Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Այն նաև անվանում են պետական բարօրություն։

Պետական բարօրության հետապնդումը սոցիալ-դեմոկրատների քաղաքական ծրագրերի հիմնական դրույթներից մեկն է։ Սոցիոլոգ Մարշալը (անգլ.՝ Thomas Humphrey Marshall) նկարագրել է բարօրության պետությունը, որպես ժողովրդավարության, բարեկեցության և կապիտալիզմի յուրահատուկ համադրություն։

Հասկացությունը առաջին անգամ օգտագործվել է 1850 թ․ Լորենց ֆոն Շտեյնի կողմից։ Սոցիալական պետության հատկանիշներն են՝

  • Պետության բարձր տնտեսական զարգացվածությունը, որն հնարավորություն է տալիս վերաբաշխելու բնակչության եկամուտները, առանց վնասելու խոշոր սեփականատերերին,
  • Տնտեսության սոցիալապես ուղղվածության կառուցվածքը,
  • Քաղաքացիական հասարակության ձևավորումը,
  • Տարբեր սոցիալական ծրագրերի մշակումը պետության կողմից,
  • Սոցիալական պատասխանատվությունը քաղաքացիների առջև,
  • Պետության նպատակների ընդունումը, յուրաքանչյուրին արժանապատիվ կենսապայմանների, սոցիալական ապահովության և անհատական ինքնապաշտպանության համար հավասար նախնական պայմանների ապահովումը։

Սոցիալական պետության գաղափարը ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին իսկ հոդվածի մեջ։