Ռիխարդ Յակոպիչ (սլովեն.՝ Rihard Jakopič, ապրիլի 12, 1869(1869-04-12)[1][2][3][…], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 21, 1943(1943-04-21)[1][2][4][…], Լյուբլյանա), սլովենացի նկարիչ, սլովենական իմպրեսիոնիզմի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը (Իվան Գրոհարի, Մատիա Յամայի և Մատեյ Ստերնենի հետ), որ առաջնորդողի դեր է ունեցել այդ շարժման մեջ։

Ռիխարդ Յակոպիչ
սլովեն.՝ Rihard Jakopič
Ծնվել էապրիլի 12, 1869(1869-04-12)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էապրիլի 21, 1943(1943-04-21)[1][2][4][…] (74 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Ցիսլեյտանիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա, Վիեննայի գեղարվեստի ակադեմիա և Պրահայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և արվեստի տեսաբան
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[5] և արվեստի տեսություն[5]
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Rihard Jakopič Վիքիպահեստում

Ռիխարդ Յակոպիչի դիմանկարը պատկերված է 1992 թվականի սլովենական 100 տոլարանոց թղթադրամի վրա (Սլովենիայի վերջին թղթադրամները եվրոյի անցնելուց առաջ)[6]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1869 թվականին Լյուբլյանայում, որն այն ժամանակ մտնում էր Ավստրո-Հունգարական կայսրության մեջ, հարուստ առևտրականի ընտանիքում։ Սովորել է Լյուբլյանայի դպրոցում, այնուհետև ամբողջությամբ նվիրվել է գեղանկարչությանը։ 1887 թվականին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիա։ Այնտեղ երկու տարի սովորելուց հետո տեղափոխվել է Մյունխեն և ընդունվել Գեղարվեստի ակադեմիա։ Երկու սեմեստր այնտեղ սովորելուց հետո, դժգոհ լինելով տեղի կրթական համակարգից, դուրս է եկել և 1891 թվականին ընդունվել սլովենացի նկարիչ Անտոն Աժբեի նոր հիմնադրած գեղարվեստի դպրոց։ Այս դպրոցը փաստորեն իրեն էր ձգել սլովենական ծագման տաղանդավոր բոլոր նկարիչներին, քանի որ Սլովենիայում այդ հնարավորությունը չկար[7]։ Հենց այստեղ էլ Յակոպիչը ծանոթացել է ավելի ուշ այնտեղ ընդունված Մատիա Յամայի, Գրոհարի ու Ստերնենի հետ։ Յակոպիչն Աժբեի մոտ ուսանել է երկու տարի, սակայն նրա հետ պահել է ջերմ հարաբերություններ և ամեն ձմեռ տեղափոխվել Մյունխեն մինչև վերջինիս մահը 1905 թվականին։ 1892 թվականից ամեն ամառ նկարիչն անցկացրել է Սլովենիայում։

 
«Ձմեռ» (1906), Սլովենիայի ազգային պատկերասրահ, Լյուբլյանա

Սլովենացի իմպրեսիոնիստների խմբի ստեղծման հենց սկզբից Յակոպիչն առաջնորդողի դեր է ունեցել[7]։ Առաջին անգամ չորս նկարիչները միասին ցուցադրել են իրենց աշխատանքները 1900 թվականին Լյուբլյանայում՝ Սլովենական արվեստի ցուցահանդեսում։ Դրանից հետո Յակոպիչն ու Յաման կանոնանվոր ձևով սկսել են նկարել Ստրանսկա Վաս գյուղում։ 1902 թվականին Սլավոնական արվեստի երկրորդ ցուցահանդեսին նկարիչները չորսով ներկայացել են մեկ խմբի մեջ, սակայն խումբը հաջողություն չի ունեցել հասարակության մեջ և արժանացել է քննադատության։ Հետագայում նրանք ցուցադրվել են հիմնականում Սլովենիայի տարածքներից դուրս։ 1904 թվականին Վիեննայի ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել և արժանացել ոչ միայն գեղարվեստի քննադատների, այլև սլովենական գրական շարժման կողմից՝ ի դեմս Իվան Ցանկարի, Օտոն Ժուպանչիչի[7]։ Այս ցուցահանդեսից հետո Յակոպիչը, Գրոհարը, Յաման և Ստերնենը պաշտոնապես միավորվել են խմբի մեջ, որն անվանել են «Սավա» նկարիչների խմբի ազատ ընկերություն։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը նրանք ցուցադրվել են այդ անունով։ Խումբը ցուցահանդեսներով ներկայացել է 1904 թվականին Բելգրադում, 1906 թվականին Սոֆիայում, 1907 թվականին Տրիեստում, 1908 թվականին Զագրեբում, Վարշավայում և Կրակովում, 1911 թվականին Հռոմում։

1902 թվականի ամռանից մինչև 1908 թվականի նոյեմբերը Յակոպիչն ապրել է կենտրանական Սլովենիայի Շկոֆյա Լոկա քաղաքում, որտեղ նրան են միացել Գրոհարն ու Ստերնենը։ Նրանք երեքով միշտ զբաղվել են պլեներային նկարչությամբ և ամեն օր հանդիպել սրճարանում, քննարկել նկարներ, կարդացել «Simplizissimus» և «Jugend» ամսագրերը։ Շկոֆյա Լոկան սլովենական գեղանկարչության մեջ գրեթե այն նույն դերն է ունեցել, ինչ Բարբիզոնը ֆրանսիական գեղանկարչության մեջ (բարբիզոնյան դպրոց

