Ռոբերտ Սթրեյնջ ՄաքՆամարա (անգլ.՝ Robert Strange McNamara, հունիսի 9, 1916(1916-06-09)[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] - հուլիսի 6, 2009(2009-07-06)[6][1][2][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[7][8]), ամերիկացի գործարար և հանրապետական քաղաքական գործիչ[9], ԱՄՆ պաշտպանության նախարար 1961-1968 թվականներին (Ջոն Քենեդիի և Լինդոն Ջոնսոնի օրոք)։ 1968-1981 թվականներին եղել է Համաշխարհային բանկի նախագահ։ ՄաքՆամարան պատասխանատու էր պետական քաղաքականության մեջ համակարգային վերլուծության կիրառման համար, ինչը հանգեցրել է կարգապահության առաջացմանը, որն այսօր հայտնի է որպես քաղաքական վերլուծություն։

Ռոբերտ ՄաքՆամարա
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1937), Հարվարդի բիզնես դպրոց (1939) և Piedmont High School? (1933)
Մասնագիտություն՝ բանկիր, քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ և ռազմական գործիչ
Դավանանք Պրեսբիտերեկան եկեղեցի (ԱՄՆ) և պրեսբիտերականներ
Ծննդյան օր հունիսի 9, 1916(1916-06-09)[1][2][3]
Ծննդավայր Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]
Վախճանի օր հուլիսի 6, 2009(2009-07-06)[6][1][2][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[7][8]
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Margaret McNamara?
Զավակներ Robert Craig McNamara?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մինչև պետական ծառայության անցնելը նա եղել է «Whiz Kids»-ից (թարգմանաբար՝ «Իմաստուն երեխաներ») մեկը՝ տասը սպաներից բաղկացած խումբ, որն օգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերականգնել Ford Motor ընկերությունը, իսկ կարճ ժամանակ անց՝ պաշտպանության նախարար դառնալուց առաջ, զբաղեցրել Է Ford Motor-ի նախագահի պաշտոնը։ Խորհրդականների խումբը, որը նրա հետ եկել է Պենտագոն, «ժառանգել» է «Whiz Kids» մականունը։ ՄաքՆամարան պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2595 օր՝ 1961-1968 թվականներին։ Այսպիսով՝ ՄաքՆամարան այդ պաշտոնում գտնվելու ռեկորդ է սահմանել։

Երիտասարդություն և կարիերա խմբագրել

Ռոբերտ ՄաքՆամարան ծնվել է Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Նրա հայրը եղել է Ռոբերտ Ջեյմս ՄաքՆամարան, որն աշխատել է որպես կոշիկի մեծածախ ընկերության վաճառքի մենեջեր, մայրը՝ Կլարա Նել Սթրեյնջ ՄաքՆամարան։ Հոր նախնիները իռլանդացիներ էին և մոտ 1850 թվականին, իռլանդական մեծ սովից հետո, արտագաղթել են ԱՄՆ, սկզբում՝ Մասաչուսեթս, այնուհետև՝ Կալիֆոռնիա։ Նա 1933 թվականին ավարտել է Պյեմոնտեի Պիեմոնտի միջնակարգ դպրոցը, որտեղ եղել է բոյսքաութների «Rigma Lions» ակումբի նախագահը և ստացել «Eagle Scout» աստիճան։ 1937 թվականին ավարտել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանը տնտեսագիտության բակալավրի աստիճանով։

ՄաքՆամարան «Phi Gamma Delta» եղբայրության անդամ էր։ Նա նաև Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի «Ոսկե արջի» խմբակի անդամ էր, որը ստեղծվել է ուսանողների առաջնորդության հմտությունների զարգացման համար։ 1939 թվականին Հարվարդի բիզնես դպրոցում ստացել է MBA (մագիստրոսի) աստիճան։

