Ջնարակ (չնարեկ, սանդարակ, վերնիճ, ջրդեղ, ապիկի), խեցեղեն իրերի վրա նստեցված ապակենման բարակ ծածկույթ, որն իրը դարձնում է գեղատես և ջրանթափանց, պաշտպանում կեղտոտվելուց, թթուների, հիմքերի, աղերի և այլ լուծույթների ներգործությունից, մեծացնում ջերմային, մեխանիկական և դիէլեկտրիկ կայունությունը[1]։ Ջնարակները ալկալիական, հողալկալիական և այլ մետաղների ալյումասիլիկատներ կամ ալյումաբորսիլիկատներ են։

Ջնարակով պատված շիշ, Իրան, 16-րդ դար

Տեխնոլոգիա խմբագրել

Ջնարակվող իրի մակերևույթը պատում են (ընկղմելու, փոշեցրման, վրձինի, լցնելու և այլ միջոցներով) ջնարակի կախույթի կամ փոշու բարակ (0,15–0,3 till) շերտով և ենթարկում ջերմամշակման (թրծում)։ Ըստ թրծման ջերմաստիճանի՝ ջնարակները լինում են դյուրահալ (մինչև 1100 °C) և դժվարահալ (1100–1400 °C), ըստ պատրաստման եղանակի՝ հում (դաշտասպաթային) և եփված (միահալված)։ Հում ջնարակները, որոնք դժվարահալ են և օգտագործվում են հիմնականում ճենապակին և հախճապակին ջնարակապատելու համար, պատրաստում են դաշտային սպաթի, քվարցի, սպիտակ կավի (կաոլին), կալցիումի և մագնեզիումի կարբոնատների, հաճախ նաև ճենապակու ջարդոնի նուրբ մանրացված փոշիները իրար խառնելով։ Այդ ջնարակները թրծումից հետո ունեն (K20-f RO). (0,3 – 1,25). A1203 (3-12)SiO 2 բաղադրությունները։ Եփված Ջնարակի հումքը, դաշտային սպաթից և քվարցից բացի, պարունակում է նաև կավիճ, մարմար, դոլոմիտ, սոդա, պոտաշ, բորաքս, բարիումի, կապարի, երբեմն նաև ստրոնցիումի, անագի, լիթիումի, ցինկի, բիսմութի, ցիրկոնիումի, տիտանի և այլ տարրերի միացություններ։ Լուծելի և թունավոր բաղադրիչներ պարունակելու պատճառով բովախառնուրդը նախօրոք միահալում են։ Հայտնի են նաև չավւազանց դյուրահալ (350–900 °C) Ջնարակներ, որոնց հիմնական բաղադրիչներն են քվարցը, կապարի սուսրը և բորաքսը։ Տարբերում են գունավոր և ճերմակ, թափանցիկ և անթափանց (խուլ) ջնարակներ։ Գունավոր ջնարակ ստանալու համար բովախառնուրդին ավելացնում են գունավոր սիլիկատներ առաջացնող մետաղների (CO, Ni, Mn, Fe ևն) օքսիդներ։ Անթափանց ջնարակները պարունակում են սելենի, ոսկու, պղնձի, արծաթի միացություններ, անթափանց սպիտակ ջնարակները՝ անագի, ցիրկոնիումի, տիտանի օքսիդներ են։ Մետաղը պատելու համար օգտագործվող ջնարակը կոչվում է արծն։ Ջնարակապատ իրերի մեջ մեծ քանակություն է կազմում խեցեգործական (տես նաև խեցեգործություն) բարձրորակ արտադրանքը, մասնավորապես մայոլիկան, հախճապակին։ Իտալական մայոլիկայում, նաև Նիկիայի խեցեգործության մեջ կիրառվել է «հայկական բոլյուս» սիլիկատային կավի հատուկ տեսակը, որը հարուստ է երկաթի օքսիդով։

Տարածում խմբագրել

Դեռես մ.թ.ա. IV հազարամյակից խեցեղենի (անոթներ, ուլունքներ, հմայիլներ, շինանյութեր են) ջնարակումը տարածված է եղել Հին Եգիպտոսում, Հին Միջագետքի, Փոքր Ասիայի երկրներում, Հայկական լեռնաշխարհում, Իրանում, Հունաստանում և այլուր։ Մ.թ.ա. III հազարամյակում կիրառվել է դահանակ և լազուրիթ հիշեցնող կանաչ փիրուզե ջնարակ։ Չինաստանում, ճապոնիայում, Իրանում, Միջին Ասիայում, արաբական երկրներում ջնարակը լայնորեն կիրառվել է X-XIII դարերում, ջնարակապատ շքաղյուսներով երեսպատել են հատկապես մզկիթներն ու պալատները։ Եվրոպայում առաջին անգամ հայտնի է դարձել Իտալիայում, 1438 թվականին՝ Լուկա դելլա Ռոբբիայի շնորհիվ։ Ֆրանսիայում Պալիսսին (1510-1589) ստացել է սպիտակ և թափանցիկ գունավոր ջնարակ։ Ռուսաստանում XVI-XVII դարերում տարածված Էին բազմագույն հախճասալերը։

