«Զախեր» (գերմ.՝ Hotel Sacher), հյուրանոց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում՝ Վիեննայի պետական օպերայի շենքի հետնամասում[5]։ Հիմնադրվել է 1876 թվականին Վիեննայի բնակիչ հրուշակագործ Էդուարդ Զախերի կողմից։ Վերջինիս մահից հետո մինչև 1929 թվականը հյուրանոցը ղեկավարել է նրա կինը՝ Աննան։ Հինգաստղանի հյուրանոցը դասվում է աշխարհի առաջատար հյուրանոցների շարքին։ Հյուրանոցը հայտնի է իր հրուշակեղենի արտադրամասով, որտեղ ստեղծվել է «Զախեր» տորթը[6][7][8]։

Զախեր
Изображение логотипа
Տեսակհյուրանոց և Վիեննական սրճարան
Անվանված է ի պատիվÉdouard Sacher?
Հիմնադրված է1876
ՀիմնադիրÉdouard Sacher?
ՎայրՎիեննա, Ավստրիա
Երկիր Ավստրիա[1]
Արդյունաբերությունհյուրանոց
ՍեփականատերElisabeth Gürtler?, Josef Siller?[2], Anna Sacher?[3] և Peter Guertler?[4]
Կայքsacher.com
Մասնակից էThe Leading Hotels of the World
 Hotel Sacher Wien Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1876 թվականին Էդվարդ Զախերը գնում է Վիեննայի պետական օպերայի շենքի հետնամասում գտնվող ռենեսանսի ոճով կառուցված շենքը և այնտեղ բացում Hotel de l’Opera հյուրանոց-ռեստորանը։ Լինելով Զախեր տորթի ստեղծող, գյուտարար, Ֆրանց Զախերի որդին՝ Էդվարդը, որպես համադամագետ, արագորեն ձեռք է բերում հռչակ և հեղինակություն։ Արդյունքում հյուրանոցը վերանվանվում է Զախեր[6][8]։

 
Աննա Մարիա Զախեր, 1908 թ.

1880 թվականին Էդվարդը ամուսնանում է վիեննացի մսագործի 22-ամյա դստեր Աննա Մարիա Ֆուքսի հետ։ Աննան սկսում է օգնել ամուսնուն բիզնեսում, իսկ Էդվարդի առողջության խիստ վատթարացումից հետո ստանձնում հյուրանոցի ղեկավարումը։ 1892 թվականին Էդվարդ Զախերը մահանում է, և նրա կինը շարունակում է ղեկավարել հյուրանոցային բիզնեսը։ Ճաշացանկն ու նամակները նա շարունակում է ստորագրել մահացած ամուսնու անունով[9]։ Այդ ժամանակաշրջանի համար Աննա Զախերը համարվում էր չափից դուրս ազատական կին:Նա հանրային վայրերում էր հայտնվում սիգարով և իր սիրելի ֆրանսիական բուլդոգի ուղեկցությամբ, որին Վիեննայի բնակիչները կոչում էին Զախեր բուլդոգ։ Աննա Զախերը իր աշխատողների համար ներդնում է սոցիալական ապահովագրություն, ամանորին նվիրում նվերներ և վճարում նրանց հանգստի համար[8]։

Իր հիմնադրման ամենասկզբից Զախեր հյուրանոցը համարվել է Վիեննայի լավագույն հյուրանոցներից մեկը, իսկ 1871 թվականին դասվել է Ավստրո-հունգարական կայսրության կայսերական տան մատակարար։ Էդվարդ Զախերի մահից հետո նրա կնոջը նույնպես տրվել է այդ արտոնությունը։ Այդ ժամանակ էլ ձևավորվում է մի ավանդույթ, որի համաձայն օպերայի այցելուները նախքան համերգի սկսելը ճաշում են Զախեր հյուրանոցում։ Զախեր հյուրանոցը դարձավ սոցիալական ինստիտուտ։

 
«Զախեր» հյուրանոցի կենտրոնական մուտքը երեկոյան

Հյուրանոցի ռեստորանի սենյակներում հաճախ հանդիպում էին քաղաքական գործիչները, դեսպաններն ու Եվրոպական երկրների ներկայացուցիչները։ Շուտով հյուրանոցի ռեստորանը դառնում է մի վայր, որտեղ վճռվում են Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերը։ 1907 թվականին ռեստորանի սենյակներից մեկում կայացավ Հունգարիայի վարչապետ Կալման Սելեմի և Էռնեստ ֆոն Կյորբերի հանդիպումը, որի արդյունքը եղավ Ավստրիայի և Հունգարիայի միջև հարաբերությունների նոր նախագծի ընդունումը[9]։

 
Հյուրանոցի սրճարանը

Վիեննայում Աննա Զախերը առաջիններից մեկն էր, ով ձեռք բերես սառնարաններ, ինչպես նաև կառուցեց ձմեռային այգի, որպեսզի հյուրերը նույնիսկ ձմռանը կարողանային համտեսել թարմ մրգեր[9]։ Չնայած հեղինակավոր լինելուն՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հյուրանոցը չկարողացավ խուսափել տնտեսական խնդիրներից։

Մահվան նախաշեմին (1930թ.) Աննան բիզնեսի ղեկավարման գործից իրեն հեռացրեց։ Միայն նրա մահից հետո հայտնի դարձավ, որ հյուրանոցը հայտնվել է պարտքերի մեջ, իսկ ակտիվները այդքան էլ շատ չեն։ 1934 թվականին Զախեր հյուրանոցը պաշտոնապես հայտարարվեց սնանկ։

Փաստաբան Հանց Գյուռտլեռը իր կին Պոլդիի և հյուրանոցային գործի մասնագետներ Յոզեֆ ևԱննա Զիլլերների հետ գնում է լքված շենքը։ Նրանք ժամանակակից ձևով վերակառուցում են այն, անցկացնում ջեռուցման և էլեկտրականության համակարգեր, տաք և սառը ջրի խողովակներ բոլոր սենյակներում։ Առաջին անգամ «Զախեր» տորթը սկսում են վաճառել ոչ միայն հյուրանոցի նեսրում, այլև փողոցում։ Շուտով հյուրանոցը կրկին դառնում է Վիեննայի բնակիչների սիրելի վայրը։ Զախեր հյուրանոցում է տեղի ունենում Իրմա Վինդիշգրեց արքայադստեր և իշխան Ֆրանց Վեյկերհամսկու ամուսնական հանդեսը։ Վիեննա այցելության ժամանակ եվրոպական ազնվականությունը գիշերում էր Զախեր հյուրանոցում, ինչը այն կրկին դարձնում է ազնվականների, մշակութային և քաղաքական գործիչների հանդիպման վայր։ Նույնիսկ Մեծ Բրիտանիայի Էդուարդ VIII թագավոն է եղել հյուրանոցի հյուրը[9]։

1938 թվականին Ավստրիայի՝ Գերմանիային բռնակցմամբ Զախեր հյուրանոցը դադարեցնում է իր գործունեությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հյուրանոցի շենքը էական վնաս չի կրում։ Խորհրդային զորքերի Վիեննա մտնելուց հետո քաղաքի կենտրոնը զբաղեցնում են խորհրդային զինվորականները, հետագայում քաղաքի այդ հատվածը անցնում է բրիտանացիներին։

1951 թվականին Գյուռտլեռները և Զիլլերները իրենց սեփականությունը հետ են ստանում։ Այդ ժամանակ Յոզեֆն արդեն մահացել էր։ Հյուրանոցը կրկին հիմնանորոգման կարիք ուներ։ 1962 թվականին մահանում է Աննա Զիլլերը, և հյուրանոցը ամբողջությամբ անցնում է Գյուռտլեռների ընտանիքին։ 1967 թվականին հյուրանոցը ստանում է պետական պարգև և պետական զինանշանը բիզնես գործունեության մեջ օգտագործելու իրավունք։ 1970 թվականին հյուրանոցի ղեկավարումը ստանձնում է Ռալֆ Գյուռտլեռը, ով ավելի ուշ դժբախտ պատահարի հետևանքով մահանում է։ Հյուրանոցը դառնում է նրա որդի Պետերի սեփականությունը։ 1989 թվականին Պետեր Գյուռտլեռը Զալցբուրգում գնում է «Ավստրիական բակ» հյուրանոցը և վերանվանում Hotel Sacher Salzburg (Զախեր Զալցբուրգ հյուրանոց)։ 1990 թվականին նրա մահից հետո ընտանեկան բիզնեսի ղեկավարումը անցնում է նրա առաջին կնոջը՝ Ելիզավետ Գյուռտլեռ-Մայնտերին, իսկ նրանից հետո՝ նրանց դուստր Ալեկսանդրեին։

Գրականություն խմբագրել

  • Ernst Hagen: Hotel Sacher. In deinen Betten schlief Österreich. Zsolnay, Wien 1976, ISBN 3-552-02827-7.(գերմ.)
  • Ingrid Haslinger: Kunde — Kaiser. Die Geschichte der ehemaligen k. u. k. Hoflieferanten. Schroll, Wien 1996, ISBN 3-85202-129-4.(գերմ.)
  • János Kalmár, Mella Waldstein: K.u.K. Hoflieferanten Wiens. Stocker, Graz 2001, ISBN 3-7020-0935-3. S. 10-15.(գերմ.)
  • Monika Kellermann: Das große Sacher-Backbuch. Mehlspeisen, Torten und Gebäck. Seehamer-Verlag, Weyarn 1994, ISBN 3-929626-28-4.(գերմ.)
  • Franz Maier-Bruck: Das große Sacher-Kochbuch. Die österreichische Küche. Seehamer-Verlag, Weyarn 1994, ISBN 3-929626-27-6.(գերմ.)
  • Leo Mazakarini: Das Hotel Sacher zu Wien. Gräfe und Unzer, München 1977, ISBN 3-7742-5018-9.(գերմ.)
  • Emil Seeliger: Hotel Sacher. Weltgeschichte beim Souper. Verlag Schaffer, Berlin 1942.(գերմ.)
  • Wilhelm Fraenkel: Etablissement Eduard Sacher in Wien: Allgemeine Bauzeitung, Jahrgang 1877 (ANNO).(գերմ.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախեր (հյուրանոց)» հոդվածին։