Սայգենթալերի կենսագրության հետ կապված սկանդալ

Սայգենթալերի կենսագրության հետ կապված սկանդալ, միջադեպ, որը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ Վիքիպեդիայի անանուն մասնակիցը միստիֆիկացված հոդված է ստեղծել հայտնի գրող և լրագրող Ջոն Սայգենթալերի (անգլ.՝ John Seigenthaler) մասին[1]։ Հոդվածի անկոռեկտ բովանդակությունը միանգամից չի հայտնաբերվել և չի ուղղվել չորս ամսվա ընթացքում, քանի դեռ այն չի հայտնաբերվել Սայգենթալերի կողմից։

Ջոն Սայգենթալեր

Սկանդալը կասկածի տակ է դրել վերցված տեղեկությունների հուսալիությունը Վիքիպեդիայից և նմանատիպ այլ կայքերից, որոնք կարող է խմբագրել օգտատերերից յուրաքանչյուրը[2]։ Այդ դեպքից հետո Անգլերեն Վիքիպեդիայում մի շարք միջոցներ են ձեռնարկվել կեղծ տեղեկատվության առաջացման դեմ պայքարելու համար, այդ թվում՝ անանուն օգտատերերի կողմից նոր հոդվածների ստեղծման ժամանակավոր արգելքը։

2005 թվականի դեկտեմբերի 13-ին տված հարցազրույցում համահիմնադիր Ջիմմի Ուելսն իր անփոփոխ աջակցությունն է հայտնել Վիքիպեդիայի քաղաքականությանը[3], որը թույլ է տալիս չգրանցված օգտատերերին խմբագրել հոդվածները՝ նկարագրելով խմբագիրների մասնակցությունը Չինաստանում և Իրանում գաղտնիության հարցերի տեսանկյունից։ Սակայն դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ վանդալության դեմ պայքարի շրջանակներում նոր հոդվածներ ստեղծելու չգրանցված մասնակիցների արտոնությունները սահմանափակվելու են[3]։

Միստիֆիկացիա խմբագրել

2005 թվականի մայիսի 26-ին Վիքիպեդիայի անգլերեն տարբերակում անանուն օգտատիրոջ կողմից Ջոն Սայգենթալերի մասին կենսագրական հոդված է տեղադրվել, որը հորինված տվյալներ է պարունակել նրա կյանքի և գործունեության մասին։ Դրանց թվում տեղեկություններ են եղել Սայգենթալերի՝ ԽՍՀՄ-ում իբր բազմամյա բնակության և Ջոն Քենեդու և Ռոբերտ Քենեդու սպանություններին նրա մասնակցության մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ հրապարակման հեղինակը ոմն Բրայան Չեյսն (անգլ.՝ Brian Chase) է՝ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում գտնվող «Rush Delivery» սուրհանդակային ընկերության մենեջերը[4], որն, իր ասելով, գրել է այս հոդվածը և այն տեղադրել է Վիքիպեդիայում իր ընկերոջ վրա կատակելու համար, որի ընտանիքը ընկերական հարաբերությունների մեջ էր գտնվում Ջոն Սայգենթալերի ընտանիքի հետ։

Հայտնաբերում և ուղղում խմբագրել

2005 թվականի սեպտեմբերին Սայգենթալերի ընկերը՝ Վիկտոր Ջոնսոն կրտսերը, հայտնաբերել է հոդվածը և հայտնել է նրան այդ մասին[5]։ Ջոնն այդ տեղեկությունը փոխանցել է ընկերներին և գործընկերներին։ Սեպտեմբերի 23-ին Սայգենթալերի գործընկերը Freedom Forum կայքից Վիքիպեդիա է պատճենել նրա պաշտոնական կենսագրությունը[6]։ Հաջորդ օրը խմբագրումը չեղյալ է հայտարարվել Վիքիպեդիայի խմբագիրներից մեկի կողմից, որը համարել է, որ նոր բովանդակությունն ազատ չէ տարածման համար և վերադարձրել է հոդվածի հին տարբերակը։ Էրիկ Նյուտոնն այդ մասին հայտնել է Սայգենթալերին Նյու Յորքում՝ լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի հանդիպման ժամանակ։ 2005 թվականի հոկտեմբերին Սայգենթալերը կապ է հաստատել Ջիմմի Ուելսի հետ[7], և նա ուղղել է հոդվածը և փակել խմբագրումների պատմության հանրային հասանելիությունը[8]։

Անանուն խմբագրի որոնումներ խմբագրել

2005 թվականի նոյեմբերի 29-ին Սայգենթալերը տեղի ունեցածի մասին հոդված է գրել Յու-Ես-Եյ Թուդեյի համար[9], որում նա Վիքիպեդիան անվանում է «անկոռեկտ և անպատասխանատու հետազոտական գործիք»։ The Tennessean-ի համար Սայգենթալերը պատրաստել է նույն հոդվածի ընդլայնված տարբերակը, որտեղ հայտնել է իր կեղծ կենսագրությունը տեղադրած անանուն խմբագրողին գտնելու անհաջող փորձերի մասին։ Նա խնդրել է BellSouth ընկերությանը՝ անհայտ մասնակցի համացանցային պրովայդերին, նույնականացնել օգտատիրոջն այ-փի հասցեով, սակայն ընկերությունը հրաժարվել է դա անել առանց դատական որոշման։

Wikipedia Watch կայքի հիմնադիր և հակավիքիպեդիական ակտիվիստ Դանիել Բրանդտը հայտնաբերել է, որ այդ մասնակցի այ-փին պատկանում է Rush Delivery ընկերությանը, ինչի մասին նա հայտնել Է Սայգենթալերին, մամուլին և այդ տեղեկությունը հրապարակել է իր կայքում[10]։

