կլինի՝ վերադարձ դեպի բարբարոսություն»։ Կոշոնը դատապարտում է նաև ազգայնական հայրենասիրությունը՝ որպես հակաքրիստոնեական ուսմունք։ Արդյունքում՝ երկուսն էլ որոշում են հաշվեհարդար տեսնել Ժաննայի հետ, նրան բռնողների համար հսկայական գումար խոստանալով՝ վաթսուն հազար ֆունտ ստերլինգ[17]։

Հինգերորդ պատկեր խմբագրել

Արքայազն Շառլը թագադրվում է Ռեյմսում։ Ժողովուրդը Ժաննային մեծ խանդավառությամբ է ընդունում, մինչդեռ պալատականները նրան տանել չեն կարողանում։ Դյունուան Ժաննային բացատրում է պատճառը. «Մի՞թե ծեր, խելքը թռցրած, հիմար զորապետերը, սիրում են երիտասարդ հաջողակ կապիտաններին, ովքեր նրանցից խլում են հրամանատարությունը։ Մի՞թե քաղաքականության մեջ հմուտ փառասերները հանդուրժում են նրան, ով իրենց տեղն է ուզում զբաղեցնել։ Մի՞թե արքեպիսկոպոսին հաճելի է, երբ ինչ-որ մեկը դուրս է մղում իրեն խորանից, եթե նույնիսկ նա սուրբ լինի»։

Ժաննան երկընտրանքի առջև է կանգնում. վերադառնալ հարազատ գյուղ, իր առաքելությունն ավարտված համարելով, կամ գնալ Փարիզն ազատագրելու։ Պալատականները և հենց ինքը՝ արքան հասկացնում են, որ կնախընտրեին առաջին տարբերակը։

Արքեպիսկոպոսը Օռլեանի կույսին մեղադրում է գոռոզամտության և եկեղեցուն չհնազանդվելու մեջ։ Ժաննան խոր տխրությամբ խոստովանում է, որ լրիվ միայնակ է մնացել, բայց որոշում է շարունակել պայքարը[18]։

Վեցերորդ պատկեր խմբագրել

Կոմպիենի ճակատամարտի ժամանակ Ժաննան գերի է վերցվում բուրգունդացիների կողմից, որոնք այնուհետև նրան գումարի դիմաց փոխանցում են անգլիացիներին։ Նա մեղադրվում էր կախարդության և հերետիկոսության մեջ։

1431 թվականի մայիսի 30-ին Ռուանում սկսվում է ինկվիզիցիոն գործընթացը։ Սկզբում Ժաննային հոգնեցուցիչ հարցազրույցի են ենթարկում. նա բոլոր հարցերին անկեղծ ու արժանապատվությամբ պատասխանում է։ Պատասխանների հիման վրա կազմվում են մեղադրանքի 12 կետերը։ Ժաննան հրաժարվում է խոստանալ, որ լիովին կվստահի եկեղեցուն և նրա վճիռներին, ինչը հարուցում է Կոշոնի զայրույթը. «Քո ասածն արդեն իսկ բավական է, որ քեզ՝ որպես հերետիկոսի այրեն խարույկի վրա»։ Սպառնալով չարչարանքներով և խարույկով, դատավորներն ի վերջո ստիպում են գերուհուն ստորագրել ապաշխարական հրաժարագիրը, բայց իմանալով որ խարույկում այրվելու փոխարեն իրեն սպասում է վանական բանտախուցը, Ժաննան պատռում է այն։ Նրան տանում են մահապատժի։

Մահից առաջ Ժաննան խնդրում է իրեն խաչ տալ։ Ինչ-որ մի զինվոր երկու փայտիկներ խաչաձև ամրացնում է իրար ու տալիս նրան։ Կապելանը, ով մասնակցում էր մահապատժին, իրեն Հուդա է անվանում, ով արժանի է կախաղանի[19]։

