Սեռական ցիկլ, գործում է ըստ փուլերի՝ հիպոթալամուսում, հիպոֆիզում, ձվարաններում, արգանդի լորձաթաղանթում, հեշտոցում, ձվափողերում և կաթնագեղձերում։ Տեղի են ունենում համապատասխան փոփոխություններ։ Դաշտանային ցիկլը, արգանդի լորձաթաղանթում տեղի ունեցող փոփոխություններն են սեռական ցիկլի ժամանակ։ Նորմայում ցիկլը տևում է 28 օր, և կազմված ՝ 3 շրջանից՝ դաշտանային, հետդաշտանային, նախադաշտանային։

Դաշտանային փուլ խմբագրել

Դաշտանային ցիկլի ժամանակ հիպոթալամուսում դադարում է լյուլիբերինի արտադրությունը, իսկ հիպոֆիզում՝ լյուտրոպինի։ Այդ իսկ պատճառով հետզարգացման է ենթարկվում ձվարանի դեղին մարմինը և դադարում է պրոգեստերոնի արտադրությունը։ Դրա հետևանքով արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի ոլորուն զարկերակիկները սեղմվում են, որը հանգեցնում է արյունամատակարարման խանգարման։ Սնուցման խանգարման պատճառով ֆունկցիոնալ շերտը մեռուկանում է։ Որոշ ժամանակ անց սպազմը դադարում է, արյունամատակարարումը վերականգնվում, սակայն մեռուկացած պարուրաձև զարկերակիկների պատը թուլանում և պատռվում է, արդյունքում արյունը լցվում է ֆունկցիոնալ և բազալ շերտերի միջև։ Այս պահից սկսվում է դաշտանային ցիկլը։ Արյան մեծ քանակները հեռացնում են մեռուկացած ֆունկցիոնալ շերտը, որը հեռանում է արգանդից արյան հետ միասին։Դաշտանային ցիկլը բնականում տևում է 2-3 օր։ Այս օրերի ընթացքում սեռական հորմոնների քանակը նվազագույնն է, քանի որ դեղին մարմինը հետզարգացած է, իսկ ֆոլիկուլները դեռ չեն մտել մեծ աճի շրջան և չեն արտադրում էստրոգեն։

Հետդաշտանային փուլ խմբագրել

Հետդաշտանային կամ պրոլիֆերատիվ փուլում հիպոթալամուսում արտադրվում է ֆոլիլիբերին, իսկ հիպոֆիզում՝ ֆոլիտրոպին։ Այդ պատճառով ֆոլիկուլների մի մասը մտնում է մեծ աճի շրջան, դրանցում սկսում է արտադրվել էստրոգեն, որի ազդեցությամբ վերականգնվում են արգանդի գեղձերը և ֆունկցիոնալ շերտը։ Հետդաշտանային փուլը տևում է 12-14 օր մինչև նոր ձվազատումը։ Հատկապես բուռն կերպով 5-11-րդ օրերին, բազալ շերտի շնորհիվ վերականգնվում են արգանդի այն գեղձերը, որոնք ունեն ուղիղ ընթացք և չեն պարունակում արտազատուկ։ Ամբողջապես վերականգնվում է ֆունկցիոնալ շերտը՝ լորձաթաղանթի էպիթելը և սեփական թիթեղը։11 օրից սկսվում է հարաբերական հանգստի շրջանը, որից 12-14-րդ օրերին տեղի է ունենում ձվազատում՝ ադենոհիպոֆիզի կողմից առատ լյուտրոպինի սինթեզի շնորհիվ։

Նախադաշտանային փուլ խմբագրել

Ձվազատումից հետո պատռված ֆոլիկուլի տեղում առաջանում է դեղին մարմին, և սկսվում է պրոգեստերոնի սինթեզը,որի ազդեցությամբ ընթանում է նախադաշտանային փուլը։ Այդ ընթացքում արգանդի լորձաթաղանթն այտուցվում է, արգանդի գեղձերը ոլորվում են, լցվում թանձր լորձային արտազատուկով, որը պարունակում է մեծ քանակով գլիկոգեն։ Արգանդի լորձաթաղանթը պատրաստվում է ընդունել բեղմնավորված ձվաբջիջը։ Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, ապա ֆունկցիոնալ շերտը վերածվում է ընկերքի մայրական մասի, որը երեխայի ծնվելուց հետո շերտազատվում և հեռացվում է արգանդի խոռոչից։

Աղբյուրներ խմբագրել

  • Կ.Թ. Սահակյան, Հյուսվածքաբանություն, Երևան 2013
  • Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003