2005 թվականի դեկտեմբերի 9-ին Բրայան Չեյսը The Tenessean-ին խոստովանել է, որ Սայգենթալերի մասին կեղծ տեղեկատվություն է տեղադրել Վիքիպեդիայում և ներողությամբ նամակ է գրել Սայգենթալերին[11]։ Դրանից հետո նա հեռացվել է ընկերությունից[12]։ Սայգենթալերը չի ցանկացել դատվել Չեյսի հետ, ավելին՝ նա Rush Delivery ընկերությանը խնդրել է Բրայանին վերադարձնել աշխատանքը, և ընկերությունը համաձայնել է դա անել։ Մամուլին տված հարցազրույցում նա նշել է, որ ամենից շատ վախենում է, որ քաղաքական գործիչների մասին հոդվածների հնարավոր կեղծ խմբագրումների արդյունքում կառավարությունը ստիպված կլինի վերահսկել համացանցը[13]։

Վիքիմեդիա Հիմնադրամի արձագանք խմբագրել

2005 թվականի դեկտեմբերի 13-ին BusinessWeek-ին տված հարցազրույցում Ջիմմի Ուելսը նշել է այն պատճառները, թե ինչու միստիֆիկացիան այդքան երկար աննկատ է մնացել, և առաջարկել է քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել տեղի ունեցածի կրկնությունից խուսափելու համար։ Նա նշել է, որ չափազանց շատ նոր հոդվածների ստեղծման պատճառով մոդերատորները չեն հասցնում ստուգել դրանց իսկությունը։ Այդ պատճառով ժամանակավորապես նոր կանոն է մտցվել այն մասին, որ նոր հոդվածները կարող են ստեղծել միայն գրանցված օգտատերերն[14], ինչի անհրաժեշտությունը նշել է նաև Սայգենթալերը Վիքիպեդիայի իր քննադատության մեջ։ Սակայն արդեն գոյություն ունեցող հոդվածներում փոփոխություններ կատարելու համար գրանցում չի պահանջվում։

Ուելսը նաև կարծիք է հայտնել, որ հանրագիտարանն ընդհանուր առմամբ (անկախ այն հանգամանքից՝ տպված է այն, թե էլեկտրոնային) չի կարող օգտագործվել որպես առաջնային աղբյուր և չի կարող համարվել լիովին հեղինակավոր (ինչպես կարծում են ոմանք), բայց այնուամենայնիվ Վիքիպեդիան ավելի հուսալի է որպես գիտելիքների տարբեր ոլորտների տեղեկատվական նյութերի աղբյուր, քան այլ համացանցային աղբյուրներ։ Բացի այդ՝ նա Վիքիպեդիան անվանել է «անավարտ աշխատանք»։

Մասնակի փոփոխություններ են կատարվել Վիքիպեդիայի ծրագրային ապահովման և օգտատերերին ուղղված հրահանգների մեջ[15]։ Այսպես, 2005 թվականի դեկտեմբերի 17-ին ի հայտ են եկել «Biographies of living persons» (Հայերեն Վիքիպեդիայում օգտագործվում է նմանատիպ՝ «Ապրող անձանց կենսագրություններ» կանոնը) նոր ցուցումները[16], որոնք խստացնում են ստուգելիության, չեզոքության և ոճի պահանջները, և մասնավորապես, պահանջում են ապրող անձանց մասին չհաստատված կասկածելի տեղեկատվության հեռացում՝ նման իրավիճակներին բնորոշ աղբյուրի հարցման փոխարեն[17]։ Այժմ ապրող մարդկանց կենսագրությունների համար նոր կատեգորիաներ են ստեղծվել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cohen, Noam (2009 թ․ օգոստոսի 24). «Wikipedia to Limit Changes to Articles on People». The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  2. "The State of the News Media 2006 Արխիվացված Մարտ 22, 2016 Wayback Machine." The Project for Excellence in Journalism. Retrieved on September 14, 2009.
  3. 3,0 3,1 Helm, Burt (2005 թ․ դեկտեմբերի 13). «Wikipedia: "A Work in Progress"». BusinessWeek Online. Bloomberg Businessweek. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «The wiki principle». Economist. 2006 թ․ ապրիլի 20.
  5. Carney, John I. (2006 թ․ փետրվարի 13). «Seigenthaler battles online encyclopedia». Shelbyville Times-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Archived version of the rewriting of the official biography.
  7. Two deletion log entries of the article.
  8. Dalby, Andrew (2009). The World and Wikipedia: How we are editing reality. Somerset: Siduri. էջ 59. ISBN 978-0-9562052-0-9.
  9. Seigenthaler, John (2005 թ․ նոյեմբերի 29). «A false Wikipedia 'biography'». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. Terdiman, Daniel (2005 թ․ դեկտեմբերի 15). «In search of the Wikipedia prankster». CNET News.com.
  11. Автор фальшивой статьи в Википедии чистосердечно признался в содеянном, Lenta.ru, 12.12.2005.
  12. Buchanan, Brian J. (2006 թ․ նոյեմբերի 17). «Founder shares cautionary tale of libel in cyberspace». First Amendment Center. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. Page, Susan (2005 թ․ դեկտեմբերի 11). «Author apologizes for fake Wikipedia biography». USA Today. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. Википедия временно заблокировала создание новых статей анонимами, Lenta.ru, 06.12.2005.
  15. Ral315 (2006 թ․ հունիսի 5). «New revision-hiding feature added». Wikipedia Signpost.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. «Office actions». Wikipedia. Wikimedia Foundation. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  17. Правило «Биографии современников» в русской Википедии

Այլ աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել