Ռաուխտոպազ, (գերմ. Rauch «ծուխ» և հին հուն. τόπαζος «տոպազ»), հոմանիշները՝ ծխագույն քվարց և ծխագույն բյուրեղապակի, քվարցի տարատեսակ։ Չնայած իր անվանը՝ ոչ մի կապ չունի տոպազի հետ։

Ռաուխտոպազ
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
SiO₂[1]
Շերտի գույնսպիտակ
Մոոսի կարծրություն7[1]
ԵնթակատեգորիաՔվարց

Հատկություններ խմբագրել

Գունավորված է դարչնագույնի տարբեր երանգներով, հազիվ նշմարվող ծխագույն երանգից մինչև մուգ դարչնագույն, շագանակագույն։ Հանդիպում է նաև ծխագույն քվարցի ամբողջովին սև տարատեսակը, որին անվանում են մորիոն։ Սովորաբար գույնը խորանում է բյուրեղի հիմքից սկսած դեպի գագաթը, իսկ ճեղքերն ու այլ դեֆեկտներն ավելի հաճախ հանդիպում են հիմքում։ Էլեկտրական վառարանում զգուշորեն մինչև 350° տաքացնելիս ծխագույն քվարցի գունային քողը կորում է, և այն դառնում է անգույն ու թափանցիկ, ինչպես լեռնային բյուրեղապակին։ Այլ տվյալների համաձայն՝ նրա գույնը կայուն է մինչև 450°: Ռաուխտոպազի գունավորումը պայմանավորված է ալյումինի ստրուկտուրային խառնուրդներով։

Անվան մասին խմբագրել

«Ռաուխտոպազ» բառը ծագում է գերմաներենից (գերմ. Rauchtopaz «ծխագույն տոպազ»), հանդիսանում է ապրանքային, առևտրական ոչ ցանկալի տերմին, քանի որ հաճախ «ռաուխ» բառը բաց է թողնվում հարմար լինելու համար, մնում է միայն «տոպազը», իսկ այս միներալը տոպազի հետ որևէ առընչություն չունի։ Իր արժեքով, բացառիկությամբ, վերամշակման դժվարությամբ և այլ հատկություններով տոպազն անհամատաղելի է քվարցի հետ, և այդ տերմինը դառնում է խաբեության միջոց։ Բայց մինչև հիմա «ռաուխտոպազը» մնում է շատ տարածված ոսկերիչների միջավայրում։ Հանդիպում է նաև հնացած «ռաուխքվարց» անվանումը, որն ըստ էության ավելի ճիշտ է քան «ռաուխտոպազը»։

Երբեմն ծխագույն տոպազն անվանում են նաև ծխագույն լեռնային բյուրեղապակի, որն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ լեռնային բյուրեղապակին համապատասխանում է քվարցի անգույն ու թափանցիկ բյուրեղներին։

Բնության մեջ խմբագրել

 
Ռաուխտոպազից պատրաստած բվի քանդակ

Հանդիպում է թափանցիկ և կիսաթափանցիկ բյուրեղների ձևով, երբեմն շատ մեծ (մինչև 1 մ երկարությամբ)՝ հաճախ ձևավորելով գեղեցիկ սերտաճած բյուրեղներ և բյուրեղաբույլեր։ Հաղորդագրություններ են եղել մի քանի տոննա քաշով ծխագույն քվարցի հսկայական բյուրեղների գտնվելու մասին։ Ռաուխտոպազի հանքերը հիմնականում ունեն հիդրոթերմալ ծագում և հարմարված են քվարցի խոշոր հանքերակների ներսում եղած դատարկություններին։ Դրանք բազմաթիվ են և տարածված են աշխարհով մեկ։

Կիրառում խմբագրել

Ռաուխտոպազը հանդիսանում է հասանելի ու էժան 3-րդ կարգի թանկարժեք քարերից մեկը։ Ըստ Ա. Ֆերսմանի և Մ. Բաուերի դասակարգման՝ այս հանքատեսակը վերաբերվում է առաջին կարգի կիսաթանկարժեք դեկորատիվ քարերին։ Համեմատության համար կարելի է նշել, որ այդ նույն առաջին կարգի դեկորատիվ քարերից են նեֆրիտը, լազուրիտը, գլաուկոնիտը, սոդալիտը, ամազոնիտը, լաբրադորը, ռոդոնիտը, մալաքիտը, ավենտուրինը, քվարցիտը, վեզուվիանը, լեռնային բյուրեղապակին, ագաթը (իր տարատեսակներով), հասպիսը, հրեական քարը և վարդագույն քվարցը[2]։

Լեռնային բյուրեղապակու, ամեթիստի ու ցիտրինի նման, ռաուխտոպազը հանդիսանում է քվարցի տարատեսակ, որը լայն կիրառություն ունի ոսկերչության մեջ։ Ակնագործության մեջ օգտագործվում են այս հանքատեսակի ավելի բաց գույնի տարատեսակները։ Ծխագույն քվարցի բյուրեղների սերտաճվածքները շատ գեղեցիկ են և հանդիսանում են հանքաբանական թանգարանների ու մասնավոր հավաքածուների ավանդական զարդարանքը։ Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում պահպանվում է 4500 կարատ զանգվածով ծխագույն քվարցից երեսակված ձու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.gemdat.org/gem-6270.html
  2. В.Петров. «Драгоценные камни». — М.: журнал «Химия и жизнь», № 10 за 1965 г.

Արտաքին հղումներ խմբագրել