Ջուլիան Բեռնարդ Ռոտտեր, (հոկտեմբերի 22, 1916(1916-10-22), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 6, 2014(2014-01-06), Մենսֆիլդ), ամերիկացի նշանավոր հոգեբան, իր ժամանակի երկու ամենաազդեցիկ տեսությունների՝ սոցիալական ուսուցման և վերահսկման լոկուսների տեսության հեղինակը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորքում, 1916 թ. հոկտեմբերի 22-ին։ Այն ժամանակ, 1940-ականների վերջ 1950-ականների սկիզբ, երբ նա ստեղծում էր իր տեսությունը առավել ազդեցիկ էին անձի ֆենոմենոլոգիական և հոգեվերլուծական տեսությունները։ Ըստ Ռոտտերի այս երկու մոտեցումներն էլ պարունակում էին կոնցեպցիաներ, որոնք բավականաչափ որոշակիացված չէին, այդ իսկ պատճառով նա որոշեց մտցնել պարզ և կոնկրետ տերմինաբանություն։ Նա փորձում էր զարգացնել հստակ կառուցվածքավորված, կոնկրետ եզրեր և վարկածներ պարունակող, կոգնիտիվ ու մոտիվացիոն գործոնների դերը մարդու կյանքում հաշվի առնող տեսություն։ Ռոտտերը ցանկանում էր ստեղծել տեսությունը, որը կընդգծեր վարքի հասկացումը սոցիալական իրավիճակի ենթատեքստում, նրա սոցիալական ուսուցման տեսությունը փորձ է բացատրել, ինչպես են մարդիկ վարք սովորում միջավայրի տարրերի և այլ մարդկանց հետ համագործակցելով։ Ռոտտերն ասում էր. «Սա սոցիալական ուսուցման տեսություն է, քանի որ այն ընդգծում է փաստը, որ վարքի գլխավոր կամ հիմնական տիպերին կարելի է սովորել սոցիալական իրավիճակներում, և վարքի այդ տիպերը բարդ կերպով կապված են պահանջմունքների հետ, որոնք բավարարվում են այլ մարդկանց միջոցով»։ (Rotter, 1954, р. 84)

Ջուլիան Ռոտտեր
Julian Rotter
Ծնվել էհոկտեմբերի 22, 1916(1916-10-22)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 6, 2014(2014-01-06) (97 տարեկան)
Մենսֆիլդ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի դասախոս և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Կոնեկտիկուտի համալսարան
Ալմա մատերԻնդիանայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարChauncey Louttit?
Եղել է գիտական ղեկավարBonnie Strickland?, June Elizabeth Chance?[2] և Walter Mischel?
Ինչով է հայտնիՍոցիալական ուսուցման տեսություն, Վերահսկման լոկուսի տեսություն
Ազդվել էԿուրտ Լևին, Ալֆրեդ Ադլեր, Բ. Ֆ. Սքիներ, Էդվարդ Թոլմեն, Ջորջ Քելլի
Ազդել էՈւոլթեր Միշել
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

 
Նյու Յորք

Ջուլիան Բեռնարդ Ռոտտրեը ծնվել է 1916 թ. հոկտեմբերի 22-ին Բրուքլինում, Նյու Յորքում, հրեա փախստականների ընտանիքում։ Դպրոցական և այնուհետև ուսանողական տարիների Ռոտտերը չափազանց շատ ժամանակ էր անցկացնում Բրուքլինի Ջեյ պողոտայի գրադարանում, նա ժլատ ընթերցող էր։ Հոգեբանության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է հենց այստեղ, երբ նա պատահաբար հանդիպում է Ֆրոյդի և Ադլերի գրքերին, ինչի հետևանքով սկսեց Բրուքլինյան քոլեջում ուսումնասիրել հոգեբանություն։ Նրա հիմնական առարկան քիմիան էր, որովհետև հոգեբանություն մասնագիտություն, որպես այդպիսին չկար։ Այն բանից հետո, երբ Ռոտտերն իմացավ Ադլերի Լոնգ-Այլենդի բժշկական դպրոցի դասախոսությունների մասին, նա սկսեց հաճախել դրանց, իսկ հետագայում Ադլերը նրան հրավիրեց մասնակցել Անհատական հոգեբանության միության ամենամսյա հանդիպումներին, որ անցկացվում էին Ադլերի տանը։

