Աբու Բիշր իբն Ուսման ալ Բասրի, ավելի հայտնի որպես Սիբաուեյհի (արաբ. سيبويه), արաբ բանասեր, Բասրայի քերականական դպրոցի ներկայացուցիչ։

Սիբաուեյհի
պարս.՝ سیبویه
արաբ․՝ سیبویه‎‎
Սիբավեյհիի գերեզմանատան մուտքը
Ծնվել էմոտ 760
Արդաքան, Ֆարս, Իրան
Մահացել էմոտ 797[1]
Շիրազ, Իրան
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Մասնագիտությունլեզվաբան
Գործունեության ոլորտքերականություն և արաբերեն
Տիրապետում է լեզուներինարաբերեն[2] և պարսկերեն

Կենսագրություն խմբագրել

Սիբաուեյհին ծագումով պարսիկ էր և ապրում էր Բասրայում։ Նրա իսկական անունն է Ամր իբն Օսման իբն Կանբար։ Ծնվել է հարավային Պարսկաստանում ալ Բայդա փոքրիկ քաղաքում կամ Ահվազում։ Նրա ծննդյան և մահվան տարեթվերի վերաբերյալ միասնական կարծիք գոյություն չունի։ Ամենայն հավանականությամբ նա մահացել է մոտավորապես 45 տարեկան հասակում, 180/796 թ.-ին։ Որոշ հեղինակներ գտնում են, որ նա մահացել է Ահվազում, մյուսները՝ Շիրազում։ Երբ Սիբաուեյհին պատանի էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Բասրա։ Սիբաուեյհին հայտնվում է մի միջավայրում, որտեղ կրթություն ստանալը և գիտությունները հասկանալը անմիջականորեն կապված էր արաբերենի` նոր կրոնի լեզվի, յուրացման աստիճանի հետ։ Սիբաուեյհիի` մուսուլմանական ավանդության (Ղուրան, հադիսներ) առաջին ուսուցիչը եղել է Համադ իբն Սալամա իբն Դինար ալ Բասրին։ Սիբաուեյհին նախընտրությունը տալիս էր ավելի շատ իր քերականական տրակտատի շարադրմանը, քան ղուրանական գիտությունների և արաբերենի դասավանդմանը։ Հարուն ալ Ռաշիդի օրոք (786-809) գիտական ամբիցիաները և ֆինանսական դժվարությունները ստիպում են Սիբաուեյհիին ուղղվել Բաղդադ և համոզել առաջին վեզիր Յահյա ալ Բարմակին հանդիպում կազմակերպել ալ Կիսաի հետ։ Եվ հենց այս ժամանակ նրանց միջև տեղի է ունենում հայտնի բանավեճը, որը ավարտվեց Սիբաուեյհիի պարտությամբ։ Այս ամենից հետո Սիբաուեյհին որոշում է ընդմիշտ լքել Իրաքը։ Նա տեղափոխվում է Պարսկաստան, որտեղ էլ մի քանի տարի անց մահանում է։

«الكتاب» խմբագրել

Արաբական լեզվաբանության պատմության մեջ Սիբաուեյհիի «Գիրքը» ձեռք է բերել բացառիկ հեղինակություն։ Այն անվանում էին «քերականության Ղուրան»։ Հստակ հայտնի չէ, թե երբ է Սիբաուեյհին ավարտին հասցրել իր տրակտատը։ Սակայն հավանաբար դա եղել է Հիջրայի 170-180 թթ.-ին (=786-796)։ Անկասկած, տրակտատը գրելիս Սիբաուեյհին օգտագործել է իր ուսուցչի՝ ալ Խալիլի շատ մտքեր և դրույթներ, ում նա հաճախ վկայակոչում է իր աշխատության մեջ։ Ինչքանով է զգալի ալ Խալիլի ազդեցությունը Սիբաուեյհիի վրա, հնարավոր չէ որոշել։ Երկու լեզվաբաններն էլ ունեին շատ խորը, սակայն տարբեր մոտեցումներ լեզվի նկատմամբ։ Ելնելով «كتاب العين»-ից՝ կարելի է ասել, որ ալ Խալիլին ավելի շատ հետաքրքրում էր բառի կառուցվածքը և նրա սահմանների որոշումը, մինչդեռ Սիբաուեյհիին բառը նախ և առաջ հետաքրքրում էր որպես նախադասության մի մասնիկ։ Ամեն դեպքում «Գիրքը» արժանի է ամենաբարձր գնահատանքին՝ լինելով արաբական քերականական համակարգի ամբողջական շարադրման առաջին փորձը։ «Գիրքը» չունի ո՛չ անվանում, ո՛չ նախաբան, ո՛չ էլ վերջաբան։ Աշխատության մեջ ներկայացված են արաբերենի խոսքի մասերը։ «Գրքի» մեծ մասը նվիրված է շարահյուսությանը։ Ընդհանուր առմամբ տրակտատի վերջին մասում մանրամասնորեն քննության են ենթարկվում նաև հնչյունաբանությունը, ձևաբանությունը։ Օգտագործվող լեզվական նյութը վերցված է գերազանցապես Ղուրանից և պոեզիայից։ Սիբաուեյհին հետևողականորեն Ղուրանի և պոեզիայի լեզուն դիտում է որպես առավել ընդունելի խոսակցական ձև։ Որպես քերականության վերաբերյալ աշխատություն՝ «Գիրքը», ցույց է տալիս լեզվի հանդեպ կառուցվածքային մոտեցում, հեղինակը ձգտում է վերլուծել իր ասածները նկարագրական մեթոդով։ Սիբաուեյհիի համար շարահյուսությունը սկզբնապես հանգում է երկու ֆունկցիաների կամ մասնիկների փոխազդեցությանը։ Նրանցից մեկը պետք է անպայման հանդես գա ղեկավարողի, մյուսը՝ ղեկավարվողի դերում։ Արդեն «Գրքի» առաջին գլուխը ներմուծում է խոսքի մասերի եռանդամ խոնարհման համակարգ, որը արդյունքում դարձավ ամբողջ արաբական լեզվաբանության հենակետային հասկացություններից մեկը։ Սիբաուեյհին բայը բնորոշում է որպես խոսքի մաս՝ ածանցված գոյականից, որը արտահայտում է գործողության իմաստ կամ տվյալ անվան վիճակը։ Նրա լեզվաբանական վերլուծության մեջ գերակշռում է երկակի դասակարգումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ խմբագրել

  • Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ․, 2015, էջ 138-144, 146, 152 (Սիբավեյդի ընթերցմամբ)։
  • Derenbourg H. Le livre de Sibawaihi. Vol. I—II. Paris, 1881—1889. New York, 1970.
  • Звегинцев В. А. История арабского языкознания. М., 1958. С. 47-49.