Հարվարդի բիզնեսի դպրոցն ավարտելուց հետո ՄաքՆամարը մեկ տարի աշխատել է Սան Ֆրանցիսկոյի Price Waterhouse հաշվապահական ընկերությունում։ 1940 թվականի օգոստոսին նա վերադարձել է Հարվարդ՝ հաշվապահական հաշվառում դասավանդելու բիզնեսի դպրոցում, և դարձել է այդ ժամանակ ամենաբարձր վարձատրվող և ամենաերիտասարդ դոցենտը։ 1943 թվականի սկզբին նա ԱՄՆ ՌՕՈՒ է ընդունվել որպես կապիտան՝ այնտեղ բերելով բիզնեսի մեջ օգտագործվող վերլուծական մոտեցումներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է վիճակագրական վերահսկողության վարչությունում։ Նրա գլխավոր պարտականություններից էր ամերիկյան ռմբակոծիչների, հատկապես B-29 ուժերի գործողությունների արդյունավետության վերլուծությունը՝ Հնդկաստանի, Չինաստանի և Մարիանյան կղզիներում գեներալ-մայոր Քերթիս Լեմեյի հրամանատարության ներքո։ ՄաքՆամարան ռմբակոծիչ ավիացիայի 20-րդ հրամանատարության համար ստեղծել է վիճակագրական կառավարման բլոկներ և մշակել է B-29s-ի արդյունավետության կրկնապատկման ժամանակացույց՝ որպես տրանսպորտային միջոց վառելիքի և բեռների փոխադրման համար։ 1946 թվականին թողել է վավեր զինվորական ծառայությունը՝ փոխգնդապետի կոչումով և պարգևատրվել «Պատվո լեգիոն» շքանշանով։

Պաշտոններ և գործունեություն խմբագրել

Եղել է Հարվարդի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր և «Ford Motor Company»-ի փոխնախագահ, ապա գլխավորել այն՝ այդպիսով դառնալով կոնցեռնի առաջին ղեկավարը ոչ Ֆորդ կլանից։ Ընկերության ղեկավարի պաշտոնում աշխատել է 5 շաբաթ, իսկ հետո Ջոն Քենեդիի առաջարկով աշխատանքի է անցել կառավարության կազմում՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը։ Սկզբում Քենեդին Ռոբերտ ՄաքՆամարին առաջարկել էր զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ «Ford Motor Company»-ում աշխատելիս ստեղծել է Ford Falcon ավտոմեքենան՝ ամենահայտնի մեքենաներից մեկը (առաջին տարում վաճառվել է շուրջ 500 000 մեքենա)։

Պաշտպանության նախարար խմբագրել

 
Ռոբերտ ՄաքՆամարա, 1967

1960 թվականին ընտրվելուց հետո, ընտրված նախագահ Ջոն Ֆ. Քենեդին սկզբնապես պաշտպանության նախարարի պաշտոնն առաջարկել է նախկին պետքարտուղար Ռոբերտ Ա. Լովեթին։ Սակայն Լովեթը մերժել է այդ առաջարկը՝ խորհուրդ տալով ՄաքՆամարային։ Քենեդին դրանից հետո ուղարկել է Սարջենթ Շրայվերին` ՄաքՆամարային Գանձապետարանի ղեկավարի (ֆինանսների նախարարի) կամ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկելու համար հինգ շաբաթ այն բանից հետո, երբ ՄաքՆամարը դարձել էր Ford Motors-ի նախագահ։ ՄաքՆամարան անմիջապես մերժել է Գանձապետարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, բայց ի վերջո ընդունել է Քենեդիի հրավերը՝ որպես պաշտպանության նախարար։ Հատուկ խորհրդական Թեդ Սորենսենի խոսքով՝ Քենեդին ՄաքՆամարային համարում էր «իր թիմի աստղ՝ նրան կոչ անելով խորհրդակցել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք գտնվում են ազգային անվտանգության սահմաններից դուրս, այդ թվում գործարար և տնտեսական»։ ՄաքՆամարան Քենեդիի վարչակազմի այն քիչ անդամներից էր, որը մոտիկից հանդիպել, աշխատել և շփվել է անձամբ Քենեդիի հետ, և նա այդքան մոտ էր դարձել նաև գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆ. Քենեդիի հետ, որը 1968 թվականին կրտսեր Քենեդիի հուղարկավորության ժամանակ դագաղն է տարել։

