Սովրեմեննիկ (Современник, ժամանակակից), գրական, հասարակական, քաղաքական ամսագիր (մինչև 1843 թվականը եռամսյա)։ Հրատարակվել է 1836-1866 թվականներին, Պետերբուրգում։ Հիմնադրել ու խմբագրել է (4 հատոր) Ա․ Ս․ Պուշկինը։ Նրա մահից հետո (1837 թվականին) «Սովրեմեննիկ»-ը անկում է ապրել (1837 թվականին խմբագրել են Պ․ Ա․ Վյազեմսկին և Վ․ Ա․ ժուկովսկին, 1838—1846 թվականներին՝ Պ․ Ա․ Պլետնյովը)։ 1847 թվականի սկզբին ամսագրի հրատարակության իրավունքը ձեռք են բերել Ն․ Ա. Նեկրասովը և Ւ․ Ի․ Պանաևը (1847- 1848 թվականին պաշտոն, խմբագիր՝ Ա․ Վ․ Նիկիտենկո)։ 1847—1848 թվականին Նեկրասովը «Սովրեմեննիկ»-ի շուրջն է համախմբել Ա․ Ի․ Դերցենին, Ն․ Պ․ Օգարյովին, Ի․ Ս․ Տուրգենևին, Ի․ Ա․ Գոնչարովին, Ֆ․ Մ․ Դոսաոևսկուն, անվանի պատմաբանների, տնտեսագետների և այլ մասնագետների։ Ամսագրի գաղափարական ղեկավարը եղել է Վ․ Գ․ Բելինսկին, որի հոդվածներն էլ որոշել են «Սովրեմեննիկ»-ի գործունեության ծրագիրը՝ հեղափոխական-դեմոկրատական գաղափարների պրոպագանդա, ժամանակակից իրականության քննադատություն, պայքար ռեալիստական արվեստի համար։ Այդ շրջանում ամսագիրը փաստորեն դարձել է ռուս հեղափոխական դեմոկրատների օրգան, որը շուրջ 20 տարի (Նեկրասովի ղեկավարությամբ ու խմբագրությամբ) տոն ու ուղղություն է տվել ճորտատիրության ու ցարական բռնապետության դեմ ռուս հեղափոխական-դեմոկրատական սերընդի պայքարին։ Գերցենի՝ Ռուսաստանից մեկնելը (1847 թվական), Բելինսկու մահը (1848 թվականին), քաղաքական ռեակցիան և գրաքննչական հետապնդումները դժվարացրել են խմբագրության աշխատանքը, որն, ստիպված, առժամանակ մեղմել է քաղաքական սուր հարցադրումները։ «Սովրեմեննիկ»-ի պատմության ամենավառ տարիները եղել են 1854—1862 թվականները, երբ նրա գաղափարական ղեկավարությունը ստանձնել են Ն․ Գ․ Չեռնիշևսկին (աշխատանքի է հրավիրվել 1853 թվականին) և Ն․ Ա․ Դոբրոլյուբովը (1856 թվականին)։ Այդ շրջանում ամսագիրը հիմնականում ունեցել է քաղաքական ուղղություն, առաջ է քաշել ու պրոպագանդել ճորտատիրության վերացման հեղափոխական ուղին, սուր քննադատության ենթարկել լիբերալ-ազնվականական գաղափարները, ժողովրդին հեղափոխական պայքարի կոչել։ 1859-1861 թվականին «Սովրեմեննիկ»-ից հեռացել են լիբերալ թևի գործիչները՝ Տոլստոյը, Տուրգենևը և ուրիշներ։ Ամսագրի շուրջն են համախմբվել հեղափոխական-դեմոկրատական ուղղության գրողներն ու հրապարակախոսները՝ Մ․ Ե․ Սալտիկով-Շչեդրինը, Ն․ Գ․ Պոմյալովսկին, Ն․ Վ․ Ուսպենսկին, Ն․ Սեռնռ-Սոլովևիչը, Մ․ Լ․ Միխայլովը, Ն․ Վ․ Շելգունովը և ուրիշներ։ Գաղափարական պայքարում ու լիբերալ մամուլի հետ ունեցած բանավեճերում կարևոր դեր է կատարել Դոբրոլյուբովի հիմնած «Սվիստոկ» («Свисток», 1859-1863 թվականին) երգիծական հավելվածը (ամսագրի բաժիններից մեկը)։ Ցարիզմն ու նրա գրաքննությունը հետապնդել են ամսագրին ու նրա գործիչներին (1862 թվականին «Սովրեմեննիկ»-ը 8 ամիս չի հրատարակվել)։ Դոբրոլյուբովի մահից (1861 թվականին) և Չեռնիշևսկու բանտարկությունից (1862 թվականին) հետո «Սովրեմեննիկ»-ի քաղաքական գիծը կորցրել է իր մարտական ոգին ու հետևողականությունը։ Բարձր մակարդակի վրա են մնացել միայն գեղարվեստական գրականության և գրական-հրապարակախոսական բաժինները։ 1853-1866 թվականին տպագրվել են Չեռնիշևսկու «Ի՝նչ անել»-ը, Սալտիկով-Շչեդրինի, Վ․ Ա․ Սլեպցովի, Ֆ․ Մ․ Ռեշետնիկովի, Գ․ Ի․ Ուսպենսկու ռեալիստական ստեղծագործությունները։ 1866 թվականին ամսագիրը փակվել է։ 1840-ական թվականներից սկսած «Սովրեմեննիկ»-ի էջերում տեղ են գտել նաև հայ իրականությանը նվիրված նյութեր։ Տպագրվել է Կ․ Եգյանի հոդվածը՝ Եվրոպայում հայագիտության վիճակի մասին, մի շարք գրախոսականներում արծարծվել են Երևանի նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրները, խոսվել է 1858 թվականին հրատարակվող հայ պարբերականների մասին։ Ամսագիրը նկատելի ազդեցություն է ունեցել հայ առաջավոր մտքի ու հրապարակախոսության վրա։ Մ․ Նալբանդյանի ազատաշունչ քաղաքացիական պոեզիան և հյուսիսափայլյան շրջանի հրապարակախոսությունը ընդհանրություններ ունեն «Սովրեմեննիկ»-ի ավանդույթների հետ։

Սովրեմեննիկ
ռուս.՝ Современник
Տեսակհանդես
Լեզուռուսերեն
Գլխավոր խմբագիրԱլեքսանդր Պուշկին[1], Պյոտր Պլետնև[1], Անդրեյ Կրաևսկի[1][2], Վլադիմիր Օդոևսկի[1] և Պյոտր Վյազեմսկի[1]
Հիմնադրվել է1836
ՀիմնադիրԱլեքսանդր Պուշկին
ՀրատարակիչԱլեքսանդր Պուշկին[1], Պյոտր Պլետնև[1][3][4], Նիկոլայ Նեկրասով[1] և Իվան Պանաև[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման վայրՍանկտ Պետերբուրգ[1]
ԳրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Լուծարվել էհունիս 1866
 Sovremennik (magazine) Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովրեմեննիկ (ամսագիր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 17