Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, Երևանի գլխավոր եկեղեցին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1997
Ներկա վիճակկանգուն
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
ՃարտարապետՍտեփան Քյուրքչյան
ՀիմնադիրԷդուարդո Էռնեկյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ20-րդ դար
Կառուցման ավարտՍեպտեմբերի 23 2001 թ.
Հիմնադրված1997
Բարձրություն54 մետր
Գմբեթ3
ՇինանյութԱնիից բերված բաց նարնջագույն տուֆ
Մակերես3.822 մ²
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Yerevan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1996–2001 թվականներին։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ 1989 թվականի հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ «... մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել»[1]։ 1990 թվականին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք։

1990 թվականի մարտի 31-ին Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ հուշաքար է դրվել Մայր եկեղեցու կառուցման տեղում։ Իր խոսքում կաթողիկոսն ասել է.

  Իմ հայացքն ուղղելով դեպի մոտ ապագան, մոտ տասը տարի հետո, իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ, և սուրբ խաչը պիտի սլանա դեպի երկինք։ Հավանաբար ես այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ այդ օրը[2]։  

1990 թվականի ապրիլին հայտարարվել է Մայր եկեղեցու նախագծի մրցույթ. ներկայացվել է 33 նախագիծ Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից։ 1991 թվականի փետրվարի մրցութային հանձնաժողովը մրցանակի է արժանացրել Ստեփան Քյուրքչյանի և Արտակ Ղուլյանի (Հ. Ասատրյանի մասնակցությամբ) նախագծերը։ Հեղինակներին հանձնարարվել է նախագծերն ըստ արված դիտողությունների վերամշակել։

1992 թվականի հոկտեմբերի 8-ին մրցութային հանձնաժողովը, Վազգեն Ա կաթողիկոսի մասնակցությամբ և հավանությամբ, ընտրել է Ստեփան Քյուրքչյանի նախագիծը։ 1996 թվականի փետրվարի 29-ին սկսվել են շինարարության նախնական աշխատանքները։ 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը։ 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը։

Ճարտարապետություն խմբագրել

 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի ներքին հարդարանք
 
Մայր եկեղեցին նկարահանված օդից
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու գմբեթը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ծավալատարածական ամբողջություն կազմող, Անիի տուֆով երեսապատված տարբեր կառույցների համալիր է՝ բաղկացած եկեղեցուց, նրա հյուսիսարևմտյան կողմում՝ Սուրբ Տրդատ և հարավարևմտյան կողմում՝ Սուրբ Աշխեն մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից գավթից ու զանգակատնից։ Համալիրում գերիշխող և նրա ճարտարապետական կերպարի հիմնական որոշիչ ծավալը կենտրոնագմբեթ եկեղեցին է՝ ամենախոշորը հայկական եկեղեցիների շարքում[3] (արտաքին չափերն են 58x58 մ, բարձրությունը մինչև խաչի տակ՝ 56 մ)։ Նրա հատակագծային ու ծավալային հորինվածքի հիմքը քրիստոնեական կրոնի խորհրդանշան խաչն է։

Ծածկն իրականացված է երկու զույգ փոխհատվող, երկաթբետոնե կամարների համակարգի միջոցով (կամարներն ունեն 38 մ թռիչք և միմյանցից հեռու են 16 մ), որի կենտրոնում բարձրանում է ութանիստ թմբուկով, հովանոցաձև վեղարով գմբեթը։ Ծածկի նման լուծումը հնարավորություն է տվել եկեղեցու ներսն ազատել առանձին կանգնած հենարաններից և ստանալ միասնական ներքին տարածություն։ 1800 մ2 մակերեսով աղոթասրահում կարող են միաժամանակ տեղավորվել 3000 մարդ, 1700-ը՝ նստատեղերով։ Ընդարձակ Ավագ խորանի (180 մ2 մակերեսով) երկու կողմերում տեղադրված են խոշոր ավանդատները։

Աղոթասրահի արևմտյան կողմում երգչախմբի ու երգեհոնի համար նախատեսված վերնահարկն է։ Եկեղեցու տակ, նրա ողջ մակերեսով, 4 մ բարձրությամբ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարան, դահլիճներ՝ հանդեսների և դասախոսությունների համար, աշխատասենյակներ։ Նույն հորինվածքն ու նույն չափերն ունեցող Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն՝ կենտրոնագմբեթ մատուռները նախատեսված են ծիսակատարությունների՝ պսակադրության, մկրտության, հոգեհանգստի համար։ Դրանք խաչաձև են, հովանոցաձև վեղարով ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով (մատուռների բարձրությունը մինչև խաչի տակ՝ 29 մ) և ունեն եկեղեցիներին բնորոշ բաղադրամասեր։

Եկեղեցու և մատուռների միջև տեղադրված գավիթը նրանց միմյանց կապող հանգույցն է։ Ութանիստ սրահ է, որից մուտքեր կան դեպի եկեղեցու աղոթասրահ, վերնահարկ և ներքնահարկ, զույգ մատուռներ։ Գավթում են պահվում 2000 թվականին Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները։ Գավթին արևմուտքից կից է քառակուսի հատակագծով զանգակատունը (8x8 մ), 22 մ բարձրությամբ աշտարակ, որը պսակվում է 5 մ բարձրությամբ ունեցող քարե թևավոր խաչով։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, ունենալով հայկական դասական ճարտարապետությանը հատուկ նկարագիր, միաժամանակ արդիական է և որևէ միջնադարյան եկեղեցու նմանակը չէ։ Կառուցվելով շրջակայքից 15 մ բարձր տարածքում՝ եկեղեցին դիտվում է քաղաքի հեռավոր կետերից, նաև Հանրապետության հրապարակից և իր խոշոր ծավալով ու տպավորիչ ուրվագծով հարստացնում է Երևանի կենտրոնի համայնապատկերը[4]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էջմիածին», 1989, դ 7։
  2. «Էջմիածին», 1990, դ 1–2
  3. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 325 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  4. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 326 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն խմբագրել

  • Հարությունյան Վ., Խորան լուսո և հավատքի, «Էջմիածին», 1992, դ 8, 1993, դ 1–3:
  • Վարդանյան Մ., Գործը՝ հավատքի հայելի... Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնօրհնեքը, «Էջմիածին», 1997, դ 4–5:

Արտաքին հղումներ խմբագրել