Սկզբնապես քաղաքականության հիմքերը, որոնք նախագահ Քենեդիի կողմից շարադրվել էին 1961 թվականի մարտի 28-ին Կոնգրեսինն հղած ուղերձում, ՄաքՆամարին բերել են պաշտպանական ծրագրերի վերակողմնորոշման։ Քենեդին մերժել է առաջին հարվածի հայեցակարգը և ընդգծել է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների վրա միջուկային հարձակումը զսպելու համար համարժեք ռազմավարական սպառազինության և պաշտպանության անհրաժեշտությունը։ Նա պնդում էր, որ զինծառայողները պետք է մշտապես գտնվեն քաղաքացիական հրամանատարության և կառավարության ներքո, և երկրի պաշտպանական քաղաքականությունը պետք է «նախատեսված լիներ չկանխամտածված կամ անհիմն համընդհանուր պատերազմի վտանգը նվազեցնելու համար»։ Արտասահմանում ԱՄՆ-ի ուժերի դաշնակիցների հետ համագործակցությամբ հիմնական առաքելությունը եղել է «ազատ աշխարհի կայուն էրոզիայի կանխարգելումը սահմանափակ պատերազմների միջոցով»։ Քենեդին և ՄաքՆամարը մերժել են զանգվածային հատուցման հայեցակարգը և ընդունել ճկուն արձագանքմանը։ ԱՄՆ-ն արտակարգ իրավիճակում ցանկանում էր ընտրություն ունենալ, այլ բան, քան «անփառունակ նահանջ կամ անսահմանափակ հատուցում», ինչպես այդ ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։ Բարեփոխումների քայլերը զգալի էին, քանի որ ՄաքՆամարան լիովին հրաժարվել էր նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերի քաղաքականությունից՝ զանգվածային պատասխան հարված հօգուտ ճկուն արձագանքման ռազմավարության, որը հենվում էր ԱՄՆ-ի ներուժի ամրապնդման, սահմանափակ, ոչ միջուկային պատերազմ վարելու վրա։ 1961 թվականին նաև ստեղծել է Պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը (ՌՄՕ) և պաշտպանական մատակարարման գործակալությունը։

Քենեդիի վարչակազմը հատուկ ուշադրություն է դարձրել «ազգային-ազատագրական պատերազմների» կոմունիստական մարտավարությանը դիմակայելու ունակության բարձրացմանը, որոնցում հակառակորդը ձգտում էր խուսափել ճակատային ռազմական դիմակայությունից և դիմել էր քաղաքական քայքայիչ գործունեության և պարտիզանական մարտավարության։ ՄաքՆամարան 1962 թվականի իր տարեկան զեկույցի ժամանակ ասել է «նրանց (կոմունիստների) ռազմական մարտավարությունը դիպուկահարները, որոգայթները և հանկարծակի հարձակումներն են։ Քաղաքական մարտավարությունն ահաբեկչություն է, շորթում և սպանություն»։ Գործնական առումով դա նշանակում էր ԱՄՆ զինծառայողների, ինչպես նաև այնպիսի դաշնակիցների պատրաստումն ու զինումը, ինչպիսիք են Հարավային Վիետնամը՝ ապստամբների դեմ գործողությունների համար։

Կարիբյան ճգնաժամի ժամանակ` 1962 թվականի հոկտեմբերին, ՄաքՆամարան հանդիսանում էր ազգային անվտանգության խորհրդի գործադիր կոմիտեի անդամ և մեծ դեր է խաղացել Կարիբյան ճգնաժամի կարգավորման գործում։ Նա շրջափակման կողմնակից էր, այլ ոչ թե կոշտ հրթիռային հարվածի տարբերակի և օգնել է համոզել շտաբների պետերի միացյալ կոմիտեին համաձայնվել շրջափակման տարբերակի հետ՝ որոշում, որը երկու կողմերին օգնել է խուսափել մարդկային զոհերից։ Նա սկսել է ընդլայնել կանոնավոր զինված ուժերը։ Այն դեպքում, որ ԱՄՆ բանակում զինծառայողների թիվը 1953 թվականի մոտավորապես 3 555 000-ից (Կորեական պատերազմի ավարտը) 1961 թվականին կրճատվել էր մինչև 2 483 000-ի, 1962 թվականի հունիսի 30-ին ավելացել է գրեթե մինչև 2 808 000։

Վիետնամի պատերազմ խմբագրել

Ջոն Ֆ. Քենեդու նախագահության և ՄաքՆամարայի պաշտպանության նախարար եղած ժամանակ Վիետնամում գտնվող ամերիացի ռազմական խորհրդականների թիվը 900-ից դարձավ 16,000-ի[10], որոնք չպետք է մտնեին պատերազմական գործողությունների մեջ, այլ պետք է վերապատրաստեին Վիետնամի Հանրապետության զինված ուժերին[11]։ Վիետնամում մարտական խորհրդականների թիվը Քենեդիի մահվան պահին տատանվում էր։ Վիետնանում ամերիկացի ռազմական խորհրդականի մահվան առաջին դեպքը գրանցվեց 1957 կամ 1959 թվականին, երբ ԱՄՆ-ում նախագահում էր Դուայթ Էյզենհաուերը, որը, Սթենլի Շենբաումի ջանքերով, Վիետնամ էր ուղարկել ԿՀՎ-ի և այլ հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատակիցների։

Թրումնեի և Էյզենհաուերի վարչակազմերը աջակցում էին Վիետնանում գործող ֆրանսիական և այլ ազգային հակախորհրդային ուժերին՝ փորձելով միավորել ամբողջ երկիրը սեփական իշխանության տակ և դիմակակել հյուսիսի կումունիստներին՝ առանց զորքեր ուղարկելու։ ԱՄՆ-ի դերը սկզբնական շրջանում սահմանափակվում էր միայն ֆինանսական աջակցությամբ, ռազմական խորհդրակցությամբ և հետախուզական գաղտնի տվյալների փոխացմամբ, սակայն երբ 1954 թվականին Վիետնամից դուրս բերվեցին ֆրանսիական զորքերը, ԱՄՆ-ի դերը երկրի հարավային շրջանում մեծացավ։ Քենեդիի վարչակազմի ժամանակ Հարավային Վիետնամում ամերիկյան ռազմական խորհրդատուների թիվն ավելանում է՝ 900-ից դառնալով 16,000։

 
Դրվագներ Վիետնամի պատերազմից

ԱՄՆ-ի մասնակցությունն աճել է 1964 թվականի օգոստոսին՝ Տոնկինյան ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակրի վրա տեղի ունեցավ Հյուսիսային Վիետնամի ռազմանավերի հարձակումը[12][13]։ ՄաքՆամարան կարևոր դեր է խաղացել Կոնգրեսի և հասարակության առջև այս իրադարձությունը ներկայացնելու գործում՝ արդարացնելով խորհրդային ուժերի դեմ ռազմական գործողությունների սրումը։ Վիետնամում սկսված պատերազմը սկսեց խլել ՄաքՆամարի ժամանակի և ուժերի մեծ մասը. նախագահ Ջոնսոնը հրամայել է օդից պատասխան հարվածներ սկսել Հյուսիսային Վիետնամի ռազմածովային բազաների վրա, իսկ Կոնգրեսը գրեթե միաձայն հավանություն է տվել Տոնկինյան բանաձևին, որը նախագահին թույլ էր տալիս «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ԱՄՆ-ի ուժերի վրա ցանկացած զինված հարձակում հետ մղելու եւ հետագա ագրեսիան կանխելու համար»[14][15]։

1965 թվականին, ի պատասխան Viet Cong-ի և նրանց դաշնակից Հյուսիսային Վիետնամի ռազմական գործունեության ակտիվացման, ԱՄՆ-ն սկսեց ռմբակոծել Հյուսիսային Վիետնամը, տեղակայվեցին խոշոր ռազմական ուժեր և ԱՄՆ-ի բանակը ռազմական գործողություններ սկսեց Հարավային Վիետնամում։ ՄաքՆամարայի ծրագիրը, Վիետնամում ամերիկյան բարձրագույն հրամանատարության խնդրանքներին համաձայն, հանգեցրել է 1967 թվականի վերջին զորքերի ավելացմանը մինչև 485 հազար և մինչև 1968 թվականի հունիսի 30-ը՝ գրեթե 535 հազար։ Նրանց գրեթե 60 տոկոսը կազմում էին անմիջականորեն մարտական ուժերը, իսկ մնացածը աջակցության և ապահովման զորքեր էին։ Կորուստների ցանկն ամբողջ ընթացքում աճել է, քանի որ զորքերի քանակը գնալով ավելացել է, իսկ պայքարի ինտենսիվությունը՝ սրվել։ Վիետնամում հաղթելու համար ՄաքՆամարան օգտագործել է հիմնական ռազմավարության վիճակագրական հաշվարկներ։ Հաշվարկների համար Մաքնամարը հաշվում էր զոհված թշնամիների թիվը՝ որոշելու համար, թե որքանով է հաջողությանը մոտ պատերազմի իր ծրագիրը։ Նա սխալմամբ կարծում էր, որ ցանկացած բանակ պետք է զգայուն լինի սեփական կորուստների նկատմամբ և դա պետք է համոզի կոմունիստների քաղաքական ղեկավարությանը դադարեցնել ագրեսիան հարավում և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

