Սեսիլիա Յորք[Մ 2] (անգլ.՝ Cecily of York, մարտի 20, 1469, Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - օգոստոսի 24, 1507, Sandown, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, ԱնգլիաԱնգլիայի արքայադուստր Յորքերի տոհմից, Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երրորդ դուստրը։ Հոր մահից և Ռիչարդ III-ի՝ գահի բռնատիրումից կարճ ժամանակ անց նա հայտարարվել է անօրինական։ Աղջկա մայրը, վախենալով իր երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխել է Վեստմինստերյան աբբայություն, որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան է ստացել և մոտ մեկ տարի անցկացրել է այստեղ։ Այն բանից հետո, երբ թագավորը խոստացել է չվնասել երեխաներին, Սեսիլիան իր քույրերի հետ տեղափոխվել է պալատ։ Շուտով լուրեր են տարածվել, որ թագավորը պատրաստվում է ամուսնանալ եղբոր դուստրերից մեկի՝Էլիզաբեթի կամ Սեսիլիայի հետ։ Սակայն իր մահից քիչ առաջ Ռիչարդ III-ը Սեսիլիային ամուսնացնում է իր կողմնակիցներից մեկի՝ Ռալֆ Սկրուպի, Թոմաս Սկրուպի կրտսեր եղբոր՝ Մեսեմի 6–րդ բարոն Սկրուպի հետ, ով իր ծագմամբ շատ ավելի ցածր էր արքայադուստրից։

Սեսիլիա Յորք
անգլ.՝ Cecily of York[Մ 1]
Քենթերբերիի տաճարի վիտրաժ, XV դար
Ներկայումս վիտրաժը պահպանվում է Բարելի հավաքածույի մեջ[en][2]
Ուելսի վիկոնտուհի[en]
մինչև 1487 թվականի դեկտեմբեր/1488 թվականի հունվար - 1498/1499 թվականի փետրվարի 9
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր մարտի 20, 1469(1469-03-20) (555 տարեկան)
Ծննդավայր Վեստմինստերյան պալատ, Լոնդոն, Անգլիայի թագավորություն
Վախճանի օր օգոստոսի 24, 1507(1507-08-24)
Վախճանի վայր Ուայթ կղզի կամ Հաթֆիլդ, Անգլիայի թագավորություն
Դինաստիա ՅորքերՍկրուպներ[en]ՈւելսերԿայմեր
Հայր Էդուարդ IV
Մայր Էլիզաբեթ Վուդվիլ
Ամուսին 1. Ռալֆ Սկրուպ
2. Ջոն Ուելս, Ուելսի 1-ին վիկոնտ
3. սըր Թոման Կայմ Լինքոլնշիրից
Զավակներ 2-րդ ամուսնությունից՝ Էլիզաբեթ Ուելս, Էնն Ուելս
3-րդ ամուսնությունից՝ Ռիչարդ Կայմ, Մարգարետ Կայմ
 
Պարգևներ
Կապիչի շքանշան

Երբ Բոսվորտի ճակատամարտում Ռիչարդ III-ը մահացավ և գահն անցավ Հենրի VII Թյուդորին, Էդուարդ IV-ի երեխաներին բաստարդ ճանաչած ակտը չեղյալ հայտարարվեց, և Սկրուպի հետ Սեսիլիայի ամուսնությունը, որպես դինաստիայի շահերին չհամապատասխանող, լուծվեց։ 1488 թվականին Սեսիլիան ամուսնացավ թագավորի մոր՝ Մարգարետ Բոֆորթի ազգական Ջոն Ուելսի՝ Ուելսի 1-ին վիկոնտի հետ․ նա երկրորդ ամուսնուց երկու դուստրեր ունեցավ, 1499 թվականին այրիացավ, իսկ մի քանի տարվա սգից հետո, առանց թագավորի թույլտվության, ամուսնացավ ոչ ազնվական լինքոլնշիրյան էսկվայր Թոմաս Կայմի հետ, որից ևս երկու երեխա ծնեց։ Սեսիլիայի և Կայմի ամուսնությունը և նրանց երեխաները չճանաչվեցին գահի կողմից, իսկ նա՝ ինքը, հեռացվեց պալատից և զրկվեց երկրորդ ամուսնու կտակով իրեն հասանելիք ունեցվածքից։ Այնուամենայնիվ, արքայադուստրը լավ հարաբերություններ է պահպանել թագավորի մոր հետ. հենց Մարգարետ Բոֆորթն է 1507 թվականին վճարել Սեսիլիայի հուղարկավորության ծախսերի մի մասը։

Էդուարդ IV–ի օրոք խմբագրել

Ծագում խմբագրել

   
Սեսիլիայի ծնողները՝ Էդուարդ IV–ը և Էլիզաբեթ Վուդվիլը

Սեսիլիան ծնվել է 1469 թվականի մարտի 20-ին[4][3] Վեստմինստերյան պալատում, նա Անգլիայի թագավոր Էդուարդ IV–ի և Էլիզաբեթ Վուդվիլի երրորդ դուստրն էր[1] և նրանց տասը երեխաներից՝ երրորդը[5][6]։ Ընդհանուր առմամբ, նա վեց քույր ուներ, որոնցից հասուն տարիքի հասել են միայն չորսը՝ ավագը (Էլիզաբեթ) և երեք կրտսերները՝ Աննան, Քեթրինը և Բրիջիտը։ Մարիան, ով մոտ երկու տարով մեծ էր Սեսիլիայից, 14 տարեկանում մահացել է անհայտ հիվանդությունից[3][7], իսկ Մարգարետը, ով մոտ երեք տարով էր փոքր Սեսիլիայից, մահացել էր օրորոցում։ Բացի սա, Սեսիլիան նաև հինգ եղբայր ուներ՝ երեքը հարազատ և երկուսը՝ Թոմասը և Ռիչարդը, համամայր՝ իրենց մոր և Ջոն Գրեյի ամուսնությունից ծնված։ Սեսիլիայի հարազատ եղբայրներից կրտսերը՝ Ջորջը, մահացել էր մոտ երկու տարեկան հասակում, իսկ մյուս երկուսը՝ Էդուարդն ու Ռիչարդը, 1483 թվականին անհետացել են Թաուերից՝ նրանց հորեղբոր՝ Ռիչարդ III-ի կառավարման ժամանակ[8]։

Սեսիլիայի հորական պապը Ռիչարդ Պլանտագենետն էր՝ Յորքի 3-րդ դուքսը, Էդուարդ III թագավորի ծոռը արական գծով և թագավորության ռեգենտը 1454-1455 թվականներին՝ Հենրի VI թագավորի հիվանդության ժամանակ։ Ռիչարդը հայտարարել Էր Յորքի տան իրավունքը Անգլիայի գահի վրա և, այդպիսով, հրահրել Վարդերի պատերազմը։ Հոր կողմից արքայադստեր տատիկը Սեսիլիա Նևիլն էր, ով պատկանել է Հյուսիսի՝ հզորությամբ երկրորդ մագնատական տոհմին և իգական գծով սերում էր Ջոն Գոնտից՝ Էդուարդ III-ի երրորդ որդուց։ Սեսիլիայի մորական պապը Ռիչարդ Վուդվիլն էր, Ռիվերսի 1-ին կոմսը, որը ծնվել էր ազնիվ, բայց աղքատ և ոչ ազնվական ընտանիքում․ մոր կողմից արքայադստեր տատիկը եղել է ֆրանսիական ազնվական լյուքսեմբուրգյան տոհմին պատկանող թագուհի Մարգարիտա Անժուացու ֆրեյլին՝ Ժակետա Լյուքսեմբուրգցին։ Ենթադրվում է, որ Սեսիլիան անվանակոչվել է հորական տատիկի պատվին[4]։

1469-1471 թվականների ճգնաժամի ժամանակ խմբագրել

 
«Յորք արքայադուստրերը»։ Քենթերբերիի տաճարի հյուսիս-արևմտյան տրանսեպտի թագավորական վիտրաժը, XV դար։ Սեսիլիան ձախից երկրորդն է[Մ 3]

Իրար հետևից երրորդ դստեր՝ Սեսիլիայի ծնունդը Էդուարդ IV-ի համար մեծ հիասթափություն էր։ Թագավորն առաջին անգամ սկսեց մտածել, որ ինքը որդիներ չի ունենա, և որ թագը կարող է անցնել ավագ դստերը՝ Էլիզաբեթին։ Երեխայի կյանքի առաջին ամիսներին երկրում սուր քաղաքական ճգնաժամ առաջացավ. Էդուարդի ամենահզոր կողմնակից Կոմս Ուորիքը, ով մի շարք պատճառներով դժգոհ էր թագավորից, դաշինք կնքեց նրա կրտսեր եղբոր՝ Ջորջ Քլարենսի հետ։ Լորդերն իրենց զորքն ուղարկեցին Կալեից Անգլիա և հայտարարեցին Ջորջի՝ անգլիական գահի նկատմամբ հավակնությունների մասին[10]։ Այդ ժամանակ Սեսիլիայի մայրը հավանաբար երկու դուստրերի հետ, որոնցից մեկը Էլիզաբեթն էր, այցելեց Նորիջը, որտեղ նրանց ընդունեցին շքեղ հանդիսություններով և թատերական ներկայացումներով. հաստատապես հայտնի չէ, թե այդ պահին երկու փոքրիկ արքայադուստրերից ով էր ուղեկցում մորը, սակայն, հավանաբար, դա Մարիան էր, այլ ոչ թե Սեսիլիան, ով բավականին փոքր էր։ Շուտով Ուորիքը բռնում է թագավորին, առանց դատարանի մահապատժի ենթարկում Սեսիլիայի պապին ու քեռուն՝ Ռիվերսի կոմսին ու Ջոն Վուդվիլին[11]։ Այդ նույն ժամանակ ձերբակալվում է Սեսիլիայի մորական տատիկը՝ Ժակետա Լյուքսեմբուրգցին, ով մեղադրվում էր կախարդության և թագավորին կախարդելու մեջ։ Նրան արդարացրին, բայց այս տհաճ դրվագը և Ռիվերսի կոմսի մահապատիժը ցույց տվեցին, թե որքան հեռու են պատրաստ գնալ Էդուարդ IV-ի թշնամիները։ Ի դեպ, թագուհին և նրա դուստրերը Ուորիքի կարճատև առաջխաղացման ժամանակ չտուժեցին, բացառությամբ այն բանի, որ Սեսիլիայի մոր աղախնի հաստիքը կրճատեցին[12]։

