Ռուբեն Վարդանյան (ըմբիշ)

հայ ըմբիշ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Վարազդատի Վարդանյան (մայիսի 26, 1929(1929-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 21, 1996(1996-12-21), Երևան, Հայաստան), մարզական գործիչ, Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մրցավար, Օլիմպիական Կոմիտեի պատվավոր անդամ, առաջին հայ միջազգային բարձրագույն կարգի մրցավար։

Ռուբեն Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1929 մայիսի 26
Ծննդավայր՝Երևան
Մահվան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1996(1996-12-21) (տարիքը 67)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Q26255600?


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Վարդանյան (այլ կիրառումներ)

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1929 թվականին, Երևան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը, իսկ 1958-1963 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական Ֆակուլտետը։

 
Winner Ruben Vardanyan

1946 թվականին զբաղվել է սպորտով։ Նույն թվականին մասնակցել է Հայաստանի ըմբշամարտի առաջնությանը, առաջին անգամ դարձել Հանրապետության չեմպիոն։ Հետագայում ևս 9 անգամ զբաղեցրել է Հայաստանի չեմպիոնի պատվավոր առաջին տեղը։ Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է Հայաստանում հետպատերազմյա առաջին սպորտի վարպետը։

1952 թվականին մասնակցել է ԽՍՀՄ առաջնությանը, գրավել 2-րդ տեղը, 1953 թվականին նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի ոսկե մեդալը։ Նա հանդիսանում է 1954 թվականին Բուդապեշտում կայացած Համաշխարհային ունիվերսիադայի երկրորդ մրցանակակիր։

Իր մարզական կենսագրության ընթացքում Ռ. Վարդանյանը անց է կացրել 665 գոտեմարտ, որից 627 հանդիպում ավարտել է հաղթանակով, 24 միջազգային մրցումներում պատվավոր պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնել է 23 անգամ։

1948 թվականից միաժամանակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, պատրաստել է հարյուրավոր առաջատար մարզիկներ, ավելի քան 20 սպորտի վարպետ, որից շատերը դարձել են ինչպես նախկին ԽՍՀՄ-ի, այնպես էլ տարբեր միջազգային մրցումների հաղթողներ և մրցանակակիրներ։ 1964 թվականին Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում։

1956-1962 թվականներին Վարդանյանն աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, որպես դասախոս։

Ակտիվ սպորտը թողնելուց հետո 1962-1992 թվականներին ղեկավարել է նախ «Աշխատանք» մարզական ընկերությունը, ապա՝ արհմիությունների միավորված մարզական ընկերության Երևանի քաղաքային խորհուրդը։

Մրցանակներ, կոչումներ խմբագրել

Վարդանյանը հանդիսանում է ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիրը, մարզօջախ, որը պատրաստել է բազմաթիվ սպորտի վարպետներ, Հայաստանի, ԽՍՀՄ-ի, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ։ Ռուբեն Վարդանյանը հանդիասանում է նաև միջազգային բարձրագույն կարգի առաջին հայ մրցավարը։

1969 թվականից որպես միջազգային բարձրագույն կարգի մրցավար և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) անդամ նա բարձր է պահել Հայաստանի պատիվը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, Մյունխենի, Մոնրեալի, Մոսկվայի օլիմպիական խաղերում։ Ավելի քան 20 տարի Ռուբեն Վարդանյանի անունը տեղ է գտել աշխարհի և միության 10 լավագույն մրցավարների շարքում։ Մրցավարական գերազանց գիտելիքների, երկարամյա և արդյունավետ գործունեության համար Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նրան պարգևատրել է արծաթե մեդալով։

Հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Վարդանյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիություն» մեդալով, Հանրապետության Գերագույն Խորհրդի պատվոգրերով, ՀամԿԽ-ի և ԽՍՀՄ սպորտկոմիտեի բազմաթիվ շքանշաններով, նրա անունը գրանցվել է ԽՍՀՄ սպորտկոմիտեի Պատվավոր Գրքում։

Հիշատակ խմբագրել

 
Ռուբեն Վարդանյանին նվիրված հուշատախտակ Երևանի Կիևյան 7 հասցեում

Բարձր գնահատելով Ռուբեն Վարազդատի Վարդանյանի անցած մարզական և աշխատանքային ուղին, մասնավորապես, նրա ներդրումը Հայրենական ըմբշամարտի զարգացման գործում և նպատակ ունենալով հավերժացնել նրա անունը, արհմիությունների «Հայաստան» մարզական միության ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան «Աշխատանք» մարզադպրոցը անվանակոչվել է Ռուբեն Վարազդատի Վարդանյանի անունով[1]։

1999 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Երևան քաղաքի Կիևյան 7 շենքին, որտեղ 1955-1996 թվականներին ապրել է Վարդանյանը, տեղադրվել է նրան անվան հուշատախտակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի ՕՀ մասնագիտացված մարզադպրոց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել