Սառնարյուն կենդանիներ, փոփոխաջերմ կենդանիներ, պոյկիլոթերմ ( հունարեն՝ ποικίλες- այլազան, բազմազան և θερμοκρασία – ջերմություն) կենդանիներ, մարմնի կայուն ջերմաստիճան չունեցող կենդանիները (բոլոր անողնաշարավորները, ողնաշարավորներից՝ ձկները, երկկենցաղները, սողունները)։ Սառնարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը հավասար է շրջապատող միջավայրի ջերմաստիճանին կամ 1–2 °C-ով բարձր է։ Մկանային աշխատանքի ժամանակ այն բարձրանում է․ օրինակ, իշամեղուների թռիչքի ընթացքում հասնում է մինչև 44 °C-ի (երբ օդի ջերմաստիճանը 4—8 °C է)։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանի բարձրացումից կամ նվազումից (որոշ օպտիմալ սահմաններից ավելի) սառնարյուն կենդանիներն անզգայանում են (անաբիոզի վիճակ) կամ ոչնչանում։ Շատ սառնարյուն կենդանիներ անզգա վիճակում են անցկացնում տարվա մեծ մասը, օրինակ, տափաստանային կրիան ակտիվ է ընդամենը 3 ամիս։ Սառնարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը կախված է արևի ճառագայթների և մթնոլորտային գործոնների ազդեցությունից, կենդանու գունավորումից և այլն։ Սառնարյուն կենդանիները չունեն ջերմակարգավորող ֆիզիոլոգիական մեխանիզմներ, որը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի թույլ զարգացումով, նյութափոխանակության պրոցեսների ցածր մակարդակով և այլ գործոններով։

Մողես
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 190