Շարունակելով ուսուցումը, Ռոտտերը 1937 թ. ընդունվեց Այովա նահանգի համալսարան, որպեսզի ավարտի հոգեբանությունը։ 1938 թ. ստացել է հումանիտար գիտությունների մագիստրի աստիճան Այովայում և կլինիկական հոգեբանության դոկտորի աստիճան 1941 թ. Ինդիանայի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է ԱՄՆ բանակում որպես հոգեբան։ 1946 թ. սկսեց աշխատել Օհայոյում, որտեղ հետագայում զբաղեցրեց Ջորջ Քելլիի տեղը կլինիկական հոգեբանության տնօրենի պաշտոնում։ Իր առավել հայտնի աշխատությունը հրատարակել է Օհայոյում 1954 թ. «Սոցիալական ուսուցում և կլինիկական հոգեբանություն» անվան տակ։ 1963 թ. զբաղեցրեց Կոնեկտիկուտյան համալսարանում պրոֆեսորի պաշտոն։ Ռոտտերը թողել է հարուստ ժառանգություն հոդվածների, գրքերի, մենագրությունների և թեստային ուղղորդումների տեսքով։ 1987 թվականից անցել է թոշակի, սակայն չի դադարեցրել իր գիտական և մասնագիտական գործունեությունը մինչև մահ։ Մահացել է 2014 թվականի հունվարի 6-ին Կոնեկտիկուտում, Մենսֆիլդում[5]։

Սոցիալական ուսուցման տեսություն խմբագրել

Հիմնական հայեցակարգեր և սկզբունքներ խմբագրել

Սոցիալակն ուսուցման տեսության ուշադրության կենտրոնում բարդ իրավիճակներում մարդու վարքի կանխատեսումն է ընկած։ Ըստ Ռոտտերի անհրաժեշտ է խորապես վերլուծել 4 փոփոխականների փոխազդեցությունները։ Այդ փոփոխականները ներառում են վարքի պոտենցիալը, սպասումը, ամրապնդման նշանակությունը (արժեքը) և հոգեբանական իրավիճակը։

Վարքի պոտենցիալ խմբագրել

Ռոտտերը պնդում է, որ տվյալ իրավիճակում մարդու վարքի կանխատեսման բանալին այդ վարքի պոտենցիալն հասկանալու մեջ է։ Վարքի պոտենցիալը դրա հավանականությունն է, որ հանդիպում է ինչ-որ իրավիճակում կամ իրավիճակներում մեկ կամ մի քանի ամրապնդումներով պայմանավորված։ Վարքը, ըստ Ռոտտերի, կազմված է շարժողական ակցիաներից, ճանաչողությունից, վերբալ (խոսքային) վարքից, ոչ վերբալ արտահայտվող վարքից, հուզական ռեակցիաներից և այլն։ Բոլոր տեսակի վարքերն ունեն արտահայտման հավանական պոտենցիալ, որն ունի ինչպես իրավիճակային, այնպես էլ մշակութային պայմանավորվածություն։ Կախված տրվող ռեակցիայից տվյալ վարքի պոտենցիալը գնահատվում է բարձր կամ ցածր, և հավանականության տեսությամբ կարելի է հաշվարկել վարքը՝ իմանալով դրա պոտենցիալը։ Օրինակ ֆուտբոլային մրցաշարի ժամանակ բարձր բղավոցների պոտենցիալը առավել մեծ է, քան թաղման արարողության ժամանակ։ Ռոտտերի վարքային հայեցակարգը ներառում է հավանական և չափելի բոլոր տեսակի վարքաձևերը, ինչպես՝ բղավոցներ, լաց, ծիծաղ, ուսուցում, տրամաբանական վերլուծություն, կռիվ, վերլուծություն, հապաղում և այլն։

