Սայաթ-Նովա

հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սայաթ-Նովա (այլ կիրառումներ)

Սայաթ-Նովա (իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան, հունիսի 14, 1712(1712-06-14)[1][2][3], Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[4] - նոյեմբերի 22, 1795(1795-11-22)[1][2], Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն), ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր[5]։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ․ պահպանվել են 68 հայերեն[6], 34 վրացերեն[7], 115 ադրբեջաներեն ստեղծագործություններ[8][9][10][11][12], սակայն ադրբեջաներեն բանաստեղծությունների մեծ մասը դեռ չի հրապարակվել և պահվում է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանում[8]։

Սայաթ-Նովա
Բնօրինակ անունվրաց.՝ საიათ-ნოვა, ադրբ.՝ Sayat Nova և պարս.՝ سایات‌نووا
Ի ծնե անունԱրութին Սայադյան
Ծնվել էհունիսի 14, 1712(1712-06-14)[1][2][3]
Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[4]
Երկիր Քարթլիի թագավորություն և  Քարթլի-Կախեթի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 22, 1795(1795-11-22)[1][2] (83 տարեկան)
Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն
ԳերեզմանՍուրբ Գևորգ եկեղեցի
Մասնագիտությունբանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ և աշուղ
Գործիքներվոկալ
Կայքsayat-nova.am
 Sayat-Nova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։

Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները[13]։ Երգչի առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում։ Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները[5]։

Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։

Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին[14]։

Ծննդավայր խմբագրել

Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը[14]։ Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է[5]։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր[15]։

  Հարիւր յիսուն տարի առաջ մէկ խեղճ աննշան հայ գալիս է Հալէպից, երևի բախտ որսալու' Վրաստան ու բնակվում է Թիֆլիս քաղաքում, որտեղ պսակվում է մէկ հավլաբարցի աղջըկայ հետ...
- Գ․ Ախվերդյան
 

Հավանաբար աշուղի հայրը սկզբում տեղափոխվել է Սանահին, որտեղ պարտավոր էր գրանցվել Վրաստանի վերջին թագավոր Գիորգի 13-րդի ցուցակներում, որպես գլեխի՝ անձնական ազատությունից չզրկված, ժամանակավոր պարտադրված մի տեսակ կիսաճորտ։ Սրա մասին փաստում է Գիորգի 13-րդի որդի Թեյմուրազը իր հուշերում նաև Սայաթ-Նովան իր վրացերեն տաղերից մեկում՝ «ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինել չեմ ուզում»[5]։

Ըստ վրացի ակադեմիկոս Գեորգի Լեոնիձեի՝ Սայաթ-Նովան ծնվել է Սանահինում։ Գևորգ Ասատուրը հերքել է այս տեսակետը, ենթադրելով, որ Սայաթ-Նովայի մայրը՝ Սառան, ծնվել է Հավլաբարում՝ Սանահինի հետ կապված լինելով իր ծնողների միջոցով և պանդուխտ Կարապետը բնակություն հաստատելով Թիֆլիսում և ամուսնանալով Սառայի հետ, ավատական Վրաստանի օրենքով, պետք է ճորտագրվեր նույն կալվածատիրոջ ցուցակում[14]։

Մականուն խմբագրել

Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի/ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ - որսորդ, նովա - երգ, մեղեդի)[5][15]։ Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։ Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը տարածված է եղել հայերի մեջ[5]։

Ուսում խմբագրել

Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետ վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ։

Կուսակրոն կյանք խմբագրել

1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ որպես բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Բանդարե Անզալի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Թե երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766 թվականին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ «Աստվածաշնչի» հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768 թվականին մահացել է կինը՝ Մարմարը՝ թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778 թվականից, երբ վերաշինել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795 թվականի սեպտեմբերին՝ Աղա-Մահմեդ Խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Սայաթ-Նովայի գերեզմանը

Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Հարավային Կովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթի համաձայն՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Նա՝ գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները, դրանք վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

Քանակ խմբագրել

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

Տաղաչափական առանձնահատկություններ խմբագրել

Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։

Դեր խմբագրել

 
Սայաթ-Նովայի հուշարձանը Գյումրիում, քանդակագործ՝ Արտուշ Պապոյան

Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։

Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։

Սիրային երգեր խմբագրել

Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։

Ստեղծագործել է սիրային, խոհախրատական և սոցիալական մոտիվներով։

Ժառանգություն խմբագրել

 
Գերեզմանը

Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության։ Անի Հակոբյան

 

Աշխարհումս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն, օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի, է'նենց սպանե՝ սուլթան ու խան իս ինձ ամա։

 

Սայաթնովայագիտություն խմբագրել

Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության առաջին ուսումնասիրությունը հանրայնացրել է Գևորգ Ախվերդյանը 1852 թվականին Մոսկվայում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի առաջին հրատարակությունում։ Նա Սայաթ-Նովայի Դավթարից վերծանել է երգերի տեքստերը, գրել աշուղի համառոտ կենսագրականը։ Սրանով հիմք է դրվել սայաթնովայագիտությանը։ Հետագա տարիներին Սայաթ-Նովայի կյանքի և գործի վերաբերյալ գրվել են հարյուրավոր աշխատություններ, կատարվել են բազմաթիվ ուսումնասիորւթյուններ։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են մշկույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր, որոնցից են՝ Հովհաննես Թումանյանը, Նիկոլ Աղբալյանը, Վալերի Բրյուսովը, Իոսիբ Գրիշաշվիլին, Գևորգ Ասատուրը, Գարեգին Լևոնյանը, Մորուս Հասրաթյանը, Պարույր Սևակը[14]։

Հիշատակ խմբագրել

 
Սայաթ-Նովայի հուշաղբյուրը Երևանում, 1963, քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան
 
Սայաթ-Նովայի կիսանդրին Երևանում

Տոներ խմբագրել

Թբիլիսիում խմբագրել

Յուրաքանչյուր տարի Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին կայանում է «Վարդատոնը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ։ Այս տոնակատարության հիմքը դրել են Հովհաննես Թումանյանը և Գևորգ Բաշինջաղյանը 1914 թվականին։ Վերջին տարիներին տոնակատարությունը իրականանում է Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնի»[16], «Վիրահայերի միությոան», Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի և Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ[17][18]։ Սայաթ-Նովայի տաղանդի երկրպագուները այդ օրը կրծքներին կրում են վառ կարմիր վարդեր։ Երկար տարիներ տոնակատարությանը ելույթ է ունենում Վրաստանի ժողովրդական արտիստ Մուկուչ Ղազարյանի գլխավորած «Սայաթ-Նովա» անսամբլը[19][20]։

Երևանում խմբագրել

 
1944 թվականից Սայաթ-Նովայի անունը կրող երաժշտական դպրոցի հուշատախտակը

2005 թվականից սկսած՝ «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնը տոնը նշում է նաև Երևանում՝ Սայաթ-Նովա պողոտայով երթ անում, ծաղիկներ դնում Սայաթ-Նովայի հուշարձանին, բազմաթիվ աշուղներ անհատ երգիչների ու ասմունքողներ կատարում են նրա ստեղծագործությունները։ Տոնակատարության վերջում ելույթ են ունենում աշուղական երգի վաստակավոր անսամբլը և այլ գեղարվեստական խմբեր[19][20]։

Ֆիլմեր խմբագրել

1960 թվականին «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում ռեժիսոր Կիմ Արզումանյանը նկարահանել է սև-սպիտակ Սայաթ-Նովա ֆիլմը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի և սիրո պատմությունը։ Սայաթ-Նովային կերպարանավորել է Բաբկեն Ներսիսյանը, իսկ երգերը կատարել է Նորայր Մնացականյանը[21]։