1469 թվականի աշնանը Էդուարդ IV-ին հաջողվեց ազատություն ստանալ[13]։ Ուորիքն ու Քլարենսը փախան Ֆրանսիա և այնտեղ դաշինք կնքեցին լանքասթերների հետ։ 1470 թվականի սեպտեմբերին, երբ թագավորը պատրաստվում էր իր թշնամիների միավորված ուժերի ներխուժմանը, քույրերի և մոր հետ Սեսիլիային տեղափոխեցին Լոնդոնի Թաուեր՝ ապահովելու նրանց անվտանգությունը։ Արդեն հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Էդուարդ IV-ն իր եղբոր՝ Ռիչարդ Գլոստերի հետ փախել է երկրից՝ վերադարձի միայն նվազագույն հույս ունենալով[14]․ այս լուրը ստանալուց հետո թագուհի Էլիզաբեթը մոր և երեք դուստրերի հետ միասին[15][16] գիշերով գետային բեռնանավով հապշտապ լքում է Թաուերը և ապաստան փնտրում Վեստմինստերյան աբբայությունում։ Այն ժամանակ այն գրեթե դատարկ էր։ Փախստականներին իր հովանավորության տակ վերցրեց Վեստմինստերյան աբբահայր Թոմաս Միլինգը՝ բարի, հյուրընկալ մարդ, չցանկանալով թագուհուն երեխաների հետ տեղավորել հանցագործների հետ, նրանց զիջեց աբբայության արևմտյան մուտքի մոտ գտնվող իր տունը։ Այն երեք սենյակներ ուներ՝ այն ամենով, ինչն անհրաժեշտ էր թագավորական ընտանիքի հարմարության համար։ Հայտնի է, որ թագավորական ընտանիքին օգնություն են ցուցաբերել հասարակ լոնդոնցիները. մսագործ Ջոն Գուլդը Էդուարդ IV թագավորի ընտանիքին շաբաթական կովի կես և երկու ոչխար է զոհաբերել, իսկ ձկնավաճառը նրանց մթերքով ապահովել է ուրբաթ և ծոմապահության օրերին[17]։

Գտնվելով ապաստարանում՝ արքայադուստրերը ժամանակի մեծ մասն անցկացնում էին դայակների հետ, 1470 թվականի նոյեմբերի սկզբին ծնվել էր նրանց եղբայրը՝ արքայազն Էդուարդը, և թագուհի Էլիզաբեթը զբաղված էր նրա խնամքով[18]։ Սեսիլիան ընտանիքի հետ ապաստանում մնաց ևս հինգ ամիս[19]։ 1471 թվականի ապրիլին Էդուարդ IV–ը վերադարձավ Անգլիա և Վեստմինստերյան աբբայությունում շնորհակալական աղոթքից հետո իր ընտանիքը դուրս բերեց ապաստարանից։ Նույն գիշերը Սեսիլիան, ի թիվս ընտանիքի այլ անդամների, տեղափոխվեց Բեյնարդյան ամրոց[en], որը իր հորական տատիկի նստավայրն էր[20][21]։ Ապրիլի 11-ին Յորքերը թագավորի մոր, թագուհու եղբայր Էնթոնի Վուդվիլի և Քենթերբերիի արքեպիսկոպոսի ուղեկցությամբ ուղևորվեցին լոնդոնյան Թաուերի թագավորական հանգստավայր, իսկ Սեսիլիայի հայրը մեկնեց հյուսիս՝ մարտնչելու թագավորությունը համար։ Ապրիլի 13-ին Բարնեթի ճակատամարտում Ուորիքը սպանվեց[22], մայիսի 4–ին Էդուարդ IV–ը Թյուքսբերիի ճակատամարտում վերջնականապես ջախջախեց լանքասթերներին[23], որի ժամանակ սպանվեց նաև լանքասթերների ժառանգորդ Էդուարդ Վեստմինստերցին և գերեվարվեց Մարգարիտա Անժուացին[22]։ Սակայն մայիսի 12–ին, քանի դեռ Էդուարդը դեպի Լոնդոն ճանապարհին էր, Լանքասթերների վերջին կողմնակիցները գորհ ձեռնարկեցին Թաուերի վրա՝ նպատակ ունենալով գահին վերադարձնել Հենրի VI–ին․ գետի կողմից գնդակոծվեցին երկու աշտարակներ, որոնցից մեկում Սեսիլիան էր՝ ընտանիքի հետ։ Հարձակումը հետ մղվեց, սակայն դա ստիպեց թագավորին մահվան մատնել իր նախորդին, և 1471 թվականի մայիսի 21-ին թագավոր Հենրի VI-ը խեղդամահ արվեց իր բանտախցում[24]։ Հենրի VI–ի մահը Սեսիլիային վերադարձրեց օրինական և ճանաչված միապետի դստեր կարգավիճակը[16]։

Շոտլանդիայի արքայադուստր խմբագրել

 
Ջեյմս Ստյուարտ, Ռոթսեյի դուքսը, Սեսիլիայի ամուսինը

1474 թվականին սկսեցին հայտնվել Սեսիլիայի նկատմամբ առաջին ամուսնական պլանները. Էդուարդ IV-ը բանակցություններ էր վարում դստեր ամուսնության շուրջ Շոտլանդիայի գահի ժառանգորդ Ջեյմս Ստյուարտի՝ Ռոթսեյի դքսի հետ[16][25]։ Պաշտոնական նշանադրությունը տեղի ունեցավ 1474 թվականի հոկտեմբերի 26-ին[26] կամ դեկտեմբերի 26–ին, Էդինբուրգում, փեսայի և հարսնացուի վստահված անձանց՝ համապատասխանաբար՝ կոմս Կրոուֆորդի[en] և բարոն Սկրուպի միջև [16]։ Ջեյմսի մահվան դեպքում, որպես այրու մասնաբաժին, Սեսիլիան հոր կենդանության օրոք ստանալու էր բոլոր այն տիրույթները, որոնցից օգտվել էր ինքը՝ արքայազնը, այդ թվում՝ Ռոթսեյի դքսությունը, Քարրիկ կոմսությունը և այն հողերը, որոնք մտնում էին Ստյուարտների անձնական տիրույթների մեջ։ Այն դեպքում, եթե արքայազնը թագավոր դառնար կամ եթե նրա մայրը մահանար ամուսնու կենդանության օրոք, Սեսիլիան ստանալու էր թագուհու կողմից նշանակված բոլոր հողերի, ունեցվածքի և հարկերի մեկ երրորդը կամ դրանց համարժեքը[27]։ Սեսիլիայի կամ Ջեյմսի վաղաժամ մահվան դեպքում Ջեյմս III-ի ապագա որդին (Ռոթսեյի նշանադրության պահին թագավորի միակ երեխան էր) պետք է ամուսնանար Էդուարդ IV-ի մեկ այլ դստեր հետ, եթե վերջինս արքայազնից երեք-չորս տարով մեծ կամ փոքր լիներ[28]։ Որպես օժիտ Սեսիլիան հորից 20 հազար մարկ էր ստանում[1]։ Այդ միջոցները պետք է վճարվեին մասերով՝ երկու հազար մարկը պայմանագրի կնքումից հետո երեք ամսվա ընթացքում, ևս երկուսը՝ դրանից հետո՝ երկու տարվա ընթացքում, իսկ մնացած գումարը պետք է վճարվեր տարեկան հազար մարկով՝ մինչև ամբողջական մարումը։ Էդուարդ IV-ը և Ջեյմս III-ը պետք է հանդիպեին Բերիկում 1475 թվականի ամռանը՝ Սեսիլիային հասանելիքի առաջին մասը փոխանցելու համար։ Ըստ ամենայնի, հանդիպումը կայացել է, քանի որ 1475 թվականի հունիսի 20-ին Էդուարդ IV-ը կտակ էր ստորագրել, որի համաձայն նրա իրավահաջորդը պետք է Շոտլանդիային վճարեր արքայադստեր օժիտի մնացած 18 հազար մարկը։ Նշանադրության պահից Սեսիլիան անվանվեց «Շոտլանդիայի արքայադուստր»[28]։

1481 թվականին, երբ վրա հասավ Սեսիլիայի՝ ամուսնական համաձայնության տարիքը, Ջեյմս III-ը սկսեց պնդել ամուսնության կայացման մասին։ Անգլիա մեկնեց մի դեսպանություն, որը պետք է արքայադստերը տեղափոխեր Շոտլանդիա։ Սակայն Էդուարդ IV-ը համարելով, որ Ջեյմսը տոգորված է միայն օժիտի մնացած մասը ստանալու ցանկությունը, արքայադստեր մեկնելը հետաձգեց։ Դեռևս մեկ տարի անց խզվել էր Սեսիլիայի ավագ քրոջ՝ Էլիզաբեթի և Ֆրանսիայի դոֆին Կարլի նշանադրությունը, և Ջեյմս III-ը, ոչ ոքի խորհուրդը չլսելով, որոշում է հետևել իր ֆրանսիացի հովանավորի օրինակին[29]։ Խզման պաշտոնական առիթը դարձավ այն փաստը, որ անգլիական պալատում թաքնվում էր Ջեյմսի եղբայր Ալեքսանդրը՝ Օլբանիի դուքսը, որը մեղադրվում էր դավաճանության մեջ։ Պահանջելով ապստամբ դուքսին հանձնել՝ շոտլանդացիները մի քանի հարձակում գործեցին Անգլիայի սահմանամերձ տարածքներում, ինչն Էդուարդ IV-ին ստիպեց 1482 թվականի հունիսին խզել դստեր նշանադրությունը և խորհել Օլբանիի դուքսի հետ Սեսիլիայի նշանադրության մասին, ում անգլիական թագավորը պատրաստվում էր շոտլանդական գահի վրա նստեցնել[1][30]։ Հունիսի 11-ին համաձայնություն ձեռք բերվեց Սեսիլիայի և շոտլանդացի հավակնորդի ամուսնության վերաբերյալ այն պայմանով, որ դուքսին մեկ տարվա ընթացքում կհաջողվի ազատվել իր ֆրանսուհի կնոջից՝ Աննա դե Լատուր դ'Օվերնից[31] քրիստոնեական բոլոր նորմերին համապատասխան[32]։ Մոտ 1482 թվականին Էդուարդ IV–ը օգնեց Օլբանիի դքսին հասնել ռեգենտության․ Ալեքսանդրը հրաժարվեց հավակնել գահին, ներվեց թագավորի կողմից և հետ ստացավ իր տիրույթները[33]։