Սպասումներ խմբագրել

Ըստ Ռոտտերի սպասումները վերաբերում են այն բանի սուբյեկտիվ հավանականությանը, որ ամրապնդումը տեղ կունենա սպեցիֆիկ վարքի արդյունքում։ Ռոտտերը նշում է, որ սպասման ուժի մեծությունը կարող է տատանվել 0-ից 100 միջակայքում և միջինում հիմնվում է նախկին փորձի կամ նման իրավիճակի սուբյեկտիվ գնահատման վրա։ Սպասման հայեցակարգը պնդում է, որ եթե նախկինում մարդիկ տվյալ իրավիճակում ցուցաբերելով նմանատիպ վարք ստացել են ամրապնդում՝ նրանք ձգտելու են նման իրավիճակում վարքի կրկնության։ Հարց է ծագում, թե ինչպես կարող է գործել սպասման հայեցակարգը իրավիճակում, որի հետ անձը նախկինում երբևէ չի բախվել։ Ռոտտերը տալիս է պարզ պատասխան՝ մենք համեմատում ենք իրավիճակները և գտնում նման իրավիճակ մեր կամ ուրիշի փորձից, որ դիտել ենք։ Սպասումը կարող է բերել վարքի որոշակի ձևերի, անկախ իրավիճակից և ժամանակից։ Սակայն բնական է, որ սպասումները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը։ Այդ իսկ պատճառով գնահատելու համար իրավիճակը Ռոտտերը խորհուրդ է տալիս հիմնվել կոնկրետ մարդու սպասումների և դրանց գնահատման վրա, այլ ոչ թե ուրիշ մեկի։ Ռոտտերը տարբերակում է նաև իրավիճակի համար սպեցիֆիկ և ունիվերսալ, ընդհանուր սպասումները։ Վարքի կանխատեսման համար առաջին խումբ սպասումները կիրառելի չեն, քանզի խիստ սպեցիֆիկ են տվյալ իրավիճակի համար։ Ընդհանուր, գեներալիզացված սպասումները արտացոլում են տարատեսակ իրավիճակների փորձը և ռոտտերյան անձի ուսումնասիրման հասկացմանը լրիվ համապատասխան են։ Այսպիսի սպասումներից են ինտերնալ-էքստերնալ կամ ներքին-արտաքին վերահսկաման լոկուսները։

Ամրապնդման նշանակալիությունը խմբագրել

Ռոտտերը ամրապնդման նշանակալիությունը սահմանում է որպես աստիճան, որով մենք հավասար հավանականության ստացման պարագայում գերադասում ենք մի ամրապնդումը մյուսին։ Այս հայեցակարգը օգտագործելով նա պնդում է, որ մարդիկ տարբերվում են գործունեության և դրա արդյունքների կարևորությունների գնահատմամբ։ Ինչպես և սպասումների դեպքում, տարբեր ամրապնդումների նշանակալիությունը հիմնված է մեր նախկին փորձի վրա։ Ավելին՝ ամրապնդման նշանակալիությունը կարող է փոփոխվել իրավիճակից իրավիճակ և ժամանակի ընթացքում։ Սակայն կան նաև այնպիսի ամրապնդումներ, որ հարաբերականորեն կայուն են՝ պայմանավորված մեր անհատական առանձնահատկություններով։ Կյանքում առավելապես խրախուսվող գործունեությունների ոլորտներում էլ մեր կոգնիտիվ և աֆֆեկտիվ ամրապնդումների նշանակալիության աստիճանները գրեթե միշտ մնում են նույնը։ Ըստ Ռոտտերի, սակայն, ամրապնդման նշանակալությունը սպասումներից կախված չէ։ Այն, որ մարդ գիտի առանձին ամրապնդման նշանակալիության մասին, ոչ մի կերպ չի արտահայտում այդ ամրապնդման սպասման աստիճանը։ Ամրապնդման նշանակալիությունը հարաբերակցվում է մոտիվացիայի, իսկ սպասումները՝ ճանաչողական գործընթացների հետ։

