Սանկտ Պետերբուրգի զինանշան

Սանկտ Պետերբուրգի զինանշան՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ,Սանկտ Պետերբուրգ դաշնային նշանակության քաղաքի խորհրդանիշ։ Ժամանակակից տարբերակն ընդունվել է 2003 թվականի ապրիլի 23-ին։

Սանկտ Պետերբուրգի զինանշան
Տարբերակներ
px
Մանրամասնություններ
ԿրիչՍանկտ Պետերբուրգ
Հաստատված1730, վերականգնվել է 2003 թ. ապրիլի 23-ին
ԹագԿայսերական մեծ թագ
ՎահանՖրանսիական քառանկյուն` սուր հիմքով

Պատմություն խմբագրել

Սանկտ Պետերբուրգի պատմական զինանշանը, որ հաստատվել էր 1730 թվականին, վերահաստատվել 1780 թվականին, լրացվել 1857 թվականին, երբեք չեղյալ չի համարվել և կրկին գործածության մեջ է դրվել 1991 թվականին, քաղաքի հնագույն ու հիմնական պաշտոնական խորհրդանիշն է։ Նախատիպ է հանդիսացել Վատիկանի` սուրբ Պետրոսի քաղաքի զինանշանը։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և մինչև Խորհրդային Միության փլուզումը զինանշանը չի գործածվել, քանզի այն իր վրա կրում էր կայսերական իշխանության խորհրդանիշներ, ինչը անհամատեղելի էր տիրող կարգերի գաղափարախոսության հետ։ Բացի այդ` խորհրդային տարիներին քաղաքների զինանշանները լայն կիրառություն չունեին։ Փոխարենը գործածվում էին այլ խորհրդանիշեր, օրինակ՝ Ծովակալության շենքի տանիքի նավը։

Միայն 1989 թվականին Լենինգրադի քաղաքային իշխանությունները բարձրացրին քաղաքի զինանշանի անհրաժեշտության հարցը։ Հայտարարվեց համաքաղաքային մրցույթ, հաղթողի համար նախատեսված էր դրամական պարգև։ Նոր գերբի նախագծերի ցուցադրությունը բացվեց 1989 թվականի մայիսին Պետրոս-Պողոս միջնաբերդում։ Այս նախաձեռնությանը դեմ հանդես եկավ «ռուս.՝ Русское Знамя» («Ռուսական դրոշ») պատմահայրենասիրական միությունը, որ կազմակերպեց բողոքի ակցիաներ ու ստորագրահավաք Սանկտ Պետերբուրգի պատմական զինանշանի վերականգնման օգտին (այդ իրադարձությունները լուսաբանվեցին տարբեր լրատվամիջոցներով)։ Արդյունքում քաղաքի համար նոր՝ խորհրդային գերբի ընտրության գործընթացը դադարեցվեց, հասարակությունն սկսեց պահանջել վերականգնել Պետրոս Մեծի ժամանակ գոյություն ունեցած քաղաքային զինանշանը, որն էլ վերահաստատվեց 1991 թվականին։

1991 թվականի սեպտեմբերի 6-ին քաղաքի՝ պատմական անվան վերադարձվելու հետ միաժամանակ վերադարձվել է (կրկին ընդունվել է) Եկատերինա II-ի ժամանակների Պատմական զինանշանը[1]։

2003 թվականին զինանշանի նկարագրությունը ճշտվել է. ներդրվել են հիմնական և փոքր տարբերակները, հիմնական տարբերակին են վերադարձվել կայսերական թագի պսակը, լազարևյան ժապավենն ու խաչասերված գավազանները[2]։

Նկարագրություն խմբագրել

Սանկտ Պետերբուրգի զինանշանը (գունավոր) կարմիր վահան է, որի վրա պատկերված են արծաթե երկու խարիսխներ` ծովային (թեքված ձախից աջ դիտողից, թաթերը վահանի վերևի ձախ անկյունում, ունի երկու թաթ ու լայնակի դետալ ներքևում) և գետային (թեքված աջից ձախ, թաթերը վահանի վերևի աջ անկյունում, ունի չորս թաթ), որոնք դրված են խաչաձև, և արքայական ոսկե գավազան երկգլխանի արծվով։

Վահանի վերևում կայսերական թագն է, որի երկու կողմերից իջնում են երկնագույն երկու ժապավեններ։ Վահանի հետևում խաչաձև դրված երկու արքայական ոսկեգույն գավազաններ են` զարդարված ադամանդներով ու արծնապակով և միացված անդրեևյան երկնագույն ժապավենով։

Թույլատրվում է զինանշանի կրճատված տարբերակների օգտագործումը. առանց վահանի վերևի կայսերական թագի ու նրանից դուրս եկող երկնագույն ժապավենների, առանց երկու գավազանների, ինչպես նաև՝ խաչաձև դրված երկու խարիսխների (ծովային ու գետային) ու երկգլխանի արծիվ կրող գավազանի տեսքով՝ առանց վահանի։

Գավազանն անտիկ ժամանակներից համարվում է իշխանության խորհրդանիշ, իսկ այս դեպքում պետական արծիվ կրող գավազանը խորհրդանշում է միապետ ցարի իշխանությունը, ինչպես նաև այն, որ Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի մայրաքաղաքն է։ Արծաթե երկու խարիսխները, որոնցից մեկը գետային է, մյուսը՝ ծովային, նշանակում են, որ քաղաքը գետային ու ծովային նավահանգիստ է։ Խարիսխները խորհրդանշում են գետերի միջոցով ծով դուրս գալու Պետրոս I-ի գաղափարը։ Վահանի կարմիրը խորհրդանշում է Հյուսիսային պատերազմի ընթացքում շվեդների դեմ մղված արյունահեղ կռիվները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение N 270 от 06.09.1991 «О введении официальных символов Ленинграда и возвращении исторических названий» // Ленсовет — Л, 1991.
  2. Закон Санкт-Петербурга от 23.04.2003 «О детальном описании официальных символов Санкт-Петербурга и порядке их использования» // Законодательное собрание Санкт-Петербурга — СПб, 2003.

Արտաքին հղումներ խմբագրել