Պրահյան գրոշ, գրոշի տարատեսակ, Միջնադարի ամենատարածված մետաղադրամներից մեկը, որը հատել են 1300-ից մինչև 1547 թվականն ընկած ժամանակահատվածում։ Սկզբնապես առաջացել է չեխական Վացլավ II թագավորի դրամական ռեֆորմի արդյունքում, համաձայն որի հարուստ հանքերից արծաթը կարող էր լքել պետության տարածքը միայն մետաղադրամի տեսքով։ Պրահյան գրոշները լայն տարածում գտան միջազգային առևտրում և դարձան առևտրային մետաղադրամ։ Դրանք շրջանառության մեջ էին Կենտրոնական Եվրոպայի երկրներում, հատկապես գերմանական պետություններում, Ավստրիայում, Հունգարիայում, Լեհաստանում, ինչպես նաև Լիտվական մեծ իշխանությունում։ Պրահյան գրոշները նաև լայն տարածում էին գտել այն երկրներում, որոնք ձևավորվեցին Կիևյան Ռուսիայի տարածքում։

Վացլավ II-ի պրահյան գրոշի դարձերես
Վացլավ II-ի պրահյան գրոշի դիմերես

Հուսիտական պատերազմների տարիներին (1420—1434 թվականներ) և հետպատերազմյան ժամանակաշրջանում պրահյան գրոշների շարունակական հատումը դադարեցվեց։ Եվ չնայած դրանց թողարկման վերսկսմանը 39-ամյա ընդմիջումից հետո, թագավոր Գեորգի (Յիրժի) Պոդեբրադցու ժամանակ, դրանք դադարեցին գերական դրամական միավորի դեր կատարելը։ 1547 թվականին կայսր Ֆերդինանդ I-ի քաղաքականության դեմ չեխերի ապստամբության ճնշումից հետո պրահյան գրոշների թողարկումը վերջնականապես դադարեցվեց։

Ստեղծման նախադրյալները խմբագրել

 
Պրահյան գրոշի նախատիպը՝ 1266 թվականի գրո տուրնուա

Ի սկզբանե Միջին դարերում արծաթի անբավարարության հետևանքով նոր մետաղադրամը վերաթողարկվում էր հնից, մաշվածից։ Վերաթողարկման գործընթացն ուղեկցվում էր հարգի և քաշի թեկուզ և չնչին, բայց անընդհատ անկմամբ։ Միջնադարյան արծաթե դինարի քաշը անընդհատ նվազում էր, այն պարագայում, որ տրամագիծը մնում էր անփոփոխ։ Մետաղադրամի շրջանակը դարձավ այնքան բարակ, որ դիմերեսի և դարձերեսի պատկերները սկսեցին երևալ հակառակ կողմերում, այդպիսով խեղաթյուրելով միմյանց։ Այդպիսի մետաղադրամները կոչվում են կիսաբրակտեատներ, կամ «թեթև պֆենիգներ»։ Խաչակրաց արշավանքների սկզբից սկսած Եվրոպա սկսեցին ներմուծվել մեծ ծավալի ազնվական մետաղներ։ Արծաթե դինարները դադարեցին համապատասխանել բուռն կերպով զարգացող առևտրի պահանջներին[1]։

1266 թվականին Տուր քաղաքում հատվեց խոշոր մետաղադրամ՝ 4,22 գրամ քաշով 23 կարատանոց արծաթից[2]։ Այն ստացավ «գրո տուրնուա» կամ տուրյան գրոշ անվանումը։ Սկսելով տուրյան գրոշների հատումը, Ֆրանսիան սկիզբ դրեց խոշոր արծաթե մետաղադրամի տարածմանը, որի անհրաժեշտությունը հիմնավորված էր առևտրի զարգացմամբ[3]։

1280 թվականից ժամանակակից Կունտա-Գորա քաղաքի շրջանում սկսվեցին արծաթի հանքերի խոշոր մշակումներ։ 13-րդ դարում սկսվեց «արծաթե տենդ», երբ մոտավորապես 100 հազար մարդ տարբեր երկրներից ուղևորվեցին այդ տարածարջան։ Ամեն օր հանքերում աշխատում էին 60 հազար հանքագործներ։ 1290-1350 թվականների ընթացքում այդ շրջանում տարեկան արդյունահանում էին ավելի քան 20 տոննա մաքուր արծաթ։ Հենց արծաթի արդյունահանման շնորհիվ չեխական թագավորներն ամրապնդեցին իրենց իշխանությունն ու դիրքը Հռոմեական Սրբազան կայսրության մեջ[4]։ Առևտրի պահանջմունքները և ազնվական մետաղների հարուստ հանքաշերտերի բացահայտումը Կունտա-Գորայի շրջակայքում պայմանավորեցին Վացլավ II թագավորի դրամական ռեֆորմը, որի արդյունքում էլ ծնվեց պրահյան գրոշը։

