Սուձուկիի (Սուզուկիի) մեթոդ, 20-րդ դարի կեսերին ճապոնացի ջութակահար և մանկավարժ Սինյիթի Սուձուկիի (1898-1998) կողմից ստեղծված համաշխարհային ճանաչում ստացած մեթոդ, որն օգնում է երեխաների երաժշտական զարգացմանը։ Սուձուկին համարում էր, որ երաժշտությունը հիմնված է երաժշտական լեզվի վրա, որը բաղկացած է նոտաների հնչյուններից այնպես, ինչպես խոսքը հիմնված է խոսակցական լեզվի վրա և բաղկացած է այն արտահայտող տառերից։ Հետևաբար երեխային երաժշտական լեզուն կարելի է սովորեցնել այնպես, ինչպես երեխան սովորում է խոսել մայրենի խոսակցական լեզվով՝ լսելով շրջապատող մարդկանց խոսքը և փորձելով կրկնել նրանց հետևից։

Սուձուկիի մեթոդը հիմնվում է այն գաղափարի վրա, որ պետք է հնարավորինս վաղ տարիքից երեխաներին շրջապատել երաժշտությամբ և սովորեցնել բարձրաձայն կրկնել նոտաները, երաժշտական հատվածները, իսկ հետո այն կրկնել երաժշտական գործիքի վրա։ Ի սկզբանե մեթոդը նախատեսված է եղել ջութակի համար։ Լինելով ջութակահար՝ Սուձուկին ստեղծել էր փոքր ջութակ, որը կարող էր նվագել նույնիսկ երեխան։ Այժմ մեթոդը հարմարեցված է նաև այլ երաժշտական գործիքների համար։

Նախապատմություն խմբագրել

Իր մեթոդն ստեղծելու գաղափարը Սուձուկին հղացավ, երբ արդեն չափահաս տարիքում սկսեց սովորել գերմաներեն։ Նա նկատեց, որ թեև իր համար լեզուն դժվար ընկալելի էր, սակայն երեխաները այն յուրացնում էին շատ արագ։ Նա ենթադրեց, որ երեխայի ուղեղն այնպիսի կառուցվածք ունի, որը թույլ է տալիս նրան շատ սեղմ ժամկետներում տիրապետել խոսակցական լեզվին միայն ունկնդրելով և շրջապատի ասածը կրկնելով։ Դրանից հետո նա եզրակացրեց, որ երաժշտական լեզուն նույնպես հիմնված է հնչյունների վրա, ինչպես և խոսակցական լեզուն, և երեխայի ուղեղն, ըստ երևույթին, կարող է օգտվել խոսակցական լեզվին արագ տիրապետելու նույն մեխանիզմներից, ինչպես երաժշտական լեզուն յուրացնելու ժամանակ։ Աշխատելով երեխանների հետ՝ նա հաստատեց իր ենթադրության իրավացիությունը և համոզվելով իր մոտեցման արդյունավետության մեջ՝ սկսեց աշխատել դրա տարածման վրա։ Սուձուկին ասում էր, որ սկզբում նա ցանկանում էր երաժշտության ուրախությունը բերել պատերազմից տուժած Ճապոնիայի երեխաների կյանք, իսկ հետագայում՝ մեթոդի տարածման հետ մեկտեղ, նրա երազանքը դարձավ երաժշտական լեզու սովորեցնել աշխարհի բոլոր երեխաներին։ Նա իր մեթոդն անվանեց «Տաղանդների դաստիարակություն» (ճապ.՝ 才能教育 sainō kyōiku):

Սուձուկիի փիլիսոփայություն խմբագրել

  Եթե երեխան իր ծննդյան օրից հրաշալի երաժշտություն է լսում և սովորում նվագել, ապա նրա մեջ զարգանում է զգայունություն, կարգապահություն և դիմացկունություն։ Եվ նա ազնիվ հոգի կունենա։
- Ս․ Սուձուկի
 

Սուձուկին կարծում էր, որ յուրաքանչյուր երեխայի մեջ թաքնված է երաժշտական տաղանդ, և եթե նրա հետ ճիշտ աշխատանք կատարվի բավական վաղ տարիքից, կարող է երաժշտության ասպարեզում մեծ հաջողությունների հասնել։ Այնուամենայնիվ, Սուձուկին հավատում և բազմիցս շեշտում էր, որ իր մեթոդը ուղղված չէ պրոֆեսիոնալ երաժիշտների և երաժշտական հրաշամանուկների ձևավորմանը։ Նա ծայրահեղ բացասաբար էր վերաբերում ծնողների՝ երեխային հրաշամանուկ դարձնելու, ամեն ինչ սովորեցնելու ցանկությանը։ Սուձուկին ասում էր, որ իր մեթոդը ստեղծվել է երեխայի կյանքը հարստացնելու, նրան ավելի երջանիկ դարձնելու և երաժշտության միջոցով նրա մեջ բարձր բարոյական արժեքներ և «ազնիվ հոգի» դաստիարակելու համար[1]։

Մեթոդի սկզբունքներ խմբագրել

  • Երեխայի հետ պարապմունքները սկսել վաղ տարիքից՝ սովորաբար 3-4 տարեկանից։
  • Նախքան նոտագրության ուսուցումը սովորեցնել երաժշտությունը վերարտադրել լսողությամբ։
  • Երեխային հնարավորինս լիարժեք ներգրավել երաժշտության ոլորտում․ խորհուրդ է տրվում, որպեսզի տանը գրեթե միշտ հնչի երաժշտություն, միաժամանակ երեխան պետք է հաճախ լսի վերարտադրված և սովորած ստեղծագործությունները, որոնց վրա նա այդ պահին աշխատում է։
  • Ներգրավել ծնողներին, համաձայն Սուձուկիի մեթոդի՝ միայն ուսուցչի աշխատանքը բավարար չէ․ երեխայի հետ պետք է աշխատեն նաև ծնողները, հատկապես ուսուցման սկզբնական շրջանում։ Ընդ որում, ծնողների վերաբերմունքը պետք է լինի ուշադիր և դրական։
  • Սուձուկիի մեթոդը կիրառող բոլոր ուսուցիչները պետք է վերապատրաստվեն և ունենան որակավորումը հաստատող վկայական։
  • Ուսուցման հենց սկզբից շեշտը դրվում է երեխայի համար տեխնիկապես առավել դյուրին եղանակով գործիքից գեղեցիկ ձայն արտաբերելու վրա։
  • Երեխան պետք է նվագի այլ երեխաների հետ․ դա նրան կսովորեցնի նվագելիս լսել նաև այլ գործիքներ։ Դա անելու համար Սուձուկիի ուսուցիչներն ու դպրոցներն ամբողջ աշխարհում օգտագործում են միասնական, պարբերաբար նորացվող նվագացանկ։
  • Երեխան պետք է ակտիվորեն շփվի այլ երաժիշտ երեխաների հետ․ դա կպահպանի և կխորացնի երեխայի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ[2]։

Համեմատություն երաժշտության ուսուցման ավանդական մեթոդի հետ խմբագրել

Սուձուկիի մեթոդը ավանդական մեթոդից հիմնականում տարբերվում է նրանով, որ այս դեպքում նախքան նոտագրություն սովորեցնելը ուսուցանվում է երաժշտության վերարտադրությունը։ Ըստ Սուձուկիի՝ դա երեխային մեծ առավելություն է տալիս, քանի որ ավելի լավ է զարգանում նրա երաժշտական լսողությունն ու հիշողությունը։ Դա բացատրվում է նրանով, որ առանց նոտագրություն իմանալու երեխան ստիպված է լինում ամբողջը մտապահել։ Բացի այդ, երեխան կարող է նվագել ավելի բարդ ստեղծագործություններ՝ անկախ նոտաները հասկանալու իր սահմանափակ հնարավորություններից։ Սուձուկին կարծում էր, որ երեխային նախապես նոտաներ սովորեցնելը խոչընդոտում է նրա լսողության, հիշողության և տեխնիկայի զարգացումը՝ ստիպելով նրան տարիներով նվագել դանդաղ և ընդհատումներով, որպեսզի կարդա նոտաները։ Արդյունքում երեխայի ներուժը ամենակարևոր վաղ տարիներին առավելագույնս բացահայտելու փոխարեն մարում է հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ։

Միևնույն ժամանակ, ավանդական մեթոդներ կիրառող մանկավարժները նշում են, որ այն երեխային, որն սկսել է լավ նվագել երաժշտությունը լսողությամբ և հիշել այն, հետո շատ բարդ կլինի ստիպել կարդալ նոտաները։ Ամենապարզ և անհետաքրքիր ստեղծագործություններին վերադառնալը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի հետագա զարգացման վրա, երբ կարիք կլինի նոտաներով կարդալ լսողությամբ վատ ընկալվող բարդ պարտիտուրաները[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Meyer, Constance (2003-09-07). The Mom-centric method. LA Times, 7 September 2003. Retrieved from http://articles.latimes.com/2003/sep/07/entertainment/ca-meyer7.
  2. The Suzuki Method
  3. Barber, 1991
  4. American Suzuki Journal, 2005

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուձուկիի մեթոդ» հոդվածին։