Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)

Ռուս-պարսկական պատերազմ, 1826-1828 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն պատմական Հայաստանի արևելյան գավառներում [Ն 1]՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Իրանի միջև[3]։

Ռուս-պարսկական պատերազմ
1826-1828
Ռուս-պարսկական պատերազմներ

Թվական 1826-1828
Վայր պատմական Հայաստանի արևելյան գավառներ
Պատճառ Հարավային Կովկասի տարածքների մեծ մասի միացում Ռուսաստանին[1]
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Պարսկաստանը Ռուսական կայսրությանը զիջեց ժամանակակից Հայաստանի մեծ մասը, ինչպես նաև Ադրբեջանի մի մասը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները[2]
Հակառակորդներ
ԻրանԻրան Ռուսական կայսրությունՌուսաստան
Հրամանատարներ
ԻրանՖաթհ-Ալի շահ
ԻրանԱբբաս Միրզա
ԻրանՀասան խան
Ռուսական կայսրությունԱլեքսեյ Երմոլով
Ռուսական կայսրությունՎալերիան Մադաթով
Ռուսական կայսրությունԻվան Պասկևիչ
Կողմերի ուժեր
60,000 34,000
Ռազմական կորուստներ
ծանր թեթև

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի[4]։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։ Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ[5]։ Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը[6]։ Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները[7]։

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի[8]։ Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից[9]։

Նախադրյալներ խմբագրել

Հիմնադրման պահից սկսած՝ շահական Պարսկաստանը Սեֆյանների, Աֆշարիների և Զանդերի օրոք տիրում էր Կովկասի և Հայկական լեռնաշխարհի արևելյան գավառներին։ Օսմանյան կայսրության դեմ մղված որոշ պատերազմներում (1578-1590, 1723-1727) կորցնելով դրանք՝ պուպուլները վերանվաճում էին որոշ ժամանակ անց[10]։ Ռուսների դեմ պատերազմներում Ղաջարիները կորցրածը ետ բերելու ճանապարհին ավելին էին զիջում. այդպես եղավ 1796 թվականի պարսկական արշավանքի և 1804-1813 թվականների պատերազմի հետևանքով։ Այս անգամ ևս Պարսկաստանը չէր հաշտվում իր տարածքների կորստի իրողության հետ, ժամանակ էր շահում՝ նոր և վերջնական հարձակման համար։ Պարսիկներին առանձնապես արբեցրել էր իրենց հաղթանակը Օսմանյան կայսրության դեմ 1821-1823 թվականների պատերազմում[11]։

Ռուս-պարսկական նոր պատերազմում մեծապես շահագրգռված էր Անգլիան, որը փորձում էր իր ձեռքում կենտրոնացնել Մերձավոր Արևելքի առևտուրը։ Անգլիացիներն առանձնապես հետաքրքրված էր ամբողջ Հնդկաստանի, հարավային Իրանի ու Պարսից ծոցի առևտրով, իսկ հետագայում նաև՝ գրավմամբ[12]։ Այս առթիվ նրանք չեզոքացրել էին Նիդերլանդներին՝ 1814 թվականին պայմանագիր կնքելով Լոնդոնում, ապա նաև Ֆրանսիային՝ 1815 թվականի Փարիզի հաշտությամբ։ 1814 թվականի նոյեմբերի 25-ին Թեհրանում կնքված պայմանագրի առաջին կետով Իրանը պարտավորվում Էր դադարեցնել հարաբերությունները այն բոլոր եվրոպական տերությունների հետ, որոնք գտնվում Էին Անգլիայի հետ թշնամական հարաբերությունների մեջ[13]։

 
Շամքորի ճակատամարտ

Անգլիայի կողմից Ռուսաստանի առաջխաղացումը կասեցնելու հերթական փորձը կատարվել էր 1826 թվականին, երբ դեսպան Վելինգտոնի և Նիկոլայ կայսեր միջև ստորագրվել էր Սանկտ Պետերբուրգի արձանագրությունը։ Նրանում նշվում էր, որ Հունաստանի անկախության պատերազմին միջամտելու դեպքում անգամ Ռուսաստանը կհարգի այդ երկրի անկախության իրավունքը և տարածքային պահանջներ չի ներկայացնի նրան[14]։

