Ռեվալվացիա (լատիներեն՝ valere — նշանակություն, արժեք ունենալ), երկրի դրամական միավորի ոսկու պաշտոնական պարունակության ավելացում կամ դրա արժույթյի կուրսի փաստացի բարձրացում։ Այլ երկրների արժույթների նկատմամբ բարձրացնելով տվյալ երկրի արժույթյի կուրսը՝ ռեվալվացիան թանկացնում է արտահանվող ապրանքները (օտարերկրյա արժույթյով արտահայտված) և, այդպիսով, համաշխարհային շուկայում թուլացնում երկրի մրցունակությունը, արգելակում նրա ապրանքների արտահանումը։ Իջեցնելով ներմուծվող ապրանքների գինը (ազգային արժույթյով արտահայտված)՝ ռեվալվացիան բարձրացնում է դրանց նկատմամբ եղած պահանջարկը և ավելացնում ներմուծումը։ Իր արժույթն ռեվալվացրած երկրում օտարերկրյա կապիտալի ներդրումը դառնում է անշահավետ, իսկ սեփական կապիտալի արտահանումը՝ շահավետ։ Միջազգային տուրիզմի բնագավառում՝ ուղևորության թանկության պատճառով օտարերկրյա զբոսաշրջիկների ներհոսքից ստացվող եկամուտը կրճատվում է, սակայն խթանվում է տեղացի զբոսաշրջիկների ուղևորությունն արտասահման, որոնց համար օտարերկրյա արժույթն դառնում է էժան։ Ռեվալվացիան իրականացվում է նաև տվյալ երկրի առևտրական հաշվեկշռի ակտիվ սալդոյի աճը կանգնեցնելու նպատակով։ Այդպիսի ռեվալվացիան երբեմն կատարվում է այլ երկրների կամ միջազգային արժույթֆինանսական կազմակերպությունների թելադրանքով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։