Սիրահարները II (կտավ, Մագրիտ)

կտավ, Մագրիտ

«Սիրահարները II» (անգլ.՝ Lovers II), Ռենե Մագրիտի նշանավոր նկարներից, որը հեղինակը նկարել է 1928 թվականին։ Գտնվում է Նյու Յորքում՝ կոլեկցիոներ Ռիչարդ Զայսլերի հավաքածուում։ Սիրահարների շարքի 1928 թվականին նկարված առաջին նկարը՝ «Սիրահարներ I» այժմ ցուցադրվում է Ավստրալիայի ազգային պատկերասրահում։ Նկարում պատկերված կնոջ և տղամարդու դեմքերը խորհրդավոր կերպով ծածկված են սպիտակ սավանով, որի միջով էլ նրանք համբուրվում են[2]։

Սիրահարները II
ֆր.՝ Les amants
տեսակԳեղանկար
նկարիչՌենե Մագրիտ
տարի1928
բարձրություն54
լայնություն73
ուղղությունՍյուրռեալիզմ
ժանրֆիգուրատիվիզմ[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆյու Յորք
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1]
Ծանոթագրություններ

Պատմական ակնարկ խմբագրել

Կան տարբեր վարկածներ, թե ինչից է ոգեշնչվել Մագրիտը այս նկարը նկարելիս։ Ռենեն իր մի շարք սյուրռեալիստ հետևորդների նման հիացած էր Ֆանտոմասի կերպարով։ Վերջինս 1913 թվականին լույս տեսած վեպի խորհրդավոր հերոսն էր, որն ավելի ուշ հայտնվում է ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Լուի Ֆյոյադի ֆիլմերում։ Ֆանտոմասի ինքնությունը երբեք չի բացահայտվում։ Նա միշտ հայտնվում է դեմքը սպիտակ կտորով կամ գուլպայով քողարկած[2]։

Մեկ այլ վարկածի համաձայն Ռենեն խիստ ազդված է եղել մոր ինքնասպանությունից։ 1912 թվականին, երբ նա դեռ 13 տարեկան էր, նրա մորը գտնում են Սամբրա գետում խեղդված։ Երբ նրա մարմինը հանում են գետից, Ռենեն ականատես է լինում այդ տեսարանին և տեսնում է մոր` գլխին փաթաթված թաց, սպիտակ գիշերազգեստը[2]։ Անձամբ Ռենեն հերքել է այս վարկածը։ Նա նշել է, որ այս նկարները զուտ իր սեփական երևակայության և որոշ չափով նևրոզի արտացոլումն են[2]։

Նկարագրություն խմբագրել

«Սիրահարները II» նկարում պատկերված են կին և տղամարդ համբուրվելիս։ Նրանց դեմքերը ծածկված են սպիտակ սավանով։ Սենյակում, որտեղ նրանք գտնվում են, երևում է միայն ետևի պատը, կողային պատը և առաստաղը։ Ետևի պատը կապտամոխրագույն է։ Իսկ կողքի պատը աղյուսագույն կարմիր է։ Երկու պատերն էլ որոշ հատվածում բաց երանգներ ունեն։ Առաստաղը սպիտակ է, և առաստաղի ու կարմիր պատի հատման մասում կա դեկորատիվ նախշ, որը սակայն, բացակայում է կապտամոխրագույն պատի հետ հատման մասում։ Տղամարդը կրում է սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ և փողկապ։ Նկարում հստակ երևում է կնոջ արևահարված ուսը։ Տղամարդը գտնվում է իշխողի դերում, ինչպես օրինակ` Գուստավ Կլիմտի հայտնի «Համբույր» նկարում։ Երկու նկարներում էլ կանանց գլուխները ետ են հակված, իսկ տղամարդիկ թեքված են նրանց ուղղությամբ, որպեսզի համբուրեն։

«Սիրահարները II»-ում կնոջ և տղամարդու գլուխների դիմացի և ներքևի հատվածները ամուր փաթաթված են սպիտակ սավանով, իսկ հետևից՝ գրեթե արձակված։ Կինը այնպիսի դիրքում է պատկերված, որ տղամարդն ավելի շատ է աչքի ընկնում, և անգամ նրա քիթն է պարզ երևում։ Սենյակը և սիրահարները նկարը ամբողջական են դարձնում։ Թվում է` կարևոր չէ, թե ինչպես է սենյակը ներկված։ Գույները մռայլ են, սենյակում չկան պատուհաններ։ Նկարի առաջնային էլեմենտները սիրահարներն են։ Նրանք են նկարին հաղորդում խորհրդավորություն և ինտրիգ։

Սակայն իրականում գույների ընտրությունը պատահական չէ։ Կապույտը ասոցացվում է հանգստության կամ ջրի հետ։ Վերջինս էլ կյանքի խորհրդանիշներից է։ Կարմիր գույնը կատաղության կամ կրքի, սիրո հետ է ասոցացվում։ Իսկ ահա սպիտակը` մաքրության, պարզության, անմեղության։ Այնուամենայնիվ նկարում պատկերված սպիտակը այդքան էլ պարզ և մաքուր չէ։ Այն փոքր-ինչ գորշ երանգներ ունի։ Սևը հիմնականում ասոցացվում է մահվան հետ։ Տղամարդը սև հագուստ է կրում, իսկ կինը` կարմիր։ Սավանները սպիտակ և տեղ-տեղ մոխրագույն են։ Կարելի է ենթադրել, թե անմեղ և անկեղծ սերը դանդաղորեն անհետանում է։

Այն փաստը, որ կնոջ և տղամարդու դեմքերը ծածկված են սավանով, կարող է մի քանի բացատրություն ունենալ։ Հնարավոր է, որ նրանք միմյանց ճանաչում են և սիրում։ Համբուրվելիս նրանց համար պարտադիր չէ միմյանց դեմքերը տեսնել, քանի որ նրանք միմյանց սիրում են հենց այնպիսին ինչպես կան։ Նրանց նպատակն է առանձնանալ իրենց շրջապատող աշխարհից, հեռու մղել յուրաքանչյուր բան, որ կարող է իրենց շեղել։

Մեկ այլ հնարավոր տարբերակ է այն, որ կինը և տղամարդը իրար չեն ճանաչում։ Նրանք իրենց բնազդով են առաջնորդվում, ցանկանում են ուղղակի հաճույք ստանալ։ Ընդ որում այդ հաճույքն այնքան բթացած է, որ նրանց համար կարևոր չէ դիմացինի արտաքինը կամ ինքնությունը։

Զարմանալի է, թե ինչպես առաջին հայացքից պարզ և հասարակ նկարը կարող է իրականում այսպիսի խորիմաստ և բարդ թեմաներ շոշափել։ Թվում է, թե բոլորը այս նկարին դիտելիս տեսնում են ուղղակի երկու ծածկված դեմքեր։ Բայց արվեստը սուբյեկտիվ է. այն ոգեշնչող, հակասական և սադրիչ է։ Այսպիսի հարցերում Մագրիտը պարզապես գիտակ էր։ Նրան միշտ էլ հաջողվել է ստեղծել նկարներ, որոնք հակասական զգացմունքներ և մտքեր են առաջացնում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

The Lovers II, 1928 by Rene Magritte