Սուլուխի կռիվ, տեղի է ունեցել 1907 թվականի մայիսի 27-ին Սուլուխ գյուղում, Գևորգ Չավուշի ֆիդայիների խմբի և թուրքերի միջև։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո ՀՀԴ կուսակցության ղեկավարությունը որոշեց հրաժարվել պայքարի ֆիդայական գործելակերպից՝ որպես անհեռանկար և թուրքական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը ուժեղացնելու առիթ ստեղծող։

Սուլուխ

ՀՀԴ արևելյան բյուրոյի հրահանգով Գևորգ Չավուշը (որը չէր պատկերացնում իր գոյությունն առանց հայդուկային կռիվների) Տարոնից անցնելու էր Կովկաս, սակայն ձգձգում էր իր մեկնումը։ Սուլուխ գյուղում (ուր մայիսի 26-ին եկել էր նաև ՀՀԴ Տարոնի լիազոր ներկայացուցիչ Ռուբենը) Գևորգին և իր ֆիդայիներին շրջապատել են թուրքերը, սկսվել է մարտը։ Կռվի սկզբին ֆիդայիները հետ են մղել թշնամու հարձակումը, զոհվել է Գալեն, ծանր վիրավորվել Գևորգը։ Թուրքերը խուժել են գյուղ, գրավել պաշտպանվողների դիրքերը, սակայն թուրքական զորքի հրամանատար Քեոսե Բինբաշու մահը խուճապի է մատնել նրանց։ Գիշերային անսպասելի հարձակումով ֆիդայիները ճեղքել են թշնամու օղակը, դուրս բերել վիրավոր Գևորգին և հեռացել։ Մայիսի 28-ին Գևորգը մահացել է, նրան թաղել են Մուշում։ Սուլուխի կռվում զոհվեցին 3 ֆիդայի, 18 գյուղացի, 130 թուրք։

Գևորգ Չաուշի և ՀՅԴ-ի մեջ էական հակասություններ կային։ ՀՅԴ-ն պահանջում էր դադարեցնել ֆիդայական շարժումը և անցնել համընդհանուր ապստամբության։ Գևորգը դիրքավորված է եղել կտուրին, իսկ գնդակը մտել է թիկունքից, և դուրս գալով կրծքից՝ փշրել է ծունկը։ Ենթադրվում է, թե թիկունքից նրան հարվածել է ՀՅԴ գործիչ Ռուբեն Տեր Մինասյանը, ով հետագայում պետք է նաև մեղադրվեր Սասունը և Տարոնը լքելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։