Սերմնասկզբնակ (լատին․՝ ovulum), գոյացություն սերմնավոր բույսերի մոտ, որից բեղմնավորումից հետո զարգանում է սերմը։ Այն իրենից ներկայանում է սերմնավոր բույսերի իգական մեգապորանգիում։ Ծաղկավոր բույսերի մոտ սերմնասկզբնակը գտնվում ձվարանի խոռոչում, մերկասերմերի մոտ՝ իգական կոների թեփուկների արանքում։

Սերմնասկզբնակի տեղը բույսում

Ընդհանուր նկարագիր խմբագրել

Սերմնասկզբնակները զարգանում են սերմնարանի ներքին պատերին և հանդիսանում են ինտեգումենտների մեջ պարփակված մեգապորանգիումներ։ Նրանք հիմնադրվում են թմբիկների ձևով, որոնց կազմվելուն մասնակցում են բջիջների արտաքին շերտերը։ Սերմնասկզբնակի հիմնադրման տեղը կոչվում է սերմնակիր կամ պլացենտա։ Սերմնասկզբնակը պլացենտային ամրանում է սերմնակոթի կամ ֆունիկուլուսի միջոցով։

Հասուն սերմնասկզբնակը հիմքից նշանակալից կերպով լայնանում է և սովորաբար ձվի ձև է ընդունում։ Սերմնասկզբնակի գլխավոր մասը կազմում է սաղմնային բջիջների ներքին զանգվածը, որոնք առաջանում են թմբիկից և ձևավորվելուց հետո փոխարկվում են պարենքիմային նուցելլուսի։ Արտաքուստ նուցելլուսը պատած է մեկ կամ երկու ծածկոցով ինտեգումենտներով։ Սրանք առաջանում են թմբիկի շուրջը բջիջների օղակից, որոնք հետզհետե աճելով նուցելլուսից անցնում են ամբողջ մակերեսով, բայց թողնում են նեղ անցք՝ որպես փոշեմուտք։ Ուժեղ զարգացած նուցելլոսը բազմաշերտ երկու ինտեգումենտներով, բնորոշ է նախնական ծածկասերմների համար։ Ընդհակառակն, փոքր նուցելլուսը մեկ ինտեգումենտով, հատուկ է բարձր զարգացած ծածկասերմներին։ Սերմնասկզբնակի այն մասը, որ հակադիր է փոշեմուտքին, կոչվում է խալազ։

Սերմնասկզբնակները ըստ նրանց դիրքի՝ սերմնակրի վրա տարբեր են լինում։ Եթե սերմնասկզբնակի ծածկոցները բոլոր ուղղություններով համաչափ են աճում, և նուցելլուսը կազմում է սերմնակրի շարունակությունը, այս դեպքում սերմնասկզբնակը կոչվում է ուղիղ կամ ատրոպային։

Եթե ֆունիկուլուսը մի կողմից արագ է աճում, իսկ մյուս կողմից ավելի դանդաղ, ստացվում է ծռված սերմնասկզբնակ, ըստ որում ծռվածության չափը կարող է տարբեր լինել։ Այսպիսի սերմնասկզբնակը կոչվում է հակադարձ կամ անատրոպային և ավելի հաճախ է հանդիպում ծածկասերմների մեջ։ Եթե ֆունիկուլուսի մի կողմի անհամաչափ աճը տարածվում է ծածկոցների և նուցելլուսի վրա (կամ սերմնասկզբնակը ինքն է թեքված), ստացվում է ծռված կամ կամպիլոտրոպային սերմնասկզբնակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել