Սելավ, լեռնային գետերի հուներում հանկարծահաս, մեծ քայքայիչ ուժով, կարճատև, բավական մեծ արագության (մինչև 10 մ/վ և ավելի) ցեխային, ցեխաքարային զանգվածահոսք։

Սելավ Չայնա թաունում

Սելավները սովորաբար ձևավորվում են ջրհավաք ավազանի սահմաններում թափվող տեղատարափ մթնոլորտային տեղումներից, մակերևութային հեղուկ հոսքից և տարվա չորային ժամանակաշրջանում լեռնային ապարների հողմահարումից գոյացած կուտակումներից։

Ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է, և ջրում կոշտ նյութերի պարունակությունն ավելանում է 10-75 %-ով։ Երբեմն սելավ ձևավորվում է ձյան, սառցադաշտային բուռն հալքից, ջրամբարների վթարից։ Իր կործանարար ուժով հայտնի է Գետառի 1946 թվականի սելավը։

Սելավները Հայաստանում խմբագրել

 
Սելավ

Հայաստանի և Արցախի տարածքներում սելավային երևույթների 75 %-ը բաժին է ընկնում 1800-2800 մ բարձրություններին՝ կապված տեղատարափ անձրևների, կարկուտի, հազվադեպ ձնհալքի հետ։

Հայաստանի սելավային ավազաններն ու հոսքերը լինում են տարբեր սելավաբերության, ձևավորման հաճախականության, հոսքի պինդ նյութով հագեցածության։

Հայաստանում սելավների ամենամեծ քանակությունը հունիս (30 %) հուլիսին (25 %) է։ Սելավները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը՝ հողերի լվացմամբ, ձորակների առաջացմամբ, հողատարածքները բերվածքներով ծածկելով։ Սելավները հատկապես հաճախակի են Արագածի հարավային, հարավարևմտյան Մաստարա, Փամբակ, Դեբեդ, Ազատ, Վեդի, Հրազդան, Գետառ, Ողջաբերդ, Ողջի, Գորիս և Մեղրի գետերի ավազաններում։

Սելավների հասցրած վնասը խմբագրել

 

Ընդհանուր առմամբ սելավները վնաս են հասցնում հանրապետության շուրջ 200 բնակավայրի։ Գլխավոր տրանսպորտային հաղորդակցուղիների վրա բացահայտված են 600-ից ավելի սելավավտանգ տեղամասեր։ Սելավային հոսքերը ջրային էրոզիայի առավել ցայտուն, իսկ Հայաստանի տարածքում նաև անապատացման հզոր գործոններից են։ Հողի էրոզիան սկսվում է տեղատարափ անձրևների թափվելու ընթացքում և վերջանում սելավների ձևավորմամբ, որոնք իրենց բերվածքներով աղտոտում են գետերը, խցանում դրանց հուներն ու ծածկում գետահովիտների առափնյա հողերը։

Սելավների դասակարգում խմբագրել

Հաշվի առնելով սելավաբերության աստիճանը, մասշտաբները, գործելու հաճախականությունը, սելավային զանգվածների պինդ բաղադրիչի քանակն ու բնույթը՝ Հայաստանի տարածքում առանձնացվում են՝ առաջին կարգի վտանգավորության հոսքեր (բնորոշվում են ուժեղ կամ միջին սելավաբերությամբ, մեծ չափերով, բարձր հաճախականությամբ և տնտեսական օբյեկտների նկատմամբ լուրջ սպառնալիքով), երկրորդ կարգի վտանգավորության հոսքեր (բնորոշվում են միջին մասշտաբի սելավաբերությամբ, չափավոր հաճախականությամբ (մինչև 10 տարի) և սպառնում բնակելի առանձին շենքերին, երկրորդ կարգի խճուղային ճանապարհներին, խոշոր ջրանցքներին ու կառույցներին), երրորդ կարգի վտանգավորության հոսքեր (բնորոշվում են թույլ սելավաբերությամբ և թույլ հաճախականությամբ, սպառնում են տեղական նշանակության ճանապարհներին, ցանքատարածություններին, անտառներին, արոտավայրերին, փոքր ջրանցքներին)։

Սելավի դեմ պայքարի միջոցներ խմբագրել

Սելավի դեմ պայքարի հիմնական միջոցներն են հողաբուսածածկույթի ամրացումն ու պահպանումը, լեռնալանջերի անտառապատումը, գետահուների կանոնավորումն ու ամբարտակումը և այլ ջրատեխնիկական միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։