Վերջաբան խմբագրել

Վերջաբանը ներկայացվում է Շառլ թագավորի երազի ձևով՝ ժաննայի մահապատժից 25 տարի հետո։ Բոլոր կերպարները հավաքվում են արքայի օթյակի մոտ. միաժամանակ երկու դատ է կատարվում՝ պատմության դատը Ժաննայի նկատմամբ և նրան դատապարտողների դատը։ Նոր միայն ավարտվել է Ժաննայի արդարացման գործընթացը՝ նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները, նրա դատավորները «մեղավոր են ճանաչվել կանխամտածված խաբեության, կողմնակալության, կաշառակերության և չարագործության մեջ»։ Կոշոնի հոգին գանգատվում է, որ նրան բանադրել են, իսկ մարմինը հանել գերեզմանից և նետել կեղտաջրի առուն, չնայած ինքը «արդար, գթասիրտ և իր համոզմունքներին հավատարիմ է եղել և ուղղակի չէր կարող այլ կերպ վարվել»։ Հայտնվում է այն զինվորի հոգին, ով մահից առաջ խաչ էր տվել Ժաննային, պարզվում է նրան տարին մեկ անգամ մեկ օրով դժոխքից ազատ են արձակում։ Զինվորը հայտնում է, որ դժոխքում ընտրյալ խումբ է հավաքված. «կայսրեր, Հռոմի պապեր, թագավորներ, ինչպես նաև շատ ուրիշներ այդ շարքից»։ Կապելանի հոգին ասում է, որ Ժաննայի մահապատժից հետո ապաշխարել է, չնայած դրանից առաջ ակտիվորեն նպաստել էր նրա դատավճռի իրագործմանը, ինչին ի պատասխան Կոշոնը նկատում է. «Նշանակում է՝ ամեն հարյուրամյակը մեկ նոր Քրիստոս պետք է մեռնի տանջանքների մեջ, որ փրկի նրանց, ովքեր երևակայություն չունեն»։ Հայտնվում է կոմս Ուորիքը, ներողություն է հայցում Ժաննայից և բացատրում. «Ձեզ խարույկի վրա այրելը մաքուր քաղաքական միջոցառում էր։ Անձամբ ես Ձեր դեմ ոչինչ չեմ ունեցել»։

Վերջում՝ ընդհանուր ծիծաղի ներքո, 1920 թվականի կոստյումով մի մարդ է հայտնվում և կարդում է Ժաննային՝ կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին դասելու որոշումը։

Բոլոր ներկաները՝ այդ թվում նաև թագավորը ծնկի են գալիս Ժաննայի առջև և փառաբանում նրա արարքը։ Բայց նրա հարցից հետո. «Կցանկանայի՞ք ես հարություն առնեի մեռյալներից և ողջ վերադառնայի ձեզ մոտ», - բոլորը վախեցած վեր են կենում։ Թագավորը ցինիկորեն նկատում է. «Եթե նույնիսկ դուք կարողանայիք նրան նորից կյանք վերադարձնել, ապա կես տարի հետո նրան նորից կայրեին խարույկի վրա»։ Մյուսները խոստովանում են, որ մարդկությունը պատրաստ չէ ընդունել սրբերին և ապրել նրանց հետ։ Հնչում են կեսգիշերվա զանգերը, հոգիները, բացի Ժաննայից, հեռանում են, թագավորը քուն է մտնում։ Ժաննան հուսահատ աղոթքով կոչ է անում Աստծուն մոտեցնել մարդկության վերափոխման ժամանակը[20]։

Տեքստաբանություն խմբագրել

 
Ժաննա դ'Արկի հուշարձանը Փարիզում

«Սուրբ Իոհաննա» պիեսում Շոուն շոշափում է իր արվեստին բնորոշ թեմաներ՝ մարդկության սոցիալական և բարոյական առաջընթացի ուղիները, դրանում իրենց ժամանակից առաջ անցած վառ անհատականությունների դերը։ Նման թեմաներ առկա են նաև «Կեսար և Կլեոպատրա» պիեսում, բայց «Սուրբ Իոհաննան» տարբերվում է մեծ հուզականությամբ և դառը կսկիծով։ Պայմանական-խորհրդանշական վերջաբանում բոլորը հրաժարվում են հերոսուհուց. «Ների՛ր մեզ Ժաննա։ Մենք դեռ բավականաչափ առաքինի չենք, որ կարողանանք քեզ հետ ապրել»։ Ժաննայի վերջին խոսքերը եզրափակում են պիեսը և կազմում նրա գլխավոր բարոյախոսությունը. «Օ՜, Աստված, դու ստեղծել ես այս գեղեցիկ երկիրը, բայց ե՞րբ այն արժանի կդառնա ընդունելու քո սրբերին։ Ե՞րբ, Տե՜ր Աստված, ե՞րբ»[21]։

Տարբեր հեղինակներ Ժաննային տարբեր կերպ են պատկերել. ազգային առաջնորդ, Աստծո մարգարեուհի, ճակատագրի պատահական ընտրյալ և այլն։ Շոուն ամբողջությամբ հեռացնում է ամեն տեսակ միստիկա (առաջին գործողության մեջ նա բացահայտ ծաղրական ձևով է ներկայացնում «հավերի հետ կատարված հրաշքը»), իսկ Ժաննայի տեսիլքներն ու ադրշիրիմյան աշխարհից եկող ձայները հեղինակը գնահատում է որպես նրա երևակայության արդյունք։ Զգալի չափով նաև հեռացված է ռոմանտիկան. Ֆրիդրիխ Շիլլերի ու Մարկ Տվենի մոտ Ժաննան հեքիաթային գեղեցկությամբ է ներկայացված, Շոուի պիեսում նա արտաքնապես գեղեցիկ չէ, փոքր-ինչ կոպիտ է և դյուրաբորբոք։ Պիեսի առաջաբանում Շոուն ծաղրում է Ժաննայի չափազանցված կերպարը, ինչպիսին Շիլլերի և Մարկ Տվենի մոտ է։ Շոուի պիեսում նա նույնչափ գործնական և ռացիոնալ է, որքան Կեսարը «Կեսար և Կլեոպատրա» պիեսում, և իր նպատակներին հասնում է նույն միջոցներով՝ ապավինելով սթափ մտքին ու բանականությանը[22]։

Ժաննային զրկելով արհեստական առաքինություններից՝ Շոուն միևնույն ժամանակ չի թաքցնում իր խոր համակրանքը նրա նկատմամբ։ Շոուի մոտ Ժաննայի կերպարը առաջին հերթին առանձնանում է ներքին ազատության զգացմամբ։ Իր պայքարի ընթացքում Ժաննան, առանց երկմտելու, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ազդեցիկ անձանց նկատմամբ, խախտում է ֆեոդալական-կրոնական շատ ավանդույթներ (Շոուն Ժաննային անվանում է «առաջին բողոքականը»[4]): Իր իրավացիության նկատմամբ ներքին համոզմունքը, բնածին առաջնորդի լավագույն որակները, ոչ միայն նրան օգնեցին հաղթանակներ տանել, այլև բազմապատկեցին նրան նախանձողների և նրա թշնամիների թիվը, և, վերջին հաշվով, դարձան նրա մահվան պատճառը։ Շոուն սա նշում է որպես բոլոր ժամանակների համար ընդհանուր օրինաչափություն[22]. իր նամակներից մեկում նա հայտարարում է, որ Ժաննայի ողբերգությունը նույնքան մեծ է, որքան Պրոմեթևսինը[23]։

Հեղինակը ցույց է տալիս, որ Ժաննայի առաքելության ողբերգական ավարտը ոչ թե չարագործների բանսարկությունների պատճառով էր, այլ այն տխուր պատմական օրինաչափություն էր, հասարակության և մարդկային էության անկատարության հետևանք։ Ժաննայի դատավճիռը կամայական դատաստան չէր, այն լիովին համապատասխանում էր այդ ժամանակի օրենքներին, որովհետև այդ օրենքները ևս անարդար էին[24]։