1966 թվականին Ռոբերտ ՄաքՆամարան, ամերիկյան բանակում որակավորված անձնակազմի պակասի պատճառով նախաձեռնել է այսպես կոչված «100 000-ի նախագիծը», որի շրջանակներում ծառայության ընդունվող շարքային կազմի նկատմամբ պահանջները խիստ նվազել են։ Արդյունքում՝ Վիետնամում գործող զորամասերը սկսեցին համալրվել նորակոչիկներով, որոնք ունեին IQ-ի ցածր մակարդակ, բազային գրագիտության անբավարար մակարդակ և այլն։ Այդ զորախումբը մեծ հակվածություն ուներ դասալքության, կարգապահության խախտումների, ծառայակիցների վրա հարձակումների նկատմամբ և արդյունքում` ամերիկյան կադրային զինվորականների շրջանում նրանք ստացան «ՄաքՆամարայի հիմարներ» ոչ պաշտոնական անվանումը[16]։

Չնայած նրան, որ նա եղել է Վիետնամի պատերազմի գլխավոր «ճարտարապետը» և բազմիցս չեղյալ է հայտարարել ռազմավարական հարցերով շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի որոշումները, ՄաքՆամարան աստիճանաբար սկսեց թերահավատորեն վերաբերվել այն հայեցակարգին, ըստ որի՝ ԱՄՆ-ն պատերազմը կարող է հաղթել Հարավային Վիետնամում լրացուցիչ զորքերի տեղակայման և Հյուսիսային Վիետնամի ռմբակոծությունների ուժեղացման միջոցով։ Նա շատ անգամներ մեկնել է Վիետնամ և տեղում ուսումնասիրել իրավիճակը։ Նա փորձել է հասկանալ խնդրի ամբողջ բարդությունը և ամեն անգամ, ավելի դժկամությամբ պնդում է հերթական խնդրանքը զորահրամանատարներին՝ ուղարկելու լրացուցիչ ուժեր։ ՄաքՆամարան հայտարարել է, որ «դոմինոյի էֆեկտը» Վիետնամում պատերազմի մեջ մտնելու գլխավոր պատճառն է եղել։ Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Քենեդին մահից առաջ չի ասել, թե արդյոք ԱՄՆ-ն ետ կկանգներ Վիետնամի կորստից, բայց ես կարծում եմ, որ եթե այսօր նա հանդիպեր դրան, նա ետ կկանգներ»։

Սոցիալական արդարադատություն խմբագրել

Նախագահ Հարրի Ս. Թրումենի պատվին, որը 1948 թվականի հուլիսին հռչակագիր էր ստորագրել զինված ուժերում խտրականության արգելքի մասին, ՄաքՆամարան 1963 թվականի հուլիսի 26-ին հրապարակել է դիրեկտիվ (ղեկավար հրահանգ)։ Զինված ուժերում հավասար հնարավորություններ հռչակած այս հրահանգը գործ է ունեցել անմիջապես զորքերի տեղակայման շրջաններին հարող տարածքներում ռասայական և գենդերային խտրականության խնդրի հետ։ Հրահանգը հռչակել է. «Յուրաքանչյուր զինվորական հրամանատար պատասխանատվություն է կրում իր մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին առնչվող խտրական պրակտիկայի դեմ պայքարի և նրանց համար հավասար հնարավորությունների խթանման համար ոչ միայն իր անմիջական վերահսկողության տակ գտնվող շրջաններում, այլ նաև մոտակա բնակավայրերում, որտեղ նրանք (զինծառայողները և ընտանիքի անդամները) կարող են ապրել կամ հավաքվում են ոչ աշխատանքային ժամերին»։ Հրահանգի համաձայն` հրամանատարները պարտավոր էին օգտագործել բանակի տնտեսական հզորությունը` տեղական ձեռնարկություններում փոքրամասնությունների և կանանց վրա ազդելու համար։ Պաշտպանության նախարարի հավանությամբ հրամանատարը կարող էր խտրական պրակտիկայի պատճառով տարածքները ռազմական կադրերի համար հայտարարել փակ։ Նման որոշումը նյութական վնաս է հասցրել տեղական իշխանություններին և բիզնեսին[17][18]։

