Ջոն Նյուբերի

անգլիացի հրատարակիչ, անգլալեզու երկրներում մանկական գրականության հրատարակման նախաձեռնող

Ջոն Նյուբերի (անգլ.՝ John Newbery, հուլիս 1713[1], Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 22, 1767(1767-12-22)[2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հրատարակիչ, անգլո-սաքսոնական երկրներում մանկական գրականության հրատարակության հիմնադիր, «մանկական գրականության հայր»։ Նա մանկական գրքերի հրատարակությունը դարձրել է կայուն և շահութաբեր։ Հովանավորել է այնպիսի գրողների, ինչպիսիք են Քրիստոֆեր Սմարթը, Օլիվեր Գոլդսմիթը և Սեմյուել Ջոնսոնը։ 1922 թվականին Ամերիկյան գրադարանների միությունը նրա պատվին սահմանել է պարգև՝ Ջոն Նյուբերի անվան մեդալ[4], որն ամեն տարի շնորհվում է ամերիկյան հեղինակների կողմից անգլալեզու գրված մանկական գրքի հեղինակին։

Ջոն Նյուբերի
անգլ.՝ John Newbery
Ջոն Նյուբերիի մասին Շիրլի Գրանահանի «Մանկական գրականության հայր» գրքի կազմը
Ծնվել էհուլիս 1713[1]
ԾննդավայրԲերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1767(1767-12-22)[2][3] (54 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՈւոլտհեմ Սեն Լոուրենս
Մասնագիտությունհրատարակիչ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներՓոքրիկ Գուդի երկու կոշիկների պատմությունը, A Little Pretty Pocket-Book? և MOTHER GOOSE'S MELODY?
ԱշխատավայրWilliam Carnan?
ԶավակներՖրանսիզ Նյուբերի
ԱզգականներՖրանսիզ Նյուբերի և Thomas Carnan?
 John Newbery Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ջոն Նյուբերին ծնվել է 1713 թվականին ֆերմեր Ռոբերտ Նյուբերի ընտանիքում[5], Անգլիայի Ուոլտհեմ Սեն Լոուրենս գյուղում, որը գտնվում էր Բերքշիրի կոմսության[Ն 1] տարածքում։ Ստացել է ինքնուրույն կրթություն, տասնվեց տարեկանում որպես աշակերտ ընդունվել է տեղի մասնավոր տպարանում, որը շուտով վաճառվել է, և որի սեփականատեր է դարձել Վիլյամ Քերնենը։ 1737 թվականին վերջինս մահացել է, և այդ բիզնեսը թողել է իր եղբայր Չարլզին ու Ջոն Նյուբերիին։ Երկու տարի անց Նյուբերին ամուսնացել է Վիլյամի այրու հետ, ով արդեն երեք երեխաների մայր էր[6]։ Այս ամուսնությունից Նյուբերին ունեցել է երեք երեխա՝ Մերին (ծնվել է 1740 թվականին), Ջոնը (ծնվել է 1741 թվականին և մահացել է տասնմեկ տարեկանում) և Ֆրենսիսը (ծնվել է 1743 թվականին)[5]։

Գրահրատարակչական գործունեություն խմբագրել

1740 թվականին Ջոն Նյուբերին հիմնել է իր հրատարակչական բիզնեսը Ռեդինգում, Բերքշիրի կոմսությունում։ Նրա հրատարակած առաջին գրքերն էին Ռիչարդ Օլեստրիի The Whole Duty of Man և Miscellaneous Works Serious and Humerous [sic] In Verse and Prose գրքերը։ 1743 թվականին Նյուբերին հեռացել է Ռեդինգից՝ հրատարակչական գործունեությունը վստահելով իր խորթ որդուն՝ Ջոն Քերնենին, և Լոնդոնում բացել է գրախանութ։ Ընդլայնելով գրահրատարակչական իր գործունեությունը՝ Նյուբերին հետաքրքրություն է դրսևորել մանկական գրքերի նկատմամբ և 1744 թվականի հուլիսի տասնութին հրատարակել է առաջին գիրքը՝ հասցեագրելով երեխաներին և վերնագրելով «Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ» (անգլ.՝ A Little Pretty Pocket-Book)[5]։

«Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ» գիրքն անգլիական գրահրատարակչության պատմության մեջ դարձել է միանգամայն նոր երևույթ։ Նյուբերիի հրատարակած գրքերի նմանատիպ շարքը խաղալիք-գրքերի (անգլ.՝ Toy book) նախակարապետն էր՝ արտակարգ ժողովրդականություն ձեռք բերելով Վիկտորյական դարաշրջանում[7]։ Գիրքը եղել է փոքր, գրպանի չափով, երեխային հարմար, վառ շապիկով։ Այդ գիրքը Նյուբերիի խանութում արժեցել է վեց պենս[Ն 2], բայց երկու նմուշ գնելու դեպքում գնորդը որպես նվեր ստացել է քորոցների բարձիկ՝ սև ու կարմիր գլխիկներով[8]։ Դա եղել է գնորդին գրավելու արտասովոր եղանակ, ինչն էլ արտահայտել է Նյուբերիի աշխարհայացքը։ Ջոն Լոքի նման՝ Նյուբերին կարծել է, որ երեխայի համար խաղը ավելի ազդեցիկ է, քանի ֆիզիկական ճնշումը կամ համոզելը[9], և երեխան, ստանալով քորոցների բարձիկը, կկարողանա քորոցը խրել բարձիկի կարմիր կողմում, եթե դրևորել է լավ վարքագիծ, և հակառակը՝ քորոցը կխրի բարձիկի սև կողմում, եթե իրեն վատ է դրսևորել։

«Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ» գիրքն ունի հետևյալ խրատական հանձնարարականը՝ Ինչպես Թոմիին դարձնել լավ տղա և Պոլիին՝ լավ աղջիկ[10]։ Այն պարունակում է նաև բանաստեղծություններ, առածներ և այբուբենի յուրացման համար երգեր։

Շարունակելով մանկական գրքերի հրատակությունը՝ Նյուբերին օգտագործել է իր հրատարակած գրքերի ժողովրդականությունը բարձրացնող նոր մեթոդներ, օրինակ՝ գրքերը հրատակել է հոլանդական գունավոր թղթերով և գովազդել է իր գրքերը սեփական պատմություններով[11]։ Դրա շնորհիվ Նյուբերին հաջողությամբ զարգացրել է իր բիզնեսը, և շուկայում նրա հրատարակած մանկական գրականությունը դարձել է իշխող[12]։

1745 թվականին Նյուբերին իր գրախանութը տեղափոխել է Լոնդոնի մի նոր, ավելի բանուկ տեղ՝ St. Paul’s Churchyard 65 հասցե և շարունակել է ծավալել երեխաների և մեծահասակների համար գրքերի հրատարակությունը։ Իր հաջողակ բիզնեսի շնորհիվ Նյուբերին ունեցել է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի իր որդուն՝ Ֆրենսիսին, կրթության տա Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարաններում[5]։ Գրահրատարակության իր գործունեության ընթացքում Նյուբերին հրատարակել է մոտ 500 անուն գիրք, որոնց մեկ հինգերորդ մասը կազմել է մանկական գրականությունը՝ ներառյալ այբուբենի դասագրքերը, երեխաների համար գրքերը և մանկական ամսագրերը[13]։ Նյուբերին հրատարակել է նաև այնպիսի գրքեր, որոնց հեղինակներին էին Սեմյուել Ջոնսոնը և Օլիվեր Գոլդսմիթը։ Նյուբերիի հրատարակած «Փոքրիկ Գուդի երկու կոշիկների պատմությունը» (անգլ.՝ The History of Little Goody Two-Shoes) գրքի հեղինակի անունը մինչև հիմա վիճելի է (գիրքը մեծ ժողովրդականություն է վայելել․ 1765 թվականից մինչև 1800 թվականը հրապարակվել է 29 անգամ), քանի որ որոշ հրատարակիչներ այն կարծիքին են, որ հեղինակը Օլիվեր Գոլդսմիթն է[13][14]։

Նյուբերին միաժամանակ հրապարակել է գիտահանրամատչելի գրքերի շարք, որը վերնագրված է «Հեռադիտակ Թոմը», և 1761 թվականից մինչև 1787 թվականը հրատարակվել է 7 անգամ[13]։ Այդ շարքի գրքերը արտացոլում են ժամանակի գիտական պատկերացումները․ առավել հետաքրքրական է «Նյուտոնի փիլիսոփայական համակարգը՝ հարմարեցված շնորհալի երիտասարդների ու աղջիկների համար» (անգլ.՝ The Newtonian System of Philosophy Adapted to the Capacities of Young Gentlemen and Ladies) շարքը։

Գործարարական գործունեություն խմբագրել

Հրատարակչական բիզնեսին զուգահեռ՝ Ջոն Նյուբերին հաջողակ էր նաև առևտրի մեջ[15]։ Նա հասույթ է ունեցել թոքերի բժիշկ Ռոբերտ Ջեյմսի բժշկական փոշու վաճառքից։ Այս դեղամիջոցը, ինչպես հետագայում հաստատվել է, բուժել է նաև խոշոր եղջերավոր անասունների հոդատապը, ռևմատիզմը, գեղձախտը, լնդախտը և բոր հիվանդությունը[6]։ Ջեյմսի փոշին մեծ տարածում է գտել Նյուբերիի հրատարակած գրքերում տեղ գտած գովազդներով, ինչպես օրինակ՝ «Փոքրիկ Գուդի երկու կոշիկների պատմությունը» գրքում հերոսուհու հայրը հիվանդանում է թոքախտով այնտեղ, որտեղ բժիշկ Ջեյմսի փոշին չկար[16]։