Ջնարակի օգտագործումը Հայաստանում խմբագրել

Հին Հայաստանում ջնարակ պատրաստում Էին գայլախազի (ապակենման հանքաքար) և մետաղների (երկաթ, մանգան, կոբալտ, պղինձ, քրոմ, արծաթ, կապար են) օքսիդների խառնուրդներից։ Հատուկ բովերում հալեցնելով գայլախազը՝ հալույթը ծորեցնում Էին սառը ջրի մեջ և դարձնում փխրուն զանգված, ապա աղացներում կամ սանդերում մանրացնում և խառնում մետաղօքսիդի փոշուն։ Խառնուրդից պատրաստած թանձր ջրալուծույթի շերտով երեսպատված իրերը թրծում Էին։ Չթրծված կավանոթին վառ գունավորում տալու համար այն պատում են անգորով, ապա ջնարակում և թրծում են հատուկ հնոցներում։

Հայաստանում ջնարակված անոթների ու այլ իրերի վաղ նմուշներ են գտնվել Մեծամորի, Կարմիր Բլուրի, Սևանի ավազանի հնավայրերից, Գառնիի անտիկ, Դվինի վաղ շրջանի շերտերից։ Հայկ. վաղ շրջանի ջնարակապատ խեցեղենը (հիմնականում ծանծաղ թասեր) ներսից զարդանախշվել է մանուշակագույն, կանաչ, շագանակագույն, դեղին երանգների երկրաչափական, բուսակերպ և կենդանակերպ հորինվածքներով։ Միջնադարյան Հայաստանում ջնարակման արվեստը նոր վերելք է ապրել IX-XIII դարերում։ Դվինի, Անիի, Գառնիի, Ամբերդի, Զվարթնոցի, Մարմաշենի և այլ հնավայրերից հայտնաբերվել են զանազան գույներով ջնարակված իրեր ու առարկաներ։ Միջնադարի հայ բրուտները, որոնց անվանել են «իմաստասերք», «խոր հասկացողք», օգտագործել են գրեթե բոլոր մետաղօքսիդները և ստացել ցանկացած գույնի ու երանգի ջնարակ։ Այս շրջանում Դվինում և Անիում պատրաստվել է մեծ քանակությամբ բարձրորակ ջնարակապատ խեցեղեն (հախճապակի), այնքան բաց գույնի խեցիով, որ անգոբե ծածկույթը թվում է ավելորդ։ Ալքիմիական ձեռագրերում ջնարակած խեցեղենը կոչվում է ապիկած (ապակի բառից), չինի են։ Կեսարիայի Մունճուսուն գյուղի եկեղեցու գրատնից գտնված մի ձեռագիր բովանդակում է մետաղային թթվուտների, ինչպես նաև բնական ու քիմ. ներկեր ստանալու մի շարք եղանակներ։ Թաթար-մոնղոլական արշավանքները կասեցրին Հայաստանի տնտ. զարգացումը, որի հետեանքով անկում ապրեց նաև խեցեգործությունը։ Սակայն հայ խեցեգործ վարպետները այն շարունակեցին Հայաստանից դուրս՝ հատկապես Թուրքիայի և Պարսկաստանի հայաբնակ վայրերում (Իկոնիա, Իզնիք, Ստամբուլ, Սպահան, Դամասկոս, Հալեպ ևն)։ XVII դարի վերջին խեցեղեն սպասքի և հախճապակու միակ կենտրոնը Թուրքիայում Կոււոինան Էր։

Գրականություն խմբագրել

  • Ղաֆադարյան Կ. Գ., Ալքիմիան պատմական Հայաստանում, Ե., 1940։
  • Առաքելյան P., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX—XIII դդ., հ. 1, Ե., 1958։
  • Հաբայան Ֆ., Միջնադարյան Հայաստանի գեղարվեստական խեցեղենի զարդաձեերը, Ե., 1981։
  • ժամկոչյան Ա., Միջնադարյան Հայաստանի հախճապակին IX–XIV դդ., Ե., 1981 (Հայաստանի հնագիտական հուշարձանները 10։ Միջնադարյան հուշարձաններ, պր. 3)։
  • Шелковников Б. А., Художественная керамическая промышленность средневековой Армении, «Տեղեկագիր ՄՄՀՄ ԴԱ հայկական ֆիլիալի», № 3-4 (17-18), 1942;
  • Кверфельдт Э. К., Керамика Ближнего Востока, Л., 1947;
  • Глазури, их производство и применение, [Сб. ст.], Рига, 1964
  • Hamer, Frank and Janet. The Potter's Dictionary of Materials and Techniques. A & C Black Publishers, Limited, London, England, Third Edition 1991. ISBN 0-8122-3112-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Division, Company Statistics. «Statistics of U.S. Businesses Main Page». www.census.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջնարակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 518