Սիմեոն Արճիշեցի, 13-րդ դարի երկրորդ կես-14-րդ դարի սկիզբ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։

Սիմնեոն Արճիշեցու կյանքից քիչ բան է հայտնի՝ ապրել և ստեղծագործել է Վանա լճի հյուսիսային ափին գտնվող Արճեշ քաղաքում (Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Աղիովիտ գավառ, հետագայում մտել է Վանի նահանգի մեջ, այժմ՝ ջրասույզ)։ Սիմեոնին են վերագրվում իր գրչագրած ձեռագրերի մանրանկարները, որոնք միևնույն վրձնի աշխատանք են։ Նրա ստեղծած ձեռագրերից 4-ը պահվում են Երևանի Մատենադարանում (№ 4851, 4867, 4819, 2744)։ Դրանցից առաջինը թվագրվում է 1288 թ-ով, վերջինը՝ 1305 թ-ով։ Սիմեոն Արճիշեցին հիմանականում հենվել է հնավանդ պատկերագրական տիպերի վրա՝ միաժամանակ դրանք լրացրել ուշ շրջանի պատկերագրության առանձնահատկություններով։ Նրա ստեղծած և կիրառած պատկերագրական օրինակները հետագայում իրենց լայն դրսևորումը գտան Վասպուրականի մանրանկարիչների աշխատանքներում։ Այս առումով Սիմեոնը Վասպուրականի մանրանկարչական դպրոցի կարկառուն դեմքերից է։