Ռոքֆելերի հնագիտական թանգարան (անգլ.՝ Rockefeller Museum; եբրայերեն՝ מוזיאון רוקפלר‎), նախկինում՝ Պաղեստինի հնագիտական թանգարան[2], գտնվում է Արևելյան Երուսաղեմում՝ Հիրոդի դարպասների դիմաց[3]։ Թանգարանում ներկայացված է ցուցանմուշների մեծ հավաքածու, որը հայտնաբերվել է 1920-1930-ական թվականներին նախամանդատյան Պաղեստինում իրականացված պեղումների ժամանակ։

Ռոքֆելերի թանգարան
Տեսակթանգարան և հնագիտական թանգարան
ԵրկիրԻսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
ՎայրԻսրայել, Երուսաղեմ, Սուլթան Սուլեյման 27
ՀասցեSultan Suleiman Street 27, Jerusalem, Israel[1]
Հիմնադրվել էհունիսի 19, 1930
ԿայքՌոքֆելերի հնագիտական թանգարան
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը համարվում է Իսրայելի թանգարանի մասը և գտնվում վերջինիս տնօրինության տակ[4]։

Պատմություն խմբագրել

 
Պաղեստինի հնագիտական թանգարանի հիմքի անկյունաքարի տեղադրման արարողությունը

Նախքան Ռոքֆելերի թանգարանի ստեղծումը հնությունների դեպարտամենտը և Բրիտանական մանդատի հնագիտության բրիտանական դպրոցը տեղակայված էին Երուսաղեմում ՝ փոքրիկ ցուցասրահով հին շինության մեջ։ Այդ ժամանակ հնագիտական միակ թանգարանը կառուցվել էր 1902 թվականին՝ Ֆրանցիսկանյան բիբլիական թանգարանը[5]։

 
Ռոքֆելերի թանգարան, ներքին բակ

1906 թվականին Հրեական ազգային ֆոնդը սկսեց հողակտոր ձեռք բերելու բանակցություններ վարել Բեցալելի ակադեմիայի շինարարության նպատակով։ Դպրոցի հիմնադիր Բորիս Շացը գծագրեց թանգարան և համալսարան, որոնց տարածքից պետք է տեսարան բացվեր դեպի Եկեղեցական լեռ (ռուս.՝ Храмовая гора)[6]։ 1919 թվականին Պատրիկ Հեդդեսը, ով պատասխանատու էր քաղաքային նախագծման համար, առաջարկեց այդ տարածքում հիմնադրել հնությունների թանգարան։ Նախագծին աջակցելու նպատակով 1924 թվականին Բրիտանական մանդատի իշխանությունները իրականացրին տուրիստական հատուկ հարկ[5]։

 
Էրիկ Ջիլի տասնյակ հարթաքանդակներից մեկը թանգարանի ներքին բակում

Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Ջեյմս Հենրի Բրեստեդը, 1925 թվականին այցելելով Պաղեստին, որոշեց, որ Երուսաղեմին անհրաժեշտ է հնագիտական թանգարան տեղական կարևոր գտածոների համար[7]։ Ոգեշնչվելով Պաղեստինի գերագույն կոմիսար լորդ Պլյումերով՝ Բրեստեդը դիմեց ամերիկյան բարերար Ջոն Դևիսոն Ռոքֆելերին (Կրտսեր), ով համաձայնեց ծրագրին նվիրաբերել երկու միլիոն դոլլար։ Ավելի վաղ Կահիրեում հնագիտական թանգարան կառուցելու Ռոքֆելերի առաջարկը մերժվել էր։

Թանգարանի նախագիծը մշակվել է Օսթին Հարիսոնի կողմից (Բրիտանական մանդատի Հասարակական աշխատանքների դեպարտամենտի գլխավոր ճարտարապետ)։ Նա կառույցի գծանկարները նախագծել է սպիտակ կրաքարից՝ ինտեգրելով արևելյան և արևմտյան ճարտարապետական տարրերը[6][8]։

Նոր թանգարանի հիմնաքարը տեղադրվել է 1930 թվականի հունիսի 19-ին, սակայն նրա կառուցումը հետաձգվել է՝ պայմանավորված շինարարության վայրում մ․թ․ա․ 5-րդ դարի թվագրմամբ գերեզմանի հայտնաբերմամբ[9]։ Բացումը հանրության համար կայացավ միայն յոթ տարի անց՝ 1938 թվականի հունվարի 13-ին։ Պաշտոնապես այն կոչվել է Պաղեստինի հնագիտական թանգարան, սակայն այդ ժամանակ հայտնի էր նաև որպես Ռոքֆելերի թանգարան[10]։

Թանգարանի գլխավոր մուտքի մոտ տեղադրված է քարե հարթաքանդակ, որը պատկերում է Ասիայի և Աֆրիկայի հանդիպումը։ Կա նաև տարբեր մշակույթներ ներկայացնող քարե տասը հարթաքանդակ, ինչպես նաև քանդակներով շատրվան՝ փորագրված բրիտանացի քանդակագործ Էրիկ Ջիլի կողմից 1934 թվականին[11]։ Ջիլը ամբողջ թանգարանի տարածքում ստեղծել է նաև անգլերեն, իվրիտ և արաբերեն քարե ցուցանակներ։

Հետագա ընթացք խմբագրել

Մինչև Բրիտանական մանդատի գործունեության վերջին օրերը թանգարանը գտնվում էր Պաղեստինի բրիտանական կառավարության տնօրինության տակ[12]։

 
Ներքին բակը աշտարակի տեսարանով

1948 թվականի ապրիլին գերագույն կոմիսարը թանգարանի ղեկավարման նպատակով հրավիրեց հոգաբարձուների միջազգային խորհուրդ։ Այն կազմված էր տասներկու անդամից․ Գերագույն կոմիսարի երկու ներկայացուցիչ, մեկը՝ Բրիտանական ակադեմիայից, մեկը՝ Բրիտանական թանգարանից, մեկը՝ Ֆրանսիայի ազգային ակադեմիայից, մեկը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից, երկուսը՝ եգիպտական, սիրիական, լիբանանյան, իրաքյան կամ տրանսիորդանիական կառավարությունների հնությունների բաժնից, մեկը՝ Երուսաղեմի հրեական համալսարանից, մեկը՝ Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայից, մեկը՝ հնագիտության ամերիկյան ինստիտուտից, մեկը՝ Երուսաղեմի արևելյան հետազոտությունների ամերիկյան դպրոցից[12][13]։

Արաբա-իսրայելական պատերազմից հետո թանգարանը դարձավ հնությունների հորդանանյան բաժանմունքի շտաբի ֆիլիալ, որը մինչև 1956 թվականը տնօրինել է Ջերալդ Լանկաստեր Հարդինգը[14]։ Մինչև 1966 թվականը թանգարանը գտնվում էր միջազգային հոգաբարձուների խորհրդի տնօրինության տակ[9]։ Յոթ ամիս անց, երբ 1967 թվականին սկսվեց վեցօրյա պատերազմը, թանգարանը հափշտակվեց իսրայելական պարաշյուտիստների խմբի կողմից[9]։ Նրա ութանկյուն աշտարակն օգտագործվում էր որպես դիտակետ։ Այստեղ կատաղի մարտեր էին տեղի ունենում իսրայելական և հորդանանյան ուժերի միջև, որոնք ավարտվեցին իսրայելական բանակի հաղթանակով։ Դրանից հետո թանգարանը պաշտոնապես վերանվանվեց Ռոքֆելերի թանգարան[15]։ 1967 թվականից թանգարանը ղեկավարում է Իսրայելի թանգարանը Իսրայելի հնությունների և թանգարանների բաժնի հետ համատեղ (ավելի ուշ վերանվանվել է Իսրայելի հնությունների վարչություն)։

Հավաքածուներ խմբագրել

 
Վիմագրական խճանկար Էյն֊Գեդի սինագոգից

Թանգարանի առաջին պահպանողը եղել է Ջոն Իլայֆը[16], ով ցուցանմուշները դասակարգել է ժամանակագրական հաջորդականությամբ՝ սկսած երկու միլիոն տարվա նմուշներից մինչև 1700 թվականը։ Թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից են 8-րդ դարի Ալ֊Ակս մզկիթի փայտյա պանելները։ Հավաքածուի մեջ մեծ թիվ են կազմում 1920-1930-ական թվականների գտածոները[17]։ Ցուցահանդեսում ներկայացված են ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են Երուսաղեմում, Մեհիդոյում, Աշկելոնում, Լախիշում և Սամարիայում։ Լախիշյան նամակներից մեկը մտնում է թանգարանի մշտական ցուցադրության մեջ[18]։

Թալմուդյան դարաշրջանի ցուցադրությունում ներկայացված է 6-րդ դարի խճանկարե հատակ, որը հայտնաբերվել է Էյն֊Գեդի հնագույն սինագոգում։ Դրա վրա հրեա֊արամեերենով գրված է անեծք, որը հայտնում է․

  «Անիծված են բոլոր նրանք, ովքեր արհամարհում են իրենց ընտանիքը, հարուցում են կոնֆլիկտ, գողանում են, զրպարտում են իրենց ընկերներին կամ բացահայտում են Էյն֊Գեդի բալզամի պատրաստման գաղտնիքը»[19][20]։  

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2000 թվականին ուժեղ ձնաբքի արդյունքում տապալվել է թանգարանի հետևի բակում գտնվող, Իսրայելի ամենահին սոճիներից մեկը (շուրջ 300 տարի)։ Համաձայն լեգենդի՝ այն վայրում, որտեղ աճել էր այդ սոճին, մ․թ․ա․ 6-րդ դարում ապրող Եզդրան «նստել և գրել է Թորան Իսրայելի համար»[21]։ Կոճղը մինչ այսօր գտնվում է թանգարանի հետևում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imj.org.il/en/wings/archaeology/rockefeller-archaeological-museum
  2. Baruch, Yuval; Rachel Kudish-Vashdi. «Historic Background». Rockefeller Museum - The Museum and its Exhibitions. Israel Antiquities Authority. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  3. «Rockefeller Archaeological Museum». The Israel Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  4. The Rockefeller Museum, Haaretz
  5. 5,0 5,1 Rockefeller Museum: Historic Background
  6. 6,0 6,1 West Meets East: The Story of Rockefeller Museum
  7. Israel Antiquities Authority: Rockefeller Museum
  8. Kletter, Raz. «The Friends of Antiquities: The story of an Israeli volunteer group and comparative remarks». Journal of Hebrew Scriptures. 8. Article 2.
  9. 9,0 9,1 9,2 «In Jerusalem, a Museum's Treasures Go Unseen». New York Times. 1990 թ․ սեպտեմբերի 27.
  10. Raz Kletter. «The Friends of Antiquities: The story of an israeli volunteer group and comparative remarks». Journal of Hebrew Scriptures. 8. Article 2.
  11. «Eric Gill, 1882–1940». East Meets West: The Story of the Rockefeller Museum. Israel Museum. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  12. 12,0 12,1 «Board of Trustees for Museum». Palestine Post. 1948 թ․ ապրիլի 22. էջ 3.
  13. Rockefeller Museum, Israel Antiquities Authority
  14. Silberman Neil Asher. Structuring the Past // The archaeology of Israel: constructing the past, interpreting the present / Neil Asher Silberman, David B. Small. — Sheffield Academic Press, 1997. — P. 72.
  15. Kimberly Katz (2005). Jordanian Jerusalem: Holy Places and National Spaces. University Press of Florida. էջ 134.
  16. «J H Iliffe Collection» (PDF). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  17. In Jerusalem, a Museum’s Treasures Go Unseen
  18. «Lakhish Ostraca, c. 587 BCE». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  19. «A glimpse into history». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  20. Гилеадский бальзам Эйн-Геди
  21. Zev Vilnay (1973 թ․ մայիս). Legends of Jerusalem. Jewish Publication Society of America. էջ 224. ISBN 978-0-8276-0004-1. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Memoirs, David Rockefeller, New York: Random House, 2002.

Արտաքին հղումներ խմբագրել