Հոգեբանական իրավիճակ խմբագրել

Վերջին փոփոխականը, որ կանխատեսում է վարքը անհատի տեսակետից, հոգեբանական իրավիճակն է։ Ռոտտերը պնդում է, որ սոցիալական իրավիճակն այնպիսին է, ինչպիսին այն տեսնում է անհատը։ Ինչպես ֆենոմենոլոգիական մոտեցման հեղինակ Կառլ Ռոջերսը, այնպես էլ Ռոտտերը գիտակցում է, որ եթե տվյալ հանգամանքները մարդու կողմից ընկալվում են որոշակիորեն, ապա նա իրավիճակը ընկալում է այնպիսին, ինչպես ընկալում է, անկախ նրանից, թե որքան տարօրինակ կարող է թվալ նրա մեկնաբանությունը։ Ռոտտերն ընդգծում է իրավիճակային ենթատեքստի կարևոր դերը և դրա ազդեցությունը մարդու վարքի վրա։ Նա կառուցում է իր տեսությունն համապատասխան այն բանի, որ տվյալ սոցիալական իրավիճակում էական գրգռիչների ամբողջականությունը մարդու մոտ առաջացնում է վարքի արդյունքների սպասում՝ ամրապնդում։ Անձի ռոտտերյան մեկնաբանման հիմքում խորապես ընկած է մարդու և նրա համար նշանակալի շրջապատի փոխազդեցության թեման։ Որպես ինտերակցիոնիստ՝ նա պնդում է, որ հոգեբանական իրավիճակը պետք է դիտարկել սպասումների և ամրապնդման նշանակալիության հետ մեկտեղ, ցանկացած այլընտրանքային վարք կանխատեսելու համար[6]։

Պահանջմուքներ խմբագրել

Ռոտտերը դիտարկում է մարդկանց որպես նպատակաուղղված անհատներ։ Նա կարծում է, որ մարդիկ ձգտում են առավելագույնի հասցնել խրախուսումը և նվազագույնի՝ պատիժը։ Նպատակները որոշակի են դարձնում այն ուղիները, որոնցով մարդիկ գնում են իրենց հիմնական պահանջմուքների բավարարմանն հասնելու համար։ Հետևաբար, նպատակների և պահանջմունքների գիտակցումը հնարավորություն է տալիս կատարել առավել ընդհանրացված կանխատեսում, քան վերոնշյալ 4 փոփոխականների միջոցով իրականացվող կանխատեսումն է։ Սպեցիֆիկ նպատակներն առավել նեղ կերպով կապված են ավելի լայն կատեգորիաների՝ պահանջմունքների հետ։ Ռոտտերը դիտարկում է պահանջմուքների 6 կատեգորիա, որ կիրառելի ե մարդու վարքի կանխատեսման նկատմամբ։

Ընդունման կարգավիճակ խմբագրել

Սա մեր պահանջմունքն է զգալ մեզ կոմպետենտ գործունեության ոլորտների լայն սպեկտրում, ինչպես դպրոցում, աշխատանքում, ֆիզիկական պատրաստվածությունում կամ հասարակական գործունեության մեջ։ Ցանկություն, որ այլք ընդունեն մեր ինտելեկտուալ օժտվածությունը։

Պաշտպանություն-կախվածություն խմբագրել

Պահանջմունք է, որ որևէ մեկը պաշտպանի մեզ տհաճություններից և օգնի հասնել նշանակալի նպատակների։ Երբ մենք հիվանդ են, դիմում ենք մեր ընտանիքի անդամներին օգնության համար, սա այս պահանջմունքի դրսևորման օրինակ է։

Դոմինանտում խմբագրել

Պահանջմունք ազդել այլ մարդկանց կյանքի վրա և ունենալ հնարավորություն կառավարել այդպիսի վերահսկման հետևանքները։ Դոմինանտման պահանջմունքն է նկարագրում մեր հայցը բարեկամներին և ընկերներին՝ խնդրելով, որ նրանք աջակցեն մեր սիրելի բարեգործական ֆոնդին։

