«Ջրահարսը» (դան․՝ Den Lille Havfrue, բառացի թարգմանությամբ՝ «Ծովի փոքրիկ տիրուհի»), դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Պատմում է փոքրիկ ջրահարսի մասին, որը պատրաստ է հրաժարվել ծովի իր կյանքից, որպեսզի ստանա մարդկային հոգի և արքայազնի սերը։ Առաջին անգամ հրատարակվել է 1837 թվականին[1] և բազմիցս ադապտացվել է, ներառյալ մյուզիքլների, գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի։

Ջրահարսը
դան․՝ Den lille Havfrue
Տեսակգրական ստեղծագործություն և հեքիաթ
Ժանրգրական հեքիաթ
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
ԿերպարներLittle Mermaid?, Prince? և The Sea Witch?
ՀրատարակչությունIgnác Leopold Kober?
Հրատարակվել էապրիլի 7, 1837
 The Little Mermaid

Սյուժե խմբագրել

 
Դմիտրի Բրյուխանովի նկարազարդումը
 
Ջրահարսը փրկում է արքայազնին

Ջրահարսը հոր (ծովի թագավորի), տատիկի և հինգ քույրերի հետ ապրում էր ստորջրյա թագավորությունում։ 5 քույրերը մեծ էին ջրահարսից, իսկ քույրերից յուրաքանչյուրը ծնվել էր նախորդից մեկ տարի անց։ Ըստ սահմանված կարգի՝ երբ լրանում էր ջրահարսի 15 տարին, նրան թույլ էին տալիս լողալ, դուրս գալ ծովի երեսը, որպեսզի տեսներ աշխարհը։ Ամեն տարի քույրերից մեկը դառնում էր 15 տարեկան և այցելում էր ցամաքի վրա գտնվող աշխարհը։ Քույրերի վերադարձից հետո կրտսեր ջրահարսը թախիծով էր լսում երկրի և մարդկանց մասին գունագեղ պատմությունները։

Երբ կրտսեր ջրահարսի հերթն է հասնում, նա բարձրանում է վեր և տեսնում եռակայմ մի նավ, որտեղ տոնում էին գեղեցիկ արքայազնի ծնունդը։ Ջրահարսը սիրահարվում է նրան։ Ուժեղ փոթորիկ է սկսվում, և ջրահարսը փրկում է խեղդվող արքայազնին։ Նա անգիտակից արքայազնին հասցնում է վանքին մոտ գտնվող ափը և սպասում այնքան, մինչև վանքից մի երիտասարդ աղջիկ տեսնում է արքայազնին։ Արքայազնն այդպես էլ չի տեսնում ջրահարսին։

Ջրահարսը տատիկին հարցնում է, թե մարդիկ կարող են հավերժ ապրել, եթե կարողանան շնչել ջրի տակ։ Տատիկը բացատրում է, որ մարդիկ համեմատաբար կարճ կյանք ունեն, իսկ ջրահարսերն ապրում են 300 տարի։ Բայց երբ վերջիններս մահանում են, ծովային փրփուր են դառնում, և նրանց կյանքը վերջանում է մարմնի մահվան հետ։ Իսկ մարդիկ անմահ հոգի ունեն, որն ապրում է երկնքում։ Կրտսեր ջրահարսը ձգտում էր գնալ արքայազնի մոտ և ցանկանում էր անմահ հոգի ստանալ։ Ի վերջո նա այցելում է ծովի վհուկին, որը նրան է տալիս իր պատրաստած խմիչքը։ Եթե ջրահարսը խմեր այդ հեղուկից, նրա պոչը կվերածվեր ոտքերի։ Իբրև վարձատրություն՝ վհուկը, կտրելով նրա լեզուն, վերցնում է նրա ձայնը, քանի որ ջրահարսը շատ հմայիչ ձայն ուներ։

 
Դմիտրի Աֆանասևիչ

Ծովի վհուկը ջրահարսին զգուշացնում է, որ երբ նա մարդ դառնա, այլևս չի կարողանա ծով վերադառնալ։ Բացի այդ, հեղուկը խմելուն պես նա այնպիսի ցավ կզգա, կարծես սուրը խրում են մարմինը։ Բայց երբ առողջությունը վերականգնվի, ջրահարսը 2 գեղեցիկ ոտք կունենա և կկարողանա այնպես պարել, ինչպես ոչ ոք չի պարել։ Նրա ամեն մի քայլն այնպիսի ցավ կպատճառի, կարծես քայլելիս լինի սուր-սուր դանակների վրայով, ինչպես արյուն ծորալիս լինի նրա ոտքերից։

Վերջապես, ջրահարսը կարող է անմահ հոգի ստանալ միայն այն դեպքում, երբ արքայազնը նրան համբուրի անկեղծ սիրով և ամուսնանա նրա հետ, այդ դեպքում նրա հոգու մի մասը կանցնի ջրահարսին։ Հակառակ դեպքում, եթե արքայազնն ամուսնանա մեկ ուրիշի հետ, ամուսնությունից հետո առաջին իսկ արշալույսին ջրահարսի սիրտը պատառ-պատառ կլինի, և նա ծովային փրփուր կդառնա։

Ջրահարսը խմում է հեղուկը և հանդիպում արքայազնին, որը հիացած էր նրա գեղեցկությամբ ու նրբագեղությամբ, չնայած որ աղջիկը համր էր։

Արքայազնն ամենից շատ սիրում էր նայել ջրահարսի պարը, և ջրահարսը պարում էր նրա համար, թեև ամեն անգամ, երբ ոտքերը հատակին էր դնում, տանջող ցավ էր զգում։ Երբ արքայազնին հայրը հրամայում է ամուսնանալ հարևան թագավորության արքայադստեր հետ, արքայազնը ջրահարսին պատմում է, որ ինքը դա չի անի, որովհետև արքայադստերը չի սիրում։ Նա նաև ավելացնում է, որ ինքը կարող է սիրել վանքի այն երիտասարդ աղջկան, որը, ինչպես ինքն էր կարծում, փրկել է իրեն։ Պարզվում է, որ արքայադուստրը հենց վանքի աղջիկն է։ Բանն այն է, որ հայրը նրան ուղարկել էր վանք՝ կրթություն ստանալու։ Արքայազնը սիրահարվում է նրան, և հայտարարվում է հարսանիքի օրը։

Արքայազնն ու արքայադուստրն ամուսնանում են։ Ջրահարսի սիրտը կոտրված էր։ Նա մտածում էր այն մասին, թե ինչից հրաժարվեց, և այն ցավի մասին, ինչի միջով անցավ։ Նա հուսահատությամբ մտածում էր նաև իրեն սպասվող մահվան մասին, բայց արևածագից առաջ քույրերը նրա համար բերում են ծովի վհուկի դանակը, որը փոխել էին իրենց երկար մազերի հետ։ Եթե ջրահարսն այդ դանակով սպաներ արքայազնին և նրա արյունից կաթեր ջրահարսի ոտքերին, վերջինս նորից ջրահարս կդառնար։ Նրա բոլոր տառապանքները կավարտվեին, և կապրեր իր լիարժեք կյանքը։

Սակայն ջրահարսը չէր կարող իրեն ստիպել սպանել քնած արքայազնին։ Երբ արևն սկսում է ծագել, նա դանակը նետում է ծովը։ Ջրահարսի մարմինը վերածվում է ծովային փրփուրի, բայց, փոխանակ դադարեր գոյություն ունենալուց, նա զգում է արևը և դառնում օդի դուստրը։ Օդի մյուս դուստրերը բացատրում են, որ նա դարձել է իրենց նման, քանի որ ամբողջ սրտով ձգտում էր ստանալ անմահ հոգի։ Ջրահարսն ապագայում իր բարի գործերի շնորհիվ կստանա իր հոգին, և արդյունքում կգնա Աստծո թագավորություն։

Բանավեճեր ավարտի վերաբերյալ խմբագրել

Որոշ քննադատներ համարում են, որ ստեղծագործության վերջին մասն իր համեմատաբար երջանիկ ավարտով անբանական լրացում է սյուժեին, քանի որ հեքիաթի նախորդ բոլոր մասերը հանգեցնում են ողբերգական ավարտի։ Առաջին հրատարակության մեջ Հանս Քրիստիան Անդերսենը հեքիաթն ավարտել էր ջրահարսի մահվամբ, բայց հետագայում ավելացրել է օդի դուստրերին՝ հայտարարելով, որ դա իր նախնական մտադրությունն էր և նույնիսկ հեքիաթի վերնագիրը։

Օդի դուստրերն ասում են, որ իրենք էլ կարող են անմահ հոգու արժանանալ՝ 300 տարվա ընթացքում բարի գործեր կատարելով, բայց հետագայում հեղինակը փոխել է այդ պնդումը՝ մատնանշելով, որ ամեն ինչ կախված է նրանից՝ դուստրերը լավն են, թե՝ վատը։ Լավ վարքն օդի դուստրերի ծառայության ժամկետը 1 տարով նվազեցնում է, իսկ վատ վարքը նրանց ստիպում է լաց լինել, միաժամանակ ամեն մի արցունք մի օր ավելացնում է։ Դա արժանացել է գրախոսների քննադատությանը.

Այդպիսի խրատն ավելի վատն է, քան հեքիաթում ներկայացված մյուսներից ցանկացածը։ Պատմությունը հարում է վիկտորիանական բարոյական պատմություններին, որոնք գրվում էին երեխաների համար, որպեսզի նրանց վախեցնեն և լավ արարք հարկադրեն:

[2][3]

Ադապտացիա խմբագրել

Անիմացիա
Թատրոն

Կինեմատոգրաֆիա խմբագրել

«Ջրահարսը» – խորհրդային լիամետրաժ ֆիլմ (1976)

«Ջրահարսը» (Malá Morská Víla) – 1976 թվականի չեխական ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hans Christian Andersen: The Little Mermaid». The Hans Christian Andersen Centre. University of Southern Denmark Department for the Study of Culture. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին.
  2. «Annotations for Little Mermaid». SurLaLune Fairy Tales. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  3. Altmann, Anna E.; DeVos, Gail (2001). Tales, Then and Now: More Folktales As Literary Fictions for Young Adults. ABC-CLIO#Libraries Unlimited. էջ 179. ISBN 1-56308-831-2. {{cite book}}: Text "Libraries Unlimited" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել