Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սազ (այլ կիրառումներ)

Սազ, լարային կսմիթային նվագարան։ Տարածված է Կովկասում[1], Մերձավոր Արևելքում։ Գոյություն ունեն սազի մենակատարային, անսամբլային մեծ ու փոքր տեսակներ, որոնք համապատասխանաբար, ունեն տարբեր թվով մետաղե լարեր՝ 4-10[2]: Սազը սիրված նվագարան է հատկապես գուսանների ու աշուղների շրջանում, հնագույն ծագում ունի։ Ըստ երաժիշտ-ֆոլկլորագետ Սպիրիդոն Մելիքյանի՝ «տնետուն ման եկող աշուղները սազով ու թամբուրով փառաբանում էին իրենց նախնյաց հերոսներին[3]։ Աշուղական սազը սեփական երգին նվագակցող նվագարան է, որտեղ երգը բնորոշվում է ազատ հանկարծաբանական (իմպրովիզացիոն) ոճով, իսկ սազի նվագակցությունը՝ մեղեդիական զարգացման հարուստ զարդախաղերով։ Տանձաձև իրանը (թթենուց կամ ընկուզենուց) ծածկված է բարակ կափարիչով, որի վրա կան ձայնադարձիչ անցքեր, կոթին զետեղված են փարդաներ։ Լարերը մետաղյա՝ բաժանված են 3 կամ 4 երկանդամ կամ եռանդամ ունիսոն խմբերի։ Առաջին խումբը մեղեդիական նշանակում ունի, 2-րդը՝ ձայնառության, 3-րդը՝ լրացուցիչ ներդաշնակային, մասամբ էլ մեղեդիական։ Լարվածքը սովորաբար կվարտա-կվինտային է, փարդաների օգնությամբ ստացվող հնչյունաշարը, որպես կանոն, դիատոնիկ։ Նվագում են ոսկրյա կամ եղջյուրյա կնտնտոցով՝ հարվածելով բոլոր լարերին միաժամանակ, ուստի մեղեդին շարունակ ուղեկցվում է ներդաշնակային գունեղ ֆոնով։ Տեմբրը զնգուն է, բայց փափուկ։ Հայաստանում սազն առավելապես աշուղական նվագարան է, իր երգեցողությանը սազով է նվագակցել, օրինակ Շիրինը։ 1925 թվականին Վ․ Բանին իր Արևելյան սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել էր սազերի ընտանիք՝ ջուռա, չոնգուր, սազ-բարիտոն և բաս (ներկայումս գործածական չէ)։ Սազերի ունիսոն խումբը կիրառվել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայկական ժողովրդական երգի ու պարի պետական անսամբլում (մինչև 1957 թվականը)։ Սազը հիշատակված է «Սասունցի Դավիթ» էպոսում։

Սազ
Որակավորումnecked bowl lutes sounded by plectrum?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.321-6 և 321.321
Ձայնանմուշ

Հայկական սազն ունի 10-13 լադ և 6-8 լար[4]

Սազի ձայնը մաքուր է ու զրնգուն, սակայն մեղմ ու թույլ, ուստիև ժամանակակից անսամբլներում այդ նվագարանը փոխարինվել է առավել հնչեղ քանոնով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «САЗ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  2. «GRENADA GROUP - Новости». grenada.al.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  3. Հայ ժողովրդական նվագարաններ. Երևան: «Կոմիտաս». 2008. ISBN 978-99941-853-2-0.
  4. Славянский музыкальный фольклор //Ленинградский государственный институт театра, музыки и кинематографии // «Музыка», 1972 г. — стр. 103(143)

    У армянского саза 10 - 13 ладов и 6 - 8 струн, также расположенных по группам, но с разным числом хоров в группе, и секундо- во-квартовый строй («зеркальный» по отношению к азербайджанскому сазу)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 111