Շոտլանդացիները դժգոհ էին երկրում անգլիական զորքերի ներկայությունից և այդ պատճառով ճնշում էին գործադրում Ջեյմս III-ի վրա, որպեսզի նա կրկին նշանադրություն կատարի իր ժառանգորդի և Սեսիլիա Յորքի միջև։ Էդուարդ IV-ը համաձայն էր վերսկսել բանակցությունները, պայմանով, որ նրան կվերադարձվի օժիտի այն մասը, որն արդեն վճարվել էր։ Բանակցությունները այդպես էլ չվերսկսվեցին, քանի որ շուտով Օլբանիի դուքսը կրկին օգնության խնդրանքով դիմեց անգլիացի թագավորին, իսկ Սեսիլիային սկսել էին համարել նրա կինը։ Սակայն Օլբանիի հետ ամուսնության շուրջ բանակցություններն այլևս չընթացան, քանի որ 1483 թվականի ապրիլին Սեսիլիայի հայրը մահացավ[33]։

Կյանքը արքունիքում և հոր մահը խմբագրել

Շոտլանդական ամուսնության բանակցությունների ընթացքում Սեսիլիայի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Աղջկա դաստիարակությամբ մինչև 1475 թվականի դեկտեմբերը, հավանաբար, զբաղվել է դաստիարակչուհի լեդի Մարգարետ Բերներսը՝ սըր Ջոն Բուրշյեի՝ Բերներսի բարոնի, Էդուարդ III թագավորի ծոռի և Էլիզաբեթ թագուհու ընտանիքի մերձավոր ընկերոջ կինը[34]․ դրանից առաջ Մարգարետը զբաղվել է արքայադստեր ավագ քույրերի՝ Էլիզաբեթի և Մարիայի դաստիարակությամբ[35]։ 1476 թվականին Սեսիլիան, ի թիվս այլոց, ներկա էր իր հորական պապի՝ Ռիչարդ Պլանտագենետի, Յորքյան 3-րդ դքսի և վերջինիս երկրորդ որդու՝ Էդմունդ Յորքի՝ Ռաթլենդի կոմսի աճյունների վերահուղարկավորման արարողությանը Ֆոտերինգեյում։ Երկու տարի անց նա մասնակցել է իր կրտսեր եղբոր՝ Ռիչարդ Շրուսբերիի, Յորքի 1-ին դքսի և Աննա Մոուբրեյի՝ Նորֆոլկի 8-րդ դքուհու հարսանիքին։ 1480 թվականին նա իր ավագ քրոջ՝ Մարիայի հետ ներգրավված էր Կախազարդի Միաբանության տիկնանց մեջ[3][36]․ Էվերեթ Գրինը 1851 թվականին ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ թագավորական ընտանիքի զգեստապահարանի թարմացման վերաբերյալ փաստաթղթերում արքայադուստր Սեսիլիայի ձեռնադրման արարողությունն ավելի շուտ է թվագրվել, քան Մարիայինը, և կասկածներ է հայտնել վերջինիս առաջնեկության վերաբերյալ[37]

1483 թվականի ապրիլին, երբ Սեսիլիան տասնչորս տարեկան էր, Էդուարդ IV-ը հանկարծամահ եղավ։ Դրան հաջորդեց քաղաքական ճգնաժամը, որը կտրուկ փոխեց նախկին թագուհու և նրա երեխաների վիճակը։ Սեսիլիայի՝ գաը ժառանգած կրտսեր եղբայրը՝ Էդուարդ V-ը, բռնվեց իր հորեղբոր՝ լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Գլոստերի կողմից, իսկ երիտասարդ թագավորի ուղեկիցներ Էնթոնի Վուդվիլը և Ռիչարդ Գրեյը (համապատասխանաբար՝ նրա քեռին և համամայր եղբայրը) ձերբակալվեցին[38]։ Թագավորին տեղափոխեցին լոնդոնյան Թաուեր, որտեղ ավելի ուշ նրան միացավ միակ հարազատ եղբայրը՝ Ռիչարդ Շրուսբերին, մյուս երեխաների հետ միասին, որոնց թվում էր նաև Սեսիլիան, այրիացած թագուհին թաքնվեց Վեստմինստերյան աբբայությունում[1][36]։ Արդեն ապաստանում Էլիզաբեթ թագուհին ծրագիր մշակեց, որի համաձայն նրա ավագ դուստրերից մեկը՝ Էլիզաբեթը կամ Սեսիլիան, պետք է փախչեր երկրից, որպեսզի արտասահմանյան կողմնակիցներ ներգրավեին Թաուերից Էդուարդ V-ին և Ռիչարդ Շրուսբերիին փրկելու համար, եթե չստացվեր արքայազններին փրկել, այդ դեպքում արքայադուստրը՝ օտարերկրյա կողմնակիցների աջակցությամբ, կհայտարարեր գահի հանդեպ իր իրավունքների մասին։ Սակայն ծրագիրը «թագուհու ճամբարում եղած դավաճանի» միջոցով հայտի դարձավ Ռիչարդ Գլոսթերին։ Վերջինիս հրամանով նրա սկվայր Ջոն Նեսֆիլդը մի պահակ ուղարկեց Վեստմինստեր․ նա գիշեր ու ցերեկ պետք է հսկեր բոլոր նրանց, ովքեր մտնում ու դուրս էին գալիս ապաստարան[39]։

Ռիչարդ III–ի օրոք խմբագրել

1483 թվականի հունիսի 22–ին Էդուարդ IV–ի ամուսնությունը Էլիզաբեթ Վուդվիլի հետ ճանաչվեց անօրինական[40]․ հանգուցյալ թագավորի բոլոր երեխաները պառլամենտական Titulus Regius[en] ակտով հայտարարվեցին ապօրինի և զրկվեցին գահի նկատմամբ իրավունքներից և իրենց բոլոր տիտղոսներից։ Մի քանի օր անց մահապատժի ենթարկվեցին արքայադստեր քեռին և համամայր եղբայրը՝ Էնթոնի Վուդվիլը և Ռիչարդ Գրեյը։ 1483 թվականի հուլիսի 6-ին Ռիչարդ Գլոսթերը հայտարարվեց արքա, որից անմիջապես հետո դադարեցին որևէ տեղեկություն ստանալ Թաուերում փակված Սեսիլիայի եղբայրների մասին[41][42][43][44]։ 1483 թվականի Սուրբ Ծնունդին Հենրի Թյուդորը, որի մայրը Ռիչարդ III թագավորի դեմ դավադրություն էր կազմակերպել Էլիզաբեթ Վուդվիլի հետ, Ռեննի տաճարում[en] երդվեց, որ անգլիական գահին բազմելուց հետո կամուսնանա Էդուարդ IV–ի ավագ աղջկա՝ Էլիզաբեթի կամ Սեսիլիայի հետ (եթե Էլիզաբեթի հետ ամուսնությունը որևէ պատճառով հնարավոր չլինի[45])։ Սակայն Թյուդորի կուսակցության ապստամբությունը, որը գլխավորում էր Բեկինգհեմի դուքսը[Մ 4], Ռեննում Հենրիի երդումից առաջ տապալվեց[48]։

Հուշագիր

Սույնով ես, Ռիչարդս, Աստծո ողորմությամբ Անգլիայի և Ֆրանսիայի թագավորս, Իռլանդիայի լորդս, հոգևոր և աշխարհիկ միլորդերի, Լոնդոնի քաղաքապետի ու օլդերմենի ներկայությամբ, ձեռքս դնելով Աստծո Սուրբ Ավետարանի վրա, թագավորի խոսք եմ տալիս և երդվում եմ, որ եթե տիկին Էլիզաբեթ Գրեյի՝ Անգլիայի թագուհիներ համարվող դուստրերը, այսինքն՝ Էլիզաբեթը, Սեսիլիան, Աննան, Քեթրինը և Բրիջիտը, իմ պատասխանատվությամբ լքեն Վեստմինստերյան ապաստարանը և ուղղորդվեն ու կառավարվեն ինձանով և ենթարկվեն ինձ, այդժամ ես պատասխանատու կլինեմ իրենց կյանքի, ինչպես նաև այն բանի համար, որ չտառապեն ցանկացած անձի կամ անձանց կողմից նրանց կամ նրանցից մեկին, նրանց մարմնին կամ անձին հասցված ցավից։ Նրանք կամ նրանցից ոչ ոք չի փակվի լոնդոնյան Թաուերում կամ մեկ այլ բանտում։ Միևնույն ժամանակ, ես նրանց կտեղավորեմ բարի համբավով և հեղինակավոր վայրերում և նրանց պատվով և սիրով ցույց կտան, որ ընդունում և պատիվ են տալիս և նրանք, որպես իմ հարազատներ, կունենան բոլոր անհրաժեշտ և պահանջված բաները, և հետո ես ջենտլմեն ծնվածների հետ կամուսնացնեմ նրանց, ում տարիքը կհասնի, նրանք հողեր և տիրույթներ կստանան՝ իրենց ողջ կյանքի ընթացքում տարեկան երկու հարյուր մարկի չափով եկամտով, նուն կերպ կլինի նաև մյուս դուստրերի համար, երբ նրանք ապրեն և հասնեն ամուսնական տարիքին։ Իսկ այն ջենտլմեններին, որոնց բախտ կվիճակվի ամուսնանալ նրանց հետ, ես ազնվորեն պարտավորվում եմ ժամանակ առ ժամանակ ցույց տալ իմ սերն ու ողորմությունը, ինչպես նաև՝ իրենց կանանց ու իմ բարեկամուհիներին, եթե նրանք խուսափեն ու զգուշանան իմ դժգոհությունից։