Դեկաբրիստների ապստամբությունից հետո անգլիական գործակալները Թեհրանի արքունիքում լուրեր էին տարածում, թե իբր Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և երկրում խառնաշփոթ իրավիճակ է։ Ռազմատենչ Աբբաս Միրզան ևս, անգլիացիների հետ համագործակցելով, Ֆաթհ-Ալի շահին համոզում է, որ զորքն ապստամբել է և չի ենթարկվում թագավորին։ Ըստ այդմ, եկել է ամենահարմար ժամանակը ռուսներին վտարելու և կորցրածը հետ վերադարձնելու համար։ Այդ տարածքների իսլամադավան ցեղերը ևս կարող էին օժանդակել Ղաջարիներին։ Իր հերթին Ռուսական կայսրությունը ջանում էր ամրապնդել իր տիրապետությունը Հայաստանում, ուստի այստեղ էր ուղարկում համապատասխան մասնագետներ[15]։ Բացի այդ, Ռոմանովները մտադիր էին շարունակել հաղթարշավը և նոր տարածքներ գրավել միջնադարի թուլացած կայսրություններից։ Այդ հարցում նրան քաղաքական և ռազմական որոշակի օժանդակություն էին մատուցում Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի ու Նոր Նախիջևանի հայերը[16]։

Ռազմական գործողություններ խմբագրել

1826 թվականի հուլիսին Իրանի գահաժառանգ Աբբաս Միրզան 60 հազարանոց բանակով մտավ Ռուսաստանի տարածք՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը։ Նա բանակը բաժանեց երկու մասի, որոնցից մեկը Հասան խանի գլխավորությամբ արշավեց Շիրակի ուղղությամբ, իսկ մյուսը Աբբաս Միրզայի գլխավորությամբ մտավ Արցախ։ Աբբաս Միրզայի դեմ դուրս եկան ռուսական բանակի շուրջ 1000 զինվոր։ Նրանց պարտականությունը՝ պարսկանան բանակի առաջխաղացման դանդաղեցումն էր, սակայն նրանք շրջափակվեցին ու պարսիկների կողմից սուտ խոստումներին հավատալով սպանվեցին։ 1826 թվականի հուլիսի 25-ին Աբբաս Միրզան, շուրջ 50 հազարանոց բանակով շրջափակեց Շուշիի բերդը։ Պարսիկների հարձակման ժամանակ այստեղ գտնվում էր ընդամենը 6 վաշտ՝ լեհ գնդապետ Իոսիֆ Ռեուտի գլխավորությամբ, որը տեղաբաշխված էր Չանախչի (Ավետարանոց) գյուղում։ Փոքրաթիվ այս զորամասին օգնելու նպատակով Գորիսում գտնվող փոխգնդապետ Նազիմկայի հրամանատարության տակ եղած մոտավորապես 1000 հոգանոց զորամասը հրաման է ստանում՝ միանալ գնդապետ Ռեուտի 42-րդ եգերական գնդին։ Այն պաշտպանում էին 3000 զինվոր (մեծ մասը հայեր)[17]։ Պարսկական ևս երկու զորագունդ շարժվում են Լոռու և Թալիշի ուղղությամբ. կարճ ժամանակ անց հետ է գրավվում Թալիշի խանությունը։

 
Ռուսական ղեկավարության հրամանը՝ Թիֆլիսից

Աբբաս Միրզան, տեսնելով, որ պաշարումը ձգձվում է, իր որդի՝ Մահմադ Միրզային, 12 հազարանոց բանակով ուղարկում է հյուսիս, որտեղ առանց դժվարությամբ Մեհմեդը գրավում է Ելիզավետպոլը ու շարժվում առաջ։ Այդ ժամանակ Ալեքսեյ Երմոլովը հայազգի Մադաթովին հանձնարարում է ամեն կերպ կասեցնել Մահմադի առաջխաղացումը՝ մինչև ռուսական հիմնական զորքերի հասնելը։ Մադաթովը իր 2 հազարանոց բանակով որոշում է թշնամուն ընդառաջ գնալ։ Երկու բանակները ճամբար են դնում Շամքոր գետի ափին։ Իմանալով որ գիշերը պարսիկները հարձակվելու են՝ Մադաթովը նախահարձակ է լինում ու առաջին ընդհարման ժամանակ քշում իրենից հնգապատիկ ավել բանակին։ Իրանական բանակը նահանջում է Շամքոր գետի աջ ափը ու բանակում այնտեղ։

