Սաշա Չոռնի

ռուս բանաստեղծ, երգիծաբան և մանկագիր

Ալեքսանդր Միխայիլի Գլիկբերգ (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Гли́кберг, հոկտեմբերի 1 (13), 1880[1][2][3], Օդեսա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 5, 1932(1932-08-05)[4][5][1][…], La Favière[1]), հայտնի է Սաշա Չոռնի (Սաշա Սև) կեղծանունով՝ ռուս բանաստեղծ, երգիծաբան և մանկագիր։

Սաշա Չոռնի
ռուս.՝ Александр Михайлович Гликберг
Ծննդյան անունռուս.՝ Александр Михайлович Гликберг
Ծնվել էհոկտեմբերի 1 (13), 1880[1][2][3]
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 5, 1932(1932-08-05)[4][5][1][…] (51 տարեկան)
Վախճանի վայրLa Favière[1]
Գրական անունСаша Чёрный, Сам по себе և Мечтатель
Մասնագիտությունգրող, մանկագիր, բանաստեղծ, լրագրող, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՀայդելբերգի համալսարան
Ժանրերարձակ, հրապարակախոսություն, վիպակ և երգիծանք
 Sasha Chorny Վիքիպահեստում

Կենսագրությունը խմբագրել

Ալեքսանդր Գլիկբերգը ծնվել է 1880 թվականի հոկտեմբերի 13-ին հրեա դեղագործի ընտանիքում, Օդեսա քաղաքում (Ռուսական կայսրություն, ներկայումս՝ Ուկրաինա)։ Գլիկբերգի ընտանիքը երջանիկ չէր. նրա մայրը տառապում էր նյարդային հիվանդությամբ, և երեխաները ազդում էին նրա նյարդերի վրա, հայրը հաճախ էր բարկանում և խստորեն պատժում իր երեխաներին։ Այնպես էր ստացվել, որ Գլիկբերգի հինգ երեխաների մեջ երկուսը ունեին Ալեքսանդր անունը (կարճ ասած` Սաշա), շիկահեր Սաշային սովորաբար անվանում էին Սպիտակ Սաշա (ռուս.՝ Белый Саша) և թխահերին՝ Սև Սաշա (ռուս.՝ Чёрный Саша

Գլիկբերգի երեխաները չէին կարող սովորել գիմնազիայում՝ կայսերական Ռուսաստանի դպրոցներում՝ հրեաներին գրանցելու քվոտայի սահմանափակման պատճառով։ Ի վերջո, Գլիկբերգները լուծեցին խնդիրը` մկրտելով իրենց և իրենց երեխաներին։ Դրանից հետո՝ 1889 թվականին, երեխաներն ընդունվեցին Օդեսայի գիմնազիա։ Ալեքսանդրի համար կրթությունը գիմնազիայում նման էր ձանձրալի բյուրոկրատական ծառայության։ Տասնհինգ տարեկան հասակում նա փախավ տնից։ Որոշ ժամանակ նա ապրեց իր մորաքրոջ հետ Սանկտ Պետերբուրգում, բայց այն բանից հետո, երբ նրան հեռացրին Սանկտ Պետերբուրգի գիմնազիայից՝ հանրահաշիվը չհաղթահարելու պատճառով, նա մնաց անօթևան և առանց փողի։ Ո՛չ նրա ծնողները, ո՛չ էլ մյուս հարազատները չարձագանքեցին նրա նամակներին և օգնության խնդրանքներին։

Բարեբախտաբար, Ալեքսանդրի պատմություններից մեկը հրապարակվեց լրագրող Ալեքսանդր Յաբլոնովսկու կողմից հանրաճանաչ «Սին Օտեչեստվա» (ռուս.՝ «Сын Отечества») թերթում։ Ընթերցելով հոդվածը՝ Ժիտոմիրի ֆրանս-ռուս բնակիչ Կ. Կ. Ռոշեթը, որոշում է տղային որդեգրել։ Ալեքսանդրը ընդունվում է Ժիտոմիրի գիմնազիա, որտեղից տնօրենի հետ ունեցած ընդհարումից հետո, ի վերջո, դարձյալ վտարվում է։ Ալեքսանդրը երկու տարի ծառայում է բանակում, այնուհետև աշխատանքի է անցնում Ավստրո-Հունգարական միապետության սահմանին գտնվող Նովոսելցի (ռուս.՝ Новосельцы) գյուղում` որպես մաքսատան ծառայող։ 1904 թվականին նա վերադառնում է Ժիտոմիր` իր խնամակալի ընտանիք, և աշխատում է՝ որպես լրագրող, «Վոլինսկի Վեստնիկ» (ռուս.՝ «Волынский Вестник») ամսագրում։ Ամսագիրը սնանկանում է երկու ամսվա ընթացքում, և Ալեքսանդրը որոշում է շարունակել լրագրողական իր կարիերան՝ Սանկտ Պետերբուրգում (ռուս.՝ Санкт-Петербург):

Բանաստեղծը խմբագրել

Տեղափոխվելով Սանկտ Պետերբուրգ՝ նա աշխատեց Վարշավա-Սանկտ Պետերբուրգ երկաթուղիում՝ որպես վարչական աշխատող։ Այդտեղ նա հանդիպեց իր կնոջը՝ Մարիա Իվանովնա Վասիլևային, որը նրա մենեջերն էր երկաթուղում։ Նա իրենից մի քանի տարի ավելի մեծ էր, ավելի լավ կրթված և ավելի հարուստ։ Չոռնիի ստեղծագործություններում գործընկերոջ հետ ամուսնությունը հաճախ նշվում էր որպես մարդու համար ամենավատ ճակատագիր։ Չնայած դրան՝ թվում էր, որ նրանք երջանիկ ամուսիններ էին, և դա տևեց ողջ կյանքի ընթացքում։

