Ջուղայի գերեզմանատուն (հայտնի է նաև Ջուղայի խաչքարեր, Ջուղայի հայկական գերեզմանատուն անուններով), հայկական ավերված գերեզմանատուն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի հարևանությամբ[1]։

Ջուղայի գերեզմանատուն
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակԽաչքարներով ու խոյակերպ տապանաքարերով գերեզմանատուն
ՏեղագրությունՋուղա և Q12838256?
Երկիր Ադրբեջան
Ազգային կազմՀայկական
Կրոնական կազմՔրիստոնեական (հիմնականում Հայ առաքելական)
ԿարգավիճակԱմբողջությամբ ավերված

Գերեզմանատանն եղել են տարբեր դարերով թվագրվող հազարավոր խաչքարեր և խոյակերպ տապանաքարեր, որոնք ունեցել են պատկերազարդ քանդակներ ու վիմագրական արձանագրություններ։ Այն եղել է աշխարհում խաչքարերով կազմված ամենամեծ գերեզմանոցը[1]։

1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ 1903–1904 թվականներին Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո, երբ քաղաքի մի շարք հուշարձանների ավերման հետ անվերադարձորեն ոչնչացվել են նաև գերեզմանատան խաչքարերի մեծ մասը, այստեղ արձանագրվել է շուրջ 5 հազար կանգուն և վայր ընկած խաչքար։ 1915 թվականի և ապա 1928–1929 թվականների տվյալներով գերեզմանատանը գրանցվել են մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք և խոյաձև տապանաքար։ 1971 և 1973 թվականների հաշվումներով Ջուղայի գերեզմանատանը մնացել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանատներում և այլուր՝ ևս 250 խաչքար, ինչպես և շուրջ 1000 տապանաքար[2]։

Գերեզմանատան համակարգված ոչնչացման գործընթացը սկսվել է 1920-ական թվականներից, երբ Նախիջևանը ընդգրկվեց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում։ Նախիջևանից հայերի աստիճանաբար հեռացմանը զուգընթաց ոչնչացվում էին հայկական պատմամշակութային հուշարձանները, այդ թվում՝ նաև Ջուղայի խաչքարերը։ Խորհրդային Ադրբեջանի անկախացումից հետո սկսվեց Ջուղայի գերեզմանատան առավել ակտիվ ոչնչացումը։ Շուրջ 25 տարիների ընթացքում գերեզմանատունը պարբերաբար ենթարկվում էր ավերման, որի վերջակետը դրվեց 2005 թվականին, երբ Ադրբեջանի կառավարության հրամանով և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ ամբողջությամբ ոչնչացվեց բազմադարյա հազարավոր խաչքարերով հարուստ գերեզմանոցը։ Ադրբեջանցի զինծառայողների կողմից տեղահան արվեցին, ծանր տեխնիկայի միջոցով փշրվեցին և Արաքս գետը լցվեցին պատմամշակութային մեծ արժեք ունեցող հազարավոր խաչքարեր[3][4][5][6][7][8]։

Տեղադրություն խմբագրել

Ջուղայի գերեզմանատունը տարածված էր համանուն քաղաքի արևմտյան կողմում՝ միմյանցից փոքրիկ ձորակներով բաժանված երեք բլրակների վրա ու նրանց շուրջը։ Հյուսիսից հարավ ձգվող և Արաքս գետի ու մոտակա լեռնալանջերի բարձր պատնեշներն ու պարիսպները ձգվող երկարավուն գերեզմանատանը կային հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր։ Պարիսպներն ու պատնեշները կառուցված էին լեռներից իջնող հեղեղումներից գերեզմանատունը պաշտպանելու համար[1]։

Մշակութային-ճարտարապետական նկարագիր խմբագրել

Ջուղայի խաչքարերը արվեստի մշակման ձևի տարբերությամբ բաժանվել են երեք ընդհանուր խմբի։ Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են 9-ից 13-րդ դարերով, դրանք սովորաբար փոքրածավալ են, սակավ քանդակազարդ ու վիմագրված։ Խաչքարերի հաջորդ խումբը, որ կարելի է համարել անցման կամ միջին շրջանի հուշարձաններ, վերաբերում են 14-ից 15-րդ դարերից սկսած մինչև 16-րդ դարի կեսը, իրենց կազմությամբ ու հարդարանքով, վիմագրչությամբ ու ատկերաքանդակներով արվեստի աչքի ընկնող օրինակներ են։ Երրորդ և ամենաստվար խմբի խաչքարերը, որ ստեղծվել են 16-րդ դարի կեսերից մինչև 1605 թվականը, աչքի են ընկնում մշակման կատարելությամբ ու բազմազանությամբ, իրական և երևակայական զարդաձևերով, հորինվածքների բարդություններով[2][9]։

