Ռեյչել Քերեն Գրին[1][2] (անգլ.՝ Rachel Karen Green), գեղարվեստական կերպար, ամերիկյան «Ընկերները» սիթքոմի վեց գլխավոր հերոսներից մեկը։ Ստեղծվել է հեռուստաշոուի համահեղինակներ Դեյվիդ Քրեյնի և Մարտա Քոֆմանի կողմից և հանդես եկել ցուցադրված բոլոր 236 էպիզոդներում։


Rachel Green
ՍեռԻգական
Տարիք34
(վերջին եթերաշրջանում)
ՄազերՇեկ
ԱչքերԲաց կապույտ
ԱշխատանքՄատուցողուհի Կենտրոնական սրճարանում
(1–3-րդ եթերաշրջան)
Վաճառքի օգնական «Fortunata Fashions» գործակալությունում
(3-րդ եթերաշրջան)
Վաճառքի խորհրդատու «Bloomingdale's» ցանցում
(3–5-րդ եթերաշրջան)
Վաճառքի մասնագետ «Polo Ralph Lauren» կորպորացիայում
(5–10-րդ եթերաշրջան)
ԱմուսինԲարի Ֆարբեր
(1990-1994, նշանադրված)
Ռոս Գելլեր
(1999, ամուսնալուծված, 2004/5-այժմ, վերամիավորված)
ԾնողներԼեոնարդ Գրին
(հայր)
Սանդրա Գրին
(մայր)
ՍտեղծողԴեյվիդ Քրեյն
Մարտա Քոֆման

Դեբյուտային էպիզոդում ներկայացվելով որպես սեփական հարսանյաց հանդեսից փախած պարզամիտ աղջնակ, որը վերամիավորվում է դպրոցական ընկերուհի Մոնիկայի հետ և հաստատվում Նյու Յորքում, Ռեյչելի կերպարը հետագա եթերաշրջաններում փչացած հարուստ երեխայից վերածվում է հաջող գործարար կնոջ։ Եթերաշրջանների ընթացքում Ռեյչլը ժամանակ առ ժամանակ սիրային հարաբերությունների մեջ է գտնվում Մոնիկայի ավագ եղբոր՝ Ռոսի հետ։ Վերջնամասում Ռեյչելը և Ռոսը դուստր են ունենում և վերջնականապես միանում։

Ռեյչելի դերն սկզբնապես առաջարկվել է դերասանուհի Թեա Լեոնիին, իսկ այնուհետև՝ Քորթնի Քոքսին[3]։ Լեոնին մերժել է առաջարկը՝ «Մերկ ճշմարտություն» սիթքոմում նկարահանվելու համար, իսկ Քոքսը՝ որպեսզի դրա փոխարեն մարմնավորի Ռեյչելի ընկերուհի Մոնիկային, ով ըստ վերջինիս ավելի հոգեհարազատ էր նրան։ Դերի համար հարցազրույցի հրավիրվածների մեջ էր նաև այդ ժամանակներում ոչ այդքան հայտնի Ջենիֆեր Էնիսթոնը, ով մինչ այդ ընդամենը հանդես էր եկել 5 կարճատև սիթքոմներում, ինչպես նաև հրաժարվել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հումորային ծրագրում հանդես գալուց։ Դերն ստանալուց հետո Էնիսթոնը զուգահեռեբար արտադրվող «Խառնաշփոթություն» սիթքոմում նկարահանվելու պատճառով մի պահ կանգնել էր փոխարինվելու վտանգի առաջ, սակայն ի վերջո շոուն չեղարկվում է, և Էնիսթոնը մնում է Ռեյչելի դերում։

«Ընկերների» տասնամյա հեռարձակման ընթացքում Ռեյչելի կերպարը քննադատների շրջանում շարունակաբար արժանացել է դրական գնահատականների։ Այնուամենայնիվ, Ռեյչելի մասնակցությամբ որոշ սյուժետային գծեր, ինչպիսին էր օրինակ 10-րդ եթերաշրջանում նրա ունեցած անհաջող սիրավեպը վաղեմի ընկեր Ջոուիի հետ, արժանացել են որոշ բացասական գնահատականների։ Մեծ ժողովրդայնության շնորհիվ Ռեյչելը կարճ ժամանակում դառնում է հեռուստասերիալի բեկումնային կերպարներից մեկը, ինչպես նաև բազմաթիվ առիթներով ներկայումս համարվում է բոլոր ժամանակաների լավագույն հեռուստակերպարներից մեկը։ Ռեյչելի՝ երկրորդ եթերաշրջանում երևացող սանրվածքը իր հերթին մեծ հետաքրքրություն է առաջացրել ողջ աշխարհում։ Ստանալով «Ռեյչել» անվանումը, սանրվածքը մինչ օրս կրկնօրինակվում է աշխարհի միլիոնավոր կանանց կողմից, չնայած Էնիսթոնն առանձնապես չէր հավանում այն[4]։ Կերպարն ունեցել է նաև մեծ ազդեցություն 90-ականների նորաձևության վրա։ Միևնույն ժամանակ, Ռեյչելի և Ռոսի բեմական հարաբերությունը հաճախ համարվում է հեռուստատեսության ամենասիրված սիրային պատմություններից մեկը։

Համարվում է Էնիսթոնի բեկումնային դերը՝ մեծ նշանակություն ունենալով դերասանուհու հաջող կինոկարիերայի վրա։ Ռեյչելին մարմնավորելու համար Էնիսթոնն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Էմմի մրցանակի՝ «Լավագույն առաջին պլանի դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում», և Ոսկե գլոբուսի՝ «Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում (կատակերգություն կամ մյուզիքլ)» անվանակարգերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թոլմեր, Ջեսիկա (2013 թ․ օգոստոսի 12). «Այն ամենն ինչ սովորեցի Ռեյչել Գրինից». HelloGiggles. HelloGiggles.
  2. Սնետիկեր, մարկ (2012 թ․ փետրվարի 8). «Ջենիֆեր Էնիսթոնը մինչև հիմա նայում է «Ընկերների» կրկնությունները։ Նա մեզ նման է». Entertainment Weekly. Entertainment Weekly Inc.(անգլ.)
  3. Լոնգսդորֆ, Էմի (1996 թ․ ապրիլի 6). «Թեա Լեոնիի ունեցած հաջողությունները հեռուստատեսությունում և կինոյում». The Morning Call. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.(անգլ.)
  4. «Հայտնիների 14 ամենահայտնի սանրվածքները՝ Ջենիֆեր Էնիսթոն». «Good Housekeeping». «Hearst Communications, Inc»(անգլ.).

Արտաքին հղումներ խմբագրել