Սալմանասար III (մ.թ.ա. 9-րդ դար - մ. թ. ա. 824[1]), Ասորեստանի թագավոր (մ.թ.ա. 859-824)։ Հաջորդել է հորը՝ Աշուրնասիրպալ II-ին (Աշշուրնածիրապալ)։

Սալմանասար III
Ծնվել է՝մ.թ.ա. 9-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 824[1]
ԵրկիրԱսորեստան
գերիշխան
ՀայրԱշուրնասիրպալ II
ՄայրՄուլլիսու-մուքանիշատ-Նինուա
ԵրեխաներՇամաշի Ադադ V

Շարունակել է հոր նվաճողական քաղաքականությունը, կատարել 32 արշավանք։ Արևելքում տիրել է Զամուա երկրին, ավարառության է ենթարկել Պարսուան և Մարաստանը, հարավում իրենից կախման մեջ է գցել Բաբելոնը, գրավել մինչև Պարսից ծոցն ընկած տարածքը, արևմուտքում հաջողությամբ պատերազմել է Փոքր Ասիայի հարավարևելյան և Հյուսիսային Ասորիքի թագավորությունների դեմ, հասել է մինչև Կիլիկիա, իրեն ենթարկել Կարքեմիշը, Հալեպը և Սամալը։ Այնուհետև Սալմանասար III-ն արշավել է Ասորիքի, Պաղեստինի և Փյունիկիայի մանր թագավորությունների հեգեմոն Դամասկոսի վրա։ 853 թվականին և 833 թվականին պարտության է մատնել Դամասկոսի և նրա դաշնակիցների զորքերին, սակայն չի կարողացել իրեն ենթարկել Դամասկոսը։ Իսրայելը, Տյուրոսը և Սիդոնը դարձել են Ասորեստանին հարկատու։ Սալմանասար III իր գահակալման ամբողջ ընթացքում հարկադրված էր պայքարել հյուսիսում՝ ուրարտական ռազմատենչ ցեղերի, նոր կազմավորվող և աստիճանաբար հզորացող Վանի թագավորության դեմ։ Ասորեստանյան զորքերը Սալմանասար III-ի օրոք արշավել են Հայկական լեռնաշխարհ, գրավել են մի շարք քաղաքներ, պատերազմել Վանի արքաներ Արամեի և Սարդուր I-ի դեմ։ Վանի թագավորության աստիճանական ուժեղացումը Ասորեստանին կտրել է Փոքր Ասիայից, Հայկական լեռնաշխարհից և կարևոր հումքի այլ վայրերից, ինչն աստիճանաբար թուլացրել է Ասորեստանը։ Սալմանասար III Ասորեստանի տարածքը բաժանել է 26 նահանգի, որոնք կառավարել են փոխարքաները, ավարտել է դեռևս հոր ժամանակ սկսված զիկկուրատի կառուցումը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալմանասար III» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 119