Ռուդիմենտար օրգաններ, (ռուդիմենտներ լատիներեն rudimentum —սաղմ, նախահիմք), մնացուկային օրգաններ, օրգանիզմի պատմական զարգացման ընթացքում հիմնական հատկությունները կորցրած օրգաններ։ Ռուդիմենտար оրգանները սկզբնավորվում են սաղմնային զարգացման ժամանակ, բայց լրիվ չեն զարգանում։ Ռուդիմենտար օրգանները պահպանվում են անհատի ամբողջ կյանքի ընթացքում, ի տարբերություն ժամանակավոր (պրովիզոր) օրգանների, որոնք հատուկ են միայն սաղմերին։ Ռուդիմենտար օրգանների տվյալ օրգանիզմների նախնիների մոտ զարգացած են եղել և կատարել ֆունկցիաներ, որոնք էվոլյուցիայի ընթացքում թուլացել կամ կորցրել են իրենց կենսական նշանակությունը։ Կենդանիների ռուդիմենտար օրգաններն են՝ թռչունների փոքր ոլոքը, որոշ քարանձավաբնակ և փորող կենդանիների աչքերը (մանրախլուրդ, խլուրդ), կետանմանների մազածածկի և կոնքոսկրի մնացորդները։ Մարդու ռուդիմենտար օրգաններն են պոչուկային ողերը, իրանի մազածածկը, ականջի մկանները, կույր աղիքի որդանման ելունը և այլն։ Որոշ դեպքերում ռուդիմենտար օրգանները զարգանում են ամբողջությամբ, օրինակ կետանմանների լողակների ետին զույգը, հայտնի են դեպքեր, երբ մարդը ծնվում է ամբողջ մարմինը և դեմքը մազերով ծածկված։ Ռուդիմենտար օրգանիզմներն հաստատում են օրգանական աշխարհի պատմական զարգացումը և մարդու կենդանական ծագման ապացույցներից մեկն են։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդիմենտար օրգաններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 13