Նրանք իրենց մեղրամիսն անցկացրին 1905 թվականին Իտալիայում։ Վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ Ալեքսանդրը հրատարակեց «Անհեթեթություն» (ռուս.՝ «Чепуха») բանաստեղծությունների ժողովածուն «Զրիտել» (ռուս.՝ «Зритель») ամսագրում՝ օգտագործելով «Սաշա Չոռնի» (ռուս.՝ Саша Чёрный) գրական կեղծանունը։ Այս բանաստեղծությունների հրատարակման արդյունքում ամսագիրը փակվեց կառավարության կողմից, սակայն հսկայական ազդեցություն թողեց ընթերցողների վրա։ Բանաստեղծությունները տարածվեցին ամբողջ երկրում, արտագրվեցին ձեռագիր, և շուտով Չոռնին համարվեց հանրաճանաչ և պահանջված հեղինակ։

1906–1907 թվականների ընթացքում Սաշա Չոռնին բնակվել է Գերմանիայում և սովորել է Հայդելբերգի համալսարանում։ 1908 թվականին նա վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և գրել է «Սատիրիկոն» (անգլ.՝ Satirikon) հանրաճանաչ ամսագրի համար՝ համատարած համբավ ձեռք բերելով։ «Երբ ինչ-որ մեկը ստանում էր ամսագրի նոր համարը, առաջինը, ինչ նա փնտրում էր, Սաշա Չոռնիի բանաստեղծություններն էին։ Չկար ոչ մի ուսանող, բժիշկ կամ փաստաբան, որ չիմանար Չոռնիի բանաստեղծությունները անգիր»[6], - գրել է Կոռնեյ Չուկովսկին, ով նաև «Սատիրիկոն»-ի հոդվածագիրներից էր։ Նրա ստեղծագործությունների երկրպագուներից էր Վլադիմիր Մայակովսկին, որը նրա բանաստեղծություններից շատերն անգիր գիտեր և հաճախ էր դրանք արտասանում։ 1910 թվականին Սաշա Չոռնին հրատարակեց իր «Սատիրա» (ռուս.՝ «Сатиры») գիրքը, որին 1911 թվականին հաջորդեց «Սատիրա և Լիրիկա» (ռուս.՝ «Сатиры и Лирика») գիրքը։ Նա հրատարակել է նաև մանկական գրքեր՝ «Տուկ-Տուկ» (1913 թվական) և Live ABC (1914 թվական)։

Պատերազմ և արտագաղթ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սաշա Չոռնին ծառայեց դաշտային հոսպիտալում՝ որպես շարքային։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա արտագաղթեց Վիլնյուս, այնուհետև Գերմանիա, որտեղ աշխատեց բեռլինյան Ֆայր-բիրդ (անգլ.՝ Fire-bird) ամսագրի համար, այնուհետև՝ Ֆրանսիա, որտեղ աշխատեց ռուս-փարիզյան թերթի համար։ 1923 թվականին հրատարակեց իր երրորդ գիրքը՝ «Ծարավ» (ռուս.՝ «Жажда»): 1927 թվականին նա Պրովանսի Լա Ֆավիեր գյուղում ռուսական գաղութը հիմնադրեց։

Արտագաղթի ընթացքում նա գրել է` «Ով լավ է ապրում աքսորում» (ռուս.՝ «Кому в эмиграции жить хорошо», 1931-1932) բանաստեղծությունը, գրել է արձակ` «Սոսկալի պատմություններ» (ռուս.՝ «Несерьезные рассказы», 1928), «Զինվորական հեքիաթներ» (ռուս.՝ «Солдатские сказки», հրատարակվել է 1933 թվականին)։ Նրա մահից հետո լույս է տեսել բանաստեղծությունների չորրորդ գիրքը՝ «Մանկական կղզի» ((ռուս.՝ «Детский остров»):

Նա մահացել է սրտի կաթվածից՝ 1932 թվականի հուլիսի 5-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Լե Լավանդու {ֆր.՝  Le Lavandou) քաղաքում բռնկված հրդեհի ժամանակ։ Լեգենդն ասում է, որ Չոռնիի շունը՝ Միկին, պառկեց Սաշա Չոռնիի կրծքին և մահացավ իր տիրոջ հետ։

Վլադիմիր Նաբոկովը իր խոսքում ասել է․ «Նա թողեց ընդամենը մի քանի գիրք և լուռ, գեղեցիկ ստվեր»[7]։ Դմիտրի Շոստակովիչը «Չոռնիի» բանաստեղծություններից հինգին երաժշտություն է կցել՝ իր «Սատիրա» երաժշտական սինգլի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Степанова, Розалия. Обманчивый псевдоним Саши Черного «Слово\Word» 2006, №52. Quote in Russian: "Получив свежий журнал, читатель, прежде всего, искал в нём стихи Саши Чёрного. Не было такой курсистки, такого студента, врача, адвоката, которые не знали бы их наизусть".
  7. Левинг, Юрий. Владимир Набоков и Саша Черный «Старое литературное обозрение» 2001, №1(277). Quote in Russian: "[О]т него осталось только несколько книг и тихая, прелестная тень."

Արտաքին հղումներ խմբագրել