Ջերմոլորտ, թերմոսֆերա, մթնոլորտի ուղղաձիգ շերտավորման նախավերջին ոլորտը։ Տարածվում է 80—95-ից մինչև 800 կմ բարձրությունները։ Ջերմոլորտում ըստ բարձրության ջերմաստիճանն անընդհատ աճում և հասնում է մոտ 2000 Կ։ Ջերմոլորտում գազերը արեգակի ուլտրամանուշակագույն և տիեզերական ճառագայթման ազդեցության տակ իոնացվում են, որի պատճառով այն մեզոսֆերայի և մեզոդադարի հետ իոնոսֆերայի մաս է կազմում։ Ջերմոլորտում ազոտի ու թթվածնի մոլեկուլների, ինչպես նաև թթվածնի ատոմների գերակշռությամբ և դրանց ոչ մեծ քանակությամբ ինֆրակարմիր ճառագայթման ու ջերմության բավարար արտահոսքի բացակայությամբ է բացատրվում ջերմոլորտի, առանձնապես նրա վերին շերտերի բարձր ջերմաստիճանը։ Ջերմոլորտում նկատվում են բևեռափայլի երևույթներ, որոնք արդյունք են խիստ իոնացած գազերի լուսարձակման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։