1 մարտի, 1484 թվական[49]
 
Ռիչարդ III–ը՝ Սեսիլիայի հորեղբայրը, ով գահից հեռացրեց իր եղբայրներին, իրեն և քույրերին

Բեկինգհեմի ապստամբության ձախողումից հետո Ռիչարդ III-ը բանակցություններ սկսեց եղբոր այրու հետ։ 1484 թվականի մարտի 1-ին թագավորը հրապարակավ երդվեց, որ Էդուարդ IV-ի դուստրերին վնաս չի հասցվի, և նրանց չի խանգարի, բացի այդ, Ռիչարդը խոստացավ, որ նրանք չեն բանտարկվի Թաուերում կամ որևէ այլ բանտում, որ նրանք կապրեն «բարի անուն և հեղինակություն ունեցող պատվելի վայրերում», իսկ ավելի ուշ կնության կտրվեն «ազնիվ ծագում ունեցող մարդկանց» և որպես օժիտ կստանան տիրույթներ՝ յուրաքանչյուրին տարեկան 200 մարկի չափով[50][51]։ Նույն օրը հուշագիրը ուղարկվեց այրիացած թագուհուն՝ մթերքի հետ միասին։ Արքայադուստրերը լքեցին ապաստարանը և տեղափոխվեցին իրենց «ողորմած հորեղբոր» խնամակալության տակ, որը նրանց համար սենյակներ էր առանձնացրել իր պալատում։ Թյուդորների դարաշրջանի պատմաբան Էդվարդ Հոլլը[en] գրել է, որ Ռիչարդ III–ը «իր եղբոր բոլոր դուստրերին պարտադրել է հանդիսավորապես ներկայանալ պալատ․ ասես նոր–ընտանեկան և սիրալիր զվարճալիք՝ նրանք պետք է մոռանային իրենց հասցված հարվածները և դրան նախորդած բռնարարքները»[52].

Խնամակալությունը, որը Ռիչարդ III-ը սահմանեց իր զարմուհիների նկատմամբ, նոր ժամանակների գիտական շրջանակներում վեճերի առարկա է դարձել՝ հրահրելով այս թագավորի մասին հակադիր կարծիքների կողմնակիցների բախումը։ Շատ հետազոտողներ նշում են, որ Էդուարդ IV-ի դուստրերը հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ նրանց օրինական իրավունքները բռնազավթվել են, իսկ նրանց եղբայրները ենթադրաբար սպանվել են։ Սեսիլիան ականատես է եղել իր համար բավական տհաճ իրադարձության՝ նրա նախկին փեսացուի՝ շոտլանդացի արքայազն Ջեյմս Ստյուարտի նշանադրությանը, իր զարմուհու՝ Աննա դե լա Պոլի՝ Սաֆֆոլկի դքսուհի Էլիզաբեթի դստեր հետ[52]։ 1484 թվականին Ռիչարդ III-ի որդի Էդուարդ Միդլհեմցու մահվան կապակցությամբ, գահի ենթադրյալ ժառանգորդը դարձավ Աննա դե լա Պոլի եղբայրը՝ Ջոնը[k 1][56]։

Այն բանից հետո, երբ Էդուարդ IV–ի՝ բաստարդներ ճանաչված դուստրերը ժամանեցին պալատ, սկսվեցին տարբեր լուրեր շրջանառվել նաև նրանց հետագա ճակատագրի մասին. այսպես, պնդում էին, որ Ռիչարդ III-ը պատրաստվում է ամուսնանալ ավագ զարմուհիներից մեկի՝ Էլիզաբեթի[Մ 5] կամ Սեսիլիայի հետ։ Բացի դա, Ռիչարդը դիտարկում էր Սեսիլիայի ամուսնության հնարավորությունը նրա կարգավիճակից ցածր ներկայացուցչի հետ՝ գահին նրա հնարավոր հավակնությունները բացառելու համար։ Թագավորի պլանները իրականացվեցին․ երբ Հենրի Թյուդորը Անգլիայում վայրէջք կատարեց գահը գրավելու և Սեսիլիայի հետ ամուսնանալու մտադրությամբ, որովհետև Էլիզաբեթը ամուսնացած էր Ռիչարդ III–ի հետ, իմացավ, որ Սեսիլիան արդեն ամուսնացած է[58]։ Ռիչարդ III-ի մահից առաջ արքայադստեր ամուսինը դարձավ նրա կողմնակից Ռալֆ Սկրուպը, Մեսեմից 6-րդ բարոն Սկրուպի՝ Թոմաս Սկրուպի կրտսեր եղբայրը[1]։

Հենրի VII–ի օրոք խմբագրել

Թյուդորների արքունիքում խմբագրել

 
Սեսիլիայի քրոջ՝ Էլիզաբեթ Յորքի և Հենրի VII–ի դիմանկարները

1485 թվականի օգոստոսին Ռիչարդ III-ը սպանվեց Բոսվորտի ճակատամարտում։ Նվաճման իրավունքով նոր թագավոր դարձավ Հենրի Թյուդորը՝ Հենրի VII անունով։ Նրա մայրը՝ Մարգարետ Բոֆորթը, ավելի վաղ պայմանագիր էր կնքել այրի թագուհի Էլիզաբեթի հետ, որի համաձայն Սեսիլիայի ավագ քույրն ամուսնանալու էր նոր թագավորի հետ։ Գահին նստելով՝ Հենրի Թյուդորը չեղյալ հայտարարեց Titulus Regius ակտը, որը Էդուարդ IV-ի երեխաներին զրկել էր տիտղոսներից և գահի նկատմամբ իրավունքներից. ակտը և դրա բոլոր օրինակները, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր փաստաթղթերը հանվեցին արխիվներից[59]։ Ստանալով թագը և ամուսնանալով Յորքերի ժառանգորդուհու հետ՝ Հենրի VII-ը ուշադրություն դարձրեց նաև Էլիզաբեթ թագուհու քույրերին. արքայադուստրերը պետք է շահավետ ամուսնանային երիտասարդ թագավորի կողմնակիցների հետ, բայց՝ առանց գահին հավակնելու հնարավորության[60]։ Նոր թագուհու ավագ քրոջ ՝ Սեսիլիայի ճակատագիրը պետք է որոշվեր որքան հնարավոր է շուտ[61]։ Արքայադստեր ամուսնությունը Ռալֆ Սկրուպի հետ լուծարվեց 1486 թվականին որպես դինաստիայի շահերին չհամապատասխանող[62][60]։

Որպես թագուհու քույր՝ Սեսիլիան սկսեց կարևոր արարողակարգային դեր խաղալ պալատում։ Նա կազմակերպեց իր առաջին զարմիկի՝ Ուելսի արքայազն Արթուրի մկրտությունը 1486 թվականի սեպտեմբերի 24-ին[63]։ Այդ արարողությանը արքայադստեր ուղեկից–ազնվական տղամարդիկ էին նրա համամայր եղբայր Թոմաս Գրեյը՝ Դորսետի 1–ին մարկիզը և հոր կողմից զարմիկ Լինքոլնի կոմս Ջոն դե լա Պոյն էին․ Սեսիլիայի զգեսափեշը տանում էր Դորսետի մարկիզի կինը՝ Հարինգթոնի 7-րդ բարոնուհի և Բոնվիլի 2-րդ բարոնուհի Սեսիլիա Բոնվիլը[en], ում ընտանիքը Վարդերի պատերազմում հանդես էր եկել հօգուտ Յորքերի։ Մկրտության արարողության ավարտին Սեսիլիան, հանդիսավոր թափորի գլուխ կանգնած, արքայազնին վերադարձրեց մանկասենյակ, որտեղ մկրտված արքայազնին ներկայացրեց ծնողներին[64]։ 1487 թվականի նոյեմբերի 25–ին Սեսիլիան թագուհու քույրերից միակն էր[65], ով Վեստմինստերյան աբբայությունում արարողության ժամանակ տանում էր նրա զգեստափեշը[63][66]։ Իր դիրքով նա երկրորդ կինն էր արարողությունների ժամանակ (չհաշված թագուհուն) իր մորաքրոջ՝ թագավորի հորեղբոր՝ Բեդֆորդի դուք Ջասպեր Թյուդորի կնոջ՝ Քեթրին Վուդվիլից հետո․ բացի դա, արարողությունների ժամանակ Սեսիլիան դքսուհու հետ կառքով էր շրջագայում, որն անմիջապես հետևում էր թագուհու կառքին։ Թագադրման կապակցությամբ խնջույքին Սեսիլիան և Քեթրին Վուդվիլը Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջոն Մորտոնի հետ թագուհու սեղանի շուրջ են նստել։ Հայտնի է, որ այս ընթացքում, Սեսիլիան, ինչպես և մյուս քույրերը, վճարվել են թագուհու միջոցներից, սակայն նա մեծ արտոնություններ և մեծ ազատություններ է ունեցել. այսպես, զբոսանքների ժամանակ Սեսիլիայինն, որն ուղեկցում էր քրոջը՝ թագուհուն, որպես ֆրեյլին, ուղեկցում էին իր սեփական տիկնայք[65]։ Մինչ իր երկրորդ ամուսնությունը Սեսիլիան զբաղեցրել է թագուհու Ննջարանի առաջին տիկնոջ պաշտոնը[67]։

Երկրորդ ամուսնություն խմբագրել

 
Սեսիլիայի երկրորդ ամուսնու՝ Ջոն Ուելսի, Ուելսի վիկոնտի զինանշանը։
Ոսկեգույն դաշտում սև, զինված ապստամբող առյուծով։ Վահանը պսակված է բարոնյան թագով և շրջապատված է Կախազարդի օրդեն ժապավենով․ կապույտ դաշտում ոսկե գրություն է՝ Honi soit qui mal y pense՝ Թող ամաչի դրա մասին վատ մտածողը [68].