Ջուղայի խաչքարերը սովորաբար առանց պատվանդանների են՝ անմիջապես կանգնեցված են հողի մեջ (գերեզմանատներում՝ որպես ի տապանի)։ Բոլոր խաչքարերը անխտիր վերից վար ունեն գրեթե հավասար լայնություն և 2 մ միջին բարձրություն ու թողնում են քառակող կոթողների տպավորություն։ Խաչքարի հորինվածքի մեջ, խաչի գրաված կենտրոնական մասը ավելի խորաքանդակ է, ուր մեկ խաչապատկերից բացի հաճախ տեղավորված են 2-4 խորաններով խաչապատկերներ։ Քիվերին տեղավորված են Քրիստոսի ու ավետարանիչների, Աստվածամոր, Սֆինքսների և այլ բարձրաքանդակներ, ստորին մասերում՝ արձանագրություններ, հեծյալ Սուրբ Գևորգի կամ էլ հանգուցյալների պատկերաքանդակներ։ Ջուղայի գերեզմանատանը տարածված են նաև բազմաթիվ մեծ ու փոքր, գեղեցիկ ու բազմաբնույթ կենցաղային քանդակներով պատած խոյաձև տապանաքարեր։ Գերեզմանատան խաչքարերի ու տապանաքարերի արվեստի թեմատիկայում մարդկային բազմաթիվ պատկերաքանդակներից բացի լայն տարածում են գտել նաև Հայոց լեռնաշխարհի մի շարք կենդանիների ու թռչունների, բույսերի ու թփերի, կենցաղային, երաժշտական, աշխատանքային գործիքների, զենքերի տարատեսակ քանդակներ[10][11][12]։

Պատմություն խմբագրել

Ոչնչացում խմբագրել

Խորհրդային տարիներին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի ԻԽՍՀ Հուշարձանների պահպանության վարչության կողմից Ջուղայի հայկական գերեզմանատունը ոչ միայն չի ընդգրկվել պահպանվող հուշարձանների ցանկում, այլև պետական հովանավորությամբ գերեզմանաքարերը շարունակաբար ջարդվել և օգտագործվել են որպես շինանյութ[9]։

Ադրբեջանական ԽՍՀ-ի անկախացումից հետո հայկական գերեզմանատան ոչնչացման քաղաքականությունը շարունակվել է ավելի ակտիվ կերպով։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետույան տեղական իշխանությունների հրահանգով 1998 թվականի նոյեմբերին սկսվեց Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը։ Միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտության շնորհիվ պատմամշակութային հուշարձանի ավերումը ժամանակավորապես կասեցվեց[9]։

2002 թվականի նոյեմբերի 9-ից Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը վերսկսվեց։ Խաչքարերի ու խոյակերպ տապանաքարերի մի մասը տապալվեց գետնին, մի մասն էլ տեղափոխվեց անհայտ ուղղությամբ։ Նույն թվականի աշնանը Արաքս գետի իրանական ափից ականատեսների կողմից կատարած լուսանկարների համաձայն գերեզմանատանը կանգուն վիճակով ոչ մի խաչքար չէր մնացել[9]։

2005 թվականի դեկտեմբերի 10-14-ին Ադրբեջանի կառավարության հրահանգով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները վերջնականապես ոչնչացրեցին Ջուղայի հայկական գերեզմանատունը։ Պատմամշակութային բազմադարյա հուշարձանի ավերումը տեղի ունեցավ ադրբեջանական բանակի շուրջ 200 զինծառայողների կողմից, ովքեր ծանր մուրճերով ու քլունգներով խճազանգվածի վերածեցին և բեռնատար մեքենաներով Արաքս գետը թափեցին Ջուղայի գերեզմանատան այն խաչքարերն ու տապանաքարերը, որոնք դեռևս մնացել էին 1998-2002 թվականների ավերումից հետո[9]։

2006 թվականի մարտի սկզբից ոչնչացված պատմամշակութային հուշարձան հանդիսացող գերեզմանատան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի համար կառուցվեց հրաձգարան[9][13][14]։

Պատկերասրահ խմբագրել

Ջուղայի գերեզմանատան խաչքարեր խմբագրել

Ջուղայի գերեզմանատան խոյաձև տապանաքարեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 32։
  2. 2,0 2,1 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 8, էջ 550
  3. Резолюция Европарламента от 16 февраля 2006 г. (արխիվացված(ռուս.)
  4. Azerbaijan: Famous Medieval Cemetery Vanishes (արխիվացված(անգլ.)
  5. Azerbaijan 'flattened' sacred Armenian site․ (արխիվացված)(անգլ.)։
  6. Tragedy on the Araxes․(անգլ.)
  7. Le croci armene cancellate dalla storia. La denuncia: I soldati dell’Azerbaijan stanno distruggendo le steli degli Antichi cimiteri. Արխիվացված 2009-12-29 Wayback Machine(իտալ.)
  8. High-Resolution Satellite Imagery and the Destruction of Cultural Artifacts in Nakhchivan, Azerbaijan․ (արխիվացված(անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Արմեն Հախնազարյան, Ջուղա. Հայկական գերեզմանատան ոչնչացումը Նախիջևանի ադրբեջանական իշխանությունների կողմից։
  10. Վրույր Ա․, Ջուղա, <Պ9Հ», 1967, М» 4
  11. Այվազյան Ա․, Նախիջևանի պատմա–ճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978
  12. Тер-Аветисян С․, Город Джуга, Тифлис, 1937; Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е․» 1981
  13. В Нахичевани продолжается культурный геноцид армянских памятников․(ռուս.)
  14. Баку торпедирует визит докладчика подкомиссии ПАСЕ по вопросам культурного наследия․(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել