Ռաջիվ Գանդի

Հնդկաստանի վարչապետ (1984-1989)

Ռաջիվ Գանդի (հինդի` राजीव गाँधी, օգոստոսի 20, 1944(1944-08-20)[2][3][4][…], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - մայիսի 21, 1991(1991-05-21)[2][3][4][…], Sriperumbudur, Kanchipuram district, Թամիլ Նադու, Հնդկաստան[1][5]), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ` 1984-1989 թվականներին։

Ռաջիվ Գանդի
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես[1]
Կրթություն՝ Թրինիթի քոլեջ[1], Լոնդոնի կայսերական քոլեջ[1], Դուն դպրոց[1], Քեմբրիջի համալսարան[1] և Ուելհեմի տղաների դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ[1]
Ծննդյան օր օգոստոսի 20, 1944(1944-08-20)[2][3][4][…]
Ծննդավայր Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1]
Վախճանի օր մայիսի 21, 1991(1991-05-21)[2][3][4][…] (46 տարեկան)
Վախճանի վայր Sriperumbudur, Kanchipuram district, Թամիլ Նադու, Հնդկաստան[1][5]
Թաղված Ռաջ Գհատ
Դինաստիա Ներու-Գանդի
Քաղաքացիություն  Հնդկաստան[5][1],  Բրիտանական Հնդկաստան[1] և  Հնդկաստանի տիրապետություն
Հայր Ֆերոզ Գանդի[1]
Մայր Ինդիրա Գանդի[1]
Ամուսին Սոնյա Գանդի[1]
Զավակներ Ռահուլ Գանդի[1] և Պրիանկա Գանդի[1]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրությունը խմբագրել

Ռաջիվ Գանդին ծնվել է 1944 թվականի օգոստոսի 20-ին` հրապարակախոս և քաղաքագետ Ֆերոզ Գանդիի և քաղաքական գործիչ, հետագայում նաև Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի ընտանիքում։ Դաստիարակությունն ստացել է իր մայրական պապի` հնդկական ազգային ազատագրական պայքարի առաջնորդ և Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահառլալ Ներուի տանը։ Հնդկաստանում էլիտար դպրոցն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Լոնդոնի համալսարանում և Քեմբրիջի համալսարանի Սուրբ Երրորդության քոլեջում (Trinity College)։ Հնդկաստան վերադառնալով, որպես օդաչու, աշխատանքի է անցել «Indian Airways» ավիաընկերությունում[6]։

Սկզբնական շրջանում նա որևէ ցանկություն չի հայտնել քաղաքականության մեջ մտնելու։ Սակայն 1980 թվականին, քաղաքականապես ակտիվ իր կրտսեր եղբոր` Սանջայ Գանդիի անսպասելի մահը, դրդեց Ինդիրա Գանդիին, որպեսզի ուղղորդեր Ռաջիվին դեպի քաղաքական դաշտ։ 1980 թվականից Ռաջիվ Գանդին նշանակվել է Ինդիրա Գանդիի կողմից ղեկավարվող Հնդկական ազգային կոնգրես կուսակցության երիտասարդական թևի ղեկավար։ 1981 թվականի ամռանը Ռաջիվ Գանդին իր թեկնածությունն առաջադրեց Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատում (Լոկ Սաբհա), լրացնելով համապատասխան փաստաթղթերը Սուլթանպուր քաղաքի դատարանում, որտեղ երկու անգամ իր թեկնածությունը քվեարկության էր դրել եղբայրը` Սանջայ Գանդին[7]։ Հետագայում Ռաջիվ Գանդին մտել է խորհրդարան։ 1983 թվականին նշանակվել է կուսակցության գերագույն քարտուղար` հանդիսանալով նաև մոր իրավահաջորդը։

1984 թվականի հոկտեմբերի 31-ին Ինդիրա Գանդին սպանվեց իր իսկ թիկնապահների կողմից։ Նույն օրը, երեկոյան, 40-ամյա Ռաջիվ Գանդին նշանակվել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնին։ Մի քանի ժամ անց, վայրէջք կատարելով Դելիի օդանավակայանում, Ռաջիվ Գանդին արտասանել է իր երդման բառերը։ Ավելի ուշ նա ընտրվել է Հնդկական ազգային կոնգրես` իշխող կուսակցության նախագահ, միաժամանակ դառնալով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար (մինչև 1988 թվականը)։ Երկրում կարգուկանոնը վերականգնելու նպատակով, նա ստիպված էր դիմել բանակի օգնությանը։ 1984 թվականի դեկտեմբերից մինչև 1985 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, նշանակված համընդհանուր ընտրություններում Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը հաղթանակ է տարել` խորհրդարանի Ստորին պալատում ստանալով 80% տեղերը[8]։

Նոր խորհրդարանի առաջին իսկ նստաշրջանում, կառավարական մարմիններում և քաղաքական ասպարեզում կաշառակերությանը վերջ տալու նպատակով, սկսվել է նոր օրինագծի քննարկումը, որը նաև արգելում էր մեկ քաղաքական կուսակցությունից մյուսին անցնելը։ Ձեռնարկվել են փորձեր` ստեղծելու առավել արդյունավետ գործող կառավարման մեխանիզմ։ Բացի այդ, Ռաջիվ Գանդին կոնկրետ քայլեր ձեռնարկեց` Փենջաբում և հարևան նահանգներում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ[9]։ Ներկրվող ապրանքների վրայից հանեց բազմաթիվ սահմանափակումներ և խրախուսում էր արտասահմանյան ֆինանսական ներդրումները, այդպիսով խթանելով 1986-1990 թվականներին` երկրի տնտեսական վերելքին։

Միջազգային հասարակության շրջանում լայն արձագանք գտավ ՄԱԿ-ում` Հնդկաստանի կողմից ներկայացված «Գործողությունների ծրագիրը», ըստ որի, անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել միջուկային զենքերը երեք փուլով վերացնելու ուղղությամբ, որը կավարտվեր 22 տարիների ընթացքում։ Նա քննադատորեն էր մոտենում նաև «աստղային պատերազմների» ծրագրին, իր հարցազրույցներից մեկում նշելով. «Մենք չենք հավատում, որ գոյություն ունի միջուկային զենքից պաշտպանող զրահաբաճկոն»։ Նա ողջունում էր ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված միջին և մոտ հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագրի կնքումը և հույս ուներ, որ այդ փաստաթուղթը կբերի սպառազինությունների մրցավազքի կտրուկ նվազմանը[10]։

1987 թվականին Ռաջիվ Գանդին ստիպված էր զորք ուղարկել Շրի Լանկայի հյուսիսային տարածքներ` թամիլական անջատվողականներին ճնշելու նպատակով, միաժամանակ ուժեղացրեց պայքարը Քաշմիրի իսլամական խմբավորումների դեմ[11]։

1989 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում Ռաջիվ Գանդին պահպանեց իր պատգամավորական աթոռը` պարտության մատնելով Մահաթմա Գանդիի թոռանը, սակայն խորհրդարանում Հնդկական ազգային կոնգրեսի մեծամասնության կորստի պատճառով, ստիպված էր հրաժարվել վարչապետի պաշտոնից։ Այնուհետև, շուրջ մեկ տարի գլխավորում էր Վիշվանաթհ Պրատապ Սինգհի կառավարության ընդդիմությունը։ Աջակցելով նոր կառավարությանը, 1991 թվականի մարտին նպաստեց դրա տապալմանը, շրջափակելով նոր բյուջեի ընդունման գործընթացը։

Անձնական կյանքը խմբագրել

1965 թվականի ամռանը, Քեմբրիջի համալսարանում սովորելու տարիներին, Ռաջիվ Գանդին ծանոթացել էր իտալուհի Սոնյա Մայնոի հետ։ Սոնյան սովորում էր անգլերեն լեզուն։ 1968 թվականի հունվարին նրանք ամուսնացան Դելիում։ 1970 թվականին ծնվել է նրանց որդին` Ռահուլը, իսկ 1972 թվականին դուստրը` Պրիյանկան[12]։

Սպանությունը խմբագրել

1991 թվականի մայիսի 21-ին, նախընտրական քարոզարշավի ժամանակ, Ռաջիվ Գանդին սպանվել է իր դեմ ահաբեկչական գործողություն իրականացվելու արդյունքում։ Նշված ահաբեկչությունը իրականացվել է «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» թամիլական անջատվողական շարժման կին-մահապարտի կողմից, Թամիլ Նադու (Թամիլնադ) նահանգի Շրիպերումպուդուր քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Չեննայից (Մադրաս) ոչ հեռու[13]։

Նրա մահից հետո Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը մնաց Ներու-Գանդի տոհմի ձեռքերում։ Չնայած սկզբնական շրջանում հրաժարվելուն, կուսակցությունը գլխավորեց Ռաջիվ Գանդիի այրին` Սոնյա Գանդին։

Ռաջիվ Գանդիի հուղարկավորությունը կայացել է 1991 թվականի մայիսի 24-ին և հեռարձակվել ուղիղ եթերով` Հնդկաստանի բոլոր հեռուստաալիքներով։ Հուղարկավորությանը մասնակցել են ավելի քան 60 երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դիակիզումը կատարվել է Ջամնա գետի ափին, ոչ հեռու նրա մոր, եղբոր և պապի դիակիզման վայրից։

Դատական գործընթացը խմբագրել

1998 թվականին դատապարտվեցին 28 դավադիրներ, ովքեր մասնակցություն էին ունեցել Ռաջիվ Գանդիի սպանությունը կազմակերպելու գործում։ Ինչպես պարզվել էր, սպանությունն իրականացրել էր «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» խմբավորումը։ Այդ շարժման ներկայացուցիչները փորձում էին խանգարել Ռաջիվ Գանդիին` կրկին վարչապետի պաշտոնին վերընտրվելուն[14]։

2002 և 2006 թվականներին «վագրերը» ափսոսանք են հայտնել Ռաջիվ Գանդիի սպանության կապակցությամբ։ Մասնավորապես, խմբավորման առաջնորդներից մեկը, Ռաջիվ Գանդիի մահը անվանել է «մեծագույն ողբերգություն»։ Միաժամանակ նա կոչ է արել Հնդկաստանի կառավարությանը, հիշաչար չլինել անցյալի համար։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Անանդ Շարմավը, կառավարության անունից հայտարարել է, որ Գանդիի սպանությունը ներել, նշանակում է ընդունել բռնության և ահաբեկչության փիլիսոփայությունը[15]։ 2011 թվականին Հնդկաստանի նախագահ Պրատիբհա Պատիլը հրաժարվեց ներման արժանացնել խմբավորման երեք անդամներին, ովքեր դեռևս 2000 թվականին դատապարտվել էին մահապատժի։ Այնուամենայնիվ, 2014 թվականին Հնդկաստանի գերագույն դատարանը, մեղմացնելով մահապատժի որոշումը, այդ երեք անդամների նկատմամբ ցմահ բանտարկության վճիռ կայացրեց` հաշվի առնելով, որ նրանց ներման արժանացնելու խնդրանքների համար, որոշում կայացնելու գործընթացը տևել է 11 տարի[16]։ Ավելի ուշ, Թամիլնադ նահանգի կառավարությունը որոշում էր կայացրել` ազատ արձակել յոթ մարդու, ովքեր մասնակցել էին Գանդիի սպանությանը, սակայն Գերագույն դատարանը կանգնեցրեց ազատ արձակման գործընթացը, քանի որ նահանգի որոշման մեջ որոշակի խախտումներ էին հայտնաբերել։ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել էր, որ հանցագործներին ազատություն շնորհելը կհակասի արդարադատության բոլոր սկզբունքներին[17]։

Հիշատակը խմբագրել

  • Շրիպերումպուդուր քաղաքում, սպանության վայրից ոչ հեռու, բացվել է Ռաջիվ Գանդիի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
  • Նրա պատվին, Հայդարաբադի կրիկետի մարզադաշտը կոչվել է նրա անունով։
  • Մումբայում գտնվող Բանդրա-Ուորլի ծովային կամուրջը ունի իր երկրորդ անվանումը` Ռաջիվ Գանդիի կամուրջ։
  • 2008 թվականից, Հայդարաբադի օդանավակայանը նույնպես կոչվել է Ռաջիվ Գանդիի անվամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 Rajiv Gandhi // CulturalIndia.net
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968. — Vol. 25. — P. 205.
  6. ГАНДИ Раджив
  7. «Путь от Аметхи до Южного блока | Институт социально-политических исследований». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  8. «Народ Индии отдал свои голоса Радживу Ганди | Институт социально-политических исследований». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  9. «Приоритеты и будни премьер-министра | Институт социально-политических исследований». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Значителен вклад Раджива Ганди во внешнюю политику | Институт социально-политических исследований». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  11. ГАНДИ, РАДЖИВ | Энциклопедия Кругосвет
  12. «Раджив и его младший брат Санджай | Институт социально-политических исследований». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  13. ««Нетуристические» поездки в Индию " Чекист.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  14. Lenta.ru: Мир: Преступность: Верховный суд Индии отменил казнь убийц Раджива Ганди
  15. Lenta.ru: Мир: «Тамильские тигры» извинились за убийство Ганди
  16. Индия: суд смягчил приговор убийцам Раджива Ганди — BBC Russian — Лента новостей
  17. Индия: освобождение убийц Раджива Ганди под вопросом — BBC Russian — Лента новостей
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջիվ Գանդի» հոդվածին։