Դրամական ռեֆորմը և պրահյան գրոշի ծագումը խմբագրել

 
Չեխիայի թագավոր Վացլավ II-ը, որի ժամանակ սկսեցին հատել պրահյան գրոշները: Յան Մատեյկոյի վրձնի նկար

Վացլավ II չեխական թագավորի ժամանակ իրականացվեց դրամական ռեֆորմ։ Կառուցվեց Կուտնա-Գորա քաղաքը, որում կառուցվեց դրամահատարան[4]։ Ներգրավված ֆլորենտական ֆինանսիստների օգնությամբ այնտեղ գործարկվեց խոշոր արծաթե մետաղադրամների թողարկումը[5][6]։ Միաժամանակ իրականացվեց դրամական ռեֆորմ։ Չեխիայում արգելվեց արծաթի ազատ շրջանառությունը։ Հանքերի սեփականատերերն այժմ պետք է հանձնեին մետաղը դրամահատարան, փոխարենը ստանալով պրահյան գրոշներ։ Արտասահմանցիները կարող էին ձեռք բերել չեխական արծաթ, որը երկրի գլխավոր ապրանքն էր Միջին դարերում, միայն մետաղադրամների տեսքով։ Թագավորական գանձարանը ստացավ եկամուտների խոշոր աղբյուր[6]։

Կարծիք կա, որ չեխական մետաղադրամների նախատիպ են դարձել տուրյան գրոշները (գրո տուրնուա)[5][7]։ Ֆրանսիական և չեխական մետաղադրամների նմանությունը նաև նրանում է, որ դրանք բաժանվում էին 12 ավելի ցածր անվանական արժեքով մետաղադրամների (գրո տուրնուան 12 դենյեի[3][8], պրահյան գրոշը՝ 12 փարվուսների մինչև 1327 թվականը, իսկ հետո՝ գալերների[9][10])[6]։ Դրանց քաշային բնութագրիչները նման էին։ Մեկ պրահյան գրիվնայից (253,14 գրամ) 938 հարգի արծաթից հատում էին 64 պրահյան գրոշ։ Վացլավ II-ի ժամանակ առաջին մետաղադրամների քաշը կազմում էր 3,955 գրամ 3,71 գրամ մաքուր արծաթի պարունակությամբ[6][7]։ Հայտնի չեխուհի պատմաբան Է. Հոգելովա-Պրատովան[cs] կարծում էր, որ իրենց արտաքին տեսքով պրահյան գրոշն ավելի նման է մեսսինյան ոսկե պյերռեալին։ Այդ տեսությունը նաև հաստատվում է նրանով, որ դրամական ռեֆորմը Չեխիայում իրականացնում էին հրավիրված իտալական բանկիրները[6][11]։

Պրահյան գրոշների արտաքին տեսքը և այլ բնութագրիչներ խմբագրել

Դիմերեսը պարունակում էր չեխական գահի պատկերը և շրջանաձև գրություն «WENCEZLAVS SECVNDVS» (рус. Вацлав II) ներքին շրջանում և «DEI GRATIA REX BOEMIE» (рус. Божьей милостью король Богемии) արտաքին շրջանում։ Դարձերեսին կենտրոնում տեղադրված էր չեխական առյուծը[cs] և շրջանաձև գրություն «GROSSI PRAGENSES»[12], որի պատճառով մետաղադրամները և ստացան իրենց անվանումը։ Հատման ամբողջ ժամանակահատվածում պրահյան գրոշները պահպանում էին միանման տեսք։ Փոխվում էին միայն միապետերի անունները, մանր դետալներ, քաշը և արծաթի պարունակությունը։ Տվյալ մետաղադրամները թողարկվել են բավական երկար ժամանակահատվածում հաջորդ թագավորների կառավարման տարիներին[Ն 1] ՝ Վացլավ II-ի (1300—1305), Յան I Լյուքսեմբուրգցու (1310—1346), Կարլոս I-ի (1346—1378), Վացլավ IV-ի (1378—1419), Գեորգի (Յիրժի) Պոդեբրադցու (1458—1471), Վլադիսլավ II-ի (1471—1516), Լյուդովիկ II-ի (1516—1526) և Ֆերդինանդ I-ի (1526—1547) տարիներին[12]։

