Սիլիցիումի կարբիդ կարբորունդ, SiC, սիլիցիումի միացությունը ածխածնի հետ։ Տեխնիկայում օգտագործվող կարևորագույն կարբիդներից է։ Մաքուր վիճակում ալմաստի փայլով, անգույն բյուրեղներ են, տեխնիկական արտադրանքը կանաչ կամ կապտասև է։ Դժվարահալ է, հալվում է քայքայվելով, 2830 °C-ում։ Կարծրությամբ զիջում է միայն ալմաստին և բորի կարբիդին՝ B4C։ Դյուրաբեկ է, խտությունը 3200 կգ/մ3։ Գոյություն ունի հիմնականում α—SiC և β—SiC բյուրեղական ձևափոխություններով։ Կայուն է քիմիականտարբեր միջավայրերում, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ստացվում է էլեկտրավառարաններում՝2000-2200 °C-nւմ՝ քվարցավազի (51 - 55%), կոքսի (35-40%), NaCl-ի (1-5%)և փայտի սղոցուքի (5-10%) խառնուրդից։ Բարձր կարծրության շնորհիվ օգտագործվում է որպես հղկիչ նյութ, բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող մետալուրգիական սարքերում, էլեկտրատեխնիկայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։