Շամքորի և Ելիզավետպոլի ճակատամարտեր խմբագրել

1826 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի է ունենում Շամքոր գետի ճակատամարտը՝ ռուսական 2 հազարանոց ու պարսկական 10 հազարանոց զորքերի միջև։ Ռուսական բանակը, հայազգի գեներալ Վալերիան Մադաթովի գլխավորությամբ, նախահարձակ է լինում։ Պարսից զորքը, չնայած խուճապին, դիմադրում էին ռուսական բանակի գրոհներին։ Նրանք նահանջեցին այն ժամանակ, երբ Մադաթովը առաջ քաշել տվեց գումարտակը, որն իր շարժվելու արդյունքում փոշի բարձրացրեց երկինք։ Պարսիկները հեռվից տեսնելով մտածեցին, թե դա հսկայական բանակ է, որն օգնության է հասել Մադաթովին՝ անկանոն նահանջեցին։ Այս ճակատամարտը ստիպեց Աբբաս Միրզային թողնել Շուշիի պաշարումը ու գնալ Մադաթովին ընդառաջ։

Չնայած որ ճակատի հրամանատար Ալեքսեյ Երմոլովը Մադաթովին հրամայել էր դիրքերը պահել մինչև հիմնական բանակի ժամանումը՝ Մադաթովը որոշեց առաջ շարժվել։ Նա առանց դիմադրության հետ գրավեց Ելիզավետպոլը։ Սեպտեմբերի 11-ին Իվան Պասկևիչը ժամանեց ռազմաճակատ ու փոխարինեց Երմոլովին։ Պատերազմի այդ ճակատում ուժերի հարաբերակցությունը փոխվեց։ Ռուսական բանակի թիվը այդտեղ հասավ 8 հազարի, իսկ պարսկականինը նվազեց 35 հազար զինվորի։ Պասկևիչը սկզբում ուզում էր խուսափել բաց ճակատամարտից, բայց Մադաթովը նրան կարողացավ համոզել, որ այդ քայլի դեպքում պարսկական բանակի մարտունակությունը կբարձրանա։ Ճակատամարտի նախորդ օրը՝ սեպտեմբերի 13-ի գիշերը, Մադաթովին ներկայացան երկու հայ զինվորներ, որոնք ծառայում էին Աբբաս Միրզայի բանակում, ու հայտնեցին որ Աբբաս Միրզայի բանակը արդեն դուրս է եկել մթության քողի տակ ու շարժվում է առաջ՝ առավոտյան ճակատամարտը սկսելու համար։

 
Ելիզավետպոլի ճակատամարտ

Սեմպտեմբերի 14-ին պարսկական բանակը, կիսաշրջանաձև դասավորվելով, անցավ գրոհի։ Նրանց նպատակն էր՝ թվական առավելությունը օգտագործելով շրջափակել թշնամուն։ Մադաթովն օգտագործում է մարտունակության առավելությունը, թշնամուն թույլ տալիս առաջանալ, իսկ երբ զորքերի միջև հեռավորությունը հասավ ընդամենը 100 քայլի, Մադաթովը հրամայեց հարձակվել թշնամու վրա ու կատաղի կռիվ տալ։ Մարտունակության առավելությունը ճիշտ օգտագործելով՝ ռուսական զորքը հաղթեց ճակատամարտը։ Ճակատամարտից հետո ռուսական բանակը սկսեց հետապնդել պարսիկներին։

Այս ճակատամարտերից հետո Աբբաս Միրզան նահանջեց Արաքսի հարավային ափը։ Դրանով ավարտվեց նաև Շուշիի հերոսական պաշտպանությունը, որը տևել էր 48 օր։ Այն կարևոր նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի հետագա ամբողջ ընթացքի վրա՝ ձախողելով թշնամու՝ Թիֆլիսի վրա հարձակվելու ռազմական ծրագրերը[18]։ 1827 թվականի հունվար-փետրվարին ռուսական բանակի մի մասը զբաղված էր Արաքս գետից Արցախ ներխուժած տարբեր ցեղերի դեմ պայքարելով և Արցախը նրանցից մաքրելով[19]։