Պաշտոնաթողություն խմբագրել

ՄաքՆամարան գրել է Ժաքլին Քենեդիի հետ իր մտերիմ անձնական բարեկամության և Վիետնամում սպանությունները դադարեցնելու իր պահանջի մասին։ ՄաքՆամարայի դրությունն ավելի ու ավելի վիճելի էր դառնում 1966 թվականից հետո, և նրա տարաձայնությունները Վիետնամի ռազմավարության պատճառով շտաբների պետերի միացյալ կոմիտեի և նախագահի հետ դարձել էին հասարակական չարաշահումների առարկա, հաճախակի խոսակցություններ են շրջանառվել, որ նա կլքի իր պաշտոնը։

1967 թվականի նոյեմբերին նախագահին ուղղված ՄաքՆամարայի հուշագիրը, որտեղ նա առաջարկել է սառեցնել զորքերի թվաքանակը, դադարեցնել Հյուսիսային Վիետնամի ռմբակոծությունները և պայքարը փոխադրել Հարավային Վիետնամի բանակի ուսերին, մերժվել է նախագահի կողմից։

ՄաքՆամարան կարծիք է հայտնել Վիետնամում Միացյալ Նահանգների կողմից հետապնդվող ռազմավարության` մինչ այդ օրը ձախողված լինելու մասին։ Շատ առումներով, որպես նախագահ Ջոնսոնի կողմից անտեսման արդյունք, նույն տարվա նոյեմբերի 29-ին ՄաքՆամարան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ սպասելով, որ նա կդառնա Համաշխարհային բանկի նախագահ։

Հրաժարականի այլ գործոն է Միացյալ Նահանգներում հակապատերազմական շարժման ինտենսիվության բարձրացումը, որը համընկել է նախագահական քարոզարշավի հետ, որտեղ Ջոնսոնը, ինչպես սպասվում էր, ձգտելու էր վերընտրվել։

Նախագահ Ջոնսոնը, հայտարարելով ՄաքՆամարայի հրաժարականի և Համաշխարհային բանկի աշխատանքի անցնելու մասին, ընդգծել է, որ ինքը գոհ է իր աշխատանքից և ՄաքՆամարան յոթ տարի պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելուց հետո արժանի է այս պաշտոնին ավելի երկար, քան իր նախորդներից կամ իրավահաջորդներից որևէ մեկը։

ՄաքՆամարան հրաժարական է տվել 1968 թվականի փետրվարի 29-ին, նրա ջանքերի համար նախագահի կողմից պարգևատրել է Ազատության մեդալով և «Ականավոր ծառայության համար» մեդալով։

ՄաքՆամարայի՝ Պենտագոնից հեռանալուց կարճ ժամանակ անց Ռոբերտը հրատարակել է «Անվտանգության էությունը» գիրքը՝ քննարկելով նրա պաշտոնավարման տարբեր տեսակետները և ազգային անվտանգության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումները։

Նա Վիետնամի ու պաշտպանության հարցերի վերաբերյալ ավելի շատ չի արտահայտվել այնքան ժամանակ, քանի դեռ չի լքել Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնը։