Մինչև 1533 թվականը մետաղադրամների վրա տարեթվի բացակայության պայմաններում[13] յուրաքանչյուր կոնկրետ պրահյան գրոշի թողարկման ժամանակագրական հատվածները որոշվում են մի շարք նշաններով։ Մի շարք հետազոտողներ առաջնահերթություն են տալիս քաշային բնութագրիչներին և արծաթի հարգին՝ համարելով դրանք օբյեկտիվ չափանիշեր։ Ուղղորդիչ ցուցանիշերը ներկայացված են Աղյուսակ 1-ում.

Աղյուսակ 1։ 1300-1419 թվականների պրահյան գրոշների ուղղորդիչ չափանիշերը[13]
Թագավոր Հատման տարիներ Քաշ, գր. Արծաթի հարգը
Վացլավ II
1300—1305
3,77—3,86
930
Յան I Լյուքսեմբուրգցի
1311—1327
3,64—3,76
907—918
1327—1340
3,5—3,72
880—904
1340—1346
3,53—3,55
868—880
Կառլոս IV կայսր
1346—1355
3,5
848 (843——936)
1350—1358
3,37
865 (844——870)
1358—1370
3,25
863 (837——865)
1370—1378
2,94
763 (643——767)
Վացլավ IV
1378—1386
2,9
820
1405—1407
2,66
666
1407—1419
2,7
610 (620—665)

Հուսիտական պատերազմների տարիներին և հետպատերազմյան ժամանակաշրջանում պրահյան գրոշների հատման ժամանակ օգտագործում էին Վացլավ IV-ի հին դրամակնիքները։ Թողարկվող արտադրանքի որակի նկատմամբ բավարար վերահսկողության բացակայությունը բերեց ցածր որակի և ոչ հստակ պատկերներով մետաղադրամների հատմանը։

1457 թվականին վերականգնվեց արծաթե գրոշների կանոնավոր թողարկումը, սակայն այն իրականացվում էր զգալիորեն քիչ ծավալներով։ Կունտա-Գորան կորցրեց Եվրոպայի ամենամեծ էմիսիոն կենտրոնի նշանակությունը[14].

Գրոշների միջազգային շրջանառությունը խմբագրել

1300 թվականից սկսած և մինչև 15-րդ դարի վերջ պրահյան գրոշները խոշորագույն արծաթե մետաղադրամներ էին, և դրա հետ կապված ստացան լայն տարածում միջազգային առևտրում։ Բարձր հարգի և գեղեցիկ տեսքով, դրանք դարձան առևտրային մետաղադրամներ, քանի որ Վացլավ II-ի դրամական ռեֆորմից հետո արծաթը հարուստ չեխական հանքերից կարող էր արտասահմանյան շուկաներ հասնել միայն մետաղադրամի տեսքով։ Պրահյան գրոշները կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրների շրջանառության մեջ էին, մասնավորապես գերմանական պետությունների, Ավստրիայի, Հունգարիայի, Լեհաստանի, ինչպես նաև Լիտվական մեծ իշխանության տարածքներում[7]։

Պրահյան գրոշների տարածումը պատճառ հանդիսացավ, որ Լիտվական մեծ իշխանության տարածքում առաջանան դրամա-հաշվարկային այնպիսի հասկացությունները, ինչպես կոպան և կիսակոպան, ռուբլին և պոլտինան։ 60 գրոշը կազմում էր կոպա։ 14-րդ դարի մեծ մասը այն համարյա համապատասխանում էր ռուբլուն։ Արծաթի որակի և պարունակության անկումը բերեց գրոշների քանակի ավելացմանը ռուբլու կազմում մինչև 96 (14-րդ դարի վերջին), իսկ հետո՝ մինչև 100 (1413 թվականից սկսած)։ Արդյունքում ձևավորվեցին երկու հաշվարկային միավորներ՝ ռուբլի և կոպա։ Առաջինը հավասար էր 100, իսկ երկրորդը՝ 60 գրոշի[15]։ Չեխական մետաղադրամների հոսքը Լիտվական մեծ իշխանության տարածք սկսվեց 14-րդ դարի առաջին երրորդում[16][17], իսկ 15-16 դարերում դրանք դարձան պետության հիմնական դրամական միավորը[15]։