Նախիջևանի ու Երևանի գրավում խմբագրել

1827 թվականի գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին։ Մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը, իսկ մայիսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 հոգի[20]։ Նույն ժամանակ ռուսական զորքերը կենտրոնացվեցին Երևանի Հասան խանի զորքի դեմ։ Ապրիլի սկզբին ռուսական բանակի զորամասերը մտան Երևանի խանության տարածք, գրավեցին Էջմիածինը և մոտեցան Երևանի բերդի մատույցներին։ Հունիսի 15-ին Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան՝ գեներալ Աֆանասի Կրասովսկու գլխավորությամբ։ Վերջինս մասնակցել էր Ֆրանսիայի դեմ մղվող ռուս-ավստրիական պատերազմին, Օսմանյան կայսրության դեմ մղվող 1806-1812 թվականների, ինչպես նաև 1812 թվականի հայրենական պատերազմներին։ Արարատյան դաշտի խիստ շոգ կլիմային ոչ սովոր ռուսները վարակվեցին տենդերով և դիզենտերիայով, և մարտունակ զինվորների քանակը իջավ 4000-ի։ Ռուսներն առժամանակ դադարեցրին պաշարումը և բարձրացան Արագած լեռ՝ Էջմիածնում թողնելով Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ, և 700 հիվանդ զինվոր։

 
Օշականի ճակատամարտ

Մեկ այլ զորամաս մտել էր Նախիջևանի խանություն. քաղաքը հանձնվեց կարճ ժամանակ անց։ Դրանից ոչ հեռու գտնվող Աբբասաբադ ամրոցը շարունակում էր դիմադրել։ Պաշարումը տևեց մեկ շաբաթ՝ հուլիսի 1-7-ը։ Այդ ընթացքում ռուսները կասեցրին Աբբաս Միրզայի՝ օգնական զորքերի ժամանումը։ Ռուսների հաղթանակի պատճառներից մեկը Նախիջևանի Էհսան խանի դավաճանությունն էր պարսկական զորքին[21]։ Երևանի խանությունն, այսպիսով, պաշարված էր երեք կողմից. Պարսկաստանին կապող միակ ճանապարհն անցնում էր Մակուի և Իգդիրի միջոցով։

Աբբաս Միրզան անցնում է հակահարձակման. օգոստոսին պարսկական 9 հազարանոց հետևակը և 21 հազարանոց հեծելազորը[22], որը զինված էր 24 թնդանոթով, մոտենում է Էջմիածնի մատույցներին, երբ ռուս զինվորները հանգստանում էին Արագած լեռան լանջերին։ Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ։ Նրանց դեմ կանգնած էր ռուսական 3 հազարանոց ջոկատը, հայ և վրացի կամավորներ, որոնք միասին ունեին 12 թնդանոթ[23]։ Պարսիկները ճակատամարտում պարտություն կրեցին, և դրա հետևանքով ռուսները ոչ միայն չհանձնեցին Էջմիածինը, այլև գրավեցին Սարդարապատը, ևս մեկ անգամ մոտենալով Երևանին։ Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ։ Հասկանալով, որ սա լինելու է վերջին ճակատամարտը Հայաստանում՝ պարսիկները չհանձնեցին բերդը[24]։

 
Երևանի բերդի գրավում

Սեպտեմբերի վերջին գեներալ Պասկևիչը հրամայում է գրոհել[Ն 2]: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը. հոկտեմբերի 1-ին պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում ընկնում է։ Գերեվարվում են 3000 զինվոր, 100 թնդանոթ, զենք ու զինամթերք։ Երևանի վերջին՝ Հասան խան Ղաջարը գերեվարվածների թվում էր։ Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը։ Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով։ Դա իսկական տոնախմբություն էր ժամանակի հայության համար։ Ռուսական զորքերը շարունակում են հաղթարշավը և շարժվում Թավրիզի ուղղությամբ[25]։ Վերջինս Ղաջարական Պարսկաստանի երկրորդ խոշոր քաղաքն էր, առևտրական կարևորագույն հանգույց[26]։ Վրացի գեներալ Գեորգի Էրիսթավի առաջապահ ջոկատը մտավ Մակուի խանություն, ապա հոկտեմբերի 3-ին գրավել է Մարանդը, որն ընկած էր Մակու-Թավրիզ ճանապարհի կենտրոնում։ Տասը օր անց նույն ջոկատը մտավ Թավրիզը, իսկ գլխավոր ուժերն այստեղ հասան հոկտեմբերի 19-ին։ Քաղաքի կայազորը փախուստի մատնվեց, և 60.000 բնակիչ ունեցող քաղաքը առանց դիմադրության հանձնվեց։ Պարսիկները չէին շտապում հաշտություն խնդրել, ուստի ռուսները գրավեցին Խոյի խանությունը՝ Սալմաստ և Խոյ հինավուրց բնակավայրերը, ինչպես նաև Ուրմիայի խանությունը՝ համանուն կենտրոնով։ Այստեղ նրանց աջակցում էին ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլև ասորիները։

