Սոսի թխկիատերև

բույսերի տեսակ
Սոսի թխկիատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Համամելածաղկավորներ
Ընտանիք Սոսազգիներ
Ցեղ Սոսի
Տեսակ Սոսի թխկիատերև
Լատիներեն անվանում
Platanus acerifolia Willd


Սոսի թխկիատերև (լատին․՝  Platanus acerifolia Willd), սոսազգիների ընտանիքի, սոսի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ճյուղավորված, հզոր ծառ է՝ 30-40 մ բարձրությամբ։ Բնի կեղևը անջատվում է խոշոր թիթեղներով, որից ծառի բունը մերկանում է, ստանալով սպիտակավուն, հարթ տեսք։ Բունը ուղիղ է, սլացիկ, 3-5 մ տրամագծով։ Տերևների երկարությունը կազմում է 25-17 սմ, լայնությունը՝ 18-20 սմ, 5-7 բլթականի են, երբեմն, երիտասարդ ճյուղերի վրա 3 բլթականի։ Բլթակները լայն-եռանկյունաձև են, միանման երկարությամբ և լայնությամբ, կամ երկարությունը ավելի է, քան լայնությունը, խոշոր ատամնաեզր կամ ամբողջաեզր է։ Տերևաթիթեղը ներքին կողմից, ջղերի ուղղությամբ, մազմզուկապատ է։ Տերևակիցը միջին մեծության է։ Պտղագլխիկները սովորաբար երկուսն են, հազվադեպ 1 կամ 3 հատ, մոտ 3 սմ տրամագծով, խոզանականման։ Հիբրիդային ծագում ունի, ստացվել է արևելյան և արևմտյան սոսիների տրամախաչումից։ Թխկիատերև սոսին բավականին դիմացկուն է արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ։ Հատկապես աչքի է ընկնում բավականին ցրտադիմացկունությամբ, արագ աճում է և հեշտությամբ բազմանում սերմերի, ինչպես նաև կտրոնների և անդալիսի միջոցով։ Դեկորատիվ տնկարկներում ամենուրեք արագորեն փոխարինում է արևելյան սոսուն։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի պայմաններում աճում է ամենուրեք, ծովի մակերևույթից մինչև 1400 մ բարձրության վրա։ Ավելի բարձրադիր շրջաններում ցրտահարվում և ոչնչանում է։ Հատկապես շատ է տարածված Արարատյան դաշտի բնակավայրերում և մասնավորապես Երևանում, որտեղ կանաչապատման տեսակաշարի հիմնական տեսակ է։ Լավ է հարմարվել քաղաքի յուրահատուկ պայմաններին՝ գազերին, ծխին, փոշուն, մրին, հողի մեխանիկական տրորմանը և աղտոտմանը։ Ոռոգման դեպքում շատ լավ է տանում նույնիսկ երկարատև օդային երաշտը։

Կիրառություն խմբագրել

Խորհուրդ է տրվում օգտագործել մասսիվներում, խմբերում, ծառուղիներում և որպես սոլիտեր, ինչպես նաև գետերի և լճերի ափերին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 144։