1906 թվականի նոյեմբերին Յակոպիչը տեղափոխվել է Լյուբլյանա և տեղավորվել Նովի Տրգ 2 հասցեում, որտեղ էլ ապրել է մինչև իր մահը 1943 թվականին։ 1906 թվականին նա և Ստերնենը Լյուբլյանայում հիմնադրել են մասնավոր գեղարվեստի դպրոց, սակայն ժամանակի հետ իմպեսիոնիստ նկարիչների խումբը քայքայվել է․ Յաման տեղափոխվել է արտասահման, Ստերնենը խմբից առանձնացել է և 1907 թվականին թողել նաև գեղարվեստի դպրոցը, և միայն Գրոհարն է մինչև կյանքի վերջ (1911) մոտ եղել Յակոպիչին։ 1908 թվականին Յակոպիչը Լյուբլյանայում ցուցադրության տաղավար է կառուցել (անդվել է 1961 թվականին)՝ հույս ունենալով սլովենացի նկարիչների ներ սերունդ մեծացնելու։ Չնայած «Սավա» խումբը Առաջին համաշխարհայի պատերազմից հետո որոշակի վերելք է ունեցել և մինչև 1922 թվականը հանդես եկել ցուցահանդեսներով, այնուամենայնիվ 1920-ական թվականների կեսերին այն վերջնականապես լուծարվել է, որից հետո «սլովենական իմպրեսիոնիզմ» երևույթը դադարել է գոյություն ունենալ։

Ստեղծագործություն խմբագրել

 
«Երեկո Սավայում» (1926), Սլովենիայի ազգային պատկերասրահ, Լյուբլյանա

Յակոպիչն ասում էր, որ իրեն իմպեսիորնիստ է դարձրել Լյուբլյանայի մշուշը, որն առանձնահատուկ բնապատկեր է ստեղծել[7]։ Մյունխենում նա հնարավորություն է ունեցել ծանոթանալու գերմանացի իմպրեսիոնիստների աշխատանքներին, հատկապես Մաքս Լիբերմանի, Լովիս Կորինտի, Մաքս Սլեֆոգտի, ինչպես նաև շվեդ Անդերս Ցորնի և սլովենացի բոլոր իմպերսիոնիստների վրա խոր ազդեցություն թողած իտալացի Ջովանի Սեգանտինիի ստեղծագործություններին։ Միայն ավելի ուշ է նա հնարավորություն ունեցել ծանոթանալու ֆրանսիացի իմպրեսիոնիստների՝ Մոնեի, Պիսսարոյի և Սիսլեյի աշխատանքներին, որոնք զգալի ազդեցություն են թողել իր ստեղծագործությունների վրա։ Յակոպիչի ստեղծագործական սկզբնական շրջանում Ֆրանսիայում իմպրեսիոնիզմն արդեն վաղուց փոխարինվել էր այլ ոճերով և որպես կենդանի ուղղություն գոյություն չուներ, այդ պատճառով էլ նրա անդրադարձն իմպրեսիոնիզմին դիտարկվում էր յուրօրինակ «վերադարձ ակունքներին»[7]։

Յակոպիչի ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երեք փուլերի[7]

  • Նատուրալիստական իմպրեսիոնիզմ (Մյունխեն, լյուբլյանա, Շկոֆյա Լոկա, մինչև 1906 թվականը)։ Իր իսկ բնութագրմամբ իմպրեսիոնիզմը բնության խմանքով վերարտադրությունն է կտավին նկարչի՝ լույսի ու գույնի անհատական զգացողության միջոցով։ Այս շրջանում գերիշխում են քնարական բնապատկերները։
  • Ռեալիստական իմպրեսիոնիզմ (Շկոֆյա Լոկա և Լյուբլյանա, 1906-1917 թվականներ)։ Ավելի մեծ ուշադրություն է հատկացվել կերպարային կոմպոզիցիաներին, ստեղծագործությունները դարձել են ավելի լեցուն մտածմունքներով։
  • Գունային էքսպրեսիոնիզմ (Լյուբլյանա, 1917-1943 թվականներ)։ Յակոպիչը գեղարվեստը դիտարկում է իբրև իր գաղափարների արտացոլման առարկա։ Միևնույն սյուժեները, որ նկարված է հիշողությամբ, բազմիցս կրկնվում են գունային տարբեր լուծումներով։ 1935 թվականից հետո Յակոպիչը բացառապես պատկերել է ծաղիկներով նատյուրմորտ։

Սլովենացի իմպրեսիոնիստների խմբից Յակոպիչին ոճով ավելի մոտ էր Իվան Գրոհարը, իսկ Յաման ու Ստերնենը գեղանկարչությունը դիտարկում էին ոչ թե որպես իրականության, այլ նկարչի սեփական գաղափարների դրսևորում։

Նկարչի աշխատանքների մեծ մասը գտնվում է Լյուբլյանայում՝ Սլովենիայի ազգային պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rihard Jakopic (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Mikuž J. Jakopič, Rihard // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T043263
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. «100 SIT». Banka Slovenije. 2006. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 6 июня 2009-ին.(անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 France Stele Slovene Impressionists. — Co Libri (Ljubljana), 1994. — ISBN 9616015125 (անգլ.), (սլովեն.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Tomaž Štefe. «Rihard Jakopič». Tomyco d.o.o. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 6 июня 2009-ին.(սլովեն.)
  • Sonja Vadnjal (2005). «Painter of emotional experience». Institute for Slovenian Studies of Victoria. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 6 июня 2009-ին.(անգլ.)
  • France Stele Slovene Impressionists. — Co Libri (Ljubljana), 1994. — ISBN 9616015125 (անգլ.), (սլովեն.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Յակոպիչ» հոդվածին։