Պրահյան գրոշը լայն տարածում գտավ այն պետություններում, որոնք ձևավորվել էին Հին ռուսական պետության (Կիևյան Ռուսիա) տարածքում։ Մասնավորապես այն ինտեգրված էր Պոլոցյան իշխանության դրամա-կշռային համակարգում[17], որն ներառում էր նաև այնպիսի յուրահատուկ միավորներ, ինչպես իզրոյը, նոգատան, զաուշնյան և դոլգեյը[18]։ Կարմիր Ռուսիայում դրանք դարձան հիմնական դրամական միավոր[19]։ Պրահյան գրոշներ գտնվել են Մոսկովյան իշխանության և Նովգորոդյան հողերի տարածքներում հայտնաբերված գանձերի մեջ։ Սակայն գանձարան ընկնող չեխական արծաթե մետաղադրամները առավել հաճախ հալեցվում էին։ Ստացված արծաթից հատում էին սեփական մետաղադրամներ[6]։ Նախնական թողարկման վայրից ամենահեռու տեղերից մեկը, ուր հայտնաբերվել է այդ մետաղադրամը, հանդիսանում է կարատունյան գանձը Թաթարստանում[20]

 
Մեյսենյան գրոշ - պրահյան գրոշի նմանօրինակը

Պրահյան գրոշի, որպես առևտրային մետաղադրամի լայն տարածումը բերեց նրան, որ Հարավային Գերմանիայի պետություններում, Վեստֆալիայում, Բրաունշվեյգում և Սաքսոնիայում դրանց վրա սկսեցին դաջել նշաններ, այսինքն դնել իրենց կնիքը։ Դա մետաղադրամներին տալիս էր համապատասխան տարածքներում օրինական վճարամիջոցի կարգավիճակ[21]։

1338 թվականին որպես նմանակում պրահյան գրոշին սկսեցին հատվել մեյսենյան գրոշներ[22]։ Շուտով գրոշը դառնում է գերմանական պետությունների հիմնական դրամական միավորներից մեկը[22]։ Սկսած 14-րդ դարի երկրորդ կեսից, ի շնորհիվ Եվրոպայում դրամական շրջանառության զարգացման և որոշակի համակարգման, գրոշը դարձավ միջին անվանական արժեքով մետաղադրամ՝ տեղ գրավելով դենարիաների և ոսկեդրամների (ֆլորինններ, գուլդենններ և ցեխինաներ) միջև։ Չեխական արծաթե մետաղադրամների լայն տարածումը 14-15 դարերում դրամագիտության մեջ սահմանված է որպես «պրահյան գրոշի ժամանակաշրջան»[15]։

Թողարկման դադարեցումը խմբագրել

 
Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Ֆերդինանդ I, որի ժամանակ դադարեցվեց պրահյան գրոշների թողարկումը

Հուսիտական պատերազմների ժամանակ (1420—1434 թթ.) և հետպատերազմյան ժամանակաշրջանում պրահյան գրոշների կանոնավոր հատումը դադարեցվեց[13]։ Չնայած դրանց հատման վերականգնմանը 39-ամյա դադարից հետո, Յիրժի Պոդեբրադցու ժամանակ, դրանք դադարեցին իրականացնել գերիշխող դրամական միավորի դեր։ Քաղաքներում և առևտրային կենտրոններում, նոր մետաղադրամների հոսքի բացակայության պայմաններում, մետաղադրամները հնանում էին՝ կորցնելով ինչպես արտաքին տեսքի տարրերը, այնպես էլ քաշի զգալի մասը[23]։ Պրահյան գրոշի օրինակով հատված մեյսենյան գրոշը, կրակովյան գրոշը և այլ մետաղադրամներ դուրս մղեցին իրենց նախատիպին միջազգային առևտրից[7]։

