Ջրի ծաղկում, էվտրոֆացում, քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վերին կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը, որն առաջանում է բնական կամ մարդահարույց գործոնների ազդեցությամբ։

«Ծաղկած» գետ

Ջրի «ծաղկմանը» նպաստում է կենսածին նյութերով (ֆոսֆոր, ազոտ, օրգանական միացություններ) ջրամբարների աղտոտումը, որի հետևանքով փոխվում են ջրի գույնը, որակը, խախտվում էկոհամակարգը, վատթարանում ջրավազանի թթվածնային ռեժիմը։

Ջրի ծաղկման տեսակներ խմբագրել

Ըստ ջրիմուռների կենսազանգվածի կոնցենտրացիայի՝ տարբերում են

  • թույլ (0,5-0,9 մգ/լ),
  • չափավոր (1-10 մգ/լ),
  • սաստիկ (10-100 մգ/լ)
  • գերսաստիկ (100 մգ/լ-ից ավելի) ջրի «ծաղկում»

Ջրի «ծաղկման» յուրահատուկ և ինքնատիպ դրսևորումներից է Սևանա լճի հիմնախնդիրը, որը Հայաստանի համար ունի ոչ միայն էկոլոգիական, այլև սոցիալ-տնտեսական նշանակություն։ Լճում ներկայումս բուսապլանկտոնի կենսազանգվածն ավելացել է շուրջ 2 անգամ, և այն ակտիվ «ծաղկում» է։ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տվյալներով (2004)՝ օրգանական նյութերի կուտակումները լճում կազմել են շուրջ 150 հզ. տ, այն դեպքում, երբ 1930-ական թվականներին այն կազմել է մոտ 25 հզ. տ։ Լճի «ծաղկման» նման տեմպերի պահպանումը մոտ ապագայում կարող է ոչ պիտանի դարձնել լճի ջուրը ոչ միայն խմելու, այլև ոռոգման և ռեկրեացիայի համար։

Մարդահարույց գործոնների բացասական ազդեցությունը սպառնում է նաև ջրամբարներին և մյուս լճերին։ Հայաստանում էկոլոգիական հիմնախնդիրների շրջանակներում կատարվում են ներքին ջրերի հսկիչ աշխատանքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրի ծաղկում» հոդվածին։