Անկախություն խմբագրել

Ինքնուրույն որոշումներ կայացնելու և առանց այլոց օգնության նպատակներին հասնելու մեր պահանջմունքն է։ Այս կատեգորիայի պահանջմուքները նկարագրում են ցանկացած վարք, որ նախատեսում է ցանկություն հիմնվել սեփական ուժերի և կարողությունների վրա։

Սեր և կապվածություն խմբագրել

Այլ մարդկանց կողմից սիրվելու և ընդունված լինելու պահանջմուք։ Վառ օրինակ է անձը, ով ծախսում է շատ ժամանակ և էներգիա իր ընկերոջ վրա, որպեսզի վերջինս սիրի իրեն։

Ֆիզիկական հարմարավետություն խմբագրել

Ֆիզիկական անվտանգության, լավ առողջության և առանց ցավի ապրելու հետ կապված պահանջմունքի բավարարում։ Մնացած բոլոր պահանջմուքները ձեռք են բերվում հիմնական պահանջմունքների՝ ֆիզիկական առողջության և հաճույքի հետ ասոցացվելու արդյունքում։ Ֆիզիկական հարմարավետության նկարագրություն է վարքը, որ բերում է սեռական բավարարման[7]։

Պահանջմունքի բաղադրիչներ խմբագրել

Պահանջմուքների յուրաքանչյուր կատեգորիա ըստ Ռոտտերի բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից՝

  • Պահանջմունքի պոտենցիալ
  • Պահանջմունքի նշանակալիություն
  • Գործունեության ազատություն՝ ներառյալ մինիմալ նպատակը։

Այս բաղադրիչները նման են վարքի երեք բաղադրիչներին և համակցմամբ ստեղծում են վարքի ընդհանուր կանխատեսման ռոտտերյան բանաձևը։

Պահանջմունքի պոտենցիալ խմբագրել

Որոշակի կատեգորիայի պահանջմունքների բավարարմանը բերող վարքի հավանականությունը, ինչպես սիրո և կապվածության բավարարումը։ Ֆունկցիոնալ առումով մեր վարքն ուղղված կարող է լինել սիրո և կապվածության անուղղակի դրսևորման ստացմանը, ինչպես օրինակ ծաղիկներ նվիրելը սիրած կնոջը նրանից, որպես շնորհակալություն, սիրո դրսևորումներ ստանալու համար։

Պահանջմունքի նշանակալիությունը խմբագրել

Ամրապնդումների հավաքի միջին արժեքը Ռոտտերը սահմանում է որպես պահանջմունքի նշանակալիություն։ Իսկ ամրապնդման նշանակալիությունը մեկ ամրապնդման գերադասումն է ամրապնդումների որոշակի հավաքին նույն հավանականության պայմաններում։ Պահանջմունքի նշանակալիությունը սրան ավելացնում է նաև տարատեսակ ամրապնդող ստիմուլների հարաբերական նախընտրությունը, որ կապված է պահանջմունքների 6 կատեգորիաների հետ։ Այս պարագայում նշանակալի է դառնում ոչ միայն արտաքինից եկող «չոր» ամրապնդումը, այլև ներքին իրողությունը, պահանջմունքը, որ կհամապատասխանի այդ ամրապնդմանը և ամուր կապ կստեղծի։

