Ջրի ժամացույց կամ կլեպսիդրա (հին հունարեն՝ κλεψύδρα от κλέπτω` գողանալ + ὕδωρ` ջուր), ասուրաբաբելոնյան և Հին Եգիպտոսի շրջանից հայտնի սարք, որով չափել են ժամանակը[1]։ Սարքը գլանաձև անոթ էր, որից ջրի բարակ շիթի արտահոսքով որոշվում էր ժամանակը։ Օգտագործվել է մինչև 17-րդ դարը։

Չին գիտնական Սու Սունի (Su Song) ջրի ժամացույցը, 11-րդ դար

Պատմություն խմբագրել

Հռոմեացիների մոտ մեծ գործածություն են ունեցել ամենապարզ կառուցվածքով ջրի ժամացույցները։ Առաջին ջրային ժամացույցը Հռոմում տեղադրվել է ռազմական ու քաղաքական նշանավոր գործիչ Պուբլիոս Նազիկայի պատվերով (Ք. ա. 157 թվական)։ Պոմպեյի ջրի ժամացույցները հռչակված էին ոսկյա և թանկարժեք քարերից դրվագազարդերով։ 6-րդ դարի սկզբին մեծ հեղինակություն էին վայելում Բոետիոսի մեխանիզմները, որոնք նա տեղադրել էր արքա Թեոդորոս Մեծի և վերջինիս խնդրանքով նաև Բուրգունդիայի արքա Հունդոբադի համար։ Դրանից հետո նմանատիպ ժամացույցների կիրառումը անկում է ապրում, քանի որ Հռոմի Պավել 1-ին պապը Պիպին Կարճահասակին ջրի ժամացույց է նվիրում որպես հազվագյուտ մի բան։ Հարուն ալ Ռաշիդ արքան 809 թվականին Կառլոս Մեծի համար բարդ մեխանիզմով ջրի ժամացույց է ուղարկում Աախեն։ Պասիֆիուս անունով մի հոգևորական 9-րդ դարում կրկնօրինակել է արաբների` նման ժամացույց պատրաստելու արվեստը, իսկ 10-րդ դարի վերջին արաբներից վերցրած իր մեխանիզմներով հռչակվել է Հռոմի պապ Սիլվեստեր 2-րդը։

Հայտնի էին նաև ֆրանսիացի մաթեմատիկոս Օրոնցիուս Ֆինեուսի և գերմանացի գիտնական Կիրհերի ջրային ժամացույցները, որոնք պատրաստված էին սիֆոնի սկզբունքով։ Շատ մաթեմատիկոսներ, այդ թվում` Գալիլեյը, Պիեր Վարինիոնը և Բեռնուլին, անդրադարձել են այն խնդրին, թե ինչպիսին պետք է լինի ջրի ժամացույցի անոթը, որ ջուրը հավասարաչափ կաթի։

Ներկայումս ջրի ժամացույցը որոշակի տարածում ունի Ֆրանսիայում։ Այսպես` Ֆորտ Բոյար հեռուստախաղում մասնակիցների փորձության ժամանակահատվածը նշվում է կապույտ ջուր ունեցող ջրի ժամացույցով։

Կառուցվածք և գործածության սկզբունք խմբագրել

 
Հին պարսկական ջրի ժամացույց
  • Որոշակի ժամանակահատված չափվել է ջրի քանակությամբ, որը կաթիլ առ կաթիլ ծորացել է անոթի հատակի փոքր բացվածքից։ Այդ կառուցվածքն են ունեցել ջրի ժամացույցները եգիպտացիների, բաբելոնցիների, հին հույների մոտ[1]։
  • Չինացիների, հնդիկների և ասիկան մի շարք այլ ժողովուրդների մոտ հակառակ սկզբունքն է գործել. դատարկ, կիսաշրջանաձև անոթը, լողալով ջրի մեծ ավազանում, փոքր բացվածքից քիչ-քիչ լցվել է ջրով (մի պոեմում հերոսուհին անոթի մեջ ադամանդ է գցում, որպեսզի անցքը փակվի, և անոթը ուշ լցվի ջրով)։

Ջրի այսպիսի ժամացույցի գործածման սկզբունքից է առաջացել «ժամանակը սպառվում է» արտահայտությունը։

Առաջին տիպի ժամացույցները զգալիորեն կատարելագործվել են։ Պլատոնը նկարագրում է երկու կոների մեխանիզմը, որոնք տեղադրված են իրար մեջ։ Նրանց օգնությամբ մոտավորապես պահպանվել է ջրի միևնույն մակարդակը` դրանով կարգավորելով նրա արտահոսքի արագությունը[2]։ Նման մեխանիզմները կատարելության են հասցվել Ալեքսանդրիայում Ք. ա. 3-րդ դարում։ Հատկապես հայտնի են Հերոնի ուսուցիչ Քթիսիբիոսի (հունարեն՝ Κτησίβιος մ․թ․ա․ 285 - մ․թ․ա․ 222) մշակած ժամացույցները։ Իսկ Արսինոյայի տաճարում տեղադրված կլեպսիդրը գործում էր հետևյալ կերպ.

  Կլեպսիդրա (ջրային ժամացույց)։ а — արտաքին տեսք, б — կտրվածք։ 1 — խողովակ, որով ջրի մշտական աղբյուրից ջուր է լցվում, 2 — կերպարը, որի աչքից ջրի հավասարաչափ մասերը կաթիլ առ կաթիլ խողովակից (3) լցվում են պահեստ (4), 5 — խցան պատկերով (6), որը գլանաձև մասում փայտիկի օգնությամբ ցույց է տալիս ժամանակը (7), 8 — սիֆոնի մեխանիզմով խողովակ, որի օգնությամբ օրվա վերջում դուրս է գալիս պահեստում հավաքված ջուրը (4)` պտտելով գլանը (7) ուղղահայաց առանցքի շուրջ 1/365 մասում.
  • Միջնադարում լայն տարածում են գտել հատուկ կառուցվածքով ջրի ժամացույցները, որոնց մեխանիզմը նկարագրված է հոգևորական Ալեքսանդրի տրակտատում։ Թմբուկը, որը ներսից բաժանված է մի քանի մասերի, ամրացվում էր առանցքի շուրջն այնպես, որ կարող էր իջնել` պտտելով առանցքի շուրջ կապված պարանները։ Եզրային մասում գտնվող ջուրը, ճնշում գործելով հակադիր կողմի վրա, աստիճանաբար պատերի բացվածքով մի մասից մյուսն էր լցվում։ Թմբուկի իջնելու աստիճանով էլ չափվում էր ժամանակը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրի ժամացույց» հոդվածին։