Սեռական բռնությունը սահմանվում է որպես ցանկացած սեռական ակտ կամ դրա փորձ, անցանկալի սեռական մեկնաբանություն կամ առաջարկություն,  որն ուղղված է անձի սեռականությանը` օգտագործելով հարկադրանք կամ սպառնալիք։ Սեռական բռնության սահմանման  մասերից է նաև համաձայնության եզրույթի  կարևորումը և ընդգծումը[1]։ Այն տեղի է ունենում խաղաղ ժամանակ և զինված հակամարտությունների պայմաններում, լայնորեն տարածված է և համարվում է մարդու իրավունքների առավել տրավմատիկ և ամենատարածված խախտումներից մեկը[2][3]։

Սեռական բռնությունը հասարակական առողջության լուրջ խնդիր է և ունի խորը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հետևանքներ ֆիզիկական և հոգեկան առողջության համար, ինչպիսիք են սեռական և վերարտադրողական առողջության խնդիրները[4], ինքնասպանությունների կամ ՄԻԱՎ վարակի ռիսկը։ Սեռական հարձակման ժամանակ կամ հետագայում որպես վրեժխնդրություն սպանությունը նույնպես սեռական բռնության գործոն է։ Չնայած նրան, որ կանայք և աղջիկները ավելի շատ են ենթարկվում սեռական բռնության, այն կարող է տեղի ունենալ ցանկացած անձի հետ ցանկացած տարիքում։ Դա բռնության ակտ է, որը կարող է կատարվել ծնողների, խնամակալների, ծանոթների և անծանոթների, ինչպես նաև մտերիմ գործընկերների կողմից։ Այն ավելի շատ ագրեսիվ գործողություն է, որի նպատակը հաճախ զոհի հանդեպ իշխանություն և գերիշխանություն արտահայտելն է։

Սեռական բռնությունը ծայրահեղորեն խարանված թեմա է, բռնության բացահայտման մակարդակը տարբերվում է տարածաշրջանից տարածաշրջան։ Ընդհանուր առմամբ, սա այն հանցագործություններից է, որի զոհերը նախընտրում են չբարձրաձայնել դրա մասին և չհարուցել քրեական գործ, այնպես որ առկա տվյալները, ընդհանուր առմամբ, թույլ չեն տալիս ճիշտ պատկերացում կազմել հանցագործության իրական մասշտաբի մասին։ Բացի այդ, սեռական բռնությունը հետազոտության համար ամենահայտնի թեմաներից չէ, ուստի անհրաժեշտ է ավելի խորը հասկանալ այս հարցը՝ դրա դեմ համակարգված շարժմանը նպաստելու համար։ Ընտանեկան սեռական բռնությունը տարբերվում է հակամարտության հետ կապված սեռական բռնությունից[5]։ Հաճախ մարդիկ, ովքեր ստիպում են իրենց ամուսիններին սեռական հարաբերություն ունենալ, կարծում են, որ իրենց գործողություններն օրինական են, քանի որ նրանք ամուսնացած են։ Հակամարտությունների ժամանակ սեռական բռնությունը, որպես կանոն, անխուսափելի «պատժամիջոց» է հակառակորդների համար[6][7]։ Կանանց և տղամարդկանց բռնաբարությունը հաճախ օգտագործվում է որպես պատերազմ վարելու մեթոդ, որպես թշնամու հարձակման ձև[8]։ Նույնիսկ եթե դա խստիվ արգելվում է Մարդու իրավունքների միջազգային օրենքով, Միջազգային սովորութային իրավունքով և Միջազգային մարդասիրական իրավունքով, հարկադրանքի և պատժի մեխանիզմները դեռ շատ թույլ են, կամ նույնիսկ գոյություն չունեն աշխարհի շատ անկյուններում[2][3][7][9]։

Պատմական տեսանկյունից սեռական բռնությունը դիտվում էր որպես միայն կանանց հետ տեղի ունեցող, սովորական և «նորմալ» երևույթ և՛ ռազմական, և՛ խաղաղ ժամանակներում՝ սկսած Հին Հունաստանից մինչև 20-րդ դար։ Միայն 20-րդ դարի վերջին սեռական բռնությունը դադարեց երկրորդական խնդիր համարվել և աստիճանաբար դարձավ քրեորեն պատժելի արարք։

Սահմանումներ խմբագրել

Ընդհանուր խմբագրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բռնության և առողջության մասին 2002 թվականի իր համաշխարհային զեկույցում սահմանել է սեռական բռնությունը հետևյալ կերպ. «Ցանկացած սեռական ակտ կամ դրա փորձ, անցանկալի սեռական մեկնաբանություններ կամ առաջխաղացումներ, կամ գործողություններ, որոնք ուղղված են մարդու սեռական կյանքի դեմ կամ այլ կերպ ուղղված են նրա սեռականության դեմ ՝ օգտագործելով հարկադրանք, որը կատարվում է ցանկացած անձի կողմից ՝ անկախ զոհի հանդեպ նրա վերաբերմունքից, ցանկացած իրավիճակում, ներառյալ տան և աշխատանքային պայմաններում[10]»։ ԱՀԿ-ի սեռական բռնության սահմանումը ներառում է, բայց չի սահմանափակվում բռնաբարությամ, որը ոչ միայն առնանդամի միջոցով հեշտոցամուտք ստիպողական սեռական հարաբերությունն է, այլև որևէ առարկայի կամ մարմնի այլ մասի միջոցով ստիպողական սեռական հարաբերությունը՝ գենիտալ, օրալ կամ անալ ճանապարհով[11]։ Սեռական բռնությունը նպատակասլաց գործողություն է, որի նպատակը հաճախ զոհին (զոհերին) և նրանց մարդկային արժանապատվության նվաստացումն է։ Այն դեպքերում, երբ մյուսները ստիպված են հետևել սեռական բռնության ակտերին, գործողություններն ուղղված են ավելի լայն խմբերին ահաբեկելուն[12]։

Սեռական բռնության այլ գործողությունները ներառում են սեռական ոտնձգությունների տարբեր ձևեր, որոնք կարող են ընթանալ զոհի և հանցագործի միջև առանց ֆիզիկական շփման, օրինակ, սեռականությանը վերաբերող արտահայտություններ, վարկաբեկում, առաջարկներ, սպառնալիքներ և այլն[13]։

Սեռական բռնության հարկադրանքը կարող է ներառել ուժի աստիճանների մի ամբողջ շարք։  Բացի ֆիզիկական ուժից, այն կարող է ներառել հոգեբանական ահաբեկում, շանտաժ կամ այլ սպառնալիքներ, ինչպիսիք են ֆիզիկական վնասի վտանգը, աշխատանքից ազատելը կամ աշխատանք չստանալը։ Դա կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ հարձակման ենթարկված անձը չի կարող համաձայնություն տալ, օրինակ՝ ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տաղ, քնած ժամանակ կամ հոգեպես անկարող իրավիճակը գիտակցելու համար։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը հոդված 7․1․g-ում սահմանում է, որ «բռնաբարությունը, սեռական ստրկությունը, հարկադիր մարմնավաճառությունը, հարկադիր հղիությունը, հարկադիր ստերիլիզացումը կամ սեռական բռնության ցանկացած այլ ձև» հանցագործություն է մարդկության դեմ[14]։

Մանրակրկիտ սահմանումը անհրաժեշտ է սեռական բռնության տարածվածությունը վերահսկելու և ժամանակի միտումները ուսումնասիրելու համար։ Բացի այդ, հետևողական սահմանումը օգնում է որոշել սեռական բռնության մասշտաբները՝ համեմատելով ժողովրդագրական ցուցանիշների հետ։ Դա, ի վերջո, օգնում է սահմանել կանխարգելման և միջամտության հնարավոր ձևերը։

Հակամարտությունների հետ կապված և կենցաղային սեռական բռնություն խմբագրել

Կա հստակ տարբերություն հակամարտությունների ժամանակ կատարվող և կենցաղային սեռական բռնության միջև[5]

  • Հակամարտության հետ կապված սեռական բռնությունը կատարվում է զինծառայողների կողմից՝ ներառյալ ապստամբներին, աշխարհազորայիններին և կառավարական զորքերին։ Սեռական բռնության տարբեր ձևեր կարող են պարբերաբար օգտագործվել «խոշտանգումների, խեղումների, տեղեկատվության ստացման, նվաստացման, սպառնալիքների, ահաբեկման կամ պատժի համար»[15]։ Նման դեպքերում սեռական բռնությունը կարող է հավասարազոր լինել պատերազմի զենքի։
  • Ընտանեկան սեռական բռնությունը կատարվում է ինտիմ զուգընկերոջ և/կամ ընտանիքի այլ անդամների կողմից և հաճախ կոչվում է ինտիմ զուգընկերոջ կողմից բռնություն։ Սեռական բռնության այս տեսակը լայնորեն տարածված է ինչպես հակամարտության ժամանակ, այնպես էլ խաղաղ ժամանակ։  Ընդունված է համարել, որ կենցաղային սեռական բռնության դեպքերը մեծանում են պատերազմական և հետկոնֆլիկտային իրավիճակներում։

Զոհեր խմբագրել

Սպեկտր խմբագրել

Սեռական բռնության զոհ կարող են դառնալ ամենատարբեր մարդիկ։ Այն ներառում է կանանց, տղամարդկանց և երեխաների, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց նախընտրում են կոչել այլ ձև կամ չունեն նախընտրելի կոչում, օրինակ՝ տրանսգենդերային անհատները։

Հետազոտության, զեկույցների և աշխատությունների մեծ մասը նվիրված է կանանց նկատմամբ և զինված հակամարտություններում իրականացվող սեռական բռնությանը։ Տարածված պատմություններում հաճախ ընդունված է տղամարդուն պատկերել որպես բռնարար, իսկ կնոջը՝ զոհ։ Իհարկե, կանայք անհամաչափ ավելի շատ են տառապում սեռական բռնությունից, սակայն այն կատարվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կողմից, ընդ որում ՝ ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ հակամարտությունների ընթացքում[16]։

Մարդիկ թիրախավորվում են նաև իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային վարքագծիհիման վրա։ Նման հարձակումները, որոնք հաճախ անվանում են «ուղղիչ բռնաբարություն», կատարվում են, որպեսզի անհատին «դարձնեն» հետերոսեքսուալ կամ հարմարեցնեն զոհի գենդերի հետ կապված ընդունված պահելաձևին։

Ընտանեկան սեռական բռնություն խմբագրել

Ընտանեկան սեռական բռնությունը ներառում է անցանկալի սեռական ակտիվության բոլոր ձևերը։ Դա համարվում է բռնություն, նույնիսկ եթե զոհը նախկինում հանցագործի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական կապի մեջ է մտել։ Այս պարագայում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կարող են դառնալ զոհ[17]։

ԱՀԿ-ի 2006 թվականի կանանց նկատմամբ ընտանեկան ֆիզիկական և սեռական բռնության մասին հետազոտությունը, որն անցկացվել է տասը երկրներում, ցույց է տվել, որ ընտանիքում սեռական բռնության տարածվածությունը տատանվում է 10-ից մինչև 50 տոկոսի միջակայքում։ Ընտանեկան սեռական բռնությունը նույնպես շատ ավելի քիչ է, քան ընտանեկան բռնության այլ ձևերը։ Տարբեր երկրներում և երկրների ներսում ստացված արդյունքների տարբերությունները վկայում են, որ նման դեպքերն անխուսափելի չեն և կարող են կանխվել[18]։

Կանայք խմբագրել

Կանանց և աղջիկների նկատմամբ սեռական բռնությունը կարող է տարբեր ձևեր ընդունել և իրականացվել տարբեր իրավիճակներում։ Բռնության և առողջության մասին ԱՀԿ-ի համաշխարհային զեկույցում[10] նշված են կանանց նկատմամբ սեռական բռնության հետևյալ եղանակները․

  • Զինված հակամարտությունների ժամանակ պարբերական բռնաբարություններ
  • Բռնաբարություն ամուսնության կամ ժամադրության ժամանակ
  • Բռնաբարություն անծանոթների կողմից
  • Անցանկալի սեռական ոտնձգություններ՝ ներառյալ ծառայությունների դիմաց սեռական կապի պահանջ
  • Սեռական բռնություն մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ
  • Երեխաների նկատմամբ սեռական բռնություն
  • Հարկադիր ամուսնություն կամ կենակցություն՝ ներառյալ երեխաների ամուսնությունը
  • Հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու իրավունքից հրաժարվելը
  • Հարկադիր աբորտ
  • Կանանց սեռական անձեռնմխելիության դեմ բռնի գործողություններ, այդ թվում ՝ կանանց սեռական օրգաններում հաշմանդամային վիրահատություններ (թլպատում) և կուսության պարտադիր ստուգում

1987 թվականին հետազոտություն է անցկացվել, որը եզրակացրել է, որ քոլեջում սովորող կանայք գոնե մեկ անգամ ունեցել են անցանկալի սեռական հարաբերություններ տղամարդկանց բանավոր հարկադրանքի, ֆիզիկական ուժի և/կամ նրանց հարբեցնելու համար ալկոհոլի և թմրանյութերի կիրառման պատյառով[19]։

