«Սարի աղջիկ» (հայտնի է նաև «Սարը գելին» անվանաձևով, որը թուրքերենից թարգմանած նշանակվում է «դեղին հարս»[3] կամ «նորահարս»[4]), հայկական[5][6][7][8] ժողովրդական երգ, որը նաև տարածված է Իրանում, Իրաքում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Ադրբեջանը և Թուրքիան ժխտում են երգին հայկական ծագումը և շեշտում են թե ադրբեջանական/թուրքական ծագում ունի «Սարի աղջիկ» երգը։ Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են։ Միայն հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին») անհամապատասխանություն կա։ Այս վիճելի մեղադրանքների դեմ հայ ժողովուրդը մեղադրում է, որ երգը թուրքերի կողմից գողացվել ու թրքացվել է[9]։ Երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում։ Երգը հայտնի է վիրահայերի շրջանում, քանի որ նրանց մեծ մասն Էրզրումից Ցեղասպանության տարիներին ու դրանից հետո գաղթած հայերն են և նրանց սերունդները։ Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը երգում են աշխարհի տարբեր երկրներում[9]։

«Սարի աղջիկ»
Ջիվան Գասպարյան[1],
Ռուբեն Մաթևոսյան,
Ֆլորա Մարտիրոսյան,
Արտո Թունջբոյաջյան,
Անդրե,
Էմմի Բեջանյան և այլք
ի երգը
ԺանրԺողովրդական երգ
Սարի աղջիկը հայկական երգ է նախագծի պաստառ[2]

2009 թվականին Թուրքիան հակահայկական և Հայոց ցեղասպանությունը ժխտող ֆիլմ է ցուցադրել թուրք երեխաների դպրոցներում «Սարը Գելին» (Sarı Gelin) անունով[10]։ Երգի թուրքական տարբերակում թուրքը սիրահարվում է հայուհուն, սիրո պատմությունը տեղի է ունենում Էրզրումում, որի բնակչության 50%-ը մինչև Ցեղասպանությունը կազմում էին հայերը[9]։

Կատարումներ խմբագրել

Բացի նրանից, որ երգը երգել են Հայոց Ցեղասպանությունից փրկվածների սերունդները Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի երկրներում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Ավստրալիայում, երգը բավականին հայտնի է եղել Խորհրդային Հայաստանում։

Հաշվի առնելով երգի տարածվածությունը ժողովրդական լայն զանգվածների շրջանում՝ հայ անվանի երգիչ-երաժիշտները խորհրդային տարիներին ստանձնել են դրա ձայնագրությունը մի քանի հայերեն տարբերակներով։ Մեզ հասած ձայնագրությունները ստեղծվել են 1930-70-ականների ընթացքում. առավել ճանաչվել ու սիրվել են Շարա Տալյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Պավել Լիսիցյանի, Ռուբեն Մաթևոսյանի կատարումները։ Մեր ժամանակներում երգը կենդանի է մնացել մարդկանց հիշողության մեջ Ֆլորա Մարտիրոսյանի, Արտո Թունջբոյաջյանի կատարումներով, Ջիվան Գասպարյանի, Գևորգ Դաբաղյանի դուդուկային մեղեդային մատուցմամբ։

Թուրքիայում բնակվող Արամ Տիգրան անունը կրող հայ երգիչը մշակել է երգի քրդերեն տարբերակը, որտեղ սակայն պահպանված է «Սարի աղջիկ» արտահայտությունը։ Ընդ որում, երգը հայերեն են կատարել նաև քուրդ երգչուհի Նիլյուֆեր Աքբարը, թուրք ճանաչված երգիչ Յավուզ Բինգյոլը։ Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին աղմուկ բարձրացրեց. «The Voice» երաժշտական լայնամասշտաբ նախագծի թուրքական «Թուրքիայի ձայնը» տարբերակում երգը հաճախ են կատարում՝ այն նշելով որպես «ժողովրդական» կամ «անհայտ հեղինակի», սակայն ոչ երբևէ «ադրբեջանական»[9]։

Երգի տեքստը խմբագրել

Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դլե յաման,
Գնաց, ուրիշին առավ…
Ա՜խ, մերըդ մեռնի,
Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Գնաց, ուրիշին առավ,
Դլե յաման, լեյլի ջան, ջան։
Մինուճարիս մեղքացիր,
Դլե յաման,
Թույն մի ածա թեժ վերքիս…
Ա՜խ մերըդ մեռնի,
Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ…
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Թույն մի ածա թեժ վերքիս…
Դլե յաման, լեյլի ջան, ջան։
Եղնիկ եմ՝ նետը կրծքիս,
Դլե յաման,
Տիրել ես խելք ու մտքիս…
Ա՜խ մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ…
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Տիրել ես խելք ու մտքիս…
Դլե յաման, լեյլի ջան, ջան։

Փաստեր խմբագրել

  • 1999 թվականին երգը հայերեն հնչել է թուրքական «Տիկին Սալքըմի ադամանդները» (թուրքերեն՝ Salkım Hanım'ın Taneleri) ֆիլմում[9]։
  • 1999 թվականին թուրք երգահան Շանար Յուրդաթափանն ասել է. «Թուրքիայում տարածված «Սարի գելին» երգը հայկական է»[9]։
  • 2006 թվականին մամուլի և հաղորդակցության գծով գիտությունների թեկնածու Գյոքչեն Քարանֆիլն ասել է. «Սարի գելինը հայկական երգ է, որը դարերի ընթացքում թուրքական մշակույթի մի մասն է դարձել»[9]։
  • 2007 թվականին երգը հնչել է Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ։ Այն մինչ օրս ամեն տարի կատարում են Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներին[9]։
  • 2011 թվականին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլում ասել է. «Սարի գելինը հայկական ծագում ունի»[9]։
  • 2012 թվականին թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն հայերեն երգել է երգը Թուրքիայում հայկական «Վարդանանց» երգչախմբի հետ։ Կատարումը տեղ է գտել նրա “Kök” ալբոմում[9]։
  • 2012 թվականին լրագրող Մուրաթ Էրթաշն ասել է. «Ժողովրդական երգ «Սարի գելինը» մեր երկրում և Էրզրում քաղաքում մինչ օրս երգում են հայերեն»[9]։
  • 2013 թվականին հայ երգիչ Անդրեն թողարկել է երգի իր տարբերակը, որի համար նաև նկարահանվել է տեսահոլովակ[11]։
  • 2014 թվականին «Սարի աղջիկ» երգի իր տարբերակն է ներկայացրել հայ երգչուհի Էմմին։ Նա նույնպես տեսահոլովակ է նկարահանել[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երգի մեղեդին կատարում է հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը
  2. «Սարի աղջիկը տուն է վերադառնում երգ ու պարով». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. Սարի Գելինի բուն նշանակությունը վիճաբանության առարկա է, և տարբեր կարծիքներ կան դրա վերաբերյալ։ Երգի իրական անվանումը Սարի աղջիկն է։ Ավելի տեղեկությունների համար այցելել այս կայքը՝ Ի՞նչ է նշանակում «Սարը գելին» Արխիվացված 2020-07-23 Wayback Machine
  4. «Ղարսից մինչև Կանն». Հրապարակ.am. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
  5. «Sanar Yurdatapan, 'Turkey: censorship past and present', Shoot the Singer!: Music Censorship Today. Edited by Marie Korpe. (Zed Books: New York, 1994), 190» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Baydar, Yavuz. Today's Zaman. Փետրվարի 20, 2009. Վերցված է Հուլիսի 05, 2009 Հատված։ "referring to an old Armenian song "Sarı Gyalin", later adopted into Turkish."(չաշխատող հղում)
  7. Today's Zaman. Փետրվարի 20, 2009.(չաշխատող հղում)
  8. Erdem, Suna. The Times. Փետրվարի 28, 2009։
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 «5 փաստ երգի մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «Թուրքական իշխանությունների հակահայկական քարոզջության պտուղները». Պանորամա.am. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
  11. Սարի աղջիկը հայկական երգ է ռազմական օպերացիան իրականավեց. Անդրե
  12. Էմմին ներկայացրել է «Սարի աղջիկ» երգի իր տեսահոլովակը

Արտաքին հղումներ խմբագրել