Սոճի Բանկսի

բույսերի տեսակ

Սոճի Բանկսի (լատին․՝ Pinus banksiana), սոճազգիների ընտանիքի, սոճի ցեղի բույս։

Սոճի Բանկսի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Սոճի
Տեսակ Սոճի Բանկսի
Լատիներեն անվանում
Pinus banksiana
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար, խոշոր ծառեր են՝ մինչեւ 25 մ բարձրությամբ, ցանցառ, ձվաձև սաղարթով։ Փշատերևները խիստ ծռմռված են, «գանգուր», 2-4 սմ երկարությամբ, ծառի վրա պահպանվում են 2-4 տարի։ Կոները կողմնային են, մեկական, կամ մինչեւ 3 հատ փնջերով, ուղիղ կանգնած կամ թեթևակի կերպով թեքված, մոխրավուն, երկարավուն-բրգաձև, 3-5 սմ երկարությամբ, գորշասևավուն։ Բանկսի սոճին երիտասարդ տարիքում չափազանց արագ է աճում, իսկ 25-30 տարեկանից հետո սկսում է բավականին դանդաղ աճել։ Լավ է տանում վերատնկումը։ Էկոլոգիական խումբը՝ 9-րդն է։

Եվրոպա է մուտք գործել 1785 թվականին։ Հայաստանում հանդիպում է, սակայն Երևանի պայմաններում զգալիորեն տուժում է օդի չորությունից եւ ուժեղ շոգերից։ Վանաձորի պայմաններում բավականին լավ է աճում և երիտասարդ տարիքում։ Մինչեւ 50 սմ ընթացիկ աճ է տալիս։ Տարեկան աճերի քանակը հասնում է 2-3-ի։ Կոներ է առաջացնում 6 տարեկան հասակից։ Բավականին լավ է աճում նաև Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունքում։

Միանգամայն ցրտադիմացկուն է, փշատերևները այրվածքներ չեն ստանում, ավելի դանդաղ է աճում, քան Վանաձորում (ընթացիկ աճը այստեղ կազմում է 22-23 սմ)։ «Սոճուտում» 13 տարեկան հասակում ունենում է 4,2-5,1 մ բարձրություն, 70-75 սմ ընթացիկ աճով։ Ըստ բարձրության՝ միջին աճը կազմում է 32-40 սմ։ Առատ ինքնացան է տալիս։ Ծաղկաձորի անտառներում 8,0 հեկտար տարածության վրա, Բանկսի սոճու մի գողտրիկ պուրակ կա, որը հիմնադրված է 1936 թ.: Բույսերի աճը միանգամայն բավարար է։ 20 տարեկան հասակում ընթացիկ աճը կազմել է 65-70 սմ։ Առատորեն պտղակալում է։ Սոճուտը հայտարարված է պետական արգելավայր։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Մեկենզի գետից և Արջի լճից մինչև Մինեսոտայի կենտրոնը եւ Միչիգան լճի հարավային ափը, Կանադայի արևելյան մասում՝ մինչև Հյուսիսային Բերմոնտ, Մեն նահանգի հարավային մասում։

Կիրառություն խմբագրել

Այս ծառատեսակը միանգամայն պիտանի է հակաէրոզիոն անտառկուլտուրաներ հիմնադրելու համար, հատկապես լեռնաանտառային եւ լեռնատափաստանային գոտիների բարձրլեռնային շրջաններում (1800-2000 մ բարձրության վրա)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (61)։