Պատերազմի ժամանակ սեռական բռնությունը կանանց անձեռմխելիության իրավունքի ամենատարածված խախտումներից է։ Սա նաև վերաբերում է առավել տրավմատիկ փորձառությունների, և՛ հուզական, և՛ հոգեբանական։ Սեռական բռնությունը, մասնավորապես բռնաբարությունը, հաճախ դիտվում է որպես պատերազմ վարելու մեթոդ։ Այն օգտագործվում է ոչ միայն «խոշտանգումների, խեղումների, տեղեկատվության ստացման, նվաստացման, կողմնակալության, ահաբեկման, պատժի կամ պարզապես ոչնչացման համար», այլ նաև որպես հասարակության ապակայունացման և տղամարդկանց բարոյազրկելու ռազմավարություն[6][20]։ Սեռական բռնության օգտագործումը որպես պատերազմի զենք լայնորեն տարածվել է այնպիսի հակամարտությունների մեջ, ինչպիսիք են Ռուանդան, Սուդանը, Սիերա Լեոնեն և Կոսովոն[20]։

Տղամարդիկ

Ինչպես կանանց նկատմամբ սեռական բռնությունը, տղամարդկանց նկատմամբ էլ այն կարող է տարբեր ձևեր ընդունել և տեղի ունենալ ցանկացած հարաբերություններում, այդ թվում՝ տանը կամ աշխատավայրում, բանտերում և ոստիկանական բաժանմունքներում, ինչպես նաև պատերազմի ժամանակ և զինված ուժերում[10]։ Տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության պրակտիկան չի սահմանափակվում աշխարհի որևէ աշխարհագրական կամ հանցագործության վայրով և տեղի է ունենում անկախ զոհի տարիքից[16][21]։ Տղամարդկանց դեմ ուղղված սեռական բռնության տարբեր ձևերը ներառում են բռնաբարություն, հարկադիր թլպատումը, հարկադիր ձեռնաշարժություն և սեռական բռնություն։

Տղամարդկանց նկատմամբ սեռական բռնությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան հաճախ կարծում են։ Սակայն նման հանցագործությունների մասշտաբները փաստերի, զեկույցների քիչ լինելու պատյառով մնում են անհայտ։ Տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության մասին տեղեկատվությունը թերագնահատելու կամ չներկայացնելու հաճախ պատճառներից են վախը, շփոթությունը, մեղքի զգացումը, ամոթը, պիտակավորումը կամ այս ամբողջի համակցությունը[22][23]։ Տղամարդիկ կարող են դժկամությամբ խոսել այն մասին, որ նրանք սեռական բռնության զոհ են դարձել։  Այս առումով որոշակի դեր է խաղում նաև այն, թե ինչպես է հասարակությունը կառուցում մասկուլինության հասկացությունը։ Մասկուլինությունն ու զոհ լինելը կարող են համարվել անհամատեղելի, մասնավորապես այն հասարակություններում, որտեղ մասկուլինությունը հավասարեցվում է իշխանությանը, ինչը հանգեցնում է տեղեկատվության թաքցմանը[24]։

Այն դեպքերում, երբ տղամարդկանց նկատմամբ սեռական բռնությունը բարձրաձայնվում և հաղորդվում է, այն հաճախ դասակարգվում է որպես «ճնշում» կամ «խոշտանգում»։ Դա տղամարդկանց դեմ սեռական բռնությունը թաքցնելու միտում է, ինչը հանգեցնում է փաստաթղթային տվյալների և ապացույցների բացակայությանը։ Ինչպես նաև, առաջանում է կարծիք, որ սեռական բռնությունը խնդիր է միայն կանանց համար, և տղամարդիկ չեն կարող սեռական բռնության զոհեր լինել։

Երեխաներ խմբագրել

Հիմնական հոդված՝ Սեռական բռնություն երեխաների նկատմամբ

Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը երեխաների հանդեպ բռնության և ճնշման ձևերից է։  Այն ներառում է ոտնձգություններ և բռնաբարություններ, ինչպես նաև երեխաների օգտագործումը մարմնավաճառության կամ պոռնոգրաֆիայի մեջ։

Սեռական բռնությունը Երեխայի իրավունքների լուրջ խախտում է և կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբանական լուրջ տրավմաների[25][26]։ ԱՀԿ 2002 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 223 մլն երեխա է սեռական բռնության զոհ է դարձել՝ ներառյալ կապ ֆիզիկական շփման միջոցով[27]։ Սակայն, քանի որ հարցը խիստ նրբանկատ է, այս հանցագործությունն էլ միտում ունի թաքնված մնալ, իսկական քանակը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր է[25][28]։

Աղջիկներ երեխաները ավելի հաճախ են սեռական բռնության ենթարկվում, քան տղաները։  ԱՀԿ-ի հետազոտությունը ցույց է տվել, որ 73 մլն տղաների համեմատ բռնության է ենթարկվել150մլն աղջիկ։ Այլ աղբյուրները նաև եզրակացնում են, որ աղջիկները սեռական բռնության ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, ներառյալ մարմնավաճառությունը[29]։

Պատճառներ և գործոններ խմբագրել

Բացատրություններ խմբագրել

Սեռական բռնության բացատրությունը բարդանում է իր ընդունած ձևերի բազմազանությամբ և համատեքստերով, որոնցում այն տեղի է ունենում։ Սեռական բռնության ձևերի և ինտիմ զուգընկերոջ կողմից բռնության միջև զգալի համընկնումներ կան։ Կան գործոններ, որոնք բարձրացնում են հարկադրական սեռական հարաբերությունների ռիսկը, գործոններ, որոնք բարձրացնում են մեկ այլ մարդու կողմից մյուսին սեռական հարաբերությունների դրդելու ռիսկը, ինչպես նաև գործոններ սոցիալական միջավայրում՝ ներառյալ հասակակիցները և ընտանիքը, որոնք ազդում են բռնաբարության հավանականության և դրա նկատմամբ արձագանքի վրա։

Ռիսկի գործոններ խմբագրել

Անհատական ռիսկի գործոններ բռնարարի համար[30]

  • Ալկոհոլի և թմրանյութերի օգտագործում
  • Կարեկցանքի պակաս
  • Ընդհանուր ագրեսիվություն և բռնության արդարացում
  • Վաղ սեռական հասունացում
  • Սեռական երևակայություններ հարկադիր սեռական հարաբերությունների վերաբերյալ
  • Մեդիայի ազդեցություն
  • Կնատյացություն
  • Ավանդական գենդերային դերերին հապատասխանում
  • Գերմասկուլինություն
  • Նախորդ սեռական ոտնձգությունները կամ բռնությունը

Ընտանեկան ռիսկի գործոններ բռնարարի համար[30]

  • Ընտանեկան միջավայրում առնչություն բռնության և վեճերի հետ
  • Մանկության ֆիզիկական, սեռական կամ հուզական բռնության պատմություն
  • Զգացմունքային անբարենպաստ ընտանեկան իրավիճակ
  • Վատ հարաբերություններ ծնողների և երեխաների միջև, հատկապես հայրերի հետ
  • Ագրեսիվ, հիպերմասկուլինային և հանցագործ հասակակիցների կրկնօրինակում
  • Բռնի կամ ճնշող ինտիմ հարաբերությունների մեջ ներգրավված լինելը