1963 թվականին՝ Սայաթ-Նովայի 250-ամյակի տոնակատարություններից առաջ, բանաստեղծի կենսագիր Պարույր Սևակը ռեժիսոր Գուրգեն Բալասանյանի հետ մեկտեղ ստեղծել է «Սայաթ-Նովա» ֆիլմ-քրոնիկոնը։

1967-1968 թվականներին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը, որը ԽՍՀՄ պետկինոյի պաշտոնյաների պահանջով զգալի փոփոխությունների է ենթարկվել և 1970 թվականին էկրան է բարձրացել նոր՝ «Նռան գույնը» անունով։ Ֆիլմը նվիրված է բանաստեղծի հոգևոր կյանքին[22]։

2006 թվականին ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարել է «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը, որտեղ կան Փարաջանովի կինոնկարում տեղ չգտած կադրերի նեգատիվները։ Կինոնկարը ցուցադրվել է երևանյան «Ոսկե ծիրան», «Վլադիկավկազ-2006» և «Ռոմասինեմաֆեստ» (հոկտեմբեր, 2006) կինոփառատոներում։

Ներկայացումներ խմբագրել

Կանտատ խմբագրել

1963 թվականին կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հիման վրա գրել է «Սայաթ-Նովա» կանտատը։

Օպերա խմբագրել

1969 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան[23]։ Նույն թվականին բեմադրվել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[24], 1973 թվականին բեմադրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[25]։

Սայաթ-Նովայի մասին խմբագրել

  Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին։  
  Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից։  

Երկեր խմբագրել

  • Սայեաթ-Նօվայ, Մօսկուա, 1852, 172 էջ։
  • Տաղեր, Թիֆլիս, 1914, 120 էջ։
  • Երգեր, Պէյրութ, 1931, 85 էջ։
  • Հայերեն խաղերի լիակատար ժողովածու, Յերևան, 1931, 196 էջ։
  • Տաղեր, Պէյրութ, 1931, 88 էջ։
  • Հայերեն խաղերի լիակատար ժողովածու, Յերևան, 1935, 120 էջ։
  • Տաղեր, Թեհրան, 1943, 196 էջ։
  • Խաղերի ժողովածու, Երևան, 1945, 220 էջ։
  • Երգեր, Երևան, 1946, 60 էջ։
  • Սիրոյ և արդարութեան երգիչ Սայեաթ-Նօվայ, Պէյրութ, 1952, 84 էջ։
  • Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Երևան, 1959, 316 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1963, 88 էջ։
  • Խաղեր, Երևան, 1963, 144 էջ։
  • Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Երևան, 1963, 348 էջ։
  • Երգարան, Պէյրութ, 1966, 176 էջ։
  • Խաղեր, Երևան, 1969, 144 էջ։
  • Սիրոյ և արդարութեան երգիչ Սայեաթ-Նօվայ, Պէյրութ, 1969, 108 էջ։
  • Սայեաթ–Նօվայ 250 (տաղարան), Պէյրութ, 1970, 96 էջ։
  • Հայերեն խաղեր, Երևան, 1984, 244 էջ։
  • Խաղեր, Երևան, 1987, 284 էջ։
  • Խաղեր, Երևան, 1987, 588 էջ։
  • Հայերեն խաղեր, Պէյրութ, 1992, 144 էջ։
  • Խաղեր (լիակատար ժողովածու), Երևան, 2003, 440 էջ։
  • Հայերեն խաղեր, Երևան, 2004, 140 էջ։
  • Դավթար (նմանահանություն), Երևան, 2005, 140 էջ։
  • Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Թբիլիսի, 2005, 192 էջ։
  • Հայերեն և թուրքերեն խաղեր, Երևան, 2006, 224 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 2006, 260 էջ։
  • Խաղեր, Երևան, 2007, 260 էջ։
  • Հայերեն խաղեր, Երևան, 2007, 274 էջ։
  • Խաղեր (ընտրանի), Երևան, 2010, 68 էջ։
  • Վրացերեն և թուրքերեն խաղեր (ընտրանի), Երևան, 2010, 98 էջ։
  • Խաղեր, Թբիլիսի, 2011, 98 էջ։
  • Խաղեր (երգարան), Երևան, 2012, 80 էջ։
  • Հայերեն և թուրքերեն խաղեր, Երևան, 2012, 200 էջ։
  • Հայերեն խաղեր, Երևան, 2013, 268 էջ։
  • Քնարերգություն, Երևան, 2015, 128 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2016, 208 էջ։

Գրականություն խմբագրել

Թարգմանություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Мкрян М. М. Саят-Нова // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 6. — С. 694—695.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Մորուս Հասրաթյան. «Սայաթ-Նովա, կենսագրական ակնարկ». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Поэзия
  7. Древнегрузинская литература (V—XVIII вв.) / Сост. Л. В. Менабде, Под ред. А. А. Гвахария. — Тбилиси: Изд-во Тбилисского ун-та, 1987. — С. 11.:

    По социальному происхождению — крестьянин, армянин по национальности, родился, духовно возмужал и творчески развился в Грузии (Тбилиси); писал стихи и пел на армянском, грузинском и азербайджанском языках.

  8. 8,0 8,1 Мартиросян Е. Литературная энциклопедия. — М.: Худож. лит., 1937. — Т. 10. — С. 579—580.

    Стихи С.-Н. дошли до нас на армянском яз. в количестве 60, на грузинском — 34, на тюркском — 115 (последние пока не опубликованы и хранятся в Азиатском музее в Ленинграде).

  9. Բրիտանիկա

    Most of his extant songs are in Azeri Turkish

  10. Саят-Нова А. / Н. Тагмизян. // Окунев — Симович. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1978. — (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 4).
  11. «Большой Энциклопедический словарь». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  12. Саят Нова Стихотворения: Примечания / Г. А. Татосян. — Л., 1982. — С. 192.

    Наибольшую часть литературного наследия Саят-Новы составляют стихотворения, написанные на азербайджанском языке. Количество их достигает 115 (не считая трёх незавершённых и семи начатых песен). Однако, к сожалению, тексты большинства этих стихотворений все ещё не расшифрованы и не опубликованы на языке оригинала.

  13. Պ․ Հակոբյան. «Հայտնի դեմքեր, Սայաթ-Նովա». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Հենրիկ Բախչինյան. «Սայաթ-Նովա, Կյանքն ու գործը». Լոռվա ձոր. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. 15,0 15,1 «Սայաթ-Նովա». Հայկական սովետական հանրագիտարանից. Vol. 10-րդ հատոր. Հայկական հանրագիտարան. հրատարակչություն. 1984. էջեր 163–165.
  16. «Ավանդական Վարդատոն Թբիլիսիում». armenianchurch.ge. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  17. ««Վարդատոն»-ը կանցկացվի մայիսի 28-ին». panorama.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. «Հերթական Վարդատոնը Թբիլիսիում». grakantert.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. 19,0 19,1 Ռուսլան Թաթոյան. «100 տարի վարդատոն». armlur.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  20. 20,0 20,1 ««Վարդատոն»՝ նվիրված Սայաթ-Նովայի արվեստին». mamul.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. «Սայաթ-Նովա ֆիլմի մասին arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. «The Color of Pomegranates». rottentomatoes.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  23. Голос Армении. Обогащая современный репертуар(չաշխատող հղում), 23 Сентябрь, 2010, No 100 (20033)
  24. «Энциклопедия: А. Арутюнян». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  25. Սայաթ Նովա / Ջ Կուլիևի խմբագրությամբ. — Ադրբեջանական սովետական հանրագիտարան: Ադրբեջանական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1984. — Т. VIII. — С. 259.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սայաթ-Նովա հոդվածին
 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայաթ-Նովա» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայաթ-Նովա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայաթ-Նովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162