Գործունեության ազատություն խմբագրել

Գործունեության ազատությունը վերաբերվում է մարդու սպասումներին, որ որոշակի վարքը կբերի ամրապնդումների, որ կապված են պահանջմունքների 6 կատեգորիաներից մեկին։ Դա արտացոլում է կառուցվող վարքի նկատմամբ բավարարող ամրապնդման առաջացման սուբյեկտիվ հավանականության գնահատումը։ Անհատը կարող է ուժեղ ֆրուստրացվել, եթե համընկնեն նշանակալի պահանջմունքը և գործունեության անկախության ցածր աստիճանը։ Նա այս պարագայում իր զգում է ոչ արդյունավետ և ունենում ադապտացման դժվարություններ։ Մինիմալ նպատակի մակարդակը վերաբերվում է այն ցածրագույն կետին, որտեղ ամրապնդումը անհատի կողմից շարունակում է ընկալվել դրականորեն։ Մինիմալ նպատակը բաժանարար գիծ է այն խրախուսանքների միջև, որոնք դրական ամրապնդող ստիմուլներ են և նրանց, որոնք ինչ-որ չափով պատիժ են հանդիսանում։ Չնայած մինիմալ նպատակների, հնարավորությունների, կարողությունների և կոմպետենտության նշանակությանը վարքային հաջողությունների հասնելու մեջ, Ռոտտերը նշում է, որ այս ամենի նկատմամբ գերակայող դիրք ունի մարդու պահանջմունքի նշանակալիությունը։ Վերջինս կարող է բերել թե՛ իրականության աղճատմանը, թե՛ իրավիճակը հասկանալու անկարողությանը։ Ըստ Ռոտտերի վատ ադապտացիա է կոչվում պահանջմունքի բարձր նշանակալիության և գործունեության ազատության անհամատեղելիությունը, սա բերում է ֆրուստրացիայի և անհաջողության։ Դժվար հարմարվող մարդկանց անհաջողությունը պայմանավորված է իրենց ուժերի նկատմամբ անվստահությամբ, ինչը ևս չի նպաստում պահանջմունքի բավարարմանը և հետևաբար բերում է ֆրուստրացիայի։ Վատ ադապտացվող մարդիկ ըստ Ռոտտերի հաճախ նպատակների իրականացման ճանապարհները փնտրում են իրենց երևակայությունում կամ խուսափում են անհաջոությունից և ռիսկի դիմելուց։

Կանխատեսման ընդհանուր բանաձև խմբագրել

Ամենօրյա իրավիճակներում վարքի կանխատեսումը ըստ Ռոտտերի պահանջում է ընդհանրացված բանաձև։ Նա առաջարկում է կանխատեսման հետևյալ մոդելը՝

Պահանջմունքի պոտենցիալ = գործունեության ազատություն + պահանջմունքի նշանակալիություն

Այս հավասարումը ցույց է տալիս, որ երկու առանձին գործոններ սահմանում են վարքի կառուցման պոտենցիալը, որն ուղղված է որոշակի պահանջմունքների բավարարմանը։ Առաջին գործոնը՝ ընդհանուր սպասումները կամ գործունեության ազատությունն է, երկրորդ գործոնը՝ պահանջմունքին տրվող արժեքը, նշանակալիությունն է, որ կապված է ինչ-որ նպատակների հասնելու սպասելիքների հետ։ Պարզ ասած՝ ռոտտերյան կանխատեսման ընդհանուր բանաձևը նշանակում է, որ մարդը հակված է ձգտել նպատակների, որոնց հասնելը կամրապնդվի, և սպասվող ամրապնդումները կունենան բարձր նշանակալիություն։ Այս գործոնների ճշգրիտ իմացությունը ըստ Ռոտտերի տալիս է հստակ կանխատեսման բարձր հավանականություն։ Կանխատեսման ընդհանուր բանաձևը նաև ընդգծում է ընդհանրացված սպասումների դերը որոշակի վարքի ամրապնդման մեխանիզմների գործում։ Ռոտտերն առանձնացնում էր երկու ընդհանրացված սպասում՝ վերահսկաման լոկուս և միջանձնային վստահություն[8]։

Վերահսկման լոկուսներ խմբագրել

Ռոտտերի հետազոտությունների մեծ մասը կենտրոնացված էին այնպիսի անձնային փոփոխականի վրա, ինչպիսին է վերահսկման լոկուսը։ Հանդիսանալով սոցիալական ուսուցման տեսության կենտրոնական կառույց՝ վերահսկման լոկուսն իրենից ներկայացնում է այն բանի ընդհանրացված սպասումը, թե ինչ չափով են մարդիկ վերահսկում ամրապնդումներն իրենց կյանքում։