Համայնքային ռիսկի գործոններ բռնարարի համար․

  • Աղքատություն
  • Աշխատանքի տեղավորման հնարավորությունների բացակայություն
  • Ոստիկանության և դատական համակարգի կողմից համակարգային աջակցության բացակայություն
  • Հասարակության մեջ սեռական բռնության նկատմամբ ընդհանուր հանդուրժողականություն
  • Սեռական բռնության մեջ մեղավոր անձանց դեմ թույլ հասարակական պատժամիջոցներ

Հանցագործներ խմբագրել

Սեռական բռնության հակված անձանց ոչ մի կարծրատիպային ընդհանուր պատկեր չկա։ Հանցագործները կարող են լինել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Նրանք կարող են լինել զոհի ընկերը, ընտանիքի անդամը, մտերիմ գործընկերը, ծանոթը կամ լիովին անծանոթ մեկը[31]։ Ենթադրվում է, որ սեռական բռնության հիմնական շարժառիթները իշխանությունն ու վերահսկողությունն են, այլ ոչ թե սեռական ցանկությունը, ինչպես ընդունված է համարել։ Սեռական բռնությունը ավելի շուտ բռնի, ագրեսիվ և թշնամական գործողություն է, որն ուղղված է գերիշխանությանը, նվաստացմանը, ահաբեկչությանը և զոհի վերահսկողությանը[31]։ Սեռական բռնության պատճառներից մի քանիսը կայանում են նրանում, որ դա հանցագործն ընդունում է որպես ապացույց իր սեռական կարողությունների համար, հանում է լարվածությունը, փոխհատուցում անօգնականության զգացումը և հասցնում սեռական բավարարվածության։

Սեռական ագրեսիվություն դրսևորող տղամարդկանց մասին տվյալները փոքր-ինչ սահմանափակ են և կազմված են միայն ձերբակալված բռնաբարների տվյալներով՝ բացառությամբ Միացյալ Նահանգների, որտեղ նաև հետազոտություններ են անցկացվել արական սեռի ուսանողների շրջանում։ Չնայած սեռական ագրեսիվություն ցուցաբերող տղամարդկանց մասին տեղեկատվության սահմանափակ ծավալին, պարզվում է, որ սեռական բռնությունը գոյություն ունի բոլոր երկրներում (տարբեր է տարածվածությունը), բոլոր սոցիալ-տնտեսական դասակարգերում և բոլոր տարիքային խմբերում (սկսած մանկությունից)։ Տվյալները նաև ցույց են տալիս, որ մեծամասնությունը իրենց գործողությունները ուղղում է այն կանանց դեմ, ում արդեն ճանաչում է։ Բռնաբարության ռիսկը բարձրացնող գործոններից են վերաբերմունքը և համոզմունքները, ինչպես նաև կոնկրետ իրավիճակը և սոցիալական պայմաններով պայմանավորված վարքը, որոնք կարող են հնարավորություններ և աջակցություն տալ դաժան վերաբերմունքի համար։

Հետևանքներ խմբագրել

Կան վկայություններ, որ սեռական բռնության զոհ դարձած տղամարդիկ և կանայք կարող են բախվել նույն հոգեկան, վարքագծային և սոցիալական հետևանքներին[32][33]։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերում երեխայի վրա կարող է թողնել մեծ հոգեբանական հետք, որը կարող է ազդել չափահաս կյանքի վրա, հատկապես, եթե սեռական բռնությունը եղել է փաստացի սեռական ակտի տեսքով[34][35][36]։ Բռնության ենթարկված տղաներին նվիրված հետազոտությունները ցույց են տվել, որ հետագա կյանքում մոտավորապես յուրաքանչյուր 5-րդը շարունակում է նույն կերպ վարվել երեխաների հետ[37]։ Այն կարող է հանգեցնել հետագա կյանքում բացասական վարքագծի, ուսուցման հետ կապված դժվարությունների, ինչպես նաև զարգացման դանդաղեցմանը կամ հետընթացին[38]։

Սեռական բռնության հնարավոր հետևանքներն են[39]

  • Հոգեբանական հետևանքներ՝ բարկության, մեղքի, ամոթի, վախի զգացում, թերարժեքության զգացում, կպչուն հիշողություններ, մղձավանջային երազներ, ուշադրության  կենտրոնացման դժվարություններ, հույզերի ոչ համապատասխանություն իրավիճակին, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, մաշկային ալերգիկ ցան, ճնշման տատանումներ, շնչարգելություն, փսխոց,  գիշերային մղձավանջներ, քնի և ուտելու խանգարումներ, դեպրեսիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, մեկուսացում։
  • Ֆիզիկական հետևանքներ՝ սեռական օրգանների վնասվածքներ, կոտրվածքներ, կապտուկներ, արտազատումներ կամ արյունահոսություն, ցավ, քոր կամ այտուցվածություն, ցավով ուղեկցվող միզարտադրություն,  հետքեր կամ վնասվածքներ կրծքերին, որովայնի ներքին հատվածներում, կոնքերի ներքին մակերեսին։
  • Վերարտադրողական առողջության և սեռականության խնդիրներ՝ ֆրիգիդությունը (սեռական ցանկության բացակայություն/անկում), սեռական ցանկության ակտիվացում, վագինիզմ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, հաճախամիզություն։
  • Վարքային խնդիրներ՝ ագրեսիվության բարձր մակարդակ, դաժանություն, թմրանյութերի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, ուտելու հետ կապված խնդիրներ, ինքնավնասման կամ ինքնասպանության փորձեր, անկանոն սեռական հարաբերություններ։

Անչափահասների դեպքում վերը նշված նշաններից և հետևանքներից զատ, կարող են դիտվել նաև  հետևյալ ցուցիչները.

  • Անչափահասի տարիքին ոչ բնորոշ գիտելիքներ սեռականության վերաբերյալ կամ անսովոր ուշադրություն մեծահասակաների սեռական հարաբերությունների նկատմամբ
  • Տարիքին ոչ բնորոշ հետաքրքրություն այլ մարդկանց սեռական օրգանների հանդեպ
  • Ռեգրեսիվ վարք (օրինակ` գիշերամիզություն)

Հարկ է նշել, որ սեռական բռնության նշանները բազմազան են և բացի վերոգրյալներից, սեռական բռնության ենթարկված անձի մոտ կարող են դիտվել նաև այլ անհատական նշաններ, որոնք նշված չեն։

Ի լրումն վերը նշված հետևանքների, որոշ դեպքերում սեռական բռնության զոհերը կարող են ենթարկվել նաև իրենց ընտանիքների և այլ անձանց կողմից խտրականացման և մեկուսացման[40]։ Հասարակության պատկերացումներն այն մասին, որ զոհը հրահրել է սեռական բռնությունը, հանգեցնում է սեռական բռնության փաստերի չբացահայտմանը, ինչը կապված է ավելի ծանր հոգեբանական հետանքների հետ, հատկապես երեխաների մոտ[41]։ Այսպիսով, անհրաժեշտ են լրացուցիչ միջամտություններ, որպեսզի փոխեն հասարակության վերաբերմունքը սեռական բռնության մասին[42][43]։

Օգնություն խմբագրել

Շտապ օգնության բաժանմունքում բռնաբարված կանանց առաջարկվում են արտակարգ հակաբեղմնավորիչ միջոցներ, քանի որ նման բռնաբարությունների մոտ 5 տոկոսը հանգեցնում է հղիության[44]։ Բոլոր տեսակի սեռական բռնության զոհերին նշանակում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ կանխարգելիչ միջոցներ (հատկապես ամենատարածված հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են խլամիդիոզը, հոնորարիան, տրիխոմոնիազը և բակտերիալ վագինոզը), և հավանական սեռավարակներ բացահայտելու համար (օրինակ, ՄԻԱՎ, հեպատիտ B և սիֆիլիս) հավաքում են արյան շիճուկ[44]։ Օգնություն ցուցաբերվում է նաև դեպրեսային, սթրեսային իրավիճակից հանելու կամ այն կանխելու համար։ Մեծ ուշադրությու է դարձվում նաև խուճապային գրոհներին, որոնք կարող են շատ հաճախ կրկնվել բռնությունից հետո[44]։

Կարևոր է հիշել սեռական բռնությունից հետո 72 ժամվա ընթացքում[45].

  • Սեռական բռնության ենթարկվելուց անմիջապես հետո կարող եք զանգահարել 1-03 կամ 1-02, որպեսզի արձանագրվի դեպքը ու ֆիզիկական ու սեռական  բռնության հետքերը ֆիքսվեն՝ հետագայում ապացույցներ ունենալու ու անմիջապես օգնություն ստանալու համար
  • Կարող եք դիմել ոստիկանության մոտակա բաժին, մտնելով ոստիկանություն՝ մոտեցեք հերթապահ մաս ու հայտնեք, որ ցանականում եք հաղորդում տալ սեռական բռնության կամ ոտնձգության մասին
  • Եթե ոստիկանություն կամ մեկ այլ հաստատություն ցանկանում եք գնալ մասնագետի ուղեկցությամբ, կարող եք դիմել մեզ․ մեր մասնագետները կլինեն Ձեր կողքին ցանկացած փուլում
  • Ցանկալի է, որ հագուստը չգցեք կամ չլվանաք, ու լոգանք չընդունեք, որպեսզի հետքերը չմաքրվեն և հնարավոր լինի դրանք արձանագրել
  • Ցանկալի է չլվանալ ձեռքերը, եղունգի տակի պարունակությունը վերցնելու համար, քանի որ այնտեղ հաճախ մնում է հանցագործի մաշկից միկրոմարմիններ, որոնք հետագայում կապահովեն ապացույնցերի առկայությունը
  • Միայն 72 ժամվա ընթացքում կարելի է խմել հղիացումը կանխող հաբեր՝ «Պոստինոռ»
  • Սեռավարակների առկայությունը պետք է ստուգել թե գենիտալ, թե անալ և թե օրալ ներթափանցման դեպքում
  • Միայն ՄԻԱՎ-ի առկայությունը հնարավոր է ստուգել 3 ամիս դեպքից հետո
  • Եթե բռնության ենթարկվելիս եղել եք անգիտակից վիճակում, պետք է արյան բաղադրության ստուգում անցնեք, քանի որ թմրեցնող նյութերը որոշ ժամանակ պահպանվում են արյան մեջ

Օգտակար թեժ գծեր Հայաստանում[45]. խմբագրել

Ընտանեկան բռնության դեպքում կարող եք զանգահարել

  • 099 88 78 08 Կանանց աջակցման կենտրոն
  • 010 54 28 28 Կանանց իրավունքների կենտրոն

Թրաֆիքինգի դեպքում կամ երբ կա նման վտանգ կարող եք զանգահարել

  • 0800 50 558 ԱՄՔՈՐ Հայաստան

Կանխում խմբագրել

Սեռական բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությունների թիվը սահմանափակ է, և նրանցից միայն մի քանիսն են մանրամասն ուսումնասիրվել։ Այս մոտեցումները տարբեր են՝ կախված նրանից, թե ինչ միջոցառումներ են մշակվում և իրականացվում արդյունաբերական երկրներում։ Թե որքանով դրանք կարող են համապատասխան լինել այլ պայմաններում, դեռ հայտնի չէ։ Վաղ միջամտությունն ու հոգեբանական աջակցության ցուցաբերումը կարող են կանխել կամ նվազագույնի հասցնել սեռական բռնության բազմաթիվ վնասակար և երկարատև հոգեբանական հետևանքները[46][47][48]։

Միջամտություններ կարող են լինել հետևյալ ձևով․

Անձնական մոտեցումներ․

  • Հոգեբանական խնամք և աջակցություն
  • Ծրագրեր հանցագործների համար

Առողջապահական համակարգերի ներդրումը․

  • Բժշկակական-իրավական ծառայություններ
  • Վերապատրաստումներ բուժաշխատողների համար
  • ՄԻԱՎ-ի կանխարգելում
  • Սեռական բռնության զոհերին համապարփակ օգնություն տրամադրող կենտրոններ

Համայնքային օգնություն․

  • Կանխարգելիչ արշավներ
  • Տղամարդկանց հասարակական ակտիվիզմ
  • Դպրոցական ծրագրեր

Իրավական և քաղաքական արձագանքման միջոցներ․

  • Իրավական բարեփոխում
  • Միջազգային օրինագծեր

Մեծ է հանրային առողջության համակարգի ներդրումը կանխարգելման գործում։ Քանի որ սեռական բռնությունը լայնորեն տարածված է և ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է համայնքի վրա, համայնքային ուղղվածությամբ մոտեցումը խրախուսում է ոչ միայն զոհերին և պաշտպաններին տեղեկատվություն տարածել և կանխել սեռական բռնությունը, այլև դրա պատասխանատվությունը դնում է ավելի լայն համայնքի վրա։ Հիվանդությունների համակարգման և կանխարգելման կենտրոնն ԱՄՆ-ում իր «Սեռական բռնության կանխարգելման մասին. Սկսելով երկխոսությունը» զեկույցում[49] առաջարկում է հետևյալ չորս քայլից բաղկացած մոդե

  1. Սահմանել խնդիրը․ հավաքել տվյալներ զոհերի, հանցագործների, վայրի և հաճախականության մասին
  2. Բացահայտել ռիսկի գործոնները և պաշտպանական գործոնները. ռիսկի գործոնների հետազոտություն, որոնք կարող են մարդկանց վտանգի ենթարկել
  3. Մշակել և փորձարկել կանխարգելման ռազմավարություններ․ աշխատել համայնքների ղեկավարների և բժիշկների հետ՝ սեռական բռնությունը կանխելու տարբեր ռազմավարություններ փորձարկելու համար
  4. Ապահովել լայն տարածում․ կանխարգելման հաջողված ռազմավարությունների մասին տեղեկատվության ներդրում և տարածում

1970-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում մշակվել են երեխաների նկատմամբ սեռական բռնության կանխարգելման ծրագրեր, որոնք նախատեսում էին անմիջական աշխատանք երեխաների հետ։ Ծնողների համար նախատեսված ծրագրերը մշակվել են 1980-ական թվականներիներին, կազմակերպվել են երկուսից երեք ժամ տևողությամբ հանդիպումներ են[50][51][52][53][54][55]։ Վերջին 15 տարիների ընթացքում մշակվել են նաև օնլայն-ծրագրեր։

Հայաստանում երեխաների և ծնողների համար «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» 2019 թվականի մայիսին հրապարակել են «Իմ մարմինն անձնական է» գրքույկը, որտեղ մկարների և փոքր տեքստերի շնորհիվ երեխաներին սովորեցնում են իրենց անձնական իրերի, մարմնի մասերի, դրանց անձեռմխելիության և անձնական տարածքի մասին[56]։

Վիճակագրություն խմբագրել

Սեռական բռնության զոհերը հաճախ հրաժարվում են բարձրաձայնել դրա մասին կամ քրեական գործ հարուցել, ուստի առկա վիճակագրական տվյալները դժվար թե կարող են պատկերացում տալ խնդրի իրական ծավալների մասին։ Առկա տվյալները սակավ են և մասնատված։ Օրինակ, ոստիկանության տվյալները հաճախ լինում են թերի և սահմանափակ։  Մյուս կողմից, դատաբժշկական կլինիկաների տվյալները կարող են կողմնակալ լինել սեռական բռնության ավելի դաժան դեպքերի նկատմամբ։ Բացի այդ, սեռական բռնության հետ կապված անհետաձգելի խնդիրների վերաբերյալ բժշկական օգնության համար դիմող մարդկանց բաժինը նույնպես համեմատաբար փոքր է։

Պատճառները, թե ինչու մարդիկ չեն հայտնում հանցագործության մասին, կարող են լինելը ամոթը, շփոթությունը, վախը, որ քեզ չեն հավատա և չեն վստահի, վախ հանցագործից, վախ դատավարությունից[57]։ Տղամարդիկ ավելի դժկամությամբ են հայտնում սեռական բռնության մասին, քանի որ դրանից հետո հավանականություն կա որ հասարակությունը կփոխի իր վերաբերմունքը նրա, նրա տղամարդկության և ուժի վերաբերյալ[31]։ Այսպիսով, տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության մասշտաբների մասին տեղեկատվությունը հատկապես սահմանափակ է։ Սեռական չարաշահումները երեխաների հանդեպ նույնպես մնում են թաքնված։ Տվյալների մեծ մասը ստացվում է արդեն մեծահասակների կողմից իրենց անցյալի փորձի մասին հարցման արդյունքում[27]։ Չբարձրաձայնելու պատճառներից մեկն այն է, որ երեխաները չունեն անկախ հասանելիություն տարբեր ռեսուրսներին։ Նրանք սովորաբար պահանջում են համագործակցություն իրենց ծնողներից մեկի կողմից, որը կարող է չհավատալ երեխային կամ, փաստացի, լինել հանցագործը[58]։

Սեռական բռնության մասին տվյալները, որպես կանոն, ստացվում են ոստիկանությունից, կլինիկական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից և հարցումներից։

2017 թվականին Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը ՀՀ Քննչական կոմիտեի հետ համատեղ իրականացրել է «2015-2016 թվականների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» թեմայով հետազոտություն։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցվել է 131 քրեական գործ, 2016 թվականին՝ 157 քրեական գործ[59]։

Մշակույթ խմբագրել

Սեռական բռնության երևույթը գոյություն ունի յուրաքանչյուր մշակույթում[60]։ Եթե կինը դիմադրում է սեռական ակտին, ապա դա կարող է տղամարդկանց կողմից ընկալվել որպես նրանց առնականության ուղղակի սպառնալիք, որը հանգեցնում է տղամարդկանց ինքնության ճգնաժամին և նպաստում է սեռական վերահսկողությանը և բռնությանը, քանի որ այն դիտվում է որպես այդ ճգնաժամի լուծման միջոց։ Հաղորդվում էր, որ զոհերը, որոնք փորձում են դիմադրություն ցույց տալ կամ փախչել այս վիճակից, ավելի հաճախ են դաժան վերաբերմունքի ենթարկվում հանցագործի կողմից, ինչը բռնաբարողի մոտ իշխանության չափազանց մեծ զգացում է ստեղծում։ Շատ հավանական է, որ հայրիշխանական մշակույթներում կնոջ կողմից ցանկացած դիմադրություն հանցագործի կողմից ընկալվում է որպես վիրավորանք նրա «տղամարդկությանը", ինչն էլ ավելի է հրահրում նրան զոհին վերահսկելու ավելի դաժան միջոցների դիմել։

Կա մի տեսություն, որը բացատրում է սեռական բռնությունը որպես սոցիալ-մշակութային կառուցվածք, որը հերքում է Կենսաբանական հիմքը, որը ենթադրում է, որ սեռական բռնությունը տղամարդու սեռական ներգրավվածության արդյունք է։ Այս տեսությունը փորձում է ապացուցել, որ սեռական բռնությունը բնական վարքագիծ է, որը բխում է «վերարտադրվելու կենսաբանական հակումից, որը դրական ազդեցություն է ունենում տղամարդու վերարտադրողական հաջողության վրա (սեռական բռնության դիմողի մոտ)[61]։ Սոցիալ-մշակութային տեսությունը հաշվի է առնում իշխանության գենդերային հավասարումները, բարոյական արժեքները, տղամարդկանց գերիշխանությունը և բռնության նկատմամբ վերաբերմունքը[62]»։

Ֆեմինիզմ և սեռական բռնություն խմբագրել

Ֆեմինիստ գիտնականներն ու ակտիվիստները բացառիկ ներդրում են ունեցել կանանց և տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության խնդրի քննարկման գործում։ Նրանք ենթադրում են, որ սեռական բռնության արմատական պատճառները խիստ անհավասար սոցիալական կառուցվածքում են, որտեղ գերակայում են տղամարդիկ և շահագործվում են կանայք։ Ֆեմինիստները նաև կարծում են, որ թույլ ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք առկա են սեռական բռնության հետևանքների վերացման համար, ինչպես նաև անարդարացի վերաբերմունքը զոհերի (այլընտրանքային տերմինաբանությամ՝ վերապրածների) ուղղակի արտացոլումն են այն բանի, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում տղամարդկանց, կանանց և նրանց միջև սեռական հարաբերություններին։ Բացի այդ, ֆեմինիստական քննադատությունը հանգեցրել է սեռական բռնության ուսումնասիրության մեջ ֆեմինիզմի և հոգեբանության սերտ մերձեցմանը[63]։