 
Թուրքմենչայի պայմանագրի կնքում

1828 թվականի Փետրվարի 10-ին կնքվեց Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը՝ Ռուսաստանի և Իրանի միջև[27]։ Պայմանագրով Ռուսաստանին անցան Երևանի ու Նախիջևանի խանությունները, և Իրանը Ռուսաստանին վճարեց 20 միլիոն ռուբլի ռազմատուգանք[28]։ Այս պատերազմից հետո Ռուսաստանը սկսում է կապիտալ ներդրումներ կատարել Պարսկաստանում, որով ոչ միայն այդ երկրի հյուսիսը, այլև Կասպից ծովը վերցնելով իր ազդեցության տակ։

Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից. շահ Աբբասի կազմակերպած հայերի բռնագաղթից երկու դար անց Արևելյան Հայաստանում հայ բնակչության թիվը հասնում էր 35 հազարի, իսկ իսլամադավան բնակչությունը հայերին կրկնակի գերազանցում էր։ Ալեքսանդր Գրիբոյեդովը և Ներսես Աշտարակեցին կազմակերպեցին 40-42 հազար հայերի ներգաղթը նորաստեղծ Հայկական մարզ։ Փոխարենը այստեղից հեռացան հազարավոր մուսուլմաններ։ Ժողովրդագրական կազմը ավելի փոխվեց հօգուտ հայերի, երբ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանից Ջավախք, Շիրակ ու Սևանի ավազան եկան ևս 80 հազար հայեր։ Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման կենտրոն։

Հիշողություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 19-րդ դարի սկզբին Հայաստանը շարունակում էր բաժանված մնալ սուլթանական Թուրքիայի և շահական Պարսկաստանի միջև։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո պատմական նահանգներից Ուտիքը, Արցախը, Գուգարքը, Փայտակարանը, ինչպես նաև՝ Սյունիքի մի մասը, անցան Ռուսական կայսրությանը։ 1826 թվականին, ձգտելով հետ նվաճել վերը թվարկած նահանգները՝ պարսիկները հարձակվում են խախտում են Ռուսաստանի սահմանը։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում նախ ռուսահպատակ գավառներում, ապա տեղափոխվում են Սյունիք, Այրարատ, Վասպուրականի արևելք և Պարսկահայք՝ այդպիսով ընդգրկելով ամբողջ Արևելյան Հայաստանը։ Պատերազմի ավարտին ռուսները պարսիկներին հետ են վերադարձնում Պարսկահայքն ու Վասպուրականի արևելքը։
  2. Մինչ այդ ռուսները կատարել էին Երևանի գրավման ևս երկու փորձ՝ ռուս-պարսկական նախորդ պատերազմի ընթացքում։ Առաջին անգամ նրանք գրոհեցին 1804 թվականի հուլիսին, երբ գրավել էին Շիրակը։ Բերդը համառ դիմադրություն ցույց տվեց այն պաշարած գեներալ Պավել Ցիցիանովին։ Երկրորդ անգամ ռուսներն արշավեցին 1808 թվականի հոկտեմբերին՝ գեներալ Իվան Գուդովիչի գլխավորությամբ, և բերդը պաշարեցին հաջորդ ամսին, բայց դարձյալ ապարդյուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Swietochowski, Tadeusz (1995). Russia and Azerbaijan: A Borderland in Transition. Columbia University Press. pp. 69, 133. ISBN 978-0-231-07068-3.
  2. Fisher, William Bayne; Avery, P.; Hambly, G. R. G; Melville, C. (1991). The Cambridge History of Iran. 7. Cambridge: Cambridge University Press. ISBN 0521200954.
  3. Zirisnky, M. “Reza Shah’s abrogation of capitulation, 1927-1928” in The Making of Modern Iran: State and Society Under Riza Shah 1921-1941. Stephanie Cronin (ed.) London: Routledge, 2003, p. 81: “The context of this regime capitulations, of course, is that by the end of the reign of Fath Ali Shah (1798-1834), Iran could no longer defend its independence against the west... For Iran this was a time of weakness, humiliation and soul-searching as Iranians sought to assert their dignity against overwhelming pressure from the expansionist west."
  4. Հայկական հանրագիտարան, Ռուս պարսկական պատերազմներ Արխիվացված 2020-06-18 Wayback Machine
  5. Nikolai N. Bolkhovitinov. The Declaration of Independence: A View from Russia The Journal of American History. Vol. 85, No. 4 (Mar., 1999), pp. 1389–1398
  6. Lualdi, Katherine J. Sources of The Making of the West, Volume II: Since 1500: Peoples and Cultures. Macmillan. p. 143. ISBN 9780312576127.
  7. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
  8. کیوان حسینی (۱۲ آذر ۱۳۹۴). «تغییر نام شمال ارس به «آذربایجان» و روایت جدایی از نگاه آن‌ها». رادیو فردا. دریافت‌شده در ۱۳۹۴/۰۹/۲۱. تاریخ وارد شده در |تاریخ بازبینی= را بررسی کنید (کمک)
  9. Alexander Mikaberidze. Historical Dictionary of Georgia. Rowman & Littlefield, 2015, p. 664. ISBN 978-1442241466
  10. Tucker, Spencer C. A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East [6 volumes]: From the Ancient World to the Modern Middle East. ABC-CLIO. p. 729. ISBN 978-1851096725. Pursued by the Turks, Tahmasp is decisively defeated in the second Battle of Hamadan. In order to prevent a general Turkish invasion, he agrees to cede the territory conquered by Nadir in 1730 and recognizes all Turkish acquisitions
  11. ناسخ‌ التواریخ، محمدتقی لسان‌الملک سپهر
  12. Մկրտումյան Լ.Ա., Անգլո-ռուսական մրցակցությունը և թուրք-պարսկական վերջին՝ 1821-1823 թթ. պատերազմը Արխիվացված 2019-11-01 Wayback Machine
  13. Րաֆֆի Գևորգյան, 19-րդ դարի սկզբի անգլո-իրանական պայմանագրերի հակառուսական բնույթը Արխիվացված 2021-07-05 Wayback Machine
  14. Brewer, David (2011). The Greek War of Independence: The Struggle for Freedom from Ottoman Oppression. London: Overlook Duckworth.
  15. Սիմոնյան Վ., Ռուս-անդրկովկասյան ընկերության հիմնադրման նախագծի» գնահատման շուրջ Արխիվացված 2021-07-05 Wayback Machine
  16. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, էջ 782
  17. Վահրամ Բալայան,1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմը։ Շուշու պաշտպանությունը
  18. Էդուարդ Հովհաննիսյան, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը Ղարաբաղում
  19. Նելլի Բաղդասարյան, Արցախահայությունը 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմում
  20. Հայկական հանրագիտարան, 1826–28 թթ-ի կամ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմը Արխիվացված 2020-06-18 Wayback Machine
  21. Encyclopedia Iranica, ʿABBĀSĀBĀD fortress
  22. Հայկական ժամանակ, Օշականի ճակատամարտը
  23. armeniasputnik.am, Օշականի ճակատամարտը փոխել է Հայաստանի պատմության ընթացքը
  24. King, Charles (2008). The ghost of freedom a history of the Caucasus. Oxford: Oxford University Press. pp. 50–51. ISBN 9780198039549.
  25. Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, Երեւանի գրաւումը ռուսերու կողմէ. 1 հոկտեմբեր, 1827թ. Արխիվացված 2017-10-27 Wayback Machine
  26. Tucker, Spencer C. (2010). A global chronology of conflict from the ancient world to the modern Middle East (1st ed.). Santa Barbara, Calif.: ABC-CLIO. p. 1148. ISBN 9781851096725.
  27. Alexander Bitis, The Origins and Conduct of the Russo-Persian War, 1826–1828
  28. encyclopedia.com,Russo-Persian Wars
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)» հոդվածին։