Վերահսկման ներքին և արտաքին լոկուս խմբագրել

Արտաքին, էքստերնալ վերահսկման լոկուսով մարդիկ կարծում են, որ իրենց հաջողությունները և անհաջողությունները պայմանավորված են արտաքին գործոններով, ինչպես՝ ճակատագիր, հաջողություն, երջանիկ պատահականություն, ազդեցիկ մարդիկ և այլն։ Ըստ «էքստերնալների» նրանք ճակատագրի գերիներ են։ Ի տարբերություն էքստերնալների, ներքին վերահսկման լոկուսով մարդիկ հավատում են, որ իրենց հաջողությունների ու անհաջողությունների միակ հեղինակներն հենց իրենք են։ Ինտերնալներն առավել շատ են ազդում ամրապնդումների վրա, քան էքստերնալները։ Չկան, ըստ Ռոտտերի, միանշանակ էքստերնալներ կամ ինտերնալներ, այդ իսկ պատճառով վերահսկման լոկուսները անձնային տիպեր չեն, այլ բնութագրիչներ։ Էքստերնալներն ու ինտերնալները մեկ առանցքի երկու դրսևորումներ են, և անձը կարող է գտնվել այդ առանցքի ցանկացած մասում առավել շատ դեպի դուրս կամ դեպի ներս կողմնորոշմամբ։

Բնութագրիչներ խմբագրել

Ինտերնալներն ու էքստերնալները նախ և առաջ առանձնանում են այն միջոցներով, որոնցով նրանք փնտրում են տեղեկատվություն միջավայրի մասին։ Մի քանի հետազոտություններ ապացուցել են, որ ինտերնալներն առավել մեծ հավանականությամբ կսկսեն փնտրել իրենց առողջության վատթարացման վերաբերյալ ինֆորմացիա, քան էքստերնալները։ Ինտերնալները նաև առավել մեծ հավանականությամբ կսկսեն կանխարգելել հիվանդության զարգացումը, օրինակ կանցնեն հատուկ սննդակարգի, սպորտային հատուկ վարժությունների, քան էքստերնալները։ Արտաքին վերահսկման լոկուսով մարդիկ առավել հաճախ են ունենում հոգեբանական խնդիրներ, նրանց տագնապայնությունը և դեպրեսիան ավելի բարձր է, ինքնագնահատականն առավել ցածր, քան ներքին վերահսկման լոկուս ունեցողների մոտ։ Էքստերնալ բնակչության հետ ինքնասպանությունների մակարդակը դրականորեն է կոռելացվում (r = 0,68)։ Ինտերնալները լավ են ադապտացվում, քանզի ապացուցված է, որ եթե մարդը հավատում է, որ իր կյանքն իր ձեռքերում է և ինքն է իր ճակատագրի տերը, նա հաջողության է հասնում կյանքում։ Ասվածից պարզ է դառնում, որ էքստերնալները վատ են ադապտացվում, քանզի միշտ սպասում են արտաքին ազդեցություններին։

Եվ ի վերջո էքստերնալներն առավել շատ են ենթարկվում միջավայրի ազդեցությանը, քան ինտերնալները։ Ֆերեսը պարզել է, որ ինտերնալները ոչ միայն դիմադրում են արտաքին ազդեցությանը, այլև իրենք են փորձում վերահսկել ուրիշների վարքը։ Ինտերնալները սիրում են մանիպուլացնել մարդկանց, չեն սիրում կորցնել վերահսկողությունը։ Նրանք առավել համոզված են խնդիրները լուծելու իրենց կարողությունների վրա, քան էքստերնալները, այդ իսկ պատճառով անկախ են այլոց կարծիքից[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. Mathematics Genealogy Project — 1997.
  3. https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
  4. https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  7. Зейгарник Б.В. Теории личности в зарубежной психологии. – М., 2003г.
  8. Хьелл Л., Зиглер Д. Теории личности. СПб., Питер, 1997. 608 с.
  9. Rotter J. B. (1981). The psychological situation in social learning theory. In D. Magnusson (Ed.). Toward a psychology of situations: An interactional perspective. Hillsdale, NJ: Erlbaum.