Սեռական բռնության և իշխանության արտահայտման միջև կապի մասին առաջին անգամ խոսվել է 1970-ականներին և մինչ օրս շատ ազդեցիկ է եղել։ Այս համատեքստում բռնաբարությունը դիտվում է որպես կանանց նկատմամբ տղամարդկանց կողմից օգտագործվող ահաբեկման հիմնական գործիքներից մեկը։ Ընտանեկան բռնությունը նույնպես կարող է դիտվել որպես հայրիշխանական տիրապետության և ճնշման խիստ ձև։

Որոշ ֆեմինիստ գիտնականներ առաջ են քաշել այն գաղափարը, որ բոլոր կանայք չեն կարող նմանապես վերապրել սեռական բռնությունը կամ դրա հետևանքները։ Օրինակ, ռասան և էթնիկ պատկանելությունը այդ փորձառությունների կարևոր որոշիչներն են, այդ իսկ պատճառով առաջարկվում է այդ դեպքերի ուսումնասիրման ժամանակ ինտերսեկցիոնալ մոտեցում ցուցաբերել[64]։

Ֆեմինիստական գաղափարները խթան հանդիսացան կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային շարժումների համար, ներառյալ սեռական բռնությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տեսակներ - SACC». www.saccarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  2. 2,0 2,1 Lindsey, Charlotte. «Women Facing War» (PDF). էջեր 57–61.
  3. 3,0 3,1 «Advancement of women: ICRC statement to the United Nations, 2013 - ICRC». www.icrc.org (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  4. Holmes, M. M.; Resnick, H. S.; Kilpatrick, D. G.; Best, C. L. (1996-08). «Rape-related pregnancy: estimates and descriptive characteristics from a national sample of women». American Journal of Obstetrics and Gynecology. 175 (2): 320–324, discussion 324–325. doi:10.1016/s0002-9378(96)70141-2. ISSN 0002-9378. PMID 8765248.
  5. 5,0 5,1 «Human Security Report 2012: Sexual Violence, Education, and War: Beyond the Mainstream Narrative - World». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  6. 6,0 6,1 «Women and War». International Committee of the Red Cross (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  7. 7,0 7,1 «The shame of war. Sexual violence against women and girls in conflict | La Strada Documentation Center about Human Trafficking». lastradainternational.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  8. Swiss, S.; Jennings, P. J.; Aryee, G. V.; Brown, G. H.; Jappah-Samukai, R. M.; Kamara, M. S.; Schaack, R. D.; Turay-Kanneh, R. S. (1998 թ․ փետրվարի 25). «Violence against women during the Liberian civil conflict». JAMA. 279 (8): 625–629. doi:10.1001/jama.279.8.625. ISSN 0098-7484. PMID 9486762.
  9. «Physicians for Human Rights - War-Related Sexual Violence in Sierra Leone». Physicians for Human Rights (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  10. 10,0 10,1 10,2 «World report on violence and health». World Health Organization.
  11. «Միֆեր - SACC». www.saccarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  12. Refugees, United Nations High Commissioner for. «Refworld | Systematic rape, sexual slavery and slavery-like practices during armed conflict : final report / submitted by Gay J. McDougall, Special Rapporteur». Refworld (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  13. «Understanding Sexual Violence» (PDF).
  14. «Rome Statute of the International Criminal Court» (PDF).
  15. Goetz, Ms. Anne Marie. «Women Targeted or Affected by Armed Conflict: What Role for Military Peacekeepers?» (PDF).
  16. 16,0 16,1 Sivakumaran, Sandesh (2007 թ․ ապրիլի 1). «Sexual Violence Against Men in Armed Conflict» (անգլերեն). Rochester, NY. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Melinda (2018 թ․ նոյեմբերի 2). «Domestic Violence and Abuse - HelpGuide.org». www.helpguide.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  18. «Prevalence of intimate partner violence: findings from the WHO multi-country study on women's health and domestic violence» (PDF).
  19. Davidson, J. Kenneth; Moore, Nelwyn B. (2001). Speaking of Sexuality: Interdisciplinary Readings (անգլերեն). Roxbury Publishing Company. ISBN 978-1-891487-33-0.
  20. 20,0 20,1 Thomas, Katie. «Sexual Violence: Weapon of War» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  21. Solangon, Sarah; Patel, Preeti (2012 թ․ սեպտեմբերի 1). «Sexual violence against men in countries affected by armed conflict». Conflict, Security & Development. 12 (4): 417–442. doi:10.1080/14678802.2012.724794. ISSN 1467-8802.
  22. «Sexual Violence against Men and Boys | The Consortium on Gender, Security and Human Rights». genderandsecurity.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  23. Sivakumaran, Sandesh (2005 թ․ նոյեմբերի 1). «Male/Male Rape and the "Taint" of Homosexuality». Human Rights Quarterly. 27: 1274–1306. doi:10.1353/hrq.2005.0053.
  24. Stanko, Elizabeth A.; Hobdell, Kathy (1993 թ․ հուլիսի 1). «ASSAULT ON MENMasculinity and Male Victimization». The British Journal of Criminology (անգլերեն). 33 (3): 400–415. doi:10.1093/oxfordjournals.bjc.a048333. ISSN 0007-0955.
  25. 25,0 25,1 «Sexual violence against children». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  26. «World Congress against CSEC».
  27. 27,0 27,1 «Child sexual abuse» (PDF).
  28. «OHCHR | Addressing sexual violence against children». www.ohchr.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  29. «Rights of the Child: Report of the Independent Expert for the United Nations Study on Violence Against Children» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  30. 30,0 30,1 «Risk and Protective Factors|Sexual Violence|Violence Prevention|Injury Center|CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  31. 31,0 31,1 31,2 «Guidelines for medico-legal care for victims of sexual violence» (PDF).
  32. Patel, V.; Andrew, G. (2001-09). «Gender, sexual abuse and risk behaviours in adolescents: a cross-sectional survey in schools in Goa». The National Medical Journal of India. 14 (5): 263–267. ISSN 0970-258X. PMID 11767217.
  33. Dube, Shanta R.; Anda, Robert F.; Whitfield, Charles L.; Brown, David W.; Felitti, Vincent J.; Dong, Maxia; Giles, Wayne H. (2005-06). «Long-term consequences of childhood sexual abuse by gender of victim». American Journal of Preventive Medicine. 28 (5): 430–438. doi:10.1016/j.amepre.2005.01.015. ISSN 0749-3797. PMID 15894146.
