Սոճի իտալական

բույսերի տեսակ

Սոճի իտալական կամ Սոճի պինիա (լատին․՝ Pinus pinea), սոճազգիների ընտանիքի մշտադալար բույս։ Տարածված է Միջերկրական ծովի ափերին, հատկապես Պիրենեյան թերակղզում և Փոքր Ասիայում։

Սոճի իտալական
Սոճի իտալական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ասեղնատերևավորներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Սոճի
Տեսակ Սոճի իտալական
Լատիներեն անվանում
Pinus pinea L.
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Pinus pinea

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար, գեղեցիկ ծառեր են՝ 20-25 մ բարձրությամբ և բարձր ճյուղերից մաքրված բնով։ Սաղարթը բարձրադիր է, երիտասարդ բույսերինը կլորավուն, խիտ, իսկ հասակավոր բույսերինը տափակ, լայնհովանոցաձև։ Փշատերևները հիմնականում գտնվում են ընձյուղների ծայրին, փնջերի մեջ հավաքված 2-ական հատ, մուգ կանաչ են, թափվում են 2-3 տարին մեկ, հասնելով 10-15 սմ երկարության և 1,5-2,0 մմ լայնության։

Կոները միայնակ են, երբեմն՝ 2-3-ական հատ, լայն-ձվաձև կամ համարյա գնդաձև, 10 - 15 սմ երկարությամբ և 10 սմ լայնությամբ, շագանակագույն են և փայլուն, հասունանում են 3-րդ տարում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Միջերկրական ծովի ափերին՝ Պիրենեյան թերակղզում և Փոքր Ասիայում։

Աճում են Պորտուգալիայի արևմուտքում, Իսպանիայի հարավային և կենտրոնական հատվածներում, Իտալիայի արևելյան և արևմտյան ափամերձ հատվածներում, Հունաստանում՝ Պելոպոնես թերակղզում և այլ կղզիներում, ինչպես նաև Թուրքիայում, Լիբանանում և Կիպրոսում։

Աճեցվում են նաև արհեստական եղանակով։

Էկոլոգիա խմբագրել

 
իտալական սոճիներով այգի Իսպանիայում

Որպես բարձր դեկորատիվ և քչապահանջ մշտադալար ծառատեսակ անհիշելի ժամանակներից հայտնի մշակույթի մեջ։ Բավականին երաշտադիմացկուն է, հաջողությամբ է աճում նույնիսկ 300 մմ տեղումների պայմաններում, սակայն բավարար աճ և դեկորատիվ առանձնահատկություններ է հանդես բերում այն վայրերում, որտեղ մթնոլորտային տեղումների ընդհանուր քանակությունը կազմում է տարեկան 500-1000 մմ։

Նիկիտյան բուսաբանական այգում հանդիպում են 120 տարեկան բույսեր, որոնք հասնում են 16 մ բարձրության և 100 սմ բնի տրամագիծ ունեն։ Իտալական սոճու սերմերը կարելի է ուտել և շատ համեղ են։ Թուրքիան տարեկան 500 տոննա այդպիսի սերմ է արտահանում։

Մի քանի խոշոր ծառեր կան Ախթալայի պարկում, որոնք 50-60 տարեկանում հասնում են 14 - 17 մ բարձրության և ունեն 21 -23 սմ բնի տրամագիծ։ Սաղարթի լայնությունը կազմում է 3-4 մ։ Պտղաբերում է թույլ, սերմերը բարձրորակ են։

Վանաձորում «Սոճուտում» և Երևանում տնկումից 1 -2 տարի հետո լրիվ ոչնչանում են ձմռան սառնամանիքներից։ Կարելի է օգտագործել որպես սոլիտեր և փոքր խմբերով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (65)։