Ռեկոպոլիս (լատին․՝ Reccopolis, իսպ.՝ Recópolis), վեստգոթերի պետության մայրաքաղաքներից մեկը Իսպանիայում։ Եղել է Մութ դարերի ընթացքում Արևմտյան Եվրոպայում հիմնադրված սակավաթիվ քաղաքներից մեկը, որի ենթադրյալ ավերակները գտնվում են Գվադալախարա գավառի Սորիտա դե լես Կանես գյուղի մերձակայքում։

Ռեկոպոլիս
լատին․՝ Reccopolis
իսպ.՝ Recópolis
Նկարագրություն
Տեսակհնագիտական հուշարձան
ՏեղագրությունՍորիտա դե լոս Կանես, Գվադալախարա, Իսպանիա
Վարչական միավորZorita de los Canes?[1]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված578 թվական
ԿառուցողԼեովիգիլդ թագավոր
Քարտեզ
Քարտեզ
 Recópolis Վիքիպահեստում

Ռեկոպոլիսը 578 թվականին հիմնադրել է վեստգոթերի Լեովիգիլդ թագավորը։ Այն կոչվել է Լեովիգիլդի որդու՝ Ռեկարեդ I-ի պատվին և ծառայել է որպես նրա նստավայր։ Քաղաքը հիմնադրվել է թերակղզու խորքում, որպեսզի անհասանելի լինի բյուզանդական նավատորմի հարձակումների համար։ Քաղաքի տարածքում հայտնաբերվել են ոչ միայն վեստգոթական, այլև սվևական, մերովինգականի, բյուզանդական մետաղադրամներ։

Քաղաքի հիմնադիրները հետևել են բյուզանդական օրինակին։ Վերին քաղաքի կենտրոնում վեր են խոյանում թագավորական երկհարկանի պալատն ու արիոսական բազիլիկը։ Դրանցից ներքև 30 հեկտար տարածության վրա տեղակայված են բնակելի տներն ու առևտրական թաղամասերը՝ շուկաներով ու դրամահատարանով։ Եղել է ջրանցույց։ Քաղաքը շրջապատված է եղել պարսպով, որի ամեն 30 մետրի վրա կառուցված է եղել աշտարակ։

Ռեկոպոլիսի շինարարությունն ուներ բացառապես քաղաքական նպատակներ, որոնց մասին աղբյուրները լռում են։ Քաղաքը չուներ սեփական տնտեսական բազա և եպիսկոպոսություն։ Արաբական նվաճումից հետո այն անկում է ապրել, 9-րդ և 10-րդ դարերում բնակչությունը տեղափոխվել է հարևան Սորիտա։ Հնագետները հայտնաբերել են հրդեհի հետքեր, սակայն քաղաքի կործանման բուն պատճառները հայտնի չեն։ Քաղաքի տեղում մնացել են ավերակներ[2], որոնք անուշադրության են մատնվել մինչև 20-րդ դարը. առաջին պեղումները այդ տարածքում կատարվել են Ջ. Կաբրեի ղեկավարությամբ 1944-1945 թվականներին[3]։

Չնայած այն հանգամանքին, որ Սորիտա բնակավայրի մոտ գտնվող ավերակները վեստգոթական Ռեկոպոլիսի հետ նույնացնելը սոսկ ենթադրություն է, սակայն Իսպանիայի կառավարությունը այդ տարածքը հայտարարել է «Ռեկոպոլիս» հնագիտական այգի, որտեղ պարբերաբար անցկացվում են պեղումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. C. Bradford Welles, "Archaeological News" American Journal of Archaeology 52.2 (April 1948:199-270) p. 266.
  3. «Fernando Miranda, in Patrimonio». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Roger Collins. Spain: an Oxford Archaeological Guide. Oxford University Press, 1998. ISBN 0192853007. Pages 223-225.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեկոպոլիս» հոդվածին։