  34. Jonas, S.; Bebbington, P.; McManus, S.; Meltzer, H.; Jenkins, R.; Kuipers, E.; Cooper, C.; King, M.; Brugha, T. (2011-04). «Sexual abuse and psychiatric disorder in England: results from the 2007 Adult Psychiatric Morbidity Survey». Psychological Medicine. 41 (4): 709–719. doi:10.1017/S003329171000111X. ISSN 1469-8978. PMID 20534178.
  35. Cheasty, M.; Clare, A. W.; Collins, C. (1998 թ․ հունվարի 17). «Relation between sexual abuse in childhood and adult depression: case-control study». BMJ : British Medical Journal. 316 (7126): 198–201. ISSN 0959-8138. PMC 2665415. PMID 9468687.
  36. Briggs, L.; Joyce, P. R. (1997-06). «What determines post-traumatic stress disorder symptomatology for survivors of childhood sexual abuse?». Child Abuse & Neglect. 21 (6): 575–582. doi:10.1016/s0145-2134(97)00014-8. ISSN 0145-2134. PMID 9192145.
  37. Watkins, Bill; Bentovim, Arnon (1992-01). «The Sexual Abuse of Male Children and Adolescents: A Review of Current Research». Journal of Child Psychology and Psychiatry. 33 (1): 197–248. doi:10.1111/j.1469-7610.1992.tb00862.x. ISSN 0021-9630.
  38. Maniglio, Roberto (2009-11). «The impact of child sexual abuse on health: a systematic review of reviews». Clinical Psychology Review. 29 (7): 647–657. doi:10.1016/j.cpr.2009.08.003. ISSN 1873-7811. PMID 19733950.
  39. «Նշաններ և հետևանքներ - SACC». www.saccarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  40. «Cultural dimensions in the evaluation and treatment of sexual trauma: An overview». psycnet.apa.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  41. Ruggiero, Kenneth J.; Smith, Daniel W.; Hanson, Rochelle F.; Resnick, Heidi S.; Saunders, Benjamin E.; Kilpatrick, Dean G.; Best, Connie L. (2004-02). «Is disclosure of childhood rape associated with mental health outcome? Results from the National Women's Study». Child Maltreatment. 9 (1): 62–77. doi:10.1177/1077559503260309. ISSN 1077-5595. PMID 14870998.
  42. McNally, Richard J.; Bryant, Richard A.; Ehlers, Anke (2003-11). «Does Early Psychological Intervention Promote Recovery From Posttraumatic Stress?». Psychological Science in the Public Interest: A Journal of the American Psychological Society. 4 (2): 45–79. doi:10.1111/1529-1006.01421. ISSN 1529-1006. PMID 26151755.
  43. Campbell, Rebecca; Dworkin, Emily; Cabral, Giannina (2009-07). «An ecological model of the impact of sexual assault on women's mental health». Trauma, Violence & Abuse. 10 (3): 225–246. doi:10.1177/1524838009334456. ISSN 1524-8380. PMID 19433406.
  44. 44,0 44,1 44,2 Milard, Mensie S. Essentials of Psychiatric Menta - Elizabeth M. Varcarolis (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  45. 45,0 45,1 «Օգտակար տեղեկատվություն - SACC». www.saccarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  46. Gevers, Aník; Dartnall, Elizabeth (2014 թ․ սեպտեմբերի 12). «The role of mental health in primary prevention of sexual and gender-based violence». Global Health Action. 7. doi:10.3402/gha.v7.24741. ISSN 1654-9716. PMC 4165042. PMID 25226417.
  47. «PsycNET». psycnet.apa.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  48. Resnick, Heidi; Acierno, Ron; Waldrop, Angela E.; King, Lynda; King, Daniel; Danielson, Carla; Ruggiero, Kenneth J.; Kilpatrick, Dean (2007-10). «Randomized controlled evaluation of an early intervention to prevent post-rape psychopathology». Behaviour Research and Therapy. 45 (10): 2432–2447. doi:10.1016/j.brat.2007.05.002. ISSN 0005-7967. PMC 2040305. PMID 17585872.
  49. «Sexual Violence Prevention: Beginning the Dialogue» (PDF).
  50. Babatsikos, Georgia (2010). «Parents' knowledge, attitudes and practices about preventing child sexual abuse: a literature review». Child Abuse Review (անգլերեն). 19 (2): 107–129. doi:10.1002/car.1102. ISSN 1099-0852.
  51. Hébert, Martine; Lavoie, Francine; Parent, Nathalie (2002 թ․ հունիսի 1). «An Assessment of Outcomes Following Parents' Participation in a Child Abuse Prevention Program». Violence and Victims (անգլերեն). 17 (3): 355–372. doi:10.1891/vivi.17.3.355.33664. ISSN 0886-6708.
  52. Wurtele, Sandy K.; Moreno, Tasha; Kenny, Maureen C. (2008 թ․ դեկտեմբերի 1). «Evaluation of a Sexual Abuse Prevention Workshop for Parents of Young Children». Journal of Child & Adolescent Trauma (անգլերեն). 1 (4): 331–340. doi:10.1080/19361520802505768. ISSN 1936-153X.
  53. Wurtele, Sandy; Kenny, Maureen (2010 թ․ մարտի 1). «Partnering with Parents to Prevent Childhood Sexual Abuse». Child Abuse Review. 19: 130–152. doi:10.1002/car.1112.
  54. «Four Steps to the Prevention of Child Sexual Abuse in the Home» (PDF).
  55. «Working with a community to prevent child sexual abuse in the home» (PDF).
  56. «Իմ մարմինն անձնական է». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին.
  57. Statistics, c=AU; o=Commonwealth of Australia; ou=Australian Bureau of (1996 թ․ դեկտեմբերի 11). «Main Features - Main Features». www.abs.gov.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  58. Bree Cook, Fiona David (2017 թ․ նոյեմբերի 3). «Sexual violence in Australia». Australian Institute of Criminology (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  59. «Վիճակագրություն - SACC». www.saccarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  60. «Forbidden or Forgiven? Rape in Cross-Cultural Perspective | The Consortium on Gender, Security and Human Rights». genderandsecurity.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  61. Kalra, Gurvinder; Bhugra, Dinesh (2013). «Sexual violence against women: Understanding cross-cultural intersections». Indian Journal of Psychiatry. 55 (3): 244–249. doi:10.4103/0019-5545.117139. ISSN 0019-5545. PMC 3777345. PMID 24082244.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  62. Sanday, Peggy (1981 թ․ հոկտեմբերի 1). «The Socio-Cultural Context of Rape: A Cross-Cultural Study». Journal of Social Issues. 37: 5–27. doi:10.1111/j.1540-4560.1981.tb01068.x.
  63. Ward, Colleen A. (1995 թ․ հունիսի 22). Attitudes Toward Rape: Feminist and Social Psychological Perspectives (անգլերեն). SAGE. ISBN 978-1-4462-2315-4.
  64. «Crenshaw, K. (1991). Mapping the margins: Intersectionality, identity politics, and violence against women of color» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 3-ին.