1510-1512 թվականներին Հանքասարերի տարածքում Բոհեմիայի հյուսիս-արևելքում բացահայտվեցին արծաթի հարուստ հանքապաշարներ։ 1518 թվականին բարոն Շլիկը ստացավ մետաղադրամային գերարտոնություն (սեփական մետաղադրամի հատման իրավունք) Չեխիայի և Հունգարիայի թագավոր Լյուդովիկից։ Այդ նույն թվականին թողարկվեցին մոտավորապես 61,5 հազար խոշոր արծաթե մետաղադրամներ գուլդիների նմանությամբ։ Դրանց հատումը դարձավ կանոնավոր[24]։ 1526 թվականին Ստեֆան Շլիկը մասնակցեց թուրքերի դեմ Մոհաչի մոտ տեղի ունեցած անհաջող ճակատամարտին։ Այդտեղ նա զոհվեց իր սյուզերեն Լյուդովիկ թագավորի հետ միասին։ Իրավիճակից օգտվեց Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդ I Հաբսբուրգը։ Գահի ժառանգորդ էր հանդիսանում նրա կինը՝ Աննա Յագելլոնկան։ 1527 թվականի փետրվարին Պրահայում տեղի ունեցավ Ֆերդինանդի թագադրումը[25]։

1528 թվականին կոմս Շլիկի ընտանիքից խլվեց սեփական դրամ հատելու իրավունքը։ Յոախիմսթալի դրամահատարանը դարձավ թագավորական[26]։ Նոր խոշոր արծաթե մետաղադրամները և դրանց նմանօրինակումները ստացան անուն դրանց մետաղի արդյունահանման վայրի անունով՝ յոախիմսթալեր (հետագայում՝ ուղղակի թալեր) և շուտով գրավեցին գրոշների փոխարեն գերիշխող դեր միջազգային առևտրում։

1546 թվականին Կուտնա-Գորայի հանքերը ջրասույզ արվեցին։ 1547 թվականին քաղաքը միացավ կայսր Ֆերդինանդ I-ի քաղաքականության դեմ ապստամբությանը։ Դրա ճնշումից հետո քաղաքը կորցրեց մետաղադրամի հատման իր արտոնությունը։ Այդպիսով 1547 թվականից սկսած պրահյան գրոշների հատումը վերջնականապես դադարեցվեց[27]։

Նշումներ խմբագրել

  1. Փակագծերում նշված են պրահյան գրոշի հատման թվականները, այլ ոչ թե արքաների կառավարման տարիները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Махун, 2014, էջ 57
  2. Jungk, 1875, էջ 55
  3. 3,0 3,1 СН, 1993, «Гро турнуа»
  4. 4,0 4,1 Максимов, 1981
  5. 5,0 5,1 «Prager Groschen» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Соболєва Н. А. Перша знахідка празького гроша на Новгородському Рюриковому городищі(ուկր.) // Історія та археологія. — 1998. — № 12.
  7. 7,0 7,1 7,2 7,3 НС, 1980, «Пражские гроши»
  8. НС, 1980, «Грош турский
  9. НС, 1980, «Парвус пражский»
  10. НС, 1980, «Геллер»
  11. Nohejlová-Prátová Em. Pražské groše Václava II (1300-1305) a české pečetě(չեխ.) // Sbornik praci filos. Fakulty Brněnské university. Řada historická. —Praha, 1960. — Т. 9. — С. 97.
  12. 12,0 12,1 Козубовський Пражские гроши, 2010, էջ 60
  13. 13,0 13,1 13,2 Козубовський Пражские гроши, 2010, էջ 61
  14. Рябцевич, 1995, էջ 152
  15. 15,0 15,1 15,2 Рябцевич, 1995, էջ 149
  16. Рябцевич, 1995, էջ 151
  17. 17,0 17,1 Бектинеев, 2000, էջ 40
  18. Бектинеев, 2000, էջ 42
  19. Козубовський Пути поступления п. г., 2012, էջ 41
  20. Валеев Р. М. Предметы внутренней торговли Волжской Булгарии в X—XIV веках (по археологическим данным) // Вестник НГУ. Серия: История, филология. Археология и этнография. — 2009. — Т. 8. — № 5. — С. 225—234. — ISSN 1818-7919.
  21. Козубовський контрамарки, 2011, էջ 207
  22. 22,0 22,1 «Meißner Groschen» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  23. Козубовський Пражские гроши, 2010, էջ 66
  24. Schlick, Grafen // Künker Auktion 246 Münzen und Medaillen aus Mittelalter und Neuzeit u. a. Spezialsammlungen China, Malta und Mansfeld. — Numismatischer Verlag Fritz-Rudolf Künker, 2014. — P. 208—209. — 401 p.
  25. Махун, 2014, էջ 30
  26. Vraný Otakar (2005 թ․ հունիսի 26). «Ferdinand I, roman king since 1531, emperor 1556-1564» (անգլերեն). www.coingallery.de. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  27. «705 let pražského groše» (չեխերեն). www.radio.cz. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրահյան գրոշ» հոդվածին։