Համաշխարհային բանկի նախագահ խմբագրել

ՄաքՆամարան Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1968 թվականի ապրիլից մինչև 1981 թվականի հունիսը, երբ լրացել է նրա 65 տարին։ Տասներեք տարվա ընթացքում՝ գործունեության ժամանակահատվածում, նա լուրջ փոփոխություններ է կատարել բանկում, առաջին հերթին` բանկի գործունեության կենտրոնացումը տեղափոխել է աղքատության կրճատման նպատակային ծրագրերի վրա։ Նա բանակցություններ է վարել բանկի խորհրդում ներկայացված հակամարտող երկրների հետ և համոզել վարկերն ուղղել սոցիալական նախագծերի զարգացմանը` առողջության, սննդի, կրթության բարելավման ծրագրերի տեսքով։ Նա նաև ներդրել է ֆինանսավորվող նախագծերի արդյունավետությունը գնահատելու նոր մեթոդներ։ Բանկի ղեկավարի պաշտոնում ՄաքՆամարայի պաշտոնավարման ընթացքում սկսված ուշագրավ նախագծերից մեկը, այսպես կոչված, «գետային կուրության» համաճարակը կանխելու համար ջանքերի աճն էր, որը հարուցվում էր «Onchocerca volvulus» մակաբույծների կողմից և հանգեցնում Աֆրիկայի ամենաաղքատ երկրներում կուրության հազարավոր դեպքերի։

Համաշխարհային բանկը ներկայումս ունի ՄաքՆամարայի անվան կրթաթոշակային ծրագիր։

Որպես Համաշխարհային բանկի նախագահ` ՄաքՆամարան 1968 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ամենամյա աշնանային հանդիպման ժամանակ հայտարարե է մի ծրագիր, որը թույլ է տվել ծնելիության նկատմամբ վերահսկողություն իրականացնող երկրներին հնարավորություն ընձեռել ռեսուրսների արտոնյալ մուտք ունենալ։

Քաղվածքներ խմբագրել

  Տեսե′ք, չինացիներն ինչ-որ մեկից ներդրումներ չեն խնդրում, նրանք այնպիսի պայմաններ են ստեղծել, որ ներդրողներն իրենք են խնդրում
- Ռոբերտ ՄաքՆամարա (1991)
 
  ԽՍՀՄ-ն ընկնում է քաոսի անդունդը, բացառված չեն նաև զանգվածային արյունալի հակամարտությունները... Դուք բաց եք թողել զարգացման ձեր հնարավորությունը
- Ռոբերտ ՄաքՆամարա (1991)
 

Հետաքրքիր փաստեր խմբագրել

ՄաքՆամարան «Call of Duty: Black Ops» խաղում հայտնվել է «Պենտագոն» միսիայում և պրոտագոնիստներից մեկի դերում՝ «Հինգ» զոմբի-ռեժիմի քարտեզի վրա։

«Fallout: New Vegas» խաղում կա ՄաքՆամարա ազգանունով «Պողպատե եղբայրություն» ռազմական կազմակերպության տոհմավագ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/news/obituaries/robert-mcnamara-secretary-of-defense-excoriated-for-his-part-in-leading-america-into-the-vietnam-war-1734442.html
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2009/07/06/AR2009070601197.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.npr.org/templates/story/story.php?storyId=106293462
  8. 8,0 8,1 8,2 Legacy.com — 1998.
  9. Si for the Kennedy Cabinet Արխիվացված 2013-05-21 Wayback Machine Time 29.12.1960.
  10. «Vietnam War». swarthmore.edu. Swarthmore College Peace Collection. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  11. MacKenzie, Angus, Secrets: The CIA's War at Home, University of California Press, 1997
  12. Karnow, Stanley (1983). Vietnam A History. Viking. ISBN 0140265473.
  13. «Hanyok article (page 177)» (PDF).
  14. Porter, Gareth (2014 թ․ օգոստոսի 6). «Robert S. McNamara and the Real Tonkin Gulf Deception».
  15. «Robert S. McNamara». Biography.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. Hamilton Gregory Murder in Vietnam (английский) // Military History. — 2018. — Т. 35. — № 2. — С. 22.
  17. «The Secretary of the Army's Senior Review Panel on Sexual Harassment» (PDF). էջ 127. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. While the directive was passed in 1963, it was not until 1967 that the first non-military establishment was declared off-limits. In 1970 the requirement that commanding officers first obtain permission from the Secretary of Defense was lifted. Heather Antecol and Deborah Cobb-Clark, Racial and Ethnic Harassment in Local Communities. October 4, 2005. p 8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ ՄաքՆամարա» հոդվածին։