Թագուհու թագադրման ժամանակ ներկա ազնվականների թվում էր Ջոն Ուելսը՝ Ուելսի 1-ին վիկոնտը ՝ Ուելսի հնագույն տոհմի ժառանգորդը և թագավորի մոր՝ Մարգարետ Բոֆորթի կրտսեր համամայր եղբայրը[Մ 6][69]։ Չնայած Ջոնն ու նրա ընտանիքը Լանքասթերների կողմնակիցներն էին, նա կարողացավ հասնել Սեսիլիայի հոր բարեհաճությանը նրա կյանքի վերջում և պատկանում էր այն մարդկանց թվին, ովքեր գիշերը հսկում էին հանգուցյալ թագավոր Էդուարդ IV-ի մարմինը։ Ռիչարդ III-ի օրոք Ջոնը ընդդիմություն էր. Նա մասնակցեց Բեկինգհեմի ձախողված ապստամբությանը, փախավ Բրետան, որտեղ թաքնվում էր ապագա թագավոր Հենրի VII-ը, իսկ ավելի ուշ նրա հետ միասին վերանվաճեց գահը Թյուդորների համար[70][60]։ Իր ծառայության և ազգակցական կապերի շնորհիվ Ջոնը հայտնվեց երիտասարդ թագավորի ֆավորիտների մեջ, ով գահ բարձրանալուց անմիջապես հետո իր քեռուն երկու կարևոր ամրոցների կոնստեբլ նշանակեց, նրան հանձնեց մի քանի կալվածքներ և հետագայում նրան վերադարձրեց հոր ունեցվածքը[71], բացի այդ, Ջոնին ոչ միայն վերադարձվեց հոր բարոնյան տիտղոսը, այլև շնորհվեց նորը՝ Ուելսի վիկոնտի տիտղոսը[72][60]։

Սեսիլիայի և Ջոն Ուելսի, ով արքայադուստրից մոտ 20 տարով մեծ էր, ամուսնության ժամանակի և հանգամանքների վերաբերյալ ոչ մի գրառում չի պահպանվել, սակայն դա տեղի է ունեցել մինչ 1487[1] թվականի դեկտեմբերը[73] կամ հաջորդ տարի՝ 1488 թվականին[74]։ Էլիսոն Ուեյրը գրում է, որ ամուսնությունը կնքվել է 1487 թվականի նոյեմբերի 25-ի և դեկտեմբերի 31-ի միջև ընկած ընթացքում, ընդ որում, նա նշում է, որ հարսանիքին ներկա է եղել թագավորական զույգը[60]։ Ինչպես գրում է պատմաբան Մերի–Էնն Էվերեթ Գրինը, 1487 թվականի դեկտեմբերին Սեսիլիան արդեն ամուսնու հետ Գրինվիչյան պալատում մասնակցել է Սուրբծննդյան տոնակատարություններին։ Նոր տարում Ուելսերը, ի թիվս ազնվականության ներկայացուցիչների և թագավորի այլ մտերիմների, ներկա են գտնվել հանդիսավոր ճաշկերույթին։ Վիկոնտ Ուելսը թագավորին 20 շիլինգ է նվիրել՝ որպես նվեր իր և կնոջ կողմից։ Խնջույքին ամուսինները իրարից բաժան են եղել․ Ջոնը սեղանի շուրջ նստել է դահլիճի աջ կողմում, իսկ Սեսիլիան՝ ձախ սեղանի գլխին[73]։ Հայտնի չէ նաև, թե ով էր Սեսիլիայի և Ջոնի միության նախաձեռնողը։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ հենց թագավոր Հենրի VII-ն է կնոջ քրոջը խնամախոսել իր քեռու համար, որպեսզի խուսափի ազնվականության ավելի հեռանկարային ներկայացուցչի հետ Սեսիլիայի ամուսնությունից, քանի որ արքայադուստրը գահի օրինական ժառանգորդն էր նրա քրոջ՝ Էլիզաբեթ թագուհու երեխաների մահվան դեպքում։ Մյուս կողմից, Ֆուլերը[en] գրել է, որ Հենրին բնավ էլ չէր պատրաստվում ամուսնացնել Սեսիլիային, այլ վերջինս է այդ գործը ձեռնարկել՝ ամուսին ընտրելով թագավորի քեռուն, ով նման փայլուն ամուսնությունից հետո այլևս ոչ մի տիտղոս չստացավ[72]։ Սրանից բացի, Սեսիլիան մտերիմ էր թագավորի մոր՝ Մարգարետ Բոֆորթի հետ[60][Մ 7], թագուհին, իր հերթին, մտերիմ էր Ուելսների հետ[Մ 8] և կարող էր գլուխ բերել այդ ամուսնությունը[60]։ Անկախ նրանից, թե ով է եղել ամուսնության նախաձեռնողը, այն ձեռնտու էր երկու կողմերի համար, քանի որ դրանով ամրապնդվեց Լանքասթերների կապը Յորքերի հետ. Սեսիլիան, որը ավագ քույրից հետո Յորքերի տնից գահի երկրորդ հավակնորդն էր, հայտնվեց թագավորին մտերիմ տղամարդու խնամակալության ներքո, ինչը թույլ չէր տա նրան ներքաշել քաղաքական խաղերի մեջ Հենրի VII-ի դեմ[75]։

1488 թվականի սկզբին տեղի ունեցած տոնակատարություններից հետո Սեսիլիայի հետքերը որոշ ժամանակով կորչել են։ Նա, հավանաբար, հեռացել է պալատից և ապրել է ամուսնու կալվածքներից մեկում։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ ամուսնությունը հաջող է եղել, ծնվել են երկու դուստրերը՝ Էլիզաբեթը, ով անվանվակոչվել էր թագուհու պատվին, և Աննան՝ Սեսիլիայի քույր Աննա Յորքի պատվին[73][76][3][77]։ Կա վարկած, որ ամուսինները երեք երեխա են ունեցել, բայց երրորդ երեխայի մասին հավաստի տվյալներ չկան[78]։ Հայտնի է, որ Սեսիլիան զբաղվել է երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ, այդ պատճառով նա տանն է մնացել, իսկ նրա ամուսինը մեկնել է պալատ՝ իր պարտականությունները կատարելու[79]։

1491 թվականին Ջոնը պատրաստվում էր եղբորորդուն ուղեկցել Ֆրանսիա։ Նախքան մեկնելը, վիկոնտը կնոջ համար իր բացակայության ժամանակ հարմարավետ բնակություն ապահովեց, բացի այդ, հատուկ խորհրդարանական ակտը նրան պատվիրակել էր այդ ժամանակ ամուսնու փոխարեն թագավորական վճարումները ստանալու և նրա ողջ ունեցվածքից օգտվելու իրավունքը։ Ինքը՝ թագավորը, պատրաստվելով արշավանքին, կտակ ստորագրեց, որով Սեսիլիայի ամուսնուն անվանում էր իր ֆեոդալներից մեկը[80]։ 1492 թվականին Ջոնը ներկա է գտնվել Սեսիլիայի մոր՝ թագուհի Էլիզաբեթ Վուդվիլի հուղարկավորությանը, սակայն վիկոնտուհին, հավանաբար, բացակայել է այդ արարողությանը հիվանդության կամ հղիության պատճառով[81]։ Ընդհուպ մինչև 1498 թվականը Սեսիլիայի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Այդ ժամանակաընթացքում (հավանաբար 1498 թվականին[82]) մահացել է արքայադուստր Էլիզաբեթի ավագ դուստրը[83], ով մահից առաջ նշանադրված է եղել Ջոն Սթենլիի՝ Սթրեյնջի 9-րդ բարոն Ջորջ Սթենլիի ժառանգորդի հետ[82]։ Հայտնի է, որ 1494 թվականին Սեսիլիան փաստաթղթերում հանդես է գալիս որպես իր անվանակից տատիկ, այրի Յորք դքսուհի Սեսիլիա Նևիլի կտակով հրիտակ կատարող[1]։

Այրիություն խմբագրել

1498 (այլ տվյալներով՝ 1499[84]) թվականին Սեսիլիան, ով արդեն մոտ երեսուն տարեկան էր, այրիացավ․ Ջոնը հիվանդացավ պլևրիտով՝ հիվանդությամբ, որն այդ ժամանակ հայտնի չէր Անգլիայում և չէր ենթարկվում սովորական բուժման[85]։ Գտնվելով մահվան եզրին՝ Ուելսը կտակ ստորագրեց, որով ցմահ օգտագործման էր թողնոում կնոջը իր ողջ ունեցվածքը[84], նա նաև կտակեց իրեն թաղել այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարեին Սեսիլիան՝ ինքը, թագավորը, թագուհին և թագավորի մայրը։ Սեսիլիան մեռնող ամուսնու անկողնու մոտ մնաց մինչև վերջին պահը՝ 1498 թվականի փետրվարի 9-ը[85]։ Նա անձամբ կազմակերպեց ամուսնու ճոխ հուղարկավորությունը և որոշ փոփոխություններ մտցրեց թաղման ավանդական արարողության մեջ. վիկոնտի մարմինը Վեստմինստեր բերվեց ցամաքով, այլ ոչ թե գետով (երթի ողջ ճանապարհին զանգեր էին զնգում), իսկ դագաղը ուղեկցում էին, ըստ էթիկետի, ամենաբարձրաստիճան մարդիկ։ Թագավորի քեռու հուղարկավորությանը ներկա են եղել ամենահայտնի լորդերը՝ Բեկինգհեմի դուքսը, Նորթումբերլենդի, Դերբիի, Էսսեքսի և Դևոնի կոմսերը։ Պատարագը տեղի է ունեցել Վեստմինստերի Սուրբ Մարգարիտայի եկեղեցում, արարողությունը վարել են լոնդոնյան եպիսկոպոս Թոմաս Սևեջը[en] և Վեստմինստերի աբբահայր Ջորջ Ֆասեթը[86].

Մերի–Էնն Էվերեթ Գրինը գրել է, որ Սեսիլիայի կրտսեր դուստրը՝ Էննը, մահացել է հորից քիչ հետո, սակայն Ռոզմարի Հորրոքսը Օքսֆորդյան կենսագրական բառարանում Սեսիլիայի մասին հոդվածում հայտնում է, որ Էննը Ջոնից ավելի շուտ է մահացել[87]․ սրա մասին վկայում է նաև այն փաստը, որ աղջիկը չի հիշատակվել Ուելսի կտակում[85]։ Նա թաղվել է Լոնդոնի[88][87] Օստին Ֆրայերս[en] եկեղեցում։ Ամուսնու և կրտսեր դստեր մահից հետո Սեսիլիան որոշում է վերադառնալ պալատ՝ ավագ քրոջ մխիթարությունն ու հովանավորությունը որոնելու համար[89]․ նրա հետ արքայադուստրը շատ ջերմ հարաբերություններ ուներ[90]։ Էլիզաբեթից բացի, Սեսիլիային հովանավորում էր նաև թագավորի մայրը՝ Մարգարետ Բոֆորթը, ով օգնեց արքայադստերը՝ պաշտպանելու իր իրավունքները Ջոն Ուելսի սեփականության նկատմամբ, ինչը ժամանակին պատկանել էր Ջոնի հորը՝ դրանով դառնալով Լայոնել Ուելսի՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր հավականությունների օբյեկտը[91]։ Ջոնի կտակի համաձայն Սեսիլիան ստացել էր չորս առանձնատուն՝ ծախսերի և բենեֆիցիաների բաշխման իրավունքով[en], և Լինքոլնում գտնվող մյուս տիրույթների ռենտան, ինչպես նաև ընդհանուր 1540 ակր մակերեսով երեք կալվածքներ Էսսեքսում՝ մարգագետնային, արոտավայրային և անտառային հողերով և նույն շրջանում գտնվող այլ տիրույթների ռենտան[92]։

Արքայադուստրը սուգ պահեց երեք տարի, որից հետո ամբողջովին փոխեց այրու զգեստապահարանը և սկսեց ակտիվորեն մասնակցել պալատական կյանքին։ Նա ներկա է գտնվել իր ավագ զարմիկի՝ Ուելսի արքայազն Արթուրի և Եկատերինա Արագոնացու հարսանիքին՝ 1501 թվականի նոյեմբերի 14-ին․ վկաները հայտնել են, որ Սեսիլիան, որին պատիվ էր տրվել կրելու հարսնացուի զգեստափեշը[1], հագել էր թանկարժեք գործվածքներից պատրաստված զգեստ, որը կարված է եղել նորաձևության վերջին ճիչով, և ավելի շատ նման է եղել մարդու տալու աղջկա, քան այրու։ Պսակադրությունից հետո պալատականները մեկնել են եպիսկոպոսարան, որտեղ տեղի են ունեցել հիմնական հանդիսությունները։ Ասպետական մրցաշարի ժամանակ Սեսիլիան գտնվել է թագուհու վերնասրահում՝ քրոջ, նորահարսի, արքայադուստրերի և այլ նշանավոր կանանց ընկերակցությամբ[93]։ Հաջորդ կիրակի օրը տրված պաշտոնական ճաշկերույթի ժամանակ Սեսիլիան նստել է թագուհի–քրոջ կողքին՝ «պալատի ամենանշանակալի սեղանի շուրջ»[92]։ Հայտնի է նաև, որ 1502 թվականի մայիսին Սեսիլիան պարտքով որոշակի գումար է տվել քրոջը[90]։

1503 թվականին Սեսիլիայի դրությունը կրկին խարխլվեց, երբ վախճանվեց Էլիզաբեթ թագուհին․ Սեսիլիան կորցրեց ոչ միայն քրոջը, այլև մտերիմ ընկերոջը և հովանավորին, որի բարեհաճությանը միշտ կարող էր հենվել և նրա հետ ունեցած սերտ հարաբերությունները նրան այնպիսի դիրք էին ապահովել արքունիքում, ինչն այլ պայմաններում նա չէր էլ կարող ակնկալել։ Էվերեթ Գրինի կարծիքով՝ արքայադստեր վիշտն այնքան մեծ է եղել և տևական, որ նա չի կարողացել ներկա գտնվել հուղարկավորությանը[Մ 9], և թեպետ նրա համար սգո զգեստներ էին կարվել, բայց Սեսիլիայի անունը սգացող կանանց ցուցակում չի եղել[92]։ Էլիսոն Ուեյրը ենթադրում է, որ Սեսիլիան ներկա չի եղել քրոջ հուղարկավորությանը, քանի որ առանց թագավորի համաձայնությամբ կայացած նոր ամուսնության պատճառով շնորհազրկված է եղել վերջինիս աչքում[Մ 10] և, եթե արքայադստերը թույլ տրվեր ճանապարհել քրոջը դեպի գերեզման, դա կնշանակեր, որ Հենրի VII–ը ներել է Սեսիլիային[95]։

Երրորդ ամուսնություն խմբագրել

Սեսիլիան քրոջ մահից որոշ ժամանակ անց կնքեց իր երրորդ և վերջին ամուսնությունը. նրա ընտրյալը դարձավ սըր Թոմաս Կայմը Ուենֆլիտից, ով լինքոլնշիրյան էսկվայր էր, ոչ ազնվական ծագմամբ[96]․ Էվերեթ Գրինի կարծիքով՝ նման անհավասար միություն անգլիական թագավորական ընտանիքը դեռ չէր տեսել[97]։ Ամուսնության ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ. տարբեր աղբյուրներ նշում են 1502 թվականը[91], 1502 թվականի գարնան և 1504 թվականի սկզբի միջև ընկած ժամանակամիջոցը[76] և Սեսիլիայի քրոջ՝ Էլիզաբեթ Յորքի մահից մի քանի ամիս անց՝ 1503 թվականը[1], սակայն մինչև պառլամենտի հրավիրումը՝ 1504 թվականի հունվարը[97]։

1504 թվականի հունվարին խորհրդարանի նիստում Սեսիլիան Ուիլյամ Ուիլոուբիի, Ուիլոուբի դե Էրզբիի 11-րդ բարոնի և երեք այլ տղամարդկանց հետ, որոնք հավակնում էին Ուելսի ժառանգությանը, խնդրագրով դիմեց թագավորին[97]։ Սեսիլիան լավ գիտեր, որ թագավորը ուրախ կլինի իր հանդեպ կասկած հարուցող ցանկացած գործողության համար, և այդ պատճառով նա միայն հայտնեց, որ ցանկանում է ամուսին ընտրել՝ առաջնորդվելով «հարմարության, այլ ոչ թե օգուտի» սկզբունքով։ Այնուամենայնիվ, նա վախենում էր, որ իր ամուսնությունը կարող է օգտագործվել որպես պատրվակ՝ իրեն ունեցվածքից զրկելու համար, որը Սեսիլիան վայելում էր որպես Ուելսի վիկոնտուհի, և որ թագավորը կձևացնի, թե դժգոհ է իրենից և, որպես պատրվակ, կզավթի իր հողերը։ Այս ամենից խուսափելու համար Սեսիլիան որոշեց թագավորին կաշառք տալ, որը կազմում էր իր եկամտի մի փոքր մասը, և խոստացավ իր մահից հետո տասը տարվա ընթացքում վերադարձնել մնացած գույքը։ Այսպիսով, Սեսիլիայի տիրապետման ներքո պետք է մնար ամուսնու ժառանգության մեծ մասը։ Սեսիլիան, վկայակոչելով Ուելսի կալվածքների մասով իր հանգուցյալ ամուսնու համար նախկինում արված ռեստիտուցիան (իրավունքների վերականգնում), փաստորեն, խնդրեց չեղարկել դա ՝ ամուսնու ունեցվածքը թողնելով իրեն՝ եթե նա թագավորից երկար ապրի, և տասը տարի այն թողնել Ուելսի ժառանգներին, եթե ինքն ավելի վաղ մահանա թագավորից։ Պատճառը, թե ինչու էին Ուելսի մյուս ժառանգները միացել խնդրագրին, պարզ չէ, սակայն միանգամայն հավանական է, որ նրանք որոշակի օգուտ էին ստանում հենց արքայադուստրից և կկորցնեին այն, եթե Սեսիլիան զրկվեր հանգուցյալ ամուսնու ունեցվածքից[98]։ Խնդրագրի վերջաբանը այն ստորագրողների՝ Սեսիլիայի, նրա երրորդ ամուսին Թոմաս Կայմի և նրա երկրորդ ամուսնու ժառանգորդների՝ թագավորի գթասրտության աղերսանքն էր[99]։

Թագավորի արձագանքը խնդրագրին և հետագա իրադարձությունները պատմաբանները հակասական են նկարագրում. Մերի–Էնն Էվերեթ Գրինը գրում է, որ Հենրի VII-ը վավերացրել է խնդրագիրը՝ այն հավանության արժանացնելով «Թող լինի այնպես, ինչպես հարմար է» բառերով[100]։ Սակայն Ռոզմարի Հորրոքսը, Ջեյմս Պանտոնը և Հարլանդ Օքերլանդը նշում են, որ Հենրի VII-ը խիստ է արձագանքել խնդրագրին և այն փաստին, որ Սեսիլիան ամուսնացել է առանց իր գիտության և համաձայնության. նա արքայադստերը զրկել է այն ամբողջ ունեցվածքից, որը նա ստացել էր Ջոն Ուելսի կտակով[101] և նրան հեռացրել է արքունիքից[76][91]։ Հորրոքսը և Օքերլանդը գրում են, որ Մարգարետ Բոֆորթի բարեխոսության շնորհիվ է Ուելսի ունեցվածքի մի մասը ցմահ օգտագործման վերադարձվել Սեսիլիային[102]․ նաև, թագավորի մայրը ամուսիններին թույլ է տվել բնակություն հաստատել Սթեմֆորդի մոտ գտնվող իր տանը[91]։ Միաժամանակ, Էվերեթ Գրինը հայտնում է, որ ամուսիններն ապրել են Սեսիլիայի հանգուցյալ ամուսնու կալվածքներից մեկում և ամբողջ գույքը նրանք կառավարել են համատեղ[100]։

Սեսիլիայի երրորդ ամուսնու ընտանիքի վերաբերյալ ոչ մի աղբյուր չկա, իսկ նրա անունը հայտնվում է միայն մեկ պաշտոնական փաստաթղթում ՝ թագավորին ուղղված Սեսիլիայի խնդրագրում։ Սըր Թոմասին արքունիքում անվանում էին «Լինքոլնշիրցի Կայմ»՝ առանց անունը տալու. հնարավոր է, որ նա ծագում էր Կայմերի հին ընտանիքից, որի ժառանգները Թոմասի և Սեսիլիայի ամուսնության ժամանակ տիրում էին Լինքոլնշիրում Բոստոնին մոտ գտնվող Կայմի աշտարակին[Մ 11][100]։ Սակայն մի շարք աղբյուրներ հայտնում են, որ այն Կայմը, որի հետ Սեսիլիան ամուսնացած էր, ծագում էր Ուայթ կղզուց, ինչն անուղղակիորեն կարող է հաստատվել այն փաստով, որ Սեսիլիան, ըստ մի քանի աղբյուրների, մահացել է այս կղզում, ընդ որում, արքայադստեր երրորդ ամուսնու ծագումը Ուայթ կղզու հետ կապող աղբյուրները նրան անվանում են Ջոն, այլ ոչ թե Թոմ[104]։

Կայմի հետ ամուսնության առաջին տարիները Սեսիլիան անցկացրել է Ուայթ կղզում, որտեղ ծնվել են նրանց երկու երեխաները՝ Ռիչարդն ու Մարգարետը[105], որոնք երբեք չեն ցուցադրել իրենց թագավորական ծագումը[91]։ Ռիչարդն ամուսնացել է ոմն Ագնեսի հետ և նրանից դուստր է ունեցել[105], Մարգարետն ամուսնացել է Ջոն Ուեթերբիի հետ[3], որից նույնպես դուստր է ունեցել[105]։ Երրորդ ամուսնությունից Սեսիլիայի ժառանգներին կարելի է հանդիպել մի քանի դար առաջվա ընթացքի մեջ[1][105]։ Որոշ աղբյուրներ գրել են, որ Սեսիլիան անզավակ է մահացել. դա կարող է բացատրվել նրանով, որ ո՛չ արքայադստեր երրորդ ամուսնությունը, ո՛չ էլ նրա երեխաները թագավորի կողմից չեն ճանաչվել[106]։ Սեսիլիայի մահվան և թաղման վերաբերյալ փաստաթղթերում թագավորի հրամանով նրա մասին նշված է որպես «հանգուցյալ Ջոնի՝ վիկոնտ Ուելսի հանգուցյալ կին»[1][107]։

Սեսիլիայի կյանքի վերջին տարիների[76], ինչպես նաև երրորդ ամուսնության մասին, քիչ բան է հայտնի։ Պատմաբան Էվերեթ Գրինը գրում է, որ Կայմի հետ ամուսնությունից հետո արքայադուստրը շքեղության մեջ չի ապրել և ոչ մի օգնություն չի ստացել թագավորից. Սեսիլիայի հետ կապված միակ միջոցները Հենրի VII-ը հատկացրել է Ջոն Հայսելլին, 1506 թվականի դեկտեմբերի 11-ին՝ նրա մոտ ուղևորվելու համար[106]։ Միևնույն ժամանակ, 1506 թվականին թագավորի մայրը՝ Մարգարետ Բոֆորթը, Սեսիլիայի համար Քրոդոնյան առանձնատանը մի սենյակ է առանձնացրել, իսկ ավելի ուշ վճարել արքայադստեր հուղարկավորության ծախսերի մի մասը[91]։ Սեսիլիան մահացել է 1507 թվականի օգոստոսի 24-ին[106]։ Նրա մահվան վայրը հստակ չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ Սեսիլիան մահացել է Ուայթ կղզում և թաղվել տեղի աբբայությունում[76][108][109]։ Այս վարկածի համաձայն՝ արքայադստեր գերեզմանին գտնվող հուշարձանը ոչնչացվել է նրա եղբորորդու՝ Հենրի VIII-ի օրոք եկեղեցիների սեկուլյարիզացիայիժամանակ[1], և հուշարձանի ոչ մի նկարագրություն չի պահպանվել[109]։ Սակայն, ըստ Բոֆորթների փաստաթղթերի, Սեսիլիան մահացել է Հաթֆիլդում, Հարթֆորդշիր, որտեղ գտնվել է մահվանից երեք շաբաթ առաջ, և թաղվել է տեղի վանքում[110][76].

Մշակույթում և արվեստում խմբագրել

Սեսիլիան Ֆիլիպպա Գրեգորիի «Սպիտակ թագուհին» և «Սպիտակ արքայադուստրը» վեպերի հերոսներից մեկն է։ «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալում Սեսիլիայի դերը խաղացել է Էլինոր Քրոուլին[111], «Սպիտակ արքայադուստրը» հեռուստասերիալում Սեսիլիայի դերը կատարել է Սուկի Ուոթերհաուսը[112]։

Հայտնի են Սեսիլիայի՝ նրա աղջկական շրջանում ստեղծված երկու նկարները՝ Էդուարդ IV–ի ընտանիքի մյուս անդամների նկարների թվում․ Վուստերշիրում գտնվող փոքր Մալվերնի եկեղեցու[en] և Քենթերբերիի տաճարի Նահատակաց մատուռի ապակենկարներն են։ Վերջին պատկեը փորագրված է Acta Hitorica Reginarum Angliæ գրքում[113]։

Ծագումնաբանություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Մեկնաբանություններ
  1. հանդիպում է նաև Cecilia of York[1].
  2. Կարող է նաև կոչվել Սեսիլիա կամ Սեսիլի Պլանտագենետ[3].
  3. Ապակենկարը ստեղծել է թագավորական վարպետ Ուիլյամ Նյուվը Էդուարդ IV–ի հրամանով՝ Սեսիլիայի կրտսեր քրոջ՝ Քեթրինի ծնվելուց հետո, 1479 թվականին, բայց մինչև 1480 թվականի նոյեմբերը՝ մինչև թագավորի ամենափոքր դստեր՝ Բրիջիտ Յորքի ծնունդը։ Ավելի ուշ հետազոտությունները քույրերի դասավորության կարգը սահմանել են հետևյալ կերպ՝ «Էլիզաբեթ, Սեսիլիա, Աննա, Քեթրին և Մարիա», սակայն առավել հավանական է, որ Յորք արքայադուստրերը ապակենկարում պատկերված են ավագության կարգով, իսկ Սեսիլիան երրորդն է՝ ձախից[9].
  4. Բեկինգհեմի, որին Ռիչարդ III-ը շռայլորեն պարգևատրեց գահին բարձրանալուց հետո, մոտիվները պարզ չեն։ Պատմաբանների մի մասը կարծում է, որ առիթը դարձել է արքայազնների անհետացումը Թաուերից։ Դրա հետ մեկտեղ որոշ հետազոտողներ կարծում են, որ դուքսը ազնվականների մի շարք ներկայացուցիչների մահապատժից և արքայազնների ենթադրյալ սպանությունից հետո թագավորի հրամանով «գլխի է ընկել» և սկսել է վախենալ, որ կարող է դառնալ հաջորդ զոհը [46]։ Սակայն կա նաև մեկ այլ վարկած, որը բացատրում է այն պատճառները, որոնք հանգեցրել են ապստամբության. արքայազնների սպանությունը, որը կատարել էր դուքս Բեկինգհեմը սեփական նախաձեռնությամբ, առաջացրել է Ռիչարդ III-ի զայրույթը, ինչի հետևանքով դուքսը ստիպված է եղել փախչել և ապստամբություն բարձրացրել[47].
  5. Ռիչարդ III–ը այդ ժամանակ դեռևս ամուսնացած էր Աննա Նևիլի հետ, ով ենթադրաբար մահացել է տուբերկուլյոզից 1485 թվականի մարտին։ Աննայի մահից քիչ անց լուրեր տարածվեցին, որ Ռիչարդը թունավորել է կնոջը, որպեսզի ամուսնանա իր զարմուհի Էլիզաբեթ Յորքի հետ[57].
  6. Ջոնը Բլետսոյից Մարգարետ Բոշանի որդին էր ամուրի Լայոնել Ուելսի՝Ուելսի 6-րդ բարոնի հետ երրորդ ամուսնությունից։ Լայոնելը զոհվեց Տոնտոնի ճակատամատում, որտեղ կռվում էր Լանքասթերների կողմում, ինչի համար հետմահու զրկվեց Յորքերի իրավունքներից ու տիտղոսներից։ Լայոնելի միակ որդին առաջին ամուսնությունից՝ Ռիչարդը, վերականգնվեց իրավունքներով, սակայն ավելի ուշ ապստամբեց Էդուարդ IV թագավոր դեմ և, ինչպես նաև՝ իր որդին՝ Ռոբերտը, մահապատժի ենթարկվեց և ցմահ զրկվեց իրավունքներից և տիտղոսներից։ Այս կերպ Ջոն Ուելսը դարձավ հոր ժառանգորդը, թեպետ իրեն պատկանող ունեցվածքը բռնագրավված էր[69]։
  7. Սեսիլիան հաճախ էր այցելում թագավորի մորը Կոլիուեսթոնում[en][60].
  8. Լայոնել Ուելսը՝ Մարգարետ Բոշանի երրորդ ամուսինը և Ջոնի հայրը, միակն էր, որին որպես հայր ճանաչում էր Մարգարետը․ նրա հարազատ հայրը՝ Ջոն Բոֆորթը, մահացել էր, երբ աղջիկը, ըստ տարբեր աղբյուրների, մեկից երեք տարեկան է եղել։
  9. Թագուհի Էլիզաբեթ Յորքի չորս քույրերից նրա հուղարկավորությանը ներկա են եղել երկուսը՝ Աննան և Քեթրինը։ Սեսիլիան վշտից բառացիորեն հիվանդացել էր, իսկ Բրիջիտը անհասկանալի պատճառով չի կարողացել կամ չի ցանկացել լքել մենաստանը․ միակ փաստագրված դեպքը, երբ թագուհու ամենափոքր քույրը լքել է վանքը՝ 1492 թվականին նրանց մոր հուղարկավորությունն է եղել[94].
  10. Անհայտ պատճառներով հանգուցյալ թագուհու՝ ավագությամբ հաջորդ քույրը՝ Աննան, նույնպես զրկված է եղել սգացող կանանց ցուցակը գլխավորելու պատվից, նրա փոխարեն դա վերապահվել է Քեթրին Յորքին[95].
  11. Կայմերի տիրույթները 1421 թվականին ամուսնության միջոցով անցել են Ումֆրավիլ[en] ընտանիքին։ Կայմ ընտանիքի ներկայացուցիչը հիմնադրել է համանուն վանքը[en], Կայմերի պատվին նաև կոչվել են Լինքոլնշիրի կալվածքն ու գետը[103].
Աղբյուրներ
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Archer, 1887, էջ 412
  2. Marks, Williamson, 2003, էջ 178
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Weir, 2011, էջ 138
  4. 4,0 4,1 Horrox, 2004, «Born on 20 March 1469, she was presumably named after her paternal grandmother»
  5. Horrox, 2004, «Cecily, Viscountess Welles (1469–1507), princess, was the third daughter of Edward IV (1442–1483) and Elizabeth, née Woodville (c.1437–1492)»
  6. Panton, 2011, էջ 92
  7. Everett Green, 1851, էջ 401
  8. Weir, 2011, էջեր 2—3
  9. Weir, 2013, էջ 435
  10. Weir, 2013, էջեր 30—32
  11. Weir, 2013, էջ 36
  12. Weir, 2013, էջեր 36—37
  13. Loades, 2009, էջ 71
  14. Weir, 2013, էջ 39—40
  15. Okerlund, 2009, էջ 6
  16. 16,0 16,1 16,2 16,3 Everett Green, 1851, էջ 405
  17. Weir, 2013, էջ 42—43
  18. Loades, 2009, էջ 72
  19. Weir, 2013, էջ 43—44
  20. Weir, 2013, էջ 46
  21. Everett Green, 1851, էջ 397
  22. 22,0 22,1 Weir, 2013, էջ 47
  23. Okerlund, 2009, էջ 7
  24. Weir, 2013, էջեր 48—49
  25. Marshall, 2003, էջ 85
  26. Horrox, 2004, «In 1473 a marriage alliance between England and Scotland, by which Cecily was to marry James, the infant son of James III, was under consideration and the formal betrothal of the couple followed on 26 October 1474»
  27. Everett Green, 1851, էջ 407
  28. 28,0 28,1 Everett Green, 1851, էջ 408
  29. Everett Green, 1851, էջեր 408—409
  30. Everett Green, 1851, էջեր 409—410
  31. Horrox, 2004, «In 1482 he agreed to back James's brother Alexander, duke of Albany, as claimant to the Scottish throne, and in the treaty of Fotheringhay (11 June 1482) it was agreed that Cecily should marry Albany, if he could make himself clear of his French wife, Anne de la Tour»
  32. Everett Green, 1851, էջ 410
  33. 33,0 33,1 Everett Green, 1851, էջ 411
  34. Okerlund, 2009, էջ 9
  35. Weir, 2013, էջ 58
  36. 36,0 36,1 Everett Green, 1851, էջ 412
  37. Everett Green, 1851, էջ 412 (note 3)
  38. Chalmers, 1817, էջ 353
  39. Everett Green, 1851, էջ 413
  40. Weir (I), 2011, էջ 222
  41. Weir (I), 2011, էջեր 222—223
  42. Норвич, 2012, էջ 355—365
  43. Устинов, 2012, էջ 284—295
  44. Everett Green, 1851, էջեր 413—414
  45. Okerlund, 2009, էջ 94
  46. Устинов, 2015, էջ 334—339
  47. Kendall, 1962, էջ 229
  48. Everett Green, 1851, էջ 414
  49. Everett Green, 1851, էջ 415
  50. Устинов, 2015, էջ 214—215
  51. Horrox, 2004, «The king swore to treat them well and to marry them to gentlemen born, providing each bride with 200 marks p.a. in land»
  52. 52,0 52,1 Everett Green, 1851, էջ 416
  53. 53,0 53,1 Wagner, 2001, էջեր 211—212
  54. Ross, 1981, էջ 158
  55. Pierce, 2009, էջ 9
  56. Everett Green, 1851, էջ 417
  57. Hicks, 2011, էջ 194
  58. Everett Green, 1851, էջեր 417—418
  59. Устинов, 2012, էջ 296; 310—311
  60. 60,0 60,1 60,2 60,3 60,4 60,5 60,6 60,7 Weir, 2013, էջ 275
  61. Everett Green, 1851, էջ 418
  62. Horrox, 2004, «The marriage was dissolved in 1486, after the accession of Henry VII, to free Cecily to marry the new king's half-uncle, John Welles, Viscount Welles (d. 1499)»
  63. 63,0 63,1 Horrox, 2004, «She carried Prince Arthur to the font at his christening in Winchester Cathedral on 24 September 1486, and bore the train of Elizabeth of York at her coronation on 25 November 1487»
  64. Everett Green, 1851, էջեր 418—419
  65. 65,0 65,1 Everett Green, 1851, էջ 419
  66. Weir, 2013, էջ 255
  67. Weir, 2013, էջ 267
  68. Foster, 1902, էջ 261
  69. 69,0 69,1 Everett Green, 1851, էջեր 419—420
  70. Everett Green, 1851, էջ 420
  71. Everett Green, 1851, էջեր 420—421
  72. 72,0 72,1 Everett Green, 1851, էջ 421
  73. 73,0 73,1 73,2 Everett Green, 1851, էջ 422
  74. Horrox, 2004, «That marriage had taken place by new year's day 1488»
  75. Okerlund, 2009, էջ 95
  76. 76,0 76,1 76,2 76,3 76,4 76,5 Panton, 2011, էջ 94
  77. Horrox, 2004, «Cecily had two daughters, Elizabeth and Anne, with Wellesn»
  78. Richardson, 2011, էջ 305
  79. Everett Green, 1851, էջ 423
  80. Everett Green, 1851, էջեր 424—425
  81. Weir, 2013, էջ 291
  82. 82,0 82,1 Horrox, 2004, «In 1498 a marriage was arranged between Elizabeth and the heir of George Stanley, Lord Strange, but Elizabeth died later that year»
  83. Everett Green, 1851, էջ 425
  84. 84,0 84,1 Horrox, 2004, «Welles died on 9 February 1499, leaving Cecily a life interest in his lands»
  85. 85,0 85,1 85,2 Everett Green, 1851, էջ 426
  86. Everett Green, 1851, էջեր 427—428
  87. 87,0 87,1 Horrox, 2004, «Anne, too, was dead by the time of Welles's own death in the following year, and was buried in the church of the Austin Friars in London»
  88. Everett Green, 1851, էջ 428
  89. Everett Green, 1851, էջեր 428—429
  90. 90,0 90,1 Nicolas, 1830, էջ xxi
  91. 91,0 91,1 91,2 91,3 91,4 91,5 Okerlund, 2009, էջ 96
  92. 92,0 92,1 92,2 Everett Green, 1851, էջ 430
  93. Everett Green, 1851, էջ 429
  94. Everett Green, 1851, էջեր 46—47
  95. 95,0 95,1 Weir, 2013, էջ 407
  96. Horrox, 2004, «A settlement was negotiated the following year by Lady Margaret Beaufort, who had sheltered Cecily and her new husband, the Lincolnshire esquire Thomas Kyme of Friskney»
  97. 97,0 97,1 97,2 Everett Green, 1851, էջ 431
  98. Everett Green, 1851, էջ 432
  99. Everett Green, 1851, էջեր 432—433
  100. 100,0 100,1 100,2 Everett Green, 1851, էջ 433
  101. Horrox, 2004, «Henry VII initially respected the arrangement, but when in 1502 Cecily angered him by remarrying without permission, he seized the Welles estates»
  102. Horrox, 2004, «A settlement was negotiated the following year by Lady Margaret Beaufort, who had sheltered Cecily and her new husband, the Lincolnshire esquire Thomas Kyme of Friskney. Cecily surrendered some of the land in return for a life interest in the remainder, and she and her husband were allowed to keep the revenues they had already received from the estates»
  103. Everett Green, 1851, էջ 433 (note 2)
  104. Everett Green, 1851, էջեր 433—434
  105. 105,0 105,1 105,2 105,3 Everett Green, 1851, էջ 434
  106. 106,0 106,1 106,2 Everett Green, 1851, էջ 435
  107. Everett Green, 1851, էջ 435 (note 3)
  108. Horrox, 2004, «Cecily died on 24 August 1507. In the seventeenth century there was a tradition, recorded by Sir John Oglander, that her last husband was a native of the Isle of Wight and that they had lived at East Standen until Cecily's death, when she was buried at Quarr Abbey»
  109. 109,0 109,1 Everett Green, 1851, էջ 436
  110. Horrox, 2004, «However, it is clear from the Beaufort accounts that Cecily died at Hatfield, Hertfordshire, after a stay there of three weeks. She was buried at ‘the friars’. The house is unidentified, although the absence from the accounts of any payment for transporting her body suggests that burial was relatively local»
  111. Белая королева (2013)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  112. Bradley, Laura Two More Game of Thrones Actors Just Joined Starz's The White Queen Follow-Up(անգլ.) // Vanity Fair : magazine. — 2016.
  113. Everett Green, 1851, էջեր 411—412

Գրականություն խմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "k", but no corresponding <references group="k"/> tag was found