Մարդասիրական գործունեություն խմբագրել

Նյուբերին հանդես է եկել նաև որպես մարդասեր՝ ցուցաբերելով ֆինանսական օգնություն որոշ գրողների, մասնավորապես Ս․ Ջոնսոնին, ով Նյուբերիին անվանել է «Ջեկ-Պտուտան»՝ նկատի ունենալով նրա մշտական ակտիվությունը և շարժունությունը, ինչպես նաև՝ Գոլդսմիթի նկատմամբ, ով Նյուբերիին իր (The Vicar of Wakefield) գրքում մարմնավորել է սուրբ Չարլզ Պրիմրոզի կերպարում՝ անվանելով «ամբողջ մարդկության բարեկամ»[17]։

Մահ խմբագրել

Ջոն Նյուբերին մահացել է 1767 թվականին Լոնդոնում և հուղարկավորվել է իր հայրենի գյուղում՝ Ուոլտհեմ Սեն Լոուրենսում[5]։

Նյուբերի մեդալ խմբագրել

 
«Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ»
անգլ.՝ A Little Pretty Pocket-Book, 1744

1922 թվականին Ամերիկյան գրադարանների միությունը Նյուբերիի պատվին սահմանել է Ջոն Նյուբերի անվան մեդալ, որն ամեն տարի շնորհվում է «Ամերիկյան մանկական գրականության ամենահայտնի ներդրման համար»[18]։

Ջոն Նյուբերիի հրատարակած առավել հայտնի գրքերը խմբագրել

Համաձայն «Անգլիական գրականության Քեմբրիջի նոր մատենագրություն» (NCBEL 2, 120) տեղեկագրքի՝ Նյուբերին գրել է ամբողջական կամ մասամբ և խմբագրել է կամ էապես ազդել է հետևյալ հրատարակությունների վրա․

  • 1791 թվականին՝ Mother Goose's Melody, (A. H. Bullen’s 1904 facsimile) Isaiah Thomas, և William Henry Whitmore հետ
  • 1744 թվականին՝ A Little Pretty Pocket-Book, M. F. Thwaite -ի հետ
  • 1761 թվականին՝ The Newtonian System of Philosophy, համահեղինակներ՝ Թոմ Տելեսկոպ և Օ․ Գոլդսմիթ
  • 1764 թվականին՝ The Renowned History of Giles Gingerbread
  • 1765 թվականին՝ The History of Little Goody Two-Shoes[19] (որոշ հրատարակիչներ համարում են, որ գրվել է Օլիվեր Գոլդսմիթի հետ)
  • The Entertaining History of Tommy Gingerbread a Little Boy who Lived Upon Learning

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. Maxted, Ian. «John Newbery». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Retrieved 2 January 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Marks, Diana F. Children's book award handbook. — Westport, Conn: Libraries Unlimited, 2006.
  6. 6,0 6,1 Rose, p. 216
  7. «The Library Quarterly» (անգլերեն). 2020 թ․ մարտի 17. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Townsend, John Rowe. Written for Children. (1976). London: Pelican, p. 31 and The Oxford Companion to Children’s Literature (1984). Oxford: O.U.P. Carpenter, Humphrey,. The Oxford companion to Children's Literature. Oxford [Oxfordshire]. էջ 375. ISBN 0-19-211582-0. OCLC 9827643.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. Townsend, John Rowe. Written for Children. (1990). New York: HarperCollins. ISBN 0-06-446125-4, pp. 15-16.
  10. «The Newbery Companion». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  11. Rose, p. 218.
  12. Gillespie, John Thomas; Naden, Corinne J. (2001). «The Newbery Companion: Booktalk and Related Materials for Newbery Medal and Honor Books» (անգլերեն). Libraries Unlimited. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  13. 13,0 13,1 13,2 Rose, p. 219.
  14. Arbuthnot, May Hill Children and Books. — Scott Foresman, 1964.
  15. Buck, John Dawson Carl The Motives of Puffing: John Newbery's Advertisements 1742–1767(անգլ.) // Studies in Bibliography : journal. — 1997. — Т. 30. — С. 196.
  16. Quoted in Rose, p. 219.
  17. Gillespie, John Thomas The Newbery Companion: Booktalk and Related Materials for Newbery Medal and Honor Books. — Libraries Unlimited.
  18. «Newbery Awards». Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  19. «Goody Two-Shoes : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.

Նշումներ խմբագրել

  1. Կոմսություն – վարչական տարածքային միավոր Անգլիայում։
  2. Պենս - անգլիական մետաղադրամ, որը հավասար է   շիլինգի կամ   ֆունտի։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Նյուբերի» հոդվածին։