Ի տարբերություն Ժաննա դ'Արկի կյանքի բազմաթիվ այլ ժամանակագրությունների՝ Շոուն հերոսներից ոչ մեկին չի հայտարարում չարագործ, և յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս բացատրելու իր գործողությունների շարժառիթները, որոնք, իր կարծիքով, թելադրված են բարու և ընդհանուր շահի վերաբերյալ ունեցած իրենց անձնական պատկերացումներից[25]։ Պիեսի խորհրդանշական վերջաբանն ընթերցողին կամ հանդիսատեսին առիթ է տալիս մտածելու, թե որքան անխուսափելի է մարգարեի ողբերգությունը անցյալում և մեր օրերում[24]։

Ժամանակակից կյանքի հետ կապը ավելի պարզ ցույց տալու համար Շոուն դիտմամբ թույլ է տալիս մի շարք անախրոնիզմներ. հերոսների խոսքում հանդիպում են արտահայտություններ, որոնք բնորոշ էին XIX-XX դարերին։ Միաժամանակ դա լրացուցիչ երգիծական ազդեցություն է ստեղծում[26]։

Կենսագիր Էմրիս Հյուզը ուշադրություն է հրավիրում հեղինակի կողմից փայլուն կերպով կառուցված գեղարվեստական պոլիֆոնիայի վրա, այդ թվում և՛ կատակերգական, և՛ ողբերգական[9]։ Այդ մասին վերհիշում է նաև Սիբիլ Տորնդայքը, Ժաննայի առաջին անգլուհի դերակատարը, ում համար Շոուն պիեսի հեղինակային ընթերցանություն էր կազմակերպել. «Ինչպե՜ս էր նա կարդում։ Այդպես մեծ կատարողը զգացմունքներով շոշափում էր յուրաքնաչյուր նոտան։ Դա իսկական երաժշտություն էր, յուրաքանչյուր կերպար՝ յուրահատուկ գործիք էր, և նա նվագում էր բոլորով միաժամանակ։ Այդ մեծ սիմֆոնիան ես չեմ մոռանա»[4]։

Լրացումներ ֆիլմի համար խմբագրել

Շոուն «Սուրբ Իոհաննայի» էկրանավորման համար սցենար է գրել, սակայն իր կենդանության օրոք ֆիլմը չի նկարահանվել։ 1927 թվականին ի հայտ եկավ միայն կարճամետրաժ հատված հինգերորդ պատկերից՝ Ռեյմսի տաճարի դրվագը[27]։

Սցենարի սկզբում կա լրացուցիչ մի դրվագ. Ժաննան նստած է պատերազմից այրվող հայրենի գյուղին մոտ գտնվող մի արոտավայրում, և նայում է ոչ հեռու ծխացող գյուղական տանը։ Հնչում են զանգերը, Ժաննան տեղից վեր է կենում՝ որոշում կայացնելով գնալ Վոկուլյոր[28]։

Դրանից հետո ավելացվել է նաև Օռլեանի մարտի դրվագը։ Անգլիական եկեղեցու կարդինալ Վինչեստերսկին, ով պիեսում միայն հարևանցիորեն է հիշատակվում, սցենարում ինքն է Ստոգեմբերին հանձնարարում վերջ տալ Ժաննայի կյանքին։

Երկխոսությունների մի մասը ձևափոխվել է՝ գործողություններին դինամիզմ հաղորդելու համար[29]։

Քննադատություն խմբագրել

Կենսագիր Էմրիս Հյուզը պիեսը գլուխգործոց է անվանել. «Այս պիեսում Շոուն հստակ հետևել է պատմական փաստերին և դրանում ոչ միայն ցուցաբերել ժամանակի, մարդկային զգացմունքների և բնավորությունների լիարժեք ըմբռնում, այլև տվել է ժամանակաշրջանի ամբողջական պատկերը[9]»։

Մեկ այլ կենսագիր Հեսքեթ Փիրսոնը գրում է[4].

Ժաննա դ'Արկը մեծ մարդ է, որովհետև նա հավատարիմ է մնում ինքն իրեն։ Բայց Շոուի պիեսը մեծ է ոչ թե այն պատճառով, որ նա «այն անցկացրել է միջնադարյան ժամանակաշրջանի մթնոլորտի միջով». դա կարող էր անել յուրաքանչյուր միջակ պատմաբան, այլ նրա համար, որ դրանում հաղթանակում է անձնավորությունը, ում հոգևոր ուժը չկարողացան կոտրել իշխանական մեքենայությունները։

Քննադատ Էրիկ Բենթլին (Eric Bentley) հեղինակին մեղադրեց պատմական իրողությունները խեղաթյուրելու մեջ և թունոտ կերպով հայտարարեց՝ հավանաբար, Շոուն սկզբում գրում է պիեսները, ապա նոր կարդում պատմության գրքերը[30]։

Մեկ այլ քննադատ՝ Ջոն Մաքինոն Ռոբերթսոնին (John Mackinnon Robertson) զայրացրել էր Շոուի՝ իրադարձությունները «երկու կողմից» ներկայացնելու ձևը[31]։ Ռոբերթսոնի տեսակետը կիսում է նաև Թոմաս Էլիոթը, ում կարծիքով «ճշմարտությունն ու սուտը Շոուի համար միևնույն նշանակությունը չունեն ինչ սովորական մարդկանց»։ Էլիոթը նաև հայտարարում է, որ Շոուի Ժաննան անգլիական սուֆրաժիստուհիների նախակարապետն է[31][32]։

Թոմաս Մանը պիեսն անվանել է Շոուի «ամենաջերմ և սրտառուչ, բառի ամենավեհ իմաստով ամենաողբերգական ստեղծագործությունը, որն ստեղծվել է իրավամբ հանճարեղ արդարամտությամբ՝ ամբողջությամբ արժանի իր համաշխարհային փառքին, որում տասնութերորդ և տասնիներորդ դարերին ծնունդ առած ազատախոհ ոգին գլուխ է խոնարհում սրբության առջև[33]։

Խորհրդային քննադատ Պյոտր Բալաշովը գրում է, որ Ժաննայի բնավորության նկարագրման մեջ ամենից վառ կերպով բացահայտվում է հեղինակի հումանիզմը, աշխարհի նկատմամբ նրա բանաստեղծական ընկալումը, իր հերոսների զգացմունքների արտասովոր ներկապնակից երանգներն առանձնացնելու և նրանց գիտակցության ու արարքների անսպասելի՝ արտաքուստ պարադոքսալ շրջադարձերը բացահայտելու կարողությունը[34]։

Խորհրդային մեկ այլ քննադատ Ն. Յ. Դյակոնովայի կարծիքով իր պիեսներից և ոչ մեկում, ո՛չ ավելի վաղ և ո՛չ էլ հետո գրվածների մեջ, Շոուն չի կառուցել այդպիսի բարդ կերպար... չի հասել այդպիսի փոխներգործության ոչ միայն նրա և մյուս կերպարների, այլև հերոսուհու անհատական առանձնահատկությունների և նրա գաղափարական և պատմական դերի միջև[35]։

Ն. Յ. Դյակոնովան նշում է նաև Շոուի ունեցած մեծ ազդեցությունը պատմական պիեսների հետագա հեղինակների վրա՝ Բերտոլդ Բրեխտ, Ֆրիդրիխ Դյուրենմաթ, Ջոն Օսբորն, Ժան Անույ և այլք[36]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 695
  2. 2,0 2,1 2,2 Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 696
  3. «Olivier winners 2008». 2008. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Хескет Пирсон, 1997, Глава «Апофеоз»
  5. Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 686
  6. Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 692—693
  7. Henderson A. Bernard Shaw. Playboy and prophet. N. Y.—London: D. Appleton and company, 1932, p. 543.
  8. Harben, Niloufer. Twentieth-century English history plays: from Shaw to Bond. էջ 31. ISBN 0-389-20734-9.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Эмрис Хьюз, 1968, Глава 17
  10. The Nobel Prize in Literature 1925
  11. «Ленинградский государственный академический театр драмы имени А. С. Пушкина». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «Архив спектаклей камерного театра, 1920-е». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. «Московский театр имени Ленинского комсомола». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. «Scene I». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. «Scene II». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «Scene III». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. «Scene IV». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. «Scene V». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. «Scene VI». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. «Epilogue». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  21. Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 692. В оригинале: «O God that madest this beautiful earth, when will it be ready to accept thy saints? How long, O Lord, how long?»
  22. 22,0 22,1 Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 686—689
  23. A. Henderson, 1925, էջ 48
  24. 24,0 24,1 Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 691
  25. «A tragedy without villains». The Guardian. 2007 թ․ հուլիսի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին. {{cite news}}: Text "Holroyd, Michael." ignored (օգնություն)
  26. Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 693
  27. Балашов П., 1982, էջ 278
  28. Балашов П., 1982, էջ 291
  29. Балашов П., 1982, էջ 292—294
  30. Eric Bentley. Bernard Shaw. — New York, 1957. — P. 159.
  31. 31,0 31,1 Dayananda Pathak. George Bernard Shaw: His Religion and Values. — Nataraj Books, 1985. — P. 114. — ISBN 978-9993907756
  32. Eliot, T. S. A Commentary // The Criterion 3. — October 1924. — № 1-5.
  33. Томас Манн Собрание сочинений. — М.: Гослитиздат, 1961. — Т. 10. — С. 450—451.
  34. Балашов П., 1982, էջ 224
  35. Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 690
  36. Дьяконова Н. Я., комментарии к тому 5, 1980, էջ 694

Գրականություն խմբագրել

  • Балашов П., Художественный мир Бернарда Шоу, М., «Художественная литература», 1982։
  • Деннингхаус Ф., Театральное призвание Бернарда Шоу, М., «Прогресс», 1978։
  • Дьяконова Н. Я., Комментарии к «Святой Иоанне», Бернард Шоу. Полное собрание пьес в шести томах, հ. 5, М., «Искусство», 1980, էջ 686—696։
  • Морозов М. М., Драматургия Бернарда Шоу, Шекспир, Бернс, Шоу, М., «Искусство», 1967։
  • Пирсон, Хескет., Бернард Шоу, Ростов-на-Дону, «Феникс», 1997 — 544 էջ, ISBN 5-222-00176-8։
  • Ромм А. С., Джордж Бернард Шоу : 1856-1950, М.—Л., «Искусство», 1965 — 249 էջ։
  • Хьюз, Эмрис., Бернард Шоу, М., «Молодая гвардия», 1968 — 288 էջ։
  • Шоу, Бернард., Предисловие к «Святой Иоанне», Полное собрание пьес в шести томах, հ. 5, М., «Искусство», 1980, էջ 311—360։
  • Henderson, Archibald., Table Talk of G.B.S.: Conversations on Things in General Between George Bernard Shaw and His Biographer, London, «Harper & Brothers», 1925, ISBN 978-1135364069։
  • Bernard Shaw, Sainte Jeanne, 1925, Calmann-Lévy, trad. d'Augustin et Henriette Hamon (texte de la version télévisée ; les citations de cet article en viennent).
  • Bernard Shaw, Sainte Jeanne, 1992, Édition de l'Arche, trad. d'Anika Scherrer.
  • Régine Pernoud, Jeanne d'Arc, 1981, ed. Seuil, p 114